Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-840-19.01.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը`

1) լրացնել նոր 9.1.-րդ կետով՝

«9.1) հաստատում է Ազգային ժողովի պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի (այսուհետ՝ Էթիկայի հանձնաժողով) կազմը եւ դրանում փոփոխությունները, նշանակում է Էթիկայի հանձնաժողովի նախագահին եւ նրա տեղակալին.».

2) լրացնել նոր 24-րդ կետով՝

«24) պատգամավորի նկատմամբ կիրառում է օրենքով նախատեսված կարգապահական միջոց Էթիկայի հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշման հիման վրա.».

3) լրացնել նոր 25-րդ կետով՝

«25) Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ Էթիկայի հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշման հիման կիրառում է հետեւյալ կարգապահական միջոցները.

ա. նկատողություն.

բ. Ազգային ժողովի նիստերին խոսափողից հանդես գալու իրավունքից մինչեւ յոթ օրով զրկում.

գ. Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ յոթ օրով զրկում.

դ. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնելու (ներառյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում) հնարավորութունից մինչեւ մեկ տարով զրկում:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում ավելացնել հետեւյալ նախադասությունը`

«Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, գործունեությունը եւ այլ առանձնահատկությունները կարգավորվում են սույն օրենքի 19.1-19.4-րդ հոդվածներով:».

2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 19.1.-ին հոդվածով՝

«Հոդված 19.1. Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը եւ կազմավորումը

1.Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ եւ գործում է մինչեւ նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:

2. Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ սույն հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան:

3. Էթիկայի հանձնաժողովի կազմը եւ դրանում փոփոխությունները հաստատում, ինչպես նաեւ Էթիկայի հանձնաժողովի նախագահին եւ նրա տեղակալին նշանակում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածով սահմանված սկզբունքները:

4. Խմբակցությունն Էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ անդամ ներկայացնելու իրավունք: Եթե կառավարող խմբակցությունների ընդհանուր թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով (անդամներով), հետեւյալ կարգով՝

1) եթե կառավարող խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին.

2) եթե ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է կառավարող խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարող խմբակցություններին.

3) լրացուցիչ անդամի (անդամների) առաջադրման հաջորդականությունը որոշվում է ըստ նրա (նրանց)՝ առաջադրման իրավունք ունեցող խմբակցությունների թվի՝ մեծաթվից փոքրաթիվ.

4) լրացուցիչ անդամ (անդամներ) առաջադրվում է (առաջադրվում են) մինչեւ Էթիկայի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համալրումը՝ ապահովելով կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի հավասարությունը:

5. Էթիկայի հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից՝ խմբակցությունների ներկայացմամբ: Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր եւ կառավարող խմբակցություններին ըստ թվի՝ մեծաթվից փոքրաթիվ: Եթե Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է՝

1) կառավարող խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին ըստ թվի՝ մեծաթվից փոքրաթիվ.

2) ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարող խմբակցություններին ըստ թվի՝ մեծաթվից փոքրաթիվ:

6. Էթիկայի հանձնաժողովի անդամների առաջադրման, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է մինչեւ Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտը:

7.Խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված Էթիկայի հանձնաժողովի անդամի տեղում նշանակվում, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմից դուրս է գալիս խմբակցության որոշմամբ:

8. Էթիկայի հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի կամ հանձնաժողովի այլ անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) նրա պատգամավորական լիազորությունները դադարել կամ դադարեցվել են.

2) Էթիկայի հանձնաժողովի լիազորություններն ավարտվել են.

3) նա դուրս է գալիս Էթիկայի հանձնաժողովից.

4) խմբակցությունը նրան փոխել է նոր անդամով.

5) նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե այդ խմբակցությունը նրա տեղում նշանակում է խմբակցության անդամի.

6) Էթիկայի հանձնաժողովը՝ նրա կողմից «Պատգամավորական էթիկայի կանոնագրքի» պահանջների խախտում արձանագրող եզրակացություն տալու մասին որոշում է ընդունել:

9. Էթիկայի հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի թափուր պաշտոնը կամ հանձնաժողովի այլ անդամի թափուր տեղը լրացվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ Էթիկայի հանձնաժողովի անդամ առաջադրելու կամ հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն ունեցող խմբակցության կողմից:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր 19.2.-րդ հոդվածով՝

«Հոդված 19.2. Էթիկայի հանձնաժողովի լիազորությունները

1. Էթիկայի հանձնաժողովը՝

1) քննարկում է պատգամավորական էթիկային առնչվող հարցեր.

2) Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից Ազգային ժողովի որոշմամբ հաստատված «Պատգամավորական էթիկայի կանոնագրքի» պահանջների խախտման վերաբերյալ.

3) պատգամավորի դիմումի հիման վրա նրա նշած հարցով նախապես եզրակացություն է տալիս նրա կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության վերաբերյալ:

2. Էթիկայի հանձնաժողովը կարող է՝

1) դիմել եւ օրենքով սահմանված կարգով ստանալ Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր ու փաստաթղթեր.

2) Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրության համար պատվիրել փորձաքննություններ եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

3) Էթիկայի հանձնաժողով հրավիրել անձանց, ովքեր ներկայացրել են կամ կարող են ներկայացնել հանձնաժողովում քննարկվող հարցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

3. Էթիկայի հանձնաժողովի պահանջած տեղեկությունները, նյութերը, փաստաթղթերը եւ եզրակացությունները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց կողմից պետք է ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը Էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում:

4. Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները Էթիկայի հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Էթիկայի հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում:»:

Հոդված 7. Օրենքը լրացնել նոր 19.3.-րդ հոդվածով՝

«Հոդված 19.3. Էթիկայի հանձնաժողովում հարցի քննարկումը

1. Էթիկայի հանձնաժողովը կարող է սկսել հարցի քննարկում՝

1) դիմումի հիման վրա.

2) սեփական նախաձեռնությամբ:

2. Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք: Դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի՝

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը.

2) դիմողի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրը.

3) այն պատգամավորի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը.

4) «Պատգամավորական էթիկայի կանոնագրքի» պահանջների խախտման վերաբերյալ տեղեկություններ եւ առկայության պարագայում՝ նյութեր եւ փաստաթղթեր.

5) դիմումը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

6) դիմողի, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:

3. Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

4. Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարն առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

5. Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ, սակայն ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովը որոշում է ընդունում հարցի քննարկում սկսելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:

6. Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե՝

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը.

2) նույն պատգամավորի վերաբերյալ, նույն հիմքով եւ նույն փաստական հանգամանքներով առկա է Էթիկայի հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշում.

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովում արդեն իրականացվում է հարցի քննարկում.

4) եթե դիմումում նշված դեպքից անցել է ավելի քան երեք ամիս:

7. Էթիկայի հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է սկսել պատգամավորական էթիկային վերաբերող հարցի քննարկումը, եթե առաջադրված հարցի դեպքից չի անցել երեք ամիս:

8. Էթիկայի հանձնաժողովում հարցի քննարկում սկսելու մասին որոշման ընդունումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմողին եւ պատգամավորին, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկելու է, ծանուցում է այդ մասին:

9. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմումը եւ դրան կից նյութերը եւ փաստաթղթերը, Էթիկայի հանձաժողովում դիմումումը մերժելու մասին որոշման ընդունումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է դիմողին:

10. Էթիկայի հանձնաժողովը հարցի քննարկումն ավարտում է հարցի քննարկում սկսելու վերաբերյալ իր որոշման ընդունումից հետո՝ մեկամսյա ժամկետում, որը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մեկ անգամ մինչեւ մեկ ամսով: Հարցի քննարկման նոր ժամկետի մասին Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է դիմողին եւ այն պատգամավորին, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկում է: Հարցի քննարկումը չի կարող գերազանցել վեց ամիսը՝ ներառյալ կասեցման ժամկետը:

11. Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել հարցի քննարկումը, եթե՝

1) անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով վերջնական դատական ակտ կայացնելը.

2) եթե այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկում է, հարգելի պատճառներով բացակայում է, եւ Էթիկայի հանձնաժողովը նախքան եզրակացություն տալու մասին որոշում ընդունելը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը:

12. Եթե Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք առերեւույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին:

13. Եթե Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք պարունակում են պատգամավորի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտման առերեւույթ հատկանիշներ Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում հարցին առընչվող բոլոր նյութերը ուղարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

14. Հարցի քննարկումը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

15. Հարցի քննարկումը կարճվում է, եթե՝

1) Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են.

2) սահմանված ժամկետներում չի ավարտվել հարցի քննարկումը.

3) Էթիկայի հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշումը քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ.

4) դադարել կամ դադարեցվել են այն պատգամավորի լիազորությունները, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկում է.

5) օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշման ընդունման անհրաժեշտությունը վերանում է:

16. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցի քննարկումը կարճելու, կասեցնելու եւ վերսկսելու, ինչպես նաեւ Էթիկայի հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշոման պատճենները երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է դիմողին եւ այն պատգամավորին, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկում է:

17. Յուրաքանչյուր հերթական նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո անավարտ հարցերի քննարկումը տեղափոխվում է հաջորդ հերթական նստաշրջանի Էթիկայի հանձնաժողով:»

Հոդված 8. Օրենքը լրացնել նոր 19.4.-րդ հոդվածով՝

«Հոդված 19.4. Էթիկայի հանձնաժողովի գործունեությունը

1. Էթիկայի հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգի 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան, հետեւյալ տարբերությամբ.

1) հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին.

2) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին.

3) hանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ է նիստը նախագահողի ձայնը.

4) հանձնաժողովի նիստերը փակ են: Հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի նիստերը կարող են լինել հրապարակային, եթե առկա է այն պատգամավորի համաձայնությունը, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկում է: Հանձնաժողովի փակ նիստում, հանձնաժողովի անդամներից բացի, կարող են ներկա գտնվել միայն հանձնաժողովի որոշմամբ կամ հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք.

5) որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ հարցի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողով ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը:

6) հանձնաժողովի նիստում ներկա լինելու իրավունք ունեցող կամ հրավիրված այլ անձինք կարող են ելույթ ունենալ, այդ թվում՝ վարման կարգի վերաբերյալ, հարցեր տալ եւ պատասխանել հարցերի նիստը նախագահողի թույլտվությամբ կամ հանձնաժողովի որոշմամբ:

7) հանձնաժողովը պարտավոր է հնարավորություն տալ այն պատգամավորին, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկում է, ներկայացնել իր դիրքորոշումը, ելույթ ունենալ, հարցեր տալ եւ պատասխանել հարցերի: Հարցի քննարկման սկզբում պատգամավորը կարող է ծանոթանալ իրեն վերաբերող դիմումին, տեղեկություններին, նյութերին եւ փաստաթղթերին եւ ներկայացնել իր դիրքորոշումը: Հարցի քննարկման ավարտին պատգամավորը կարող է ծանոթանալ հարցի քննարկման ընթացքում ձեռք բերված այլ տեղեկություններին, նյութերին եւ փաստաթղթերին եւ ներկայացնել իր դիրքորոշումը մինչեւ հանձնաժողովը կկայացնի եզրակացություն տալու մասին որոշում: Պատգամավորը կարող է իր դիրքորոշումը ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ դրա համար ստանալով առնվազն մեկ շաբաթ ժամանակ:

8) հանձնաժողովի հարցի քննարկում սկսելու եւ եզրակացություն տալու մասին որոշումները պետք է լինեն գրավոր եւ պատճառաբանված: Հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշման մեջ ըստ անհրաժեշտության առաջարկվում է պատգամավորի նկատմամբ կիրառման ենթակա կարգապահական միջոցի տեսակը: Հանձնաժովի նիստը արձանագրվում է.

9) հանձնաժողովի անդամները եւ հանձնաժողովի աշխատանքներին մասնացող այլ անձինք չեն կարող հարցի քննարկման կամ ուսումնասիրության ընթացքում այլ անձանց մասին իրենց հայտնի դարձած տվյալները հրապարակել՝ առանց նրանց գրավոր համաձայնության.

10) պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե նա կամ նրա հետ փոխկապակցված անձը դիմումի հեղինակն է, կամ հանձնաժողովը քննարկում է նրա կամ նրա հետ փոխկապակցված անձի հարցը: Սույն օրենքի իմաստով պատգամավորի հետ փոխկապակցված անձինք են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք:

2. Էթիկայի հանձնաժողովը ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

3. Էթիկայի հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշումները հրապարակվում են Ազգային ժողովի նիստում եւ տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 9. Օրենքի 162-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Էթիկայի հանձնաժողովի գործունեության սպասարկումն իրականացնում են հանձնաժողովի քարտուղարը եւ գործավարը, որոնք աշխատանքի են ընդունվում եւ ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան եւ բարեվարքության հարցերով կազմակերպիչը, որը աշխատանքի է ընդունվում եւ ազատվում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության համապատասխան:»

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Uույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:

2. Սույն Օրենքի 5-րդ հոդվածով նախատեսվող՝ Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է օրենքը ուժի մեջ մտնելուց եւ Ազգային ժողովի որոշմամբ «Պատգամավորական էթիկայի կանոնագրքի» հաստատումից հետո առաջին հերթական նիստում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ օրենքում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում են պատգամավորի պարտականությունները: Պատգամավորի պարտականություններում առանցքային դեր ունի պատգամավորական էթիկայի կանոնների պահպանումը, քանի որ այդ կանոնների պահպանումը կարող է նպաստել Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը կամ պահպանմանը:

Գործող կարգավորումներով պատգամավորական էթիկայի քննարկման եւ դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով կարող է ձեւավորվել միայն կոնկրետ հարցով մինչեւ երկու ամիս ժամկետով (մինչեւ մեկ ամիս երկարաձգվելու հնարավորությամբ) խմբակցության առաջարկությամբ Ազգային ժողովի որոշմամբ:

7-րդ գումարման Ազգային ժողովում դեռեւս էթիկայի հանձնաժողով չի ձեւավորվել, չնայած որ պարբերաբար տեղի են ունեցել պատգամավորական էթիկայի կանոնների առնվազն առերեւույթ խախտումներ: Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման պրակտիկայի փաստացի բացակայությունը պայմանավորված է էթիկայի հանձնաժողով նախաձեռնելու կարգավորումների սահմանափակող եւ գերքաղաքականացված բնույթով: Ընդ որում առկա չեն անհրաժեշտ մանրամասնությամբ կարգավորումներ, թե ինչ չափանիշներով եւ ընթացակարգերով պետք է սկսվի, ընթանա եւ ավարտվի հարցի քննարկումը:

Վերջիվերջո գործող կարգավորումներով հանձնաժողովի եզրակացությունը որեւէ կարգապահական միջոցի կիրառման չի հանգեցնում: Այն անգամ Ազգային ժողովի նիստում չի հրապարակվում եւ ընդամենը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Էթիկայի հարցերի շարունակական քննարկման միջոցով էթիկայի կանոնների պահպանման ու հանրային վստահության բարձրացման եւ ամրապնդման փոխարեն ընտրվել է լուծում, որը նվազեցնում է ինստիտուտի կարեւորությունը: Ըստ էության կոնկրետ հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը պայմանավորված է այդ հարցի առաջանալուն զուգահեռ խմբակցություններից մեկի կողմից այն քննարկման առարկա դարձնելու կամ չդարձնելու քաղաքական պատրաստակամությամբ:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը եւ ակնկալվող արդյունքը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Էթիկայի հանձնաժողով կձեւավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում: Սա փաստացի կպահպանի էթիկայի հանձնաժողովի ժամանակավոր բնույթը, ինչպես դա պահանջում է Սահմանադրությունը, բայց կապահովի Ազգային ժողովի գումարման ողջ ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողովների շարունակական գործունեությունը:

Ազգային ժողովի նախագահը էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կկիրառի առաջարկվող կարգապահական միջոցը: Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունները կհրապարակվեն Ազգային ժողովի նիստում:

Մանրամասն կկարգավորվեն էթիկայի հանձնաժողովի ստեղծման եւ կազմավորման սկզբունքները: Ըստ այդմ էթիկայի հանձնաժողովում կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները կունենան հավասար անդամներ: Էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած նախագահները:

Էթիկայի հանձնաժողով կկարողանա դիմել յուաքանչյուր ոք: Կսահմանվեն դիմումին ներկայացվող պահանջները եւ դրա մերժման հիմքերը: Էթիկայի հանձնաժողովը կկայացնի դիմումի կամ սեփական նախաձեռնության հիման վրա հարցի քննարկում սկսելու մասին, ինչպես նաեւ եզրակացություն տալու մասին գրավոր եւ պատճառաբանված որոշում:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի նպաստել պատգամավորական էթիկայի նոր միջավայրի եւ քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանը, Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը կամ պահպանմանը:

Այնուամենայնիվ սա միջանկյալ լուծում է, քանի որ նախընտրելի կլիներ Ազգային ժողովում ունենալ էթիկայի մշտական հանձնաժողով, ինչը գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ: Ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողով ունենալու սահմանադրական սահմանափակումները վերանայելու առաջարկը արդեն ուղարկվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

Առաջարկվող կարգավորումները մշակվել են՝ քննարկելով նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մշակված խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրման շուրջ երկու զեկույցները, որոնք հասանելի են եղել բոլոր պատգամավորների համար եւ ծրագրի փորձագետների առաջարկները:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իր 2021 թվականի հունվարի 8-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Լ. ՄԱԿՈՒՆՑ

08.01.2020 թ.
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են դրա ընդունման հիմնավորումը, տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը եւ խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ:

Նախագծի հիմնական զեկուցողն է Լիլիթ Մակունցը:

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագծի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ____ թերթ:
 

Հարգանքով՝

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ Լ. ՄԱԿՈՒՆՑ