Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-833-29.12.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի «10» թիվը փոխարինել «15» թվով:

Հոդված 2. Օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի «տասը» բառը փոխարինել «տասնհինգ» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է  կրթության ոլորտի արտոնություններից օգտվող շահառուների թվի ավելացման հետ՝ պայմանավորված պատերազմական գործողություններին մասնակցած անձանց թվաքանակի աճով, սոցիալական վիճակի հնարավոր վատթարացմամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը նախագիծը դրական կազդի բուհերի կենսունակության բարձրացման վրա:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի՝ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսին ծառայության մատուցման հետ կապված ծախսի հաշվառման եւ նույն օրենքի  147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի՝ պետության կողմից բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոս հարկման բազայի չափով համախառն եկամտից նվազեցումները հնարավորություն են տալիս բուհերին սահմանել ուսման վարձերի փոխհատուցման ենթակա շահառուների շրջանակը: Հաշվի առնելով ուսման վարձերի արտոնություններից օգտվողների թվաքանակի ավելացումը նշված հանգամանքը կարող է եւ արդեն իսկ առաջացնում է խնդիրներ ԲՈՒՀ-ական համակարգում: Ըստ այդմ կարծում ենք ծախսագրման ենթակա գումարի մասնաբաժնի ավելացումը կնպաստի բուհերի կենսունակության բարձրացմանը, կրթության խթանմանը եւ մատչելիությանը:

Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման պայմաններում ակնկալվում է կրթության ոլորտի շահառուների համար ուսման վարձի փոխհատուցման լիարժեք պայմանների ապահովում՝ որի արդյունքում բուհերում խոցելի եւ արտոնություններից օգտվող ուսանողների թվաքանակի ավելացումը չի հանգեցնի ԲՈՒՀ-ի ֆինանսական կայունության խաթարմանը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


  Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության  հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝   ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ