Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8411-20.01.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-20-Ն օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 8-րդ կետով.

«8. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերը՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամի չափով Ազգային ժողովի աշխատակազմը փոխանցում է ՀՀ պաշտպանության նախարարությանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետեւանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով: »:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

Հիմնավորում

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ


2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով զինծառայողներ, աշխարհազորայիններ, կամավորականներ: Պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետեւանքով նրանցից շատերը ձեռք են բերել 1-ին կարգի հաշմանդամություն: Հայտնի է, որ Հայաստանում առանց այն էլ անբավարար սոցիալ-տնտեսական վիճակը չափազանց ծանրացել է եւ՛ համավարակի եւ՛ պատերազմի հետեւանքով: Ուստի հասկանալի է, որ անկախ ամեն ինչից 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում առկա են աննկարագրելի դժվարություններ, որոնք սոցիալապես ծանր վիճակի դեպքում դառնում են անհաղթահարելի, իսկ որոշ դեպքերում նաեւ կյանքի հետ անհամատեղելի: Հաշվի առնելով դա, անհրաժեշտ եմ համարում փնտրել ու գտնել երկրում առկա բոլոր հնարավոր միջոցները հիշյալ մարդկանց նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Այս լրացումը կարեւորում եմ նաեւ բարոյական տեսակետից եւ դիտարկում եմ որպես հնարավորություն երկրի թիվ մեկ կառավող մարմնի՝ խորհրդարանի կողմից վերջին պատերազմում 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց նկատմամբ ընդգծված վերաբերմունք դրսեւորելու եւ նրանց կողմից լիարժեք կենսակերպը հանուն երկրի պաշտպանության զոհաբերելու սխրանքը գոնե եւս մեկ դրվագով կարեւորելու առումով: Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում են պատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների գործունեության իրականացման համար, հաշվի առնելով, որ այն կազմում է պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11 %-ը: Հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հաշվի եմ առնում, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին օրենքով արդեն նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին եւ տուժած զինծառայողներին հատուցումներ, սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում, այն էլ ԱԺ պատգամավորների կողմից առկա միջոցների պարագայում լրացուցիչ եւ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետութան օրենքում լրացում եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին  Հայաստանի Հանրապետութան օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը:  Նախագծերին կից ներկայացվում են`

1. օրենքների  ընդունման հիմնավորումը,

2. օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

3. օրենքներում լրացվող հոդվածները:

Խնդրում եմ սահմանված կարգով օրենքի նախագծերը դնել շրջանառության մեջ:

Առդիր`   7 (յոթ) էջ:
 
 
Հարգանքով` Տիգրան Ուրիխանյան /092/