Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-264-24.05.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր 7.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.1. Շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը

Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն ծավալող շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ հետեւյալ նվազեցված դրույքաչափերով՝

1. եթե առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության ընթացքում ձեռքբերված ապրանքների առնվազն հիսուն տոկոսը հիմնավորված են փաստաթղթերով, ապա շրջանառության հարկի դրույքաչափը հարկվող օբյեկտի նկատմամբ սահմանվում է 3%,

2. եթե առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության ընթացքում ձեռքբերված ապրանքները ամբողջությամբ հիմնավորված են փաստաթղթերով, ապա շրջանառության հարկի դրույքաչափը հարկվող օբյեկտի նկատմամբ սահմանվում է 2.5%:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարեկան մինչեւ 58.35 մլն. դրամ շրջանառություն ունեցող ՀՀ առեւտրի ոլորտի ձեռնարկությունների գործունեության հետագա խթանման, շահութաբերության բարձրացման, ինչպես նաեւ այդ տնտեսվարող սուբյեկտներում առկա աշխատատեղերի պահպանման, նոր աշխատատեղերի ստեղծման, առավել բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձեւավորման անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Գործող օրենսդրության համաձայն՝ փաստաթղթավորված կամ գրանցված ուղեկցող փաստաթղթերով ապրանքներով աշխատող տնտեսվարող սուբյեկտների համար հարկային խթաններ նախատեսված չեն:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2013թ. հունվարի 1-ից գործող շրջանառության հարկի կիրառումը մինչեւ 17.5% շահութաբերություն ունեցող առեւտրի ոլորտի ձեռնարկությունների համար՝ մինչ այդ գործող ուղղակի հարկման պայմանների համեմատությամբ հանգեցրել է հարկային բեռի ավելացման: Այսպես, համաձայն ՀՀ կառավարության դիտարկումների առեւտրի ոլորտի փոքր ձեռնարկություններում միջին շահութաբերությունը կազմում է 10-12%: Ստացվում է, որ, օրինակ, ամսական 1 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտը պետք է վճարի ամսական 35 հազ. ՀՀ դրամ շրջանառության հարկ, իսկ մինչ 2013թ. հունվարի 1-ը այն վճարում էր 20-24 հազ. ՀՀ դրամ՝ 10-12% շահութաբերության դեպքում:

Միաժամանակ, շրջանառության հարկի կիրառման պայմաններում այլեւս անհրաժեշտ չէ հիմնավորել ապրանքների ձեռքբերման չփաստաթղթավորված շրջանառությունը, սակայն, որն էլ խթանում է առավել խոշոր մատակարար տնտեսվարող սուբյեկտների ստվերային շրջանառությունը: Ուստի, ներկայացվող օրենքի նախագծի ընդունումն այս առումով, նույնպես կունենա դրական ազդեցություն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝ շրջանառության հարկ վճարողների հարկային բեռը թեթեւացնելու նպատակով սահմանել շրջանառության հարկի նվազեցված դրույքաչափեր շրջանառության այն հարկ վճարողների համար, որոնց կողմից ձեռքբերված ապրանքների առնվազն հիսուն տոկոսը հիմնավորված է փաստաթղթերով: