Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-862-10.02.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 13-րդ կետ.

«13) խբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային Ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների եւ Ազգային Ժողովի բարեկամական խմբերի կազմում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված են պատգամավորի լիազորությունները: Մինչդեռ, որեւէ կետով առանձնացված չէ, որ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորը իրավունք ունի ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում, Ազգային ժողովի պատվիրակություններում եւ Ազգային Ժողովի բարեկամական խմբերում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը սահմանում է Ազգային Ժողովի պատգամավորների համար խմբակցություններից դուրս գործելու հնարավորություն, ուստի խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները, որոնք արդեն վեցն են Ազգային Ժողովի այս գումարման ընթացքում, ունեն հավասար իրավունքներ, ինչպես խմբակցությունում ընդգրկված պատգամավորները: Այսպես, պատգամավորի գործող գործառույթներն են օրենսդրական գործունեությունը, վերահսկողական գործունեությունը եւ դիվանագիտական գործունեությունը: Խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները զրկված են դիվանագիտական գործունեությունից՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԱԺ կանոնակարագ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 13) եւ 14) կետերը նախատեսում են տվյալ կազմակերպություններում պատգամավորների թեկնածությունների առաջադրումը միայն խմբակցությունների կողմից: Մինչդեռ չկա որեւէ օրինաչափություն նրանում, որ արդյունավետ աշխատելու ունակ, կոնվենցիաների կամ բանաձեւերի նախագծերով հանդես եկող, ազգային ու պետական շահը ներկայացնող եւ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների մանդատին համարժեք մանդատ կրող պատգամավորները զրկված են միջխորհրդարանական, միջազգային, քաղաքական, դիվանագիտական հարթակներում գործելուց: Իսկ փորձը ցույց է տալիս, որ պատգամավորների խմբակցություններից դուրս գալու գործընթացը անկանխատեսելի է եւ կարող է տեղի ունենալ ցանկացած պահի:

Սույն լրացումով առաջարկվում է, որ պատգամավորը իրավունք ունենա խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների եւ Ազգային Ժողովի բարեկամական խմբերի կազմում:

Այսպիսով, սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորին հավասար հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կից ներկայացվում են`

1. օրենքի ընդունման հիմնավորումը,(հիմնական զեկուցող՝ Սերգեյ Բագրատյան)

2. օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

3. օրենքում լրացվող հոդվածը:

Խնդրում եմ սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:

Առդիր` 4 ( չորս ) էջ:

Հարգանքով`
Տիգրան Ուրիխանյան /092/
Սերգեյ Բագրատյան /097/