Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-834-30.12.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-489-Ն օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ կետի «բ» ենթակետում՝ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի» բառերը եւ թվերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության  տարածքում 2020 թվականի դեկտեմբերի 1-ի» բառերով եւ թվերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերձած պատերազմական գործողությունների արդյունքում սահմանամերձ համայնքներում հաշվառված բնակիչների սոցիալական վիճակի հնարավոր վատթարացման եւ սոցիալական աջակցության ծրագրերի ներդրման անհրաժեշտությունից:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2021 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով 2021 թվականին շարունակվելու է  «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման միջոցառումը:

Վերը նշված միջոցառման  արդյունքում փոխհատուցումից օգտվող շահառու են հանդիսանում նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

Հաշվի առնելով 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերձած պատերազմական գործողությունները, որոնք էական ազդեցություն ունեցան Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական վիճակի վրա՝ նպաստելով միջոցառման շահառուների թվի եւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի  կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների թվի ավելացմանը նախագծով առաջարկում ենք ընդլայնել ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական  բանկում ներդրած ավանդների փոխհատուցման հնարավորություն ունեցող շահառուների ցանկը:

Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման պայմաններում ակնկալվում է թիրախային համայքներում հաշվառված շահառուների համար՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական  բանկում ներդրած ավանդների փոխհատուցման հնարավորության ընդլայնում՝ պատերազմական գործողությունների արդյունքում մասնակից շահառուների թվի ավելացմամբ, միաժամանակ ՝ նպատակ ունենալով բարելավել  թիրախային համայնքների բնակիչների ընդհանուր  սոցիալական վիճակը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը:

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը:

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝  ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ