Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-865-15.02.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 159-րդ հոդվածի 3-րդ մասում «Բնակարան ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունք ձեռք բերելու» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 160-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «բնակարան ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունք ձեռք բերելու» բառերը, իսկ «փաստացի բնակարան» բառերից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունք» բառերը.

2. 2-րդ մասի 1-ին կետում «փաստացի բնակարան ձեռք բերելուն» բառերը փոխարինել «փաստացի բնակարան կամ կառուցապատման իրավունք ձեռք բերելուն» բառերով, իսկ «եթե բնակարան» բառերից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունք» բառերը.

3. 2-րդ մասի 2-րդ կետում «փաստացի բնակարան ձեռք բերելուն» բառերը փոխարինել «փաստացի բնակարան կամ կառուցապատման իրավունք ձեռք բերելուն» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կնքված՝ կառուցապատողից կառուցապատման իրավունքի ձեռք բերման համար ստացված՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը նաեւ բնակարան ձեռք բերելու նպատակով կառուցապատողից կառուցապատման իրավունք ձեռք բերած՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ինչպես ՀՀ հարկային օրենսգրքով, այնպես էլ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք ովքեր բնակարանը ձեռք են բերել բնակարանի առուվաճառքի պայմանագրով:

Խնդիրը կայանում է նրանում, որ գործնականում առկա են դեպքեր, երբ ֆիզիկական անձանց կողմից բնակարանը կառուցապատողից ձեռք է բերվում բնակարանի կառուցապատման իրավունք ձեռք բերելու միջոցով եւ այս պարագայում եկամտային հարկի վերադարձման համակարգը:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվում է նաեւ բնակարան ձեռք բերելու նպատակով կառուցապատողից կառուցապատման իրավունք ձեռք բերած՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:

Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգն է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բնակարան ձեռք բերելու նպատակով կառուցապատողից կառուցապատման իրավունք ձեռք բերած՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռել:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» թիվ 205-Ն եւ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշումների մեջ:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան:

Խնդրում ենք օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝
ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ