Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-239-08.04.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված  հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին:

Հոդված 3 . Հայաստանի Հանրապետությունում գրանցված  հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին  արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՐՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ներկայումս աշխարհում լուրջ պայքար է տարվում ստվերային տնտեսության դեմ: Վերջին տարիներում աշխարհի տարբեր երկրներ ստվերային տնտեսությունը օրինականցնում են իրենց տարածքում` ստեղծելով օֆշորային գոտիներ:

Օֆշորային գոտիներ գործում են շուրջ 4 տասնյակ երկրներում: Դրանք ստեղծում են ոչ միայն թեր զարգացած այլ նաեւ զարգացած երկրները:

Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները օգտվում են այդ գոտիներում սահմանված հարկային արտոնություններից` պայմանով, որ նրանք տնտեսական գործունեություն չեն ծավալելու այդ գոտիներում: Բոլոր դեպքերում օֆշորային գոտի նշանակում է հարկային արտոնություն:

Կիպրոսի դեպքերը ցույց են տալիս, որ օֆշորային գոտիները լուրջ արգելք են դարձել համաշխարհային տնտեսության զարգացման համար: Նրանք վերաբաշխում են այլ երկրների բյուջեներին պատկանող միջոցները: Հայաստանում գործող հանքաարդյունաբերական ձեռնարկություննեպի օրինակը եւս ցույց է տալիս, որ հաճախ նրանք պատրաստի արտադրանքը վաճառում են իրենց իսկ պատկանող օֆշորային ընկերություններին էժան գներով, իսկ վերջիններս արդեն իսկական եւ թանկ գներով վաճառում են այդ արտադրանքը վերջնական գնորդին:

Այս ամենի արդյունքում է, որ դատելով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հանքերի շահագործված ֆիզիկական ծավալներից 1,5 մլրդ դոլարի համախառն շրջանառության փոխարեն ունենք 500 մլն եւ 400-450 մլդ դոլար բյուջետային մուտքի փոխարեն ունենք միայն 75-80 մլն դոլար:

Օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել նրան, որ, ինչպես բանկային ոլորտում սեւ փողերի լվացման պարագայում, ստվերային տնտեսությունը շեշտակի կկրճատվի: