Armenian ARMSCII Armenian
Կ-819-22.12.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաեւ պետական մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների, վարքագծի կամ ակտերի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, ինչպես նաեւ վնասել սպառողների շահերը:

2. Սույն օրենքը տարածվում է նաեւ օտարերկյա պետություններում տնտեսվարող սուբյեկտների այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք կարող են սահմանափակել, կանխել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը Հայաստանի Հանրապետությունում:

3. Սույն օրենքը չի տարածվում անդրսահմանային շուկաներում մրցակցության միասնական կանոններով կարգավորվող այն հարաբերությունների վրա, որոնց նկատմամբ վերահսկողությունը վերապահված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի: Ապրանքային շուկաներն անդրսահմանային դիտարկելու չափանիշները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերով:

4. Հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված գործառույթները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ իրականացնում է Կենտրոնական բանկի հետ համագործակցության հիման վրա: Հանձնաժողովի եւ Կենտրոնական բանկի համագործակցությունը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա.

1) Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց առնչվող ոլորտներում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Կենտրոնական բանկին.

2) Կենտրոնական բանկը գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք ներկայացնում է Հանձնաժողով՝ կարծիքի.

3) Հանձնաժողովը ձեռնպահ է մնում տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված միջամտությունից, եթե Կենտրոնական բանկը Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում է, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է Կենտրոնական բանկին, եւ Կենտրոնական բանկը իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ: Այդ դեպքում վերջնական որոշումն ընդունում է Կենտրոնական բանկը՝ Հանձնաժողովի ներկայացրած դիրքորոշման հաշվառմամբ` անդրադառնալով Հանձնաժողովի կողմից բարձրացված բոլոր հարցերին եւ իր վերջնական դիրքորոշման կամ որոշման մեջ նշելով դրանք ընդունելու կամ չընդունելու հիմնավորումները.

4) Հանձնաժողովը ձեռնպահ է մնում սույն մասի 2-րդ կետով նախատեսված կարծիքի ներկայացումից եւ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված որեւէ միջամտությունից այն բացառիկ դեպքերում, երբ Կենտրոնական բանկը նպատակ ունի կանխել ֆինանսական կայունությանն ու գների կայունությանն սպառնացող հնարավոր վտանգը կամ արձագանքել դրան, ֆինանսական կազմակերպությունը ճանաչում է անվճարունակ կամ սնանկության դիմում է ներկայացնում դատարան, իրականացնում է ֆինանսական կազմակերպության կամ դրա մասնակցի բաժնեմասի կամ բաժնետոմսի հարկադիր օտարում, իրականացնում է ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, հարկադիր վաճառք կամ լուծարում: Սույն կետով նախատեսված դեպքերում ընդունված որոշումները Կենտրոնական բանկը հանձնում է Հանձնաժողովին՝ բացառությամբ այն հատվածների, որոնք պարունակում են բանկային գաղտնիք կամ այնպիսի տեղեկություն, որի տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա.

5) Հանձնաժողովի նախագահը եւ Կենտրոնական բանկի նախագահը ստորագրում են համատեղ հրաման, որով կարգավորվում են՝

ա. մրցակցության պաշտպանության խնդիրների հետ կապված համագործակցության ուղղություններն ու ընթացակարգերը.

բ. Հանձնաժողովի ու Կենտրոնական բանկի միջեւ տեղեկատվության, այդ թվում՝ տնտեսական մրցակցության խնդիրների վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը.

գ) այն դեպքերը, երբ Հանձնաժողովն ու Կենտրոնական բանկը իրականացնում են իրենց իրավասությունները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ, եւ այդ դեպքերում Հանձնաժողովի դիրքորոշման ներկայացման ընթացակարգն ու փախհամագործակցության մանրամասները.

դ) ոլորտում մրցակցության պաշտպանության վերաբերյալ սույն մասով նախատեսված, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ հարցեր:

5. Սույն օրենքը չի տարածվում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտների այն հարաբերությունների վրա, որոնց կարգավորումն օրենքով վերապահված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությանը: Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Հանձնաժողովն իրականացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:

Հոդված 2. Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը

1. Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ նորմատիվ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են վավերացրած միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները եւ տերմինները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ու տերմինները կիրառվում են հետեւյալ իմաստով.

1) տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն՝ տնտեսվարող սուբյեկտների մրցություն, որի պայմաններում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով օբյեկտիվորեն բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի ազդելու հնարավորությունը.

2) ապրանք՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման կամ շրջանառության մեջ այլ կերպ ներդրման համար.

3) փոխադարձ փոխարինելի ապրանքներ՝ ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշներով այնպես, որ ձեռք բերողը սպառման գործընթացում կամ արտադրական նպատակներով օգտագործման ընթացքում փաստացի փոխարինում է կամ պատրաստ է փոխարինելու դրանք մեկը մյուսով.

4) ապրանքային շուկա` որոշակի տարածքում տվյալ ապրանքի եւ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման, իրացման կամ արտադրման, տնտեսական կամ այլ հնարավորություններով կամ նպատակահարմարությամբ եւ դրա սահմաններից դուրս այդպիսի հնարավորությունների կամ նպատակահարմարության բացակայությամբ: Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով, ուսումնասիրության ժամանակահատվածով, դրա սուբյեկտների կազմով եւ ծավալով.

5) ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման` տվյալ ապրանքի եւ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն.

6) ապրանքային շուկայի աշխարհագրական սահման` որոշակի աշխարհագրական տարածք (այդ թվում` ճանապարհ, օդային, ջրային, ցամաքային եւ այլ երթուղի), որի շրջանակներում տնտեսապես հնարավոր կամ նպատակահարմար է ձեռք բերել, իրացնել կամ արտադրել  տվյալ ապրանքը եւ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքները, եւ առկա չէ այդ հնարավորությունը կամ նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը կարող է ներառել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կամ դրա մի մասը կամ Հայաստանի Հանրապետության (կամ դրա մի մասի) եւ այլ պետության (կամ դրա մի մասի) տարածքը.

7) ապրանքային շուկայի ուսումնասիրության ժամանակահատված՝ որոշակի ժամանակահատված (օր, ամիս, տարի), որի շրջանակներում ուսումնասիրվում է ապրանքային շուկան.

8) ապրանքային շուկայի սուբյեկտներ` տվյալ ապրանքի եւ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնողը, արտադրողը կամ  ձեռք բերողը.

9) իրացնող՝ ապրանք իրացնող կամ հնարավոր իրացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին.

10) ձեռք բերող՝ ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին.

11) սպառող՝ սպառման նպատակով ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին.

12) ապրանքային շուկայի ծավալ` ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի եւ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը` բնեղեն եւ (կամ) արժեքային արտահայտությամբ.

13) իրացում` օտարում (վաճառք, մատակարարում, այլ կերպ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում), մատուցում կամ կատարում.

14) ձեռքբերում` գնում, ստացում կամ ընդունում.

15) Հանձնաժողով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով,

16) պետական մարմին` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, պետության կամ համայնքի հիմնարկ, Կենտրոնական բանկ, Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության համայնքի անունից հանդես եկող կամ պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթ կամ լիազորություն իրականացնող իրավաբանական անձ կամ այլ կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության համայնքի հիսուն տոկոս եւ ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություն.

17) տնտեսվարող սուբյեկտ՝ անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ կամ անձանց միություն, իսկ սույն օրենքով նախատեսված` համակենտրոնացման, անբարեխիղճ մրցակցության եւ տնտեսական գործունեության համակարգման դեպքերում տնտեսվարող սուբյեկտ է համարվում նաեւ ֆիզիկական անձը.

18) տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձ` տնտեսվարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամ կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ.

19) առեւտրային օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է իրացման ոլորտում ապրանքները սպառողին հասցնելու համար.

20) առեւտրային ցանց` երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որոնք ընդհանուր կառավարման ներքո են կամ գործում են միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

21) տնտեսական պայմաններ (գործոններ)` ապրանքի ձեռքբերման, արտադրության, իրացման (ծառայության մատուցման, աշխատանքի կատարման) հետ կապված ծախսեր, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ.

22) գնի չհիմնավորված բարձրացում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմաններով (գործոններով) չպայմանավորված բարձրացում.

23) գնի չհիմնավորված իջեցում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմաններով (գործոններով) չպայմանավորված իջեցում.

24) գնի չհիմնավորված պահպանում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը  այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.

25) խտրական պայմաններ` ապրանքային շուկա մուտք գործելու, արտադրության, փոխանակման, սպառման, իրացման կամ ապրանքի այլ կերպ փոխանցման պայմաններ, այդ թվում՝ ապրանքի գին, որոնք տնտեսվարող սուբյեկտի կամ սպառողի համար ստեղծում են անհավասար մրցակցային պայմաններ կամ անհավասար դրություն այլ տնտեսվարող սուբյեկտի կամ սպառողի համեմատությամբ.

26) մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հատկանիշներ՝ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատում, ապրանքի գնի բարձրացում կամ իջեցում, որոնք կապված չեն ապրանքային շուկայում տնտեսական պայմանների համապատասխան փոփոխությունների հետ, անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններից հրաժարում, ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտների միջեւ հակամրցակցային համաձայնությունների արդյունքով կամ այլ անձի կողմից տրված նրանց համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներին համապատասխան կամ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցման արդյունքով ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանում, այլ հանգամանքներ, որոնք տնտեսվարող սուբյեկտի համար հնարավորություն են ստեղծում միակողմանի ազդել ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաեւ պետական մարմինների եւ (կամ) դրանց պաշտոնատար անձանց կողմից ապրանքների կամ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջների սահմանումը.

27) ուղղակի վերահսկողություն՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորություն, որը դրսեւորվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի գործառույթների իրականացման, իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու իրավունքի ձեռքբերման եւ (կամ) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) ընդհանուր թվի 50 տոկոսից ավելին տիրապետելու միջոցով.

28) անուղղակի վերահսկողություն՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից իրավաբանական անձի` ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունն այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի ուղղակի վերահսկողություն տվյալ իրավաբանական անձի նկատմամբ.

29) ակտիվի արժեք` ակտիվի հաշվեկշռային արժեք, իսկ դրա բացակայության դեպքում՝ ակտիվի փաստացի կամ գործարքային արժեք.

30) հասույթ՝ համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի սովորական գործունեությունից առաջացող տնտեսական օգուտների համախառն դրամական ներհոսք, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ սեփական կապիտալում մասնակիցների կողմից ներդրումների հետեւանքով սեփական կապիտալի աճի: Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների համար հասույթ է համարվում ապրանքների իրացումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտը՝ դրամական արտահայտությամբ, որը չի ներառում անուղղակի հարկերի գումարները.

31) փայաբաժին՝ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության իրավունք (բաժնեմաս, բաժնետոմս, այլ արժեթուղթ).

32) պետական օժանդակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաեւ բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով:

33) օր՝ օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օր:

2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները եւ տերմինները կիրառվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված իմաստով:

Հոդված 4. Անձանց խումբը

1. Սույն օրենքի իմաստով անձանց խումբն իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջեւ փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն, եւ որոնց նկատմամբ բավարարվում է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը.

1) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին.

2) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին.

3) կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք, եթե նրանք փոխկապվածության կամ վերահսկողության ուժով գործում են ընդհանուր տնտեսական շահով պայմանավորված,

4) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձեւով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպության կողմից վերջինիս հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

5) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձեւով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից վերջինիս հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

6) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը եւ (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին եւ (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին.

7) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ նշանակվել կամ ընտրվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները եւ (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին, եւ (կամ) ընտրվել է այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին.

8) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները.

9) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները.

10) կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միեւնույն ֆիզիկական անձինք են.

11) ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առեւտրային օբյեկտները ընդհանուր կառավարման ներքո են կամ գործում են միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

12) ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, եղբայրը կամ քույրը.

13) ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով անձանց խումբ է կազմում միեւնույն անձի հետ, եւ այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով տվյալ անձանցից որեւէ մեկի հետ անձանց խումբ են կազմում.

14) կազմակերպությունը, ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 5. Հակամրցակցային համաձայնությունները եւ դրանց արգելումը

1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված այն գործարքները, նրանց բանավոր կամ գրավոր այն համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`

1) միեւնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջեւ, եթե համաձայնությունն առնչվում է տվյալ ապրանքային շուկային (հորիզոնական համաձայնություն).

2) միեւնույն ապրանքային շուկայում ձեռք բերող եւ իրացնող, մրցակից չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջեւ, եթե համաձայնությունն առնչվում է տվյալ ապրանքային շուկային (ուղղահայաց համաձայնություն).

3)  որոշակի փոխկապակցվածություն ունեցող կամ տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջեւ, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, ինչպես նաեւ սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով չնախատեսված այլ համաձայնություններ (այլ համաձայնություն):

3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`

1) շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքով կամ այլ եղանակով.

2) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն կամ շուկայից ելքին խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը կամ շուկայից ելքը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.

3) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

4) իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առեւտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը.

5) արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացման, ներմուծման, առեւտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը.

6) ի վնաս սպառողի շահերի՝ ապրանքների ներկրմանը կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ դադարեցմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու կամ ոչնչացնելու միջոցով կամ այլ ձեւով ապրանքային շուկայում պակասուրդի ստեղծմանը կամ պահպանմանը.

7) պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը) կամ ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

8) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ առեւտրային գործունեությունը չկազմակերպելու պայմանավորվածությանը.

9) միեւնույն ապրանք(ներ)ի համար խտրական պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն.

10) պայմանագրի կողմին, ներառյալ` առեւտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորություններ պարտադրելուն, որոնք տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված եւ շահավետ չեն նրա համար կամ իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

11) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.

12) հակամրցակցային համաձայնության մասնակցին (մասնակիցներին) պատկանող փոխանցման ցանցերը, այլ բաշխիչ ցանցերը կամ այլ ենթակառուցվածքները ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսվարող սուբյեկտներին (սուբյեկտին) օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն կամ հասանելիություն չտալուն, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներն օբյեկտիվորեն չեն կարող այլ տնտեսվարող սուբյեկտներից ստանալ այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման  թույլտվությունը կամ հասանելիությունը եւ առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.

13) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման:

4. Ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`

1) ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի համար տվյալ ապրանքի վերավաճառքի գին սահմանելուն, բացառությամբ ապրանքի վերավաճառքի առավելագույն գնի սահմանմանը,

2) իրացնող տնտեսվարող սուբյեկտի մրցակից կամ հնարավոր մրցակից համարվող տնտեսվարող սուբյեկտից ապրանք ձեռք բերելուց հրաժարվելուն կամ այդ տնտեսվարող սուբյեկտից ձեռք բերվող ապրանքների քանակի, տեսականու, գնի կամ այլ պայմաններին, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտը գործում է իրացնող տնտեսվարող սուբյեկտի ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո,

3) հակամրցակցային համաձայնության մասնակցին (մասնակիցներին) պատկանող փոխանցման ցանցերը, այլ բաշխիչ ցանցերը կամ այլ ենթակառուցվածքները ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսվարող սուբյեկտներին (սուբյեկտին) օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն չտալուն, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներն օբյեկտիվորեն չեն կարող այլ տնտեսվարող սուբյեկտներից ձեռք բերել այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման  թույլտվությունը եւ առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.

4) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-12-րդ կետերով եւ 4-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում հակամրցակցային համաձայնությունն առկա է անկախ հնարավոր կամ փաստացի հետեւանքից:

6. Այլ հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`

1) ապրանքների իրացման սահմանափակումներին` տարածքային, գնային կամ այլ հատկանիշներից ելնելով.

2) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) այլ տնտեսվարող սուբյեկտներից (սուբյեկտներին) ապրանք ձեռք բերելուց (իրացնելուց) հրաժարվելուն.

4) միեւնույն ապրանք(ներ)ի համար խտրական պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն.

5) գործարքներում այնպիսի դրույթ սահմանելուն, որը տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված եւ շահավետ չէ նրա համար կամ իր բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի առնչվում գործարքի բուն առարկային.

6) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.

7) շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքով կամ այլ եղանակով.

8) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.

9) հակամրցակցային համաձայնության մասնակցին (մասնակիցներին) պատկանող փոխանցման ցանցերը, այլ բաշխիչ ցանցերը կամ այլ ենթակառուցվածքները ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսվարող սուբյեկտներին (սուբյեկտին) օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն չտալուն, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներն օբյեկտիվորեն չեն կարող այլ տնտեսվարող սուբյեկտներից ձեռք բերել այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման  թույլտվությունը եւ առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.

10) մասնագիտական կամ այլ միություններին անդամակցելու կամ նրանց գործունեությանը մասնակցելու պայմանների պարտադրմանը.

11) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

7. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`

1) առկա է այդ մասին վկայող որեւէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.

2) այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդից 5-րդ մասերում նշված գործողությունները կամ վարքագիծը:

8. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:

9. Հակամրցակցային համաձայնություն չեն համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց կամ այլ համաձայնությունները, եթե այդ համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը համապատասխան ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը.

2) անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունները, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներից մեկն ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն է սահմանել տնտեսվարող մյուս սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաեւ եթե այդ տնտեսվարող սուբյեկտները մեկ անձի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ են, բացառությամբ այնպիսի տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունների, որոնք իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակ իրականացումն անձանց խմբում ընդգրկված մի քանի տնտեսվարող սուբյեկտի կողմից չի թույլատրվում օրենքով.

3) այն ուղղահայաց կամ այլ համաձայնությունները, որոնցով տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ չեն այդ համաձայնությունների նպատակներն իրականացնելու համար եւ չեն ստեղծում համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակման, կանխման եւ (կամ) արգելման հնարավորություն, եւ եթե տնտեսվարող սուբյեկտներն ապացուցում են, որ նման համաձայնությունները նպաստում են կամ կարող են նպաստել՝

ա. ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործմանը կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացը խթանելուն կամ համաշխարհային ապրանքային շուկայում անդամ պետություններում արտադրված ապրանքների մրցունակության բարձրացմանը.

բ. համապատասխան անձանց կողմից նման գործողությունների իրականացման արդյունքով ձեռք բերվող առավելությունների (օգուտների) համապատասխան մասի ստացմանն սպառողների կողմից:

Գ Լ ՈՒ Խ  3

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հոդված 6. Տնտեսական գործունեության համակարգում

1. Տնտեսական գործունեության համակարգում է համարվում տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումն այն ֆիզիկական անձի, տնտեսվարող սուբյեկտի կամ պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի կողմից, որն այդ տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկի հետ չի ընդգրկվում անձանց խմբում եւ գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում, որում իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումը:

2. Արգելվում է տնտեսական գործունեության այնպիսի համակարգումը, որը հանգեցնում է եւ (կամ) կարող է հանգեցնել`

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների կիրառմանը կամ պահպանմանը.

2) աճուրդների, սակարկությունների, գնումների կամ մրցույթների ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների իրացման կամ ձեռքբերման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների կազմի.

4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը.

5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն.

6) ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.

7) գնորդի` այն տնտեսվարող սուբյեկտի ապրանքը չվաճառելու պարտավորությանը, որը վաճառողի մրցակիցն է: Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից՝ ապրանքային նշան կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության վրա.

8) այլ եղանակներով մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

Գ Լ ՈՒ Խ  4

ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ

Հոդված 7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը

1. Սույն օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող չունի մրցակից:

2. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության եւ (կամ) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա եւ (կամ) դուրս մղելու այլ տնտեսվարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից եւ (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, կամ

2) ապրանքային շուկայում որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ

3) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ

4) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է (են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը չի (չեն) կարող համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե նա (նրանք), որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով չի (չեն) գերազանցում տվյալ շուկայի մեկ տասներորդը:

5. Սույն հոդվածում նշված տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը կարող է (են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(ենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:

6. Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը եւ չափանիշները սահմանում է Հանձնաժողովը:

Հոդված 8. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը

1. Արգելվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը:

2. Գերիշխող դիրքի չարաշահում է համարվում՝

1) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված կամ խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առեւտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը կամ կիրառումը, որի հետեւանքով ստեղծվում են կամ կարող են ստեղծվել խտրական մրցակցային պայմաններ.

3) այլ տնտեսվարող սուբյեկտի առեւտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.

4) ի վնաս սպառողի շահերի՝ ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ դադարեցումը կամ ապրանքները պահելու, փչացնելու կամ ոչնչացնելու միջոցով կամ այլ ձեւով ապրանքային շուկայում պակասուրդի ստեղծումը կամ պահպանումը.

5) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանումը կամ կիրառումն այլ հավասար պայմաններում.

6) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ՝ առեւտրի օբյեկտներին, իրենց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես եւ (կամ) տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը.

7) տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման, լուծարման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.

8) այլ տնտեսվարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետեւանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար կամ որի հետեւանքով այլ տնտեսվարող սուբյեկտը կարող էր մուտք չգործել շուկա կամ դուրս մղվել շուկայից կամ կատարել լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.

9) գերիշխող տնտեսվարող սուբյեկտին պատկանող փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքներից ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսվարող սուբյեկտներին (սուբյեկտին) օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն չտալը, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներն օբյեկտիվորեն չեն կարող այլ տնտեսվարող սուբյեկտներից ձեռք բերել այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման  թույլտվությունը եւ առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.

10) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային խտրական պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսվարող սուբյեկտներին.

11) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

12) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը.

13) չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գների սահմանումը եւ (կամ) կիրառումը.

14) ապրանք ձեռք բերողի կամ ձեռք բերել ցանկացողի հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված պատճառներով հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության եւ (կամ) իրացման հնարավորության առկայության դեպքում.

15) մասնագիտական կամ այլ միություններին անդամակցելու կամ նրանց գործունեությանը մասնակցելու պայմանների պարտադրումը.

16) այլ պայմանների կամ վարքագծի սահմանումը կամ կիրառումը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

3. Գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահելու դեպքում Հանձնաժողովը կարող է տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման) մասին որոշում ընդունել, որը տնտեսվարող սուբյեկտի կողմից ենթակա է կատարման ոչ ուշ, քան այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:

4. Հանձնաժողովի՝ տնտեսվարող սուբյեկտի ապախոշորացման մասին որոշումը դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը ենթակա է դատական կարգով հարկադիր վերակազմակերպման:

Հոդված 9. Չհիմնավորված բարձր գինը

1. Չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի սահմանած՝ ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը բարձր է այդ ապրանքի արտադրության եւ իրացման համար անհրաժեշտ ծախսերի եւ շահույթի գումարից, եւ այն գնից, որը ձեւավորվել է մրցակցության պայմաններում այնպիսի ապրանքային շուկայում, որը համադրելի է` ըստ ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների կազմի, ապրանքաշրջանառության պայմանների, ապրանքային շուկայի հասանելիության պայմանների կամ պետական կարգավորման, այդ թվում՝ հարկման ու մաքսասակագնային կարգավորման (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա)` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Չհիմնավորված բարձր գին չի համարվում ապրանքի այն գինը, որը`

1) սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.

2) սահմանվել է նորարարական գործունեության արդյունքով, այսինքն՝ այնպիսի գործունեության, որը հանգեցնում է նոր, փոխադարձ անփոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ նոր փոխադարձ փոխարինելի ապրանքի ստեղծմանը.

3) սահմանվել է այն ապրանքների համար, որոնք ունեն ոչ լայն սպառում, խիստ սահմանափակ արտադրություն, գնային, որակական, մարքեթինգային եւ այլ հատկանիշներով ունեն յուրահատկություններ (նիշային ապրանքներ):

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չհիմնավորված բարձր գնի որոշման ընթացքում Հանձնաժողովը կարող է հաշվի առնել նաեւ տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական եւ ոչ բորսայական գնի ցուցանիշները` ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից:

Հոդված 10. Չհիմնավորված ցածր գինը

1. Չհիմնավորված ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի սահմանած՝ ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը ցածր է այդ ապրանքի արտադրության եւ իրացման համար անհրաժեշտ ծախսերի եւ շահույթի գումարից, եւ այն գնից, որը ձեւավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ապրանքի գինը չի համարվում չհիմնավորված ցածր, եթե՝

1) այն սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.

2) այդ գնի սահմանումը չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության սահմանափակման` կապված ապրանքային շուկայում ապրանք իրացնողների եւ ձեռք բերողների հետ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատման հետ:

Գ Լ ՈՒ Խ  5

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՒԺԵՂ ԴԻՐՔ

Հոդված 11. Բանակցային ուժեղ դիրքը

1. Տնտեսվարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե՝

1) համապատասխան ոլորտում իր էական ազդեցության կամ ենթակառուցվածքի շնորհիվ կարող է ապահովել համապատասխան ապրանքների մուտքն իրացման շուկա, եւ վերջինիս հետ պայմանագիր կնքած կամ կնքել ցանկացող տնտեսվարող սուբյեկտը չունի հնարավորություն առանց տվյալ տնտեսվարող սուբյեկտի հետ համագործակցության սպառողներին իրացնելու այդ ապրանքները կամ բացակայում է այլընտրանքի տնտեսական նպատակահարմարությունը, կամ

2) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան հասույթը գերազանցում է ընդհանուր մեկ միլիարդ հինգ հարյուր հազար դրամը, կամ

3) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան հասույթը գերազանցում է ընդհանուր մեկ միլիարդ հինգ հարյուր հազար դրամը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով սահմանված բանակցային ուժեղ դիրքի առկայությունը որոշվում է՝ հաշվի առնելով՝

1) իրացնողների եւ ձեռք բերողների միջեւ տնտեսական կամ այլ հարաբերությունների բնույթը կամ պատմությունը, կամ

2) ոլորտի կամ իրացվող ապրանքի առանձնահատկությունները, կամ

3) այդ տնտեսվարող սուբյեկտների գործարար գործունեության շրջանակը, կամ

4) իրացնող եւ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտների՝ միմյանցից կախվածության աստիճանը, կամ

5) այլընտրանքային առեւտրային գործընկեր կամ իրացման այլ աղբյուրներ կամ ենթակառուցվածքներ գտնելու հնարավորությունը եւ տնտեսական նպատակահարմարությունը:

Հոդված 12. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը

1. Արգելվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը:

2. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահում է համարվում տնտեսվարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հիմնավորված չէ տնտեսական պայմաններով կամ գործոններով կամ հակասում է գործարար շրջանառության սովորույթներին եւ վնասում է կամ կարող է վնասել բանակցություններում թույլ դիրք ունեցող կողմի՝ այդ թվում սպառողի շահերը:

3. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահում է համարվում՝

1) ապրանքներ ձեռք բերելուց անհիմն հրաժարվելը.

2) խտրական պայմանների սահմանումը կամ կիրառումը.

3) ձեռնարկատիրական հարաբերությունների անհիմն դադարեցումը.

4) արտոնությունների տրամադրման, այդ թվում՝ զեղչերի կիրառման, հավելյալ ծառայությունների մատուցման պարտադրումը, որի դիմաց բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից որեւէ գործողություն չի իրականացվում.

5) պայմանագրի կամ համագործակցության պայմանների միակողմանի եւ հաճախակի փոփոխությունն առանց պայմանագրի կողմի համաձայնության կամ գիտության.

6) որեւէ ապրանքային նշանի կամ ապրանքի առաջխաղացման նպատակով այլ ապրանքների ներկայացման կամ իրացման առավել անբարենպաստ պայմանների կիրառումը.

7) առեւտրային օբյեկտում իրացնողների ապրանքների ներկայացման եւ իրացման համար չհիմնավորված հավելյալ վճարների գանձումը.

8) բանակցային ուժեղ դիրք ունեցող սուբյեկտին պատկանող առեւտրային ցանցերում մրցակից ապրանքների գների, ցուցադրման եղանակի, տեղի եւ իրացման համար էական նշանակություն ունեցող այլ պայմանների միջեւ արհեստական տարբերությունների սահմանումը կամ կիրառումը.

9) պայմանագրի կողմին պայմանների պարտադրումը, որոնք վերաբերում են`

ա. այլ տնտեսվարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելու արգելքին.

բ. այլ տնտեսվարող սուբյեկտի հետ կնքվող պայմանագր(եր)ի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը.

գ. տնտեսվարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը, եթե մատակարարում իրականացվելու է նաեւ տվյալ առեւտրային ցանցի մեջ մտնող նոր առեւտրային օբյեկտին.

դ. տնտեսվարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը` կապված մատակարարվող ապրանք(ներ)ի տեսականու փոփոխության հետ.

ե. մատակարարված եւ առեւտրային ցանցի սեփականությունը համարվող ապրանք(ներ)ի փչացման, վնասվածքի, կորստի կամ ոչնչացման դեպքում տնտեսվարող սուբյեկտի կողմից վնասների փոխհատուցմանը, բացառությամբ այն դեպքի, երբ դա տեղի է ունեցել վերջինիս մեղքով.

զ. տնտեսվարող սուբյեկտի կողմից այն ծախսերի փոխհատուցմանը, որոնք կապված չեն ապրանք(ներ)ի մատակարարման պայմանագրի կատարման կամ ապրանք(ներ)ի հետագա իրացման հետ.

է. այն ապրանք(ներ)ի վերադարձման պարտավորության սահմանմանը, որոնք չեն իրացվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների վերադարձման պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

ը. ապրանքները բանակցային ուժեղ դիրք ունեցող սուբյեկտի մատնանշած ապրանքային նշանով իրացնելուն.

թ. իրացման ընթացքում, զեղչեր կամ ակցիաներ կիրառելու, արտոնություններ սահմանելու արգելքին.

ժ. այլ հանգամանքների, որոնք պարունակում են սույն կետով սահմանված պայմանների էական տարրեր.

10) առանց գրավոր պայմանագիր կնքելու կամ գործարքը հաստատող այլ գրավոր փաստաթղթի առկայության մատակարարում իրականացնելուն պարտադրելը.

11) բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից առեւտրային հարաբերության մյուս կողմի համար վատթարացնող այլ պայմանների պարտադրանքը.

12) այլ գործողություն կամ վարքագիծը, որը պարունակում է սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշները:

Գ Լ ՈՒ Խ  6

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ

Հոդված 13. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը
 

1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միացումը.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ գործարքին նախորդող վերջին երեք տարվա ընթացքում տվյալ տնտեսվարող սուբյեկտից ձեռք բերված ակտիվների հետ միասին կազմում է համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահի դրությամբ ակտիվն իրացնող տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.

4) տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 20 տոկոսը կամ եթե ձեռք բերողին արդեն իսկ պատկանող փայաբաժնի հետ կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 20 տոկոսը.5) մտավոր սեփականության իրավունքի կամ անհատականացման այլ միջոցի օգտագործման իրավունքի ձեռքբերումը, որի արդյունքում տնտեսվարող սուբյեկտը կարող է ազդեցություն ձեռք բերել որեւէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա.

6) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ազդեցություն ձեռք բերել որեւէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա.

7) մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից այնպիսի իրավաբանական անձի հիմնադրումը, որը գործելու է որպես ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտ:

2. Միացման մասնակիցներ են համարվում միացման ձեւով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:

3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:

4. Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող եւ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:

5. Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտը եւ այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերի դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում իրավահարաբերության մասնակից տնտեսվարող սուբյեկտները:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում հիմնադիր տնտեսվարող սուբյեկտները:

8. Սույն օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`

1) միեւնույն ապրանքային շուկայում (հորիզոնական համակենտրոնացում).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում (ուղղահայաց համակենտրոնացում).

3) տարբեր ապրանքային շուկաներում (խառը համակենտրոնացում):

9. Համակենտրոնացում չեն համարվում՝

1) տնտեսվարող սուբյեկտների սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջեւ՝ բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերի, եթե պահպանվել են սույն օրենքի 14-րդ հոդվածի պայմանները.

2) ֆոնդային բորսաներում ցուցակված արժեթղթերի ձեռքբերման վերաբերյալ գործարքները,

3) դատական ակտի հիման վրա իրականացվող աճուրդների արդյունքում կնքված գործարքները,

4) ժառանգության ընդունումը:

Հոդված 14. Անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների կարգը

1. Անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտները սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց հետո 10 օրվա ընթացքում տեղեկացնում են Հանձնաժողովին:

2. Անձանց խումբը պարտավոր է պահպանել հետեւյալ պայմանները.

1) անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների ցուցակը, նրանց անձանց խումբ հանդիսանալու հիմնավորումները Հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձեւով սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան վերակազմակերպումը, գործողությունը կամ գործարքը կատարելուց առնվազն 1 ամիս առաջ ներկայացրած լինի Հանձնաժողով.

2) անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների ցուցակը սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան վերակազմակերպման, գործողության կամ գործարքի պահին փոփոխության ենթարկված չլինի այն ցուցակի համեմատ, որը ներկայացվել է Հանձնաժողով.

3) անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների ցուցակը հիմնված լինի հավաստի տեղեկությունների վրա եւ չպարունակի կեղծ տվյալներ:

3. Հանձնաժողովն անձանց խմբի ցուցակը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում դիմողին ներկայացնում է հետեւյալ ծանուցումներից մեկը՝

1) ցուցակը ստանալու եւ այն Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու վերաբերյալ.

2) Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձեւը կամ պայմանները չպահպանելու վերաբերյալ:

4. Անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների ցուցակը եւ հիմնավորումները Հանձնաժողով ներկայացնելու կարգը, ձեւը եւ ժամկետները սահմանում է Հանձնաժողովը:

5. Անձանց խմբի ցուցակը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձեւի կամ պայմանների խախտմամբ ներկայացնելու դեպքում անձանց խմբի ցուցակը համարվում է չներկայացված:

6. Հանձնաժողով ներկայացված եւ պաշտոնական կայքում հրապարակված անձանց խմբի ցուցակում ոչ հավաստի տվյալներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովն այն ներկայացնողին ենթարկում է պատասխանատվության եւ ցուցակը հանում է Հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Հոդված 15. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը

1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչեւ գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների արժեքը.

2) համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը.

3) համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու տարվան նախորդող ֆինանսական տարում գործունեություն չիրականացրած կամ 12 ամսից պակաս ժամանակահատվածում գործունեություն իրականացրած համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափը.

4) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որեւէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

2. Անձանց խմբի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հաշվարկման հիմքում դրվում է անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հանրագումարը:

Գ Լ ՈՒ Խ  7

ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 16. Անբարեխիղճ մրցակցությունը

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսվարող սուբյեկտների միջեւ կամ վերջիններիս ու սպառողների միջեւ բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության եւ (կամ) անաչառության սկզբունքները:

2. Անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

3. Անբարեխիղճ մրցակցություն են սույն օրենքի 17-24-րդ հոդվածներում թվարկված դեպքերը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ:

4. Սույն օրենքի 16-24-րդ հոդվածներում նկարագրված իրավախախտումների հատկանիշների առկայության հարցը գնահատում է Հանձնաժողովը:

Հոդված 17. Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, այդ թվում՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող կամ այլ կերպ շրջանառության մեջ դրված ապրանքների, դրանց փաթեթավորումների կամ պիտակների վրա կամ ապրանքին առնչվող այլ տեղեկատվության մեջ կամ ինտերնետային դոմենի անվանումներում կամ գովազդում այնպիսի անվանման, նշանի, նիշի, հնչյունի կամ բառի օգտագործումը, որը նույնական կամ շփոթելու աստիճանի նման է այլ տնտեսվարող սուբյեկտի Հայաստանի Հանրապետությունում պահպանվող կամ նրա կողմից ավելի վաղ օգտագործվող կամ հանրահայտ ապրանքային կամ սպասարկման նշանին կամ ֆիրմային անվանմանը:

2) այլ տնտեսվարող սուբյեկտի կողմից քաղաքացիական շրջանառության մեջ դրված ապրանքի, դրա արտաքին տեսքի կամ փաթեթավորման, գունային համակցության կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի կրկնօրինակումը կամ նմանակումը,

3) այլ տնտեսվարող սուբյեկտի Հայաստանի Հանրապետությունում պահպանվող արդյունաբերական նմուշին նույնական կամ շփոթության աստիճանի նման նմուշի ապօրինի օգտագործումը.

4) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ՝ գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների, տնտեսվարող սուբյեկտի ապրանքի կամ ֆիրմային բնութագրիչների (անձնակազմի հագուստ, առեւտրային օբյեկտի կահավորում, ցուցափեղկերի ներկայացման ձեւ եւ այլն) նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

5) ապրանքների ներկայացման ձեւերի, այդ թվում՝ գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

6) հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումն առանց համապատասխան համաձայնության (թույլտվության):

7) ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմենում, այլ տնտեսվարող սուբյեկտի անհատականացման միջոցին կամ կայքի դիզայնին նույնական կամ շփոթության աստիճանի նման անհատականացման միջոցի կամ կայքի դիզայնի օգտագործումը:

Հոդված 18. Անբարեխիղճ մրցակցությունը` կապված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման եւ օգտագործման հետ

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման կամ օգտագործման հետ կապված գործողությունը կամ վարքագիծը, որն ուղղված է այլ սուբյեկտին ապրանքային շուկայից դուրս մղելուն, ապրանքային շուկա մուտք գործելուն խոչընդոտներ ստեղծելուն, այլ տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը սահմանափակելուն կամ խոչընդոտելուն, կամ ապրանքային շուկայում մրցակցությունն այլ կերպ սահմանափակելուն:

Հոդված 19. Մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ դրսեւորվող անբարեխիղճ մրցակցությունը

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից մտավոր գործունեության պահպանվող արդյունքի ապօրինի օգտագործմամբ (առանց դրա իրավատիրոջ թույլտվության) ապրանքի արտադրումը, վաճառքը, վաճառքի առաջարկը եւ այլ ձեւով քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե առկա չեն սույն օրենքի 17-րդ կամ 24-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների հատկանիշները:

Հոդված 20. Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ցանկացած կեղծ, ոչ հավաստի, աղավաղված կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները,  այդ թվում՝ ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում ապրանքների` արտադրության կամ իրացման գործընթացի կամ որոշակի նպատակի համար դրանց պիտանիության կամ որակի կամ քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:

Հոդված 21. Հասարակության մոլորեցումը

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում հասարակության մոլորեցումը, այդ թվում՝

1) ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը կամ տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ սույն օրենքի 22-րդ հոդվածում թվարկված պայմանների վերաբերյալ.

2) ապրանքների որակն անհիմն չափազանցնելը կամ որակի, քանակի կամ այլ բնութագրերի կամ ապրանքների ձեռքբերման կամ իրացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը կամ տեղեկատվությունն այն ձեւով ներկայացնելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման).

3) գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի կամ կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը կամ տվյալների (տեղեկությունների) այն ձեւով նշումը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել իրացվող կամ գովազդվող ապրանքի կամ տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ.

4) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդները, որոնք կարող են սահմանափակել, կանխել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը:

2. Սույն հոդվածը չի տարածվում այն գործողությունների կամ վարքագծի վրա, որի արդյունքում կարող է վնաս հասցվել սպառողների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, հասարակական կամ պետական անվտանգությանը կամ շրջակա միջավայրին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում կիրառվող հասկացությունները կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի իմաստով:

Հոդված 22. Տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), ինչը կարող է հիմնականում լինել սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված օբյեկտների հետ կապված համբավի կամ վարկարժեքի թուլացման արդյունք:

2. Համբավի կամ վարկարժեքի թուլացում է համարվում նաեւ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված տարբերակիչ բնութագրերի կամ գովազդային նշանակությունների (իմաստի) նվազեցումը, մասնավորապես որոշակի ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող կամ ճանաչում ձեռք բերած ապրանքային նշանին նման կամ նույնական նշան կիրառելով` միանգամայն տարբեր այլ ապրանքների համար:

Հոդված 23. Անտեղի համեմատությունների կատարումը

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից անտեղի` ոչ կոռեկտ, անպատշաճ համեմատություն կատարելն իր կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների եւ այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների միջեւ:

Հոդված 24. Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հանգեցնում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերմանը, օգտագործմանը, բացահայտմանը կամ հրապարակմանը` առանց դրա օրինաչափ տիրապետողի համաձայնության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձեւերով, այդ թվում՝

1) արդյունաբերական, առեւտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը.

2) չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը, լուծումը կամ դրան հարկադրումը.

3) խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը.

4) չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է վերոհիշյալ կետերում նշված գործողությունների կատարում:

Գ Լ ՈՒ Խ  8

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Պետական օժանդակությունը եւ դրա արգելումը

1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբին կամ որոշակի ապրանքի համար կամ որոշակի ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվող ցանկացած օժանդակություն (ներառյալ՝ սուբսիդիա, դրամաշնորհ, օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ, այլ ֆինանսական միջոցներ կամ այլ պայմաններ), որի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տրամադրվող օժանդակության բացակայության դեպքում տնտեսվարող սուբյեկտները չէին ունենա:

2. Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որեւէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված օժանդակությունը նախատեսված է օրենքով կամ ուղղված է շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացմանը եւ ադապտացմանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետեւանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը:

3. Պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմինը (կազմակերպությունը) կամ դրա ստացման համար դիմող տնտեսվարող սուբյեկտը, համապատասխանաբար մինչեւ պետական օժանդակություն տրամադրելը կամ դրա ստացման համար դիմելը, թույլտվություն ստանալու համար իրավասու են դիմելու Հանձնաժողով:

4. Հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ գնահատում է պետական օժանդակության թույլատրելիությունը:

5. Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել այն` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:

6. Հանձնաժողովը վարում է պետական օժանդակության միասնական գրանցամատյան, որի ձեւը եւ վարման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

7. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության տրամադրումից հետո Հանձնաժողով են ներկայացնում իրենց տրամադրած պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնել Հանձնաժողով:

8. Պետական օժանդակություն տրամադրած մարմինների կողմից Հանձնաժողով տեղեկատվության տրամադրման կարգը, ձեւն ու ժամկետները սահմանում է Կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ  9

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 26. Պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելումը

1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությունները կամ վարքագիծը կամ ակտերը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, ինչպես նաեւ կարող են վնասել սպառողների շահերը, արգելվում են:

2. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող իրավական ակտ, գործողություն կամ վարքագիծ է համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը եւ (կամ) կիրառումը.

2) ձեռնարկատիրական գործունեության արգելումը կամ սահմանափակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

3) տնտեսվարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ (ապրանքների, կնքվող գործարքների կամ այլ հարցերի վերաբերյալ), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

4) ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է ապրանքների կամ կոնտրագենտների ազատ ընտրության նրանց իրավունքը.

5) այլ պետական մարմինների կամ տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հետ համաձայնությունները, այդ թվում` գործարքները, պայմանավորվածությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, ինչպես նաեւ կարող են վնասել սպառողների շահերը:

3. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր իրավասությունների սահմաններում իրականացված, օրինական նպատակ հետապնդող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կամ վարքագիծը չպետք է համարվեն հակամրցակցային, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է այդ նպատակի իրագործման` տնտեսական մրցակցությունն ավելի պակաս սահմանափակող` օրենքով չարգելված այլ միջոց:

4. Պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը մինչեւ համապատասխան գործողություն կատարելը, գործարք կնքելը կամ իրավական ակտն ընդունելը կարող է դիմել Հանձնաժողով դրա տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման կամ սպառողների շահերը վնասելու, ինչպես նաեւ տնտեսական մրցակցությանը կամ տնտեսական մրցակցության պաշտպանությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

Գ Լ ՈՒ Խ  1 0

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 27. Հանձնաժողովի կարգավիճակը եւ գործառույթները

1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության եւ ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը եւ իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:

Հոդված 28. Հանձնաժողովի կազմը եւ անդամներին ներկայացվող պահանջները

1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ եւ վեց անդամ:

2. Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են:

3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ եւ հայերենին տիրապետող անձը, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ հայեցողական պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

4. Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:

Հոդված 29. Հանձնաժողովի կազմավորման կարգը

1. Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով՝ Հանձնաժողովի անդամ:

3. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը

1) չի համապատասխանում սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին.

2) լրացել է նրա 65 տարին.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության համար.

5) օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

6) ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

4. Հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:

5. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի պաշտոնում թեկնածուն առաջադրվում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

6. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:

Հոդված 30. Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը

1. Հանձնաժողովի նախագահը եւ մյուս անդամները նշանակվում է հինգ տարի ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Հանձնաժողովի անդամի պաշտոնում նշանակումը մինչեւ այդ պաշտոնի թափուր դառնալը կատարվելու դեպքում Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը սկսում է այդ պաշտոնը թափուր դառնալու օրվանից:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախորդ անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը: Այն դեպքում, երբ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է այդ պաշտոնը զբաղեցրած անդամի՝ Հանձնաժողովի նախագահ նշանակվելու արդյունքում, ապա այդ թափուր պաշտոնում Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածով: Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը:

4. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչեւ իր՝ որպես Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչեւ նրա 65 տարին լրանալը:

Հոդված 31. Հանձնաժողովի անդամի գործունեության երաշխիքները

1. Հանձնաժողովի անդամն անկախ է եւ գործում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

2. Հանձնաժողովի անդամի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն:

3. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են հանցագործության հատկանիշներ:

4. Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի հետ կապված, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տված սխալների եւ չարաշահումների քննության հետ կապված:

5. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել Գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հանձնաժողովի համաձայնությամբ` Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահին:

6. Հանձնաժողովի անդամը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Հանձնաժողովի անդամի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի եւ աշխատանքային տարածքների, այլ գույքի նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում Հանձնաժողովի անդամը հաղորդում է իրավասու պետական մարմիններին: Իրավասու պետական մարմինները Հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` Հանձնաժողովի անդամի եւ նրա ընտանիքի, նրա զբաղեցրած բնակելի եւ աշխատանքային տարածքների, այլ գույքի նկատմամբ անվտանգությունն ապահովելու նպատակով:

Հոդված 32. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները

1. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, հանդիսանալ որեւէ կուսակցության անդամ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքից:

2. Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:

Հոդված 33. Հանձնաժողովի նախագահը

1. Հանձնաժողովի նախագահը`

1) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում.

2) ղեկավարում եւ համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով իր կողմից նշանակվող աշխատողներին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջեւ.

3) հրավիրում եւ նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում նիստի օրակարգը.

4) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների Հանձնաժողովի կողմից կատարումը.

5) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները.

6) հաստատում է Հանձնաժողովի հաuտիքացուցակը, Հանձնաժողովի անդամների եւ իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, հսկիչ գնում կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամաններ, իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ.

7) ձեւավորում է Հանձնաժողովին կից հասարակական խորհուրդ եւ հաստատում է դրա կազմավորման եւ գործունեության կարգը:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

Հոդված 34. Հանձնաժողովի անդամը

1. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին եւ քվեարկում, Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով եւ առաջարկություններով.

2) մեծամասնության կարծիքից տարբերվող կարծիք ունենալու դեպքում ներկայացնում է հատուկ կարծիք.

3) իր համակարգման լիազորությունների սահմաններում համակարգում է կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կամ դրա կողմից իրականացվող աշխատանքները, տալիս է հանձնարարականներ եւ դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն, ապահովում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականների իրականացումը.

4) իր համակարգման լիազորությունների սահմաններում հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում է քննարկումներ, համագործակցում է այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ.

5) իր համակարգման լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, նշագրում Հանձնաժողովի որոշումներ եւ այլ փաստաթղթեր.

6) Հանձնաժողովին եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.

7) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 35. Հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը եւ կասեցումը

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.

2) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.

3) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

4) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.

5) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

7) նա մահացել է.

8) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) նա պարբերաբար չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները.

6) պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ նա նշանակման պահին չի համապատասխանել Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին կամ առկա է եղել նշանակումը խոչընդոտող հիմքեր:

3. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:

4. Հանձնաժողովի նախագահը կամ սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

5. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:

6. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ:

7. Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք, եւ ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, իսկ այլ հիմքով Հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պահանջները:

Գ Լ ՈՒ Խ  1 1

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 36. Հանձնաժողովի գործունեությունը

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությանը, սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան եւ իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է:

2. Հանձնաժողովի գործառույթների եւ լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով:

Հոդված 37. Հանձնաժողովի լիազորությունները

1. Հանձնաժողովը՝

1) իրականացնում է վերահսկողություն տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ.

2) իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ, այդ թվում՝

ա. հաստատում է տնտեսական մրցակցությանն առնչվող խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր.

բ. իրազեկում է հանրությանն տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի մասին.

գ. տալիս է պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ

դ. սույն օրենքով նախատեսված դեպքերում տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց գործողության, գործարքի կամ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ընդունում է եզրակացություն.

ե. տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց տալիս է  զգուշացում այն գործողությունների եւ (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը կամ վնասել սպառողների շահերը.

3) հարուցում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ եւ սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին եւ նրանց պաշտոնատար անձանց ենթարկում է պատասխանատվության՝ հանձնարարելով իր կողմից սահմանված ժամկետում շտկել խախտումը եւ հետագայում բացառել այն.

4) իրականացնում է վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.

5) իրականացնում է ոլորտային ուսումնասիրություն.

6) սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ դիմում է պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերադասին, իսկ վերադաս չունենալու դեպքում` պետական մարմնին կամ դրա պաշտոնատար անձին.

7) դիմում է դատարան՝ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող ակտերը, գործողությունները եւ անգործությունը ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու, դադարեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պահանջով, եթե այդ վեճը հնարավոր չէ լուծել վարչական կարգով.

8) դիմում է դատարան տնտեսվարող սուբյեկտի լուծարման, հարկադիր վերակազմակերպման, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտների միջեւ սույն օրենքի խախտմամբ կնքված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջներով.

9) դիմում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում աջակցություն ստանալու նպատակով.

10) իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված եւ չկատարված պարտավորությունների առկայության դեպքում դիմում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի լուծարումը կամ ռեդոմիցիլացումը արգելելու նպատակով.

11) ամփոփում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը եւ առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.

12) մասնակցում է տնտեսական մրցակցության զարգացմանը եւ այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը.

13) հաստատում է իր աշխատակարգը.

14) սահմանում է տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը եւ չափանիշները.

15) սահմանում է ապրանքային շուկաների սահմանների որոշման կարգը.

16) սահմանում է անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների ցուցակը եւ հիմնավորումները Հանձնաժողով ներկայացնելու կարգը, ձեւը եւ ժամկետները.

17) սահմանում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների եւ հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը եւ հայտարարագրի ձեւը.

18) սահմանում է ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում եւ մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման եւ լուսանկարահանման կարգը.

19) սահմանում է դիտանցումների եւ հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունների ձեւը.

20) սահմանում է դիտանցումների եւ հսկիչ գնումների արդյունքում ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը.

21) սահմանում է պատասխանատվության միջոցի կիրառման չափորոշիչների եւ կարգի մանրամասները.

22) սահմանում է պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման եւ քննարկման կարգը.

23) սահմանում է տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը.

24) սահմանում է Հանձնաժողով փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների եւ վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ Հանձնաժողովի գործավարության այլ կանոնները.

25) սահմանում է գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու եւ այն գաղտնագրելու կարգը.

26) սահմանում է Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը.

27) սահմանում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման եւ դրա արդյունքների ամփոփման կարգը.

28) սահմանում է Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակներում ապրանքների եւ ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը.

29) սահմանում է չհիմնավորված բարձր գնի եւ չհիմնավորված ցածր գնի որոշման կարգ.

30) սահմանում է պետական օժանդակության գնահատման կարգը.

31) սահմանում է պետական օժանդակության միասնական գրանցամատյանի ձեւը եւ վարման կարգը.

32) որոշում է կայացնում հաշտության համաձայնություն կնքելու վերաբերյալ.

33) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Հանձնաժողովը սույն հոդվածի 1-ին մասի 13-31-րդ կետերում նախատեսված իր լիազորությունները իրականացնելիս, ինչպես նաեւ մյուս լիազորությունների իրականացման ժամանակ նորմատիվ կարգավորում սահմանելիս ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Հոդված 38. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները

1. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է եզրակացություններ:

2. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները ընդունվում են գրավոր՝ բացառությամբ ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացնելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատողներին հանձնարարություն տալու, նիստից հեռացնելու մասին որոշումները եւ այլն) դեպքերի: Հանձնաժողովի հայեցողությամբ այդ որոշումները եւս կարող են ձեւակերպվել գրավոր:

3. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, պետական մարմնի միջնորդությամբ կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա իրավունք ունի որոշմամբ պարզաբանել իր որոշումները եւ եզրակացությունները, ուղղել դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները՝ առանց փոխելու դրանց բովանդակությունը:

Հոդված 39. Հանձնաժողովի նիստերը, քննարկումները եւ դրանց անցկացման կարգը

1. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները ընդունվում են նիստում:

2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի պահանջով, ինչպես նաեւ Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված այլ դեպքերում:

3. Հանձնաժողովի նիստն անցկացվում է Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` այլ վայրում:

4. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անդամը:

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն չորսը:

6. Հանձնաժողովի նիստը նախագահող համաձայնությամբ Հանձնաժողովի անդամը նիստին կարող է մասնակցել տեսաձայնային կապի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում:

7. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահագրգիռ անձանց շահերի, ներառյալ` առեւտրային գաղտնիքի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով Հանձնաժողովը որոշում է կայացրել նիստը կամ դրա առանձին մասն անցկացնել դռնփակ:

8. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին հարցը քննարկվում է դռնփակ:

9. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին որոշում կայացվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է նիստը նախագահողը:

10. Նիստին ներկա գտնվող անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն: Նիստի ընթացքում կինոնկարահանումը, լուսանկարահանումը եւ տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են նախագահողի թույլտվությամբ:

11. Հանձնաժողովի նիստին հնարավոր է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով, որի կիրառման կարգը սահմանվում է Հանձնաժողովի աշխատակարգով:

12. Եթե նիստին ներկա անձանցից որեւէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նիստի անցկացման վայրից վերջինիս հեռացնելու եւ նրա բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ:

13. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են գրավոր համառոտագրման, իսկ համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում ձայնագրման  կամ տեսաձայնագրման միջոցով: Գրավոր արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Գրավոր արձանագրությունը ստորագրում են նիստին մասնակցած  Հանձնաժողովի բոլոր անդամները:

14. Հանձնաժողովի, Հանձնաժողովի աշխատակիցների, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում այլ անձանց մասնակցությամբ նիստերից դուրս իրականացվող քննարկումների դեպքերը եւ կարգը սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով:

Հոդված 40. Հարցի քննարկմանը եւ քվեարկությանը Հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինությունը

1. Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը եւ քվեարկությանը, եթե առկա է «Վարչարարության հիմունքներ եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված բացարկ հայտնելու հիմքերից որեւէ մեկը:

2. Հանձնաժողովի  անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ Հանձնաժողովին գրավոր կամ բանավոր ներկայացնել ինքնաբացարկ՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները:

3. Հանձնաժողովի անդամը կարող է քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովի այլ անդամին բացարկ հայտնելու հարցը:

4. Հանձնաժողովի նիստը նախագահողը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Հանձնաժողովի ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ:

5. Հարցի քննարկման արդյունքում Հանձնաժողովը կայացնում է որոշում: Հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաեւ բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը:

6. Ինքնաբացարկի կամ բացարկի ընդունման դեպքում այդ անդամը չի մասնակցում այն հարցի քննությանը եւ քվեարկությանը, որի կապակցությամբ առկա է ինքնաբացարկի կամ բացարկի հիմք:

Հոդված 41. Հանձնաժողովի որոշումների եւ եզրակացությունների ընդունման եւ ստորագրման կարգը

1. Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում նիստը նախագահողի ձայնը որոշիչ է:

2. Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:

3. Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ տարբերվող կարծիք ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամը մեկ օրվա ընթացքում ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք: Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ստորագրվում եւ կցվում է համապատասխան որոշմանը կամ եզրակացությանը:

4. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը եւ եզրակացությունը Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվում է մեկ օրվա ընթացքում:

5. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը կամ եզրակացությունը, որը ընդունվել է որոշակի դիտողությունների եւ առաջարկությունների ներկայացմամբ, դրանց համապատասխան լրամշակվում եւ Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվում է հինգ օրվա ընթացքում:

Հոդված 42. Հանձնաժողովի որոշումների եւ եզրակացությունների ընդունման մասին իրազեկելը եւ ուժի մեջ մտնելը

1. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ուղարկվում են հասցետիրոջը: Հանձնաժողովի որոշումները,  եզրակացությունները եւ Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածների:

2. Հանձնաժողովի որոշումները ուժի մեջ են մտնում ընդունման պահից՝ բացառությամբ Հանձնաժողովի ընդունած վարչական ակտերի եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ այն դեպքի, երբ Հանձնաժողովը սահմանել է որոշման ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ:

3. Հանձնաժողովի եզրակացությունները ուժի մեջ են մտնում ընդունման պահից:

Հոդված 43. Պետական մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների պարտականությունը Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում

1. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր եւ այլ տեղեկատվություն՝ բացառությամբ, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա:

2. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր եւ այլ տեղեկատվություն՝ բացառությամբ, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով:

3. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր եւ այլ տեղեկատվություն պահանջելիս Հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաեւ սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետեւանքների մասին:

4. Տնտեսվարող սուբյեկտի հիմնավոր միջնորդության հիման վրա Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկատվության ներկայացման ժամկետը համապատասխանաբար կարող է Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել եւ ենթակա է կատարման այդ ժամկետում:

5. Եթե որեւէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը եւ այլ տեղեկատվություն, ապա Հանձնաժողովի կողմից իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի, նյութերի եւ այլ տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովի կողմից որոշում կայացվելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը չի ազատվում փաստաթղթեր, նյութեր եւ այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանված պատասխանատվությունից:

6. Հանձնաժողովի կողմից փաստաթղթեր, նյութեր եւ այլ տեղեկատվություն պահանջելու իրավաչափությունը տնտեսվարող սուբյեկտը կարող է վիճարկել միայն այն չտրամադրելու դեպքում Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման վիճարկման շրջանակներում:

Հոդված 44. Օրենքով պահպանվող գաղտնիքի պահպանումը Հանձնաժողովի կողմից

1. Առեւտրային, բանկային, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի անդամները եւ աշխատողներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաեւ իրենց պաշտոնեական լիազորություններից դուրս կամ դրանց չարաշահմամբ ցանկացած նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկությունները:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսվարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման Հայաստանի Հանրապետության կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Հանձնաժողովը սահմանում է Հանձնաժողովի անդամների եւ աշխատողների կողմից գաղտնիք կազմող տեղեկությունների հետ վարվելու կարգը:

Հոդված 45. Հանձնաժողովի որոշումները, ծանուցումները կամ այլ փաստաթղթեր ուղարկելու (հանձնելու) կարգը

1. Հանձնաժողովի որոշումները, ծանուցումները կամ այլ փաստաթղթեր (այսուհետ՝ նաեւ թղթակցություն) ուղարկվում են փոստային առաքմամբ կամ սուրհանդակային կապի ծառայության միջոցով կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:

2. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվում է հասցեատիրոջ նշած հասցեով, իսկ հասցե նշված չլինելու դեպքում՝ հասցեատիրոջ գտնվելու, բնակվելու կամ գործունեության վայրի կամ փոստային հասցեով:

3. Թղթակցությունն առձեռն հանձնելու դեպքում այն հանձնվում է հասցեատիրոջը կամ նրա ներկայացուցչին:

4. Պետական մարմիններին, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին թղթակցությունն ուղարկվում է նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել, կամ եթե Հանձնաժողովի հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ: Պետական մարմին, իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող հասցեատիրոջը թղթակցությունն ուղարկվում է էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է հասցեատերը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով թղթակցությունն ուղարկելու անհնարինության պարագայում այն ուղարկվում է փոստային առաքմամբ կամ հանձնվում է առձեռն:

6. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան գործին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում՝ նաեւ հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:

7. Թղթակցությունն առձեռն հանձնելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան գործին կցվում է այն հանձնումը հաստատող փաստաթուղթ:

8. Թղթակցությունն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան գործին կցվում են թղթակցությունը ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում՝  այն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն եւ այլն):

9. Թղթակցությունն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է թղթակցության տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով թղթակցությունը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:

10. Հասցեատերերը պարտավոր են Հանձնաժողովին անհապաղ հայտնել իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է թղթակցության հանձնումը, եւ հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

11. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց կամ որեւէ պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված Հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am հասցեում եւ իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության եւ դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:

Հոդված 46. Հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգը

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է Հանձնաժողովի անդամներին անմիջական հաշվետու անձանց, հիմնական եւ աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների եւ Հանձնաժողովի այլ աշխատողների միջոցով:

2. Հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով, որոնք ունեն ծառայողական օգտագործման նպատակ եւ ենթակա չեն Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակման:

Հոդված 47. Հանձնաժողովի ֆինանսավորումը

1. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հանձնաժողովի ֆինանսավորումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը:

3. Հանձնաժողովի նախագահը «Բյուջետային համակարգի մասին» օրենքով  սահմանված ժամկետում Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

4. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված, ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում, որի հետ միասին Ազգային ժողով է ներկայացվում նաեւ հայտը:

5. Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում նաեւ բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը:

6. Հանձնաժողովի նախագահի, մյուս անդամների եւ աշխատողների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

Հոդված 48. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը

1. Հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի եւ այլ միջոցներով:

2. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որն առնվազն համառոտ տեղեկատվություն է պարունակում Հանձնաժողովի գործունեության, ապրանքային շուկաների վերլուծության, տնտեսական մրցակցության պաշտպանության եւ վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումների, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի եւ իր գործունեության ֆինանսական հաշվետվության վերաբերյալ:

3. Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

Գ Լ ՈՒ Խ  1 2

ՍՏՈՒԳՄԱՆ, ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ, ԴԻՏԱՆՑՄԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 49. Հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելը

1. Տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով Հանձնաժողովի կողմից ստուգումներն իրականացվում են Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Ստուգում իրականացնելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

3. Հանձնաժողովը ստուգում իրականացնելիս իրավունք ունի ստանալ այլ պետական մարմինների աջակցությունը, ստուգմանը ներգրավել այդ մարմինների աշխատողներին, ինչպես նաեւ ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների եւ թարգմանիչների:

Հոդված 50. Հանձնաժողովի կողմից հսկիչ գնում իրականացնելը

1. Հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացրած գնումը:

2. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`

1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ,

2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

3. Հսկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են Հանձնաժողովի լրիվ անվանումը, տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի լրիվ անուն(ներ)ը կամ անվանում(ներ)ը, հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, ժամկետները, վայրը կամ ինտերնետային կայքը, որտեղ իրականացվելու է հսկիչ գնումը եւ Հանձնաժողովի` հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Հսկիչ գնումն Հանձնաժողովի աշխատակից չհանդիսացող այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են այդ անձի տվյալները (պետական մարմնի ներկայացուցչի դեպքում` վերջինիս  անունը, ազգանունը, պաշտոնը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը):

4. Հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

5. Հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը հսկիչ գնումն  իրականացնելուց հետո հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին, տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին կամ տնտեսվարող սուբյեկտի այլ ներկայացուցչի:

6. Հսկիչ գնման արդյունքում կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձեւով արձանագրություն` երկու օրինակից: Հսկիչ գնման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը ստորագրում են հսկիչ գնում կատարող անձը եւ տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, առաքող կամ հանձնող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող անձը: Հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունը ստորագրող անձը այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին:

7. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:

Հոդված 51. Հանձնաժողովի կողմից դիտանցում իրականացնելը

1. Դիտանցում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության վայրում (այդ թվում` առեւտրի օբյեկտում) Հանձնաժողովի կողմից իրականացրած դիտարկումը՝ առանց գնում կատարելու:

2. Դիտանցում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`

1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը դիտանցում իրականացնելու վերաբերյալ,

2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

3. Դիտանցումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են Հանձնաժողովի լրիվ անվանումը, տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի լրիվ անուն(ներ)ը կամ անվանում(ներ)ը, դիտանցում կատարելու հիմքերը, նպատակը, ժամկետները, վայրը, որտեղ իրականացվելու է դիտանցումը եւ Հանձնաժողովի` դիտանցում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Դիտանցումն Հանձնաժողովի աշխատակից չհանդիսացող այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են այդ անձի տվյալները (պետական մարմնի ներկայացուցչի դեպքում` վերջինիս  անունը, ազգանունը, պաշտոնը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում ` անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը):

4. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

5. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը դիտանցում  իրականացնելուց հետո հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին, տնտեսվարող սուբյեկտի աշխատողին կամ տնտեսվարող սուբյեկտի այլ ներկայացուցչի:

6. Դիտանցման արդյունքում կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձեւով արձանագրություն` երկու օրինակից: Դիտանցման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը ստորագրում են դիտանցում իրականացնող անձը եւ տնտեսվարող սուբյեկտի աշխատողը կամ այլ ներկայացուցիչը: Դիտանցման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունը ստորագրող անձը այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին:

Հոդված 52. Հանձնաժողովի կողմից արտաքին դիտում իրականացնելը

1. Արտաքին դիտում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ ինտերնետային կայքում կամ բաց տարածությունում կամ հասարակական վայրում իրականացվող դիտարկումը:

2. Արտաքին դիտումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են Հանձնաժողովի լրիվ անվանումը, արտաքին դիտում կատարելու նպատակը, ժամկետները, վայրը, որտեղ իրականացվելու է արտաքին դիտումը եւ Հանձնաժողովի` արտաքին դիտում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

3. Արտաքին դիտում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

4. Հանձնաժողովը արտաքին դիտում իրականացնելիս կարող է կիրառել համակարգչային տեխնոլոգիաներ եւ այլ տեխնիկական միջոցներ, օգտագործել տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ սարքավորումներ եւ կրիչներ:

5. Արտաքին դիտման արդյունքում կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձեւով արձանագրություն` մեկ օրինակից: Արտաքին դիտման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը ստորագրում է (են) արտաքին դիտում իրականացնող անձը (անձինք):

Հոդված 53. Հանձնաժողովի կողմից մշտադիտարկում իրականացնելը

1. Մշտադիտարկում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության վայրում որոշակի պարբերականությամբ իրականացվող դիտարկումը:

2. Հանձնաժողովը մշտադիտարկումներն իրականացնելիս կարող է կիրառել համակարգչային տեխնոլոգիաներ եւ այլ տեխնիկական միջոցներ, օգտագործել տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ սարքավորումներ եւ կրիչներ եւ կատարել այլ գործողություններ՝ ուղղված մշտադիտարկման իրականացմանն ու արդյունքների ամփոփմանը:

3. Մշտադիտարկման նպատակով գերիշխող կամ բանակցային ուժեղ դիրք ունեցող   տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են որոշակի ժամանակահատվածում որոշակի պարբերականությամբ տրամադրել տեղեկատվություն Հանձնաժողովին իրենց կողմից իրացվող ապրանքների վերաբերյալ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված տնտեսվարող սուբյեկտների եւ ապրանքների ցանկը սահմանում է Հանձնաժողովը:

5. Մշտադիտարկման նպատակով տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության տրամադրման կարգը, բովանդակությունը, ձեւը եւ ժամկետները սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 54. Ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման եւ մշտադիտարկման տեսաձայնագրումը

1. Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում եւ մշտադիտարկում իրականացնելու ընթացքը Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից կարող է տեսաձայնագրվել եւ (կամ) լուսանկարահանվել, որի կարգը սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

2. Տեսաձայնագրում եւ (կամ) լուսանկարահանում իրականացվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում:

Հոդված 55. Ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման եւ  մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտելը

1. Եթե տնտեսվարող սուբյեկտը, տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը, նրան փոխարինող անձը, նրա աշխատողը կամ այլ ներկայացուցիչը հրաժարվում է ստորագրել ստուգման, հսկիչ գնման կամ դիտանցման արձանագրությունը կամ այլ կերպ խոչընդոտում է ստուգման, հսկիչ գնման, դիտանցման արտաքին դիտման կամ մշտադիտարկման իրականացմանը, ինչպես նաեւ եթե ստուգմանը, հսկիչ գնմանը, դիտանցմանը արտաքին դիտմանը եւ մշտադիտարկմանը խոչընդոտում է այլ անձ, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, իսկ հնարավորության դեպքում, նշվում են նաեւ խոչընդոտած անձի անունը եւ ազգանունը:

2. Հանձնաժողովի նախագահի հրամանով ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման կամ մշտադիտարկման իրականացմանը տնտեսվարող սուբյեկտի, տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի, նրան փոխարինող անձի, նրա աշխատողի կամ այլ ներկայացուցչի կողմից խոչընդոտելը դիտվում է որպես տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում եւ տնտեսվարող սուբյեկտի համար առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:

Գ Լ ՈՒ Խ  1 3

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 56. Ոլորտային ուսումնասիրության նպատակը

1. Հանձնաժողովն իրականացնում է ոլորտային ուսումնասիրություն որեւէ ոլորտում կամ ապրանքային շուկայում կամ տարածքում մրցակցային իրավիճակը, տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման կամ արգելման կամ սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերը պարզելու, մրցակցային իրավիճակի վրա ազդող այլ պայմանները բացահայտելու նպատակով:

Հոդված 57. Ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու եւ ամփոփելու կարգը

1. Ոլորտային ուսումնասիրությունն իրականացվում է Հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու մասին որոշմամբ, որում առնվազն սահմանվում են ուսումնասիրվող ոլորտը կամ ոլորտները եւ ուսումնասիրություն իրականացնելու ժամկետը:

2. Ոլորտային ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովն ըստ անհրաժեշտության հատկորոշում է ապրանքային շուկայի ապրանքատեսակային եւ աշխարհագրական սահմանները, որոշում է ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը, ապրանքային շուկայի ծավալները, տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինները, ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը, ուսումնասիրում է համապատասխան իրավական ակտերը, պարզում է ապրանքային շուկայում մուտքի խոչընդոտների առկայությունը, ինչպես նաեւ ուսումնասիրում է ոլորտին կամ ապրանքային շուկային առնչվող այլ հանգամանքներ, որոնք կարող են ընդհանուր մրցակցային իրավիճակի, տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման կամ արգելման կամ սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի վերաբերյալ եզրահանգումներ կատարելու հնարավորություն տալ:

3. Ոլորտային ուսումնասիրության արդյունքները հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:

Գ Լ ՈՒ Խ  1 4

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հոդված 58. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության  ընդունման հիմքերը

1. Մինչեւ համապատասխան գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի (բացառությամբ նորմատիվ իրավական ակտի) ընդունումը սույն օրենքով նախատեսված դեպքերում դրանց տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման կամ սպառողների շահերը վնասելու, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու խնդրանքով Հանձնաժողով դիմելու իրավունք ունեն պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք եւ  տնտեսվարող սուբյեկտները:

2. Մինչեւ նորմատիվ իրավական ակտի ընդունումը դրա տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման կամ սպառողների շահերը վնասելու, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու խնդրանքով Հանձնաժողով դիմելու իրավունք ունի այն ընդունելու իրավասություն ունեցող պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը:

3. Նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն Հանձնաժողովը կարող է ընդունել սեփական նախաձեռնությամբ:

Հոդված 59. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումին ներկայացվող պահանջները

1. Գործողության, գործարքի կամ իրավական ակտի (բացառությամբ նորմատիվ իրավական ակտի) տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմումում նշվում են՝

1) Հանձնաժողովի անվանումը,

2) դիմող ֆիզիկական անձի  անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հաշվառման հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, գտնվելու վայրի հասցեն, նրա անունից դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը), ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից),

3) եզրակացության ենթակա հարցի մանրամասն նկարագրությունը՝ նշելով տնտեսվարող սուբյեկտների տվյալները, նրանց միջեւ կապը կամ հնարավոր կապը, ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վերաբերյալ դիմումատուի ունեցած տվյալները, ինչպես նաեւ եզրակացության համար էական նշանակություն ունեցող այլ տեղեկություններ,

4) եզրակացությամբ պարզաբանման ենթակա հարցերը եւ դիմումատուի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ,

5) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը,

6) դիմումին կցվող նյութերի ցանկը,

7) դիմում ներկայացրած անձի ստորագրությունը:

2. Առկայության դեպքում դիմումին կցվում են պայմանագրերի, համաձայնագրերի, ակտերի կամ այլ փաստաթղթերի նախագծերը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի լիազորությունները հավաստող փաստաթուղթ:

3. Եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւով:

4. Ներկայացված դիմումը սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում  չի քննարկվում, ինչի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է: Գրությամբ նշվում են դիմումում թույլ տրված բոլոր առերեւույթ սխալները:

Հոդված 60. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ընդունելու կարգը

1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու կամ Հանձնաժողովի կողմից նախաձեռնություն դրսեւորվելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության ընդունման ընթացակարգ սկսելու մասին:

2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունը ընդունվում է այդ մասին ընթացակարգ սկսելու մասին Հանձնաժողովի որոշումը կայացվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

3. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ մեկամսյա ժամկետով:

4. Նախքան եզրակացության ընդունումը Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դիմումատուին,  պետական մարմիններին եւ այլ սուբյեկտներին եզրակացության ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, ինչպես նաեւ ստանալ դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաեւ դիմումատուին կամ այլ անձանց հրավիրել Հանձնաժողովի նիստի կամ քննարկման:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվության բացակայության դեպքում Հանձնաժողովը եզրակացությունը ընդունում է այդ տեղեկատվության բացակայությամբ՝ նշելով դրա նշանակությունը եւ ազդեցությունը քննարկվող հարցի վերաբերյալ:

Հոդված 61. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունը

1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը՝ բացառությամբ նորմատիվ իրավական ակտի նախագծի կապակցությամբ ընդունվելու դեպքի, պարտադիր է եւ դրանով չառաջնորդվելը կարող հիմք լինել տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ:

Գ Լ ՈՒ Խ  1 5

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 62. Վարչական վարույթի իրականացման կարգը

1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթն իրականացվում է Հանձնաժողովի գործունեության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն օրենքով:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի համար սույն օրենքով առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում համապատասխան հարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքներ եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:

3. Հանձնաժողովի վարչական ակտի դեմ բերված բողոքի քննությունը իրականացվում է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին համապատասխան:

Հոդված 63. Վարչական վարույթի ժամկետը

1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչեւ երեք ամսով:

2. Հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի եւ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների ժամկետը վեց ամիս է:

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:

4. Եթե Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը վերաբերում է մեկից ավելի իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտում է, ապա այդ վարչական վարույթի ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետն է:

Հոդված 64. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը

1. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից երկշաբաթյա ժամկետում վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողով գրավոր դիրքորոշում եւ այն հիմնավորող նյութեր ներկայացնելու միջոցով:

2. Հանձնաժողովի մոտ բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում վարույթի մասնակիցները եւ, ըստ անհրաժեշտության, այլ անձինք ծանուցվում են Հանձնաժողովի նիստի ժամանակի եւ վայրի մասին:

3. Նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ նիստի անցկացման համար:

Հոդված 65. Վարչական վարույթի կասեցումը եւ վերսկսումը

1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթը կասեցվում է, եթե՝

1) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում որոշման ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում կայացնելը.

2) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում որոշման ընդունումը մինչեւ այլ վարչական վարույթով որոշում կայացնելը.

3) գործում է անհաղթահարելի ուժ կամ վարույթի իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքին.

4) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

2. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը կարող է կասեցվել, եթե՝

1) չեն ներկայացվել պահանջված փաստաթղթերը, նյութերը կամ այլ տեղեկատվությունը կամ ներկայացվել են ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ.

2) նշանակվել է փորձաքննություն.

3) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

4. Վարույթը կասեցվում է մինչեւ այն կասեցնելու հիմք հանդիսացած հանգամանքները վերանալը կամ վարույթի կարճման հիմքի ի հայտ գալը: Դրանք վերանալուց կամ վարույթի կարճման հիմքի ի հայտ գալուց կամ առաջանալուց հետո Հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթը վերսկսվում է:

5. Վարույթի կասեցման ընթացքում Հանձնաժողովը կարող է կատարել կասեցման հիմքերի վերացումը պարզելուն ուղղված եւ վարույթի ըստ էության քննությանը չուղղված այլ գործողություններ:

6. Վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կասեցվում է վարույթի կասեցման ժամանակահատվածով:

Հոդված 66. Վարչական վարույթի կարճումը

1. Վարչական վարույթը ենթակա է կարճման, եթե՝

1) դիմումով առաջադրված պահանջը դուրս է Հանձնաժողովի իրավասությունից.

2) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

Հոդված 67. Վարչական ակտի ընդունումը եւ ուժի մեջ մտնելը

1. Վարչական ակտն ընդունվում է Հանձնաժողովի նիստում, որին մասնակցում են Հանձնաժողովի անդամները, իսկ Հանձնաժողովի նիստը նախագահողի թույլտվությամբ նաեւ Հանձնաժողովի աշխատողները:

2. Հանձնաժողովի կողմից ընդունված վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի` մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

Գ Լ ՈՒ Խ  1 6

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 68. Համակենտրոնացման հայտարարագրման նպատակը, մասնակիցները եւ գնահատման վարույթի հարուցման հիմքը

1. Համակենտրոնացման հայտարարագրումն իրականացվում է համակենտրոնացման արդյունքում մրցակցային իրավիճակը գնահատելու, մրցակցության սահմանափակման կամ կանխման կամ արգելման կամ համապատասխան ապրանքային շուկայում այլ կերպ տնտեսական մրցակցության սահմանափակման հնարավորություն բացահայտելու կամ կանխատեսելու կամ գերիշխող դիրքի հանգեցման կամ սպառողների շահերի հնարավոր վնասման հարցը պարզելու նպատակներով:

2. Համակենտրոնացման գնահատման վարույթի մասնակիցներն են համակենտրոնացման դիմում եւ հայտարարագիր ներկայացրած անձինք:

3. Համակենտրոնացման գնահատման վարույթը հարուցվում է սահմանված կարգով դիմումի եւ հայտարարագրի ներկայացման հիման վրա:

4. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձեւը, նպատակը եւ մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետեւյալ տեղեկատվությունը՝

1) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) եւ գործունեության վայրը.

2)գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաեւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որեւէ մեկը փաստացի գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ: Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում տնտեսվարող սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նաեւ այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն.

3) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաեւ արտադրական կարողությունների, ենթակառուցվածքների նկարագիրը.

4) համակենտրոնացման մասնակիցների հետ անձանց խումբ կազմող բոլոր անձանց շրջանակը, անձանց խումբ հանդիսանալու հիմքերը եւ ապացույցները.

5) Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը եւ հայտարարագրի ձեւը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր եւ տեղեկատվություն:

5. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը եւ հայտարարագրի ձեւը սահմանում է Հանձնաժողովը:

Հոդված 69. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատումը

1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գնահատման արդյունքում թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա:

Հոդված 70. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու հիմքերը

1. Հանձնաժողովն արգելում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը, եթե՝

1) Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացման արդյունքում սահմանափակվելու, կանխվելու, արգելվելու կամ այլ կերպ վատթարանալու է տնտեսական մրցակցությունը համապատասխան ապրանքային շուկայում, կամ

2) Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացումը հանգեցնելու է գերիշխող դիրքի առաջացմանը կամ ամրապնդմանը, կամ

3) Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացման արդյունքում վնասվելու են սպառողների շահերը, կամ

4) համակենտրոնացման մասնակիցը չի ներկայացնում համակենտրոնացման ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայում գնահատելու համար Հանձնաժողովի կողմից էական դիտարկվող տեղեկատվություն, եւ այդ տեղեկատվությունն այլ աղբյուրներից ստանալն անհնար է, կամ

5) համակենտրոնացման մասնակիցը ներկայացրել է համակենտրոնացման ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայում գնահատելու համար Հանձնաժողովի կողմից էական դիտարկվող կեղծ տեղեկատվություն, ինչը բացասաբար է անդրադարձել Հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքի եւ արդյունքների վրա:

Հոդված 71. Համակենտրոնացման թույլատրումը պարզեցված կարգով

1. Խառը համակենտրոնացումը թույլատրվում է պարզեցված ընթացակարգով, եթե առերեւույթ բացակայում են համակենտրոնացումը մերժելու հիմքերը:

2. Հանձնաժողովը պարզեցված ընթացակարգով համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը կայացնում է վարույթի հարուցումից հետո մեկ ամսվա ընթացքում, որը պարունակում է տեղեկություններ համակենտրոնացման մասնակիցների, նրանց գործունեության ոլորտների կամ ապրանքային շուկաների եւ պարզեցված ընթացակարգով համակենտրոնացումը թույլատրելու հիմնավորումների վերաբերյալ:

Հոդված 72. Համակենտրոնացման թույլատրումը

1. Համակենտրոնացումը արգելելու հիմքեր առկա չլինելու դեպքում Հանձնաժողովը թույլատրում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը:

2. Համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը գործում է մեկ տարի ժամկետով, եթե առավել կարճ ժամկետ սահմանված չէ Հանձնաժողովի որոշմամբ:

3. Սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում նախատեսված հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլ է տալիս այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտն ապացուցում է, որ տվյալ համակենտրոնացման արդյունքով ապրանքային շուկայում կապահովվեն բարենպաստ մրցակցային պայմաններ եւ չեն վնասվի սպառողների շահերը:

4. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը կարող է պարունակել համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ եւ պարտավորություններ:

5. Համակենտրոնացման մասնակիցները պարտավոր են համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշման մեջ սահմանված կարգով եւ ժամկետներում Հանձնաժողով ներկայացնել պարտադիր կատարման ենթակա պայմանների եւ պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

6. Համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշմամբ նախատեսված պայմանները եւ պարտավորությունները խախտելու դեպքում Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչում համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը:

Հոդված 73. Չհայտարարագրված եւ արգելված համակենտրոնացումը

1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը համարվում է չհայտարարագրված, եթե այն գործողության մեջ է դրվել մինչեւ Հանձնաժողովի կողմից որոշում կայացվելը եւ հետագայում Հանձնաժողովն ամրագրել է, որ այն ենթակա չէ արգելման:

2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը համարվում է արգելված, եթե՝

1) այն գործողության մեջ է դրվել մինչեւ Հանձնաժողովի կողմից որոշում կայացվելը եւ հետագայում Հանձնաժողովն ամրագրել է, որ այն ենթակա է արգելման.

2) Հանձնաժողովի կողմից սույն օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասում կայացված որոշման դեպքում համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) կողմից պարտադիր կատարման ենթակա պայմանները եւ պարտավորությունները խախտման հիմքով Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը:

3. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը Հանձնաժողովի որոշմամբ արգելելու դեպքում, եթե այն դրվել է գործողության մեջ, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում Հանձնաժողովը որոշում է կայացնում հետեւյալ հանձնարարականները տալու մասին, եթե դրա արդյունքում համապատասխան ապրանքային շուկայում, համաձայն Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների, կվերականգնվեն մրցակցային բարենպաստ պայմանները՝

1) համակենտրոնացման արդյունքում միացած իրավաբանական անձին առանձնացնելու.

2) համակենտրոնացման արդյունքում միաձուլված իրավաբանական անձանց բաժանելու.

3) համակենտրոնացման արդյունքում նոր հիմնադրված իրավաբանական անձին լուծարելու.

4) համակենտրոնացման համար հիմք հանդիսացած եւ դեռեւս ամբողջությամբ չկատարված պայմանագիրը լուծելու եւ մինչեւ պայմանագրի լուծման պահը պայմանագրի կողմերից յուրաքանչյուրի՝ գործարքով ամբողջ ստացածը մյուս կողմին վերադարձնելու, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` դրա արժեքը դրամով հատուցելու.

5) համակենտրոնացման համար հիմք հանդիսացած եւ ամբողջությամբ կատարված պայմանագրի կողմերից յուրաքանչյուրին գործարքով ամբողջ ստացածը մյուս կողմին վերադարձնելու, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` դրա արժեքը դրամով հատուցելու:

4. Հանձնաժողովի սահմանած ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված գործողությունները չկատարելու դեպքում համակենտրոնացված տնտեսվարող սուբյեկտը ենթակա է դատական կարգով հարկադիր վերակազմակերպման:

5. Հանձնաժողովի սահմանած ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված գործողությունները չկատարելու դեպքում նոր հիմնադրված իրավաբանական անձը ենթակա է դատական կարգով հարկադիր լուծարման:

Գ Լ ՈՒ Խ  1 7

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 74. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցները

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցներն են.

1) վարույթով պատասխանողը.

2) շահագրգիռ անձը.

3) իրավասու մարմինները:

2. Վարույթով պատասխանող է այն տնտեսվարող սուբյեկտը, պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, ում վերագրվում է առերեւույթ իրավախախտման կատարումը:

3. Շահագրգիռ է այն անձը, որի իրավունքները  իրավախախտման հետեւանքով անմիջականորեն խախտվել են:

4. Անձը շահագրգիռ է ճանաչվում իր միջնորդության հիման վրա Հանձնաժողովի կողմից ընդունված նրան շահագրգիռ անձ ճանաչելու մասին որոշմամբ:

5. Այն դեպքերում, երբ առերեւույթ իրավախախտմամբ խախտվել են անորոշ թվով անձանց իրավունքները, Հանձնաժողովը շահագրգիռ անձ ճանաչելու մասին որոշում չի կայացնում:

6. Իրավասու մարմին է այն պետական մարմինը, որի լիազորությունները առնչվում են վարույթում քննարկվող հարցերին:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նախատեսված անձինք վարույթի ընթացքում կարող են հանդես գալ ինչպես անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, այնպես էլ ներկայացուցչի հետ միասին:

8. Վարույթին կարող են մասնակցել նաեւ այլ անձինք՝ վկաներ, փորձագետներ եւ թարգմանիչներ:

Հոդված 75. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները

1. Վարույթի մասնակիցները, սույն օրենքի եւ այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն՝

1) ծանոթանալու գործի նյութերին, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ.

2) ներկայացնելու ապացույցներ.

3) հարցեր տալու վարույթի մասնակիցներին.

4) միջնորդություններ անելու եւ բացատրություն տալու.

5) վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների եւ փաստարկների վերաբերյալ հայտնելու դիրքորոշում.

6) հայտնելու բացարկ.

7) բողոքարկելու Հանձնաժողովի բողոքարկման ենթակա որոշումները.

8) կատարելու սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ գործողություններ:

2. Վարույթի մասնակիցները պարտավոր են՝

1) տրամադրել պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունը,

2) չխոչընդոտել Հանձնաժողովի կողմից օրենսդրությամբ լիազորված գործողությունների իրականացմանը եւ ենթարկվել վարույթի շրջանակում իրենց ներկայացված օրինական պահանջներին,

3) հարգալից վերաբերմունք դրսեւորել Հանձնաժողովի, Հանձնաժողովի աշխատողների եւ վարույթի մասնակիցների հանդեպ.

4) կատարել սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված գործողություններ:

Հոդված 76. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթները

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթներն են`

1) սույն օրենքի առերեւույթ խախտման մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումները.

2) սույն օրենքի առերեւույթ խախտման մասին պետական մարմինների (այդ թվում՝ օտարերկրյա) կամ դրանց պաշտոնատար անձանց հաղորդումները.

3) Հանձնաժողովի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում սույն օրենքի առերեւույթ խախտման փաստի հայտնաբերումը.

4) սույն օրենքի առերեւույթ խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակած տեղեկությունները:

Հոդված 77. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաղորդումը ներկայացվում է գրավոր:

2. Հաղորդման մեջ պետք է նշվի Հանձնաժողովի անվանումը, հաղորդում ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հաշվառման հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը եւ գտնվելու վայրի հասցեն, նրա անունից հաղորդում ներկայացրած անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), սույն օրենքի առերեւույթ խախտման եւ այն կատարողի մասին տեղեկություններ, հաղորդում ներկայացնող անձի պահանջը, հաղորդումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաեւ հաղորդմանը կցվող փաստաթղթերի ցանկը:

3. Հաղորդումը ստորագրվում է այն ներկայացնող անձի կողմից: Եթե հաղորդումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի լիազորությունները հավաստող փաստաթուղթ:

4. Հաղորդմանը կարող են կցվել հաղորդման մեջ նկարագրված փաստերի առկայությունը հիմնավորող նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ եւ այլն:

5. Հաղորդում ներկայացնող անձի ցանկությամբ այն ներկայացնողի տվյալները գաղտնագրվում են: Գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու եւ այն գաղտնագրելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

6. Հաղորդումը կարող է ներկայացվել Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւով:

Հոդված 78. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը

1. Պետական մարմնի հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած պետական մարմնի անվանումը եւ հասցեն կամ համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, սույն օրենքի առերեւույթ խախտման եւ այն կատարողի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ բացահայտում է համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի այն գործունեությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել սույն օրենքի առերեւույթ խախտման փաստը: Հաղորդմանը կարող են կցվել այն հաստատող նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ եւ այլն:

2. Քրեական գործ հարուցելը մերժելու կամ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու դեպքում, երբ անձի գործողություններում առերեւույթ առկա են տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշներ, քրեական հետապնդման մարմինը նման որոշում կայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ որոշումն անհրաժեշտ նյութերի հետ միասին ուղարկում է Հանձնաժողով:

Հոդված 79. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկումը

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթները Հանձնաժողովում քննարկվում են մեկամսյա ժամկետում:

2. Մինչ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում որոշման ընդունումը Հանձնաժողովը սույն օրենքի առերեւույթ խախտման փաստի հավաստիությունը ստուգելու նպատակով կարող է կատարել ուսումնասիրություններ, ստուգումներ, դիտանցումներ, հսկիչ գնումներ, մշտադիտարկումներ, պահանջել եւ ստանալ տեղեկություններ, ինչպես նաեւ հաղորդում ներկայացրած անձի մասնակցությամբ հրավիրել նիստ:

3. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է որոշում.

1) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին.

2) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված մի քանի որոշում կայացնելու հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովը դրանք կայացնում է առանձին՝ դրանցից յուրաքանչյուրի մասով կատարելով սույն գլխով նախատեսված գործողությունները:

5. Ներկայացված հաղորդումները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում  չեն քննարկվում, ինչի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ հաղորդում ներկայացրած անձինք տեղեկացվում են:

6. Սույն օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով եւ 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հաղորդումը վերահասցեագրվում կամ վերադրաձվում է Հանձնաժողովի նախագահի գրությամբ՝ հաղորդումը ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում:

Հոդված 80. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման մերժումը

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը ենթակա է մերժման, եթե՝

1) բացակայում է խախտման դեպքը.

2) առկա է պատասխանատվությունից ազատելու հիմք.

3) նույն արարքի վերաբերյալ առկա է Հանձնաժողովի կողմից իրականացվող կամ կարճված վարույթ.

4) առկա է նույն արարքի համար նույն անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու կամ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու մասին Հանձնաժողովի որոշում.

5) առկա է միեւնույն անձանց միջեւ, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ.

6) ենթադրյալ իրավախախտում կատարած ֆիզիկական անձը մահացել է.

7) ենթադրյալ իրավախախտում կատարած իրավաբանական անձը լուծարվել է.

8) ուժը կորցրել է տվյալ խախտման համար պատասխանատվություն սահմանող օրենքի նորմը:

2. Վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:

3. Վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն այն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել հաղորդում ներկայացրած անձի կողմից:

Հոդված 81. Հաղորդման վերահասցեագրումը

1. Իրավախախտման վերաբերյալ հաղորդումը վերահասցեագրվում է, եթե վարույթի հարուցման առիթներում առկա հարցերը մտնում են այլ վարչական կամ քրեական հետապնդման մարմնի իրավասության մեջ:

2. Հաղորդումը վերահասցեագրելու մասին գրությունը հաղորդման հետ ուղարկվում է իրավասու մարմին եւ  հաղորդում ներկայացրած անձին:

Հոդված 82. Հաղորդման վերադարձնումը

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ հաղորդումը վերադարձվում է, եթե այն դուրս է ինչպես Հանձնաժողովի, այնպես էլ այլ մարմինների իրավասությունից:

2. Հաղորդումը վերադարձնելու մասին գրությունը հաղորդման եւ կից փաստաթղթերի հետ ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:

Հոդված 83. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը

1. Վարույթի հարուցումը մերժելու, հաղորդումը վերահասցեագրելու կամ վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը որոշում է կայացնում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին, որում նշվում են՝

1) վարույթ իրականացնող մարմնի անվանումը.

2) խախտման նկարագրությունը,

3) սույն օրենքի այն դրույթը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ խախտման համար,

4) վարույթով պատասխանողի անունը, ազգանունը (անվանումը),

5) որոշումը ստորագրելու ժամանակը (տարեթիվը, ամիսը, օրը),

6) որոշումը ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը.

2. Վարույթ հարուցելու մասին որոշումը կարող է պարունակել գործի քննության ժամանակի եւ վայրի, ինչպես նաեւ տեղեկություններ տրամադրելու պահանջի մասին դրույթներ:

3. Վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է վարույթով պատասխանողին եւ հաղորդում ներկայացրած անձին:

Հոդված 84. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթների միացումը եւ առանձնացումը

1. Հանձնաժողովն իր որոշմամբ կարող է մեկ վարույթի շրջանակներում միացնել միեւնույն սուբյեկտի կողմից կատարված մեկից ավելի խախտումների կամ մի քանի սուբյեկտների կողմից կատարված նույն կամ համասեռ խախտումների վերաբերյալ վարույթները, եթե այդ վարույթների միջեւ առկա է փոխադարձ կապ ու դրանց համատեղ իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ եւ արդյունավետ լուծումը:

2. Մեկից ավելի անձանց կողմից կատարված մեկ կամ մեկից ավելի խախտումների վերաբերյալ կամ նույն սուբյեկտի կողմից կատարված մեկից ավելի խախտումների վերաբերյալ հարուցված խախտման վերաբերյալ վարույթն Հանձնաժողովի որոշմամբ կարող է առանձնացվել, եթե դրա առանձին իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ եւ արդյունավետ լուծումը:

3. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթները միացնելու կամ առանձնացնելու մասին որոշումների պատճենները ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում են վարույթի մասնակիցներին:

Հոդված 85. Վարույթով ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը եւ նոր պատասխանողի ներգրավումը

1. Վարույթի իրականացման ընթացքում իրավախախտումն այլ սուբյեկտի կողմից կատարված լինելու մասին տեղեկություններ ձեռք բերվելու դեպքում Հանձնաժողովի որոշմամբ այդ անձը ներգրավվում է որպես վարույթով պատշաճ պատասխանող, իսկ վարույթով ոչ պատշաճ պատասխանողի նկատմամբ վարույթը առանձին որոշմամբ կամ վարույթը եզրափակող ակտով կարճվում է:

2. Վարույթի իրականացման ընթացքում իրավախախտումը նաեւ այլ սուբյեկտի կողմից կատարված լինելու մասին տեղեկություններ ձեռք բերվելու դեպքում Հանձնաժողովի որոշմամբ այդ սուբյեկտը ներգրավվում է որպես վարույթով նոր պատասխանող:

Հոդված 86. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման ժամկետը վարույթների միացման եւ նոր պատասխանողի ներգրավման դեպքում

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթների միացման դեպքում վարույթի իրականացման ժամկետը հաշվարկվում է միացված վարույթներից առավել ուշ հարուցված վարույթի հարուցման օրվանից:

2. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթին նոր սուբյեկտի ներգրավվումը ինքնին չի հանգեցնում վարույթի ժամկետի փոփոխության:

Հոդված 87. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթում բանավոր լսումը

1. Վարույթի մասնակիցներին բանավոր լսումն անհրաժեշտ համարելու դեպքում վարույթի մասնակիցները հրավիրվում են նիստին:

2. Բանավոր լսման համար հրավիրված նիստը կարող է անցկացվել վարույթին մասնակցող անձի բացակայությամբ, եթե՝

1) վարույթին մասնակցող անձը միջնորդել է այն քննել իր բացակայությամբ՝  ներկայացված փաստաթղթերի եւ նյութերի հիման վրա.

2) նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ծանուցված լինելով՝ վարույթին մասնակցող անձը չի ներկայացել եւ չի ներկայացրել նիստի հետաձգման մասին միջնորդություն կամ այդ միջնորդությունը մերժվել է:

3. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է հետաձգել գործի քննությունը՝ ծանուցելով վարչական վարույթին մասնակցող անձանց:

4. Բանավոր լսման նպատակով հրավիրված նիստի ընթացքում`

1) հայտարարվում է, թե ինչ գործ է քննվում եւ ով է վարույթով պատասխանողը.

2) պարզվում է վարույթի մասնակիցների եւ գործի քննությանը կանչված այլ անձանց ներկայության կամ բացակայության փաստը, պարզվում նրանց բացակայության պատճառները եւ որոշվում է նիստը նրանց բացակայությամբ անցկացնելու կամ նիստը հետաձգելու հարցը.

3) ստուգվում են վարույթի մասնակիցների, նրանց ներկայացուցիչների եւ այլ անձանց ինքնությունը, ներկայացուցիչների լիազորությունները հավաստող փաստաթղթերը.

4) քննարկվում եւ լուծվում են վարույթի մասնակիցների ներկայացրած միջնորդությունները.

5) լսվում են վարույթի մասնակիցները եւ այլ անձինք.

6) վարույթի մասնակիցները եւ այլ անձինք պատասխանում են Հանձնաժողովի նախագահի եւ անդամների, իսկ նախագահողի համաձայնությամբ՝ նաեւ Հանձնաժողովի աշխատողների հարցերին.

7) անհրաժեշտության դեպքում իրականացվում են հարցի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

5. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման արդյունքում այլ մարմինների իրավասությանը վերապահված հարցեր բացահայտվելու դեպքում Հանձնաժողովի որոշմամբ կամ Հանձնաժողովի նախագահի գրությամբ այդ մասին հայտնվում է համապատասխան մարմին:

Հոդված 88. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ արագացված վարույթը

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթով պատասխանողի կողմից վերագրվող իրավախախտման փաստն ընդունելու եւ իրավախախտման հետեւանքները վերացրած լինելու դեպքում վարույթով պատասխանողը կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով:

2. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու դեպքում վարույթով պատասխանողը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարելու փաստը:

3. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը Հանձնաժողովը բավարարում կամ մերժում է միջնորդությունը ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում:

4. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե այն համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին: Նշված պահանջներին չբավարարելու դեպքում միջնորդությունը մերժվում է:

5. Արագացված վարույթ կիրառելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի ըստ էության քննությանն ուղղված գործողություններ չեն իրականացվում, եւ գնահատվում են միայն պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները:

6. Հանձնաժողովը վարույթի արդյունքում որոշումը կայացնում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում առանց վարույթի մասնակիցներին լսման նպատակով նիստ հրավիրելու:

7. Արագացված վարույթի կիրառման արդյունքում պատասխանատվության միջոց կիրառելիս պատասխանատվության միջոցը չի կարող գերազանցել տվյալ իրավախախտման համար նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցի մեկ երկրորդը:

Հոդված 89. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի կարճումը

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը ենթակա է կարճման, եթե

1) վարույթի իրականացման արդյունքում հնարավոր չի եղել պարզել խախտում կատարած սուբյեկտին.

2) առկա է վարույթի հարուցումը մերժելու որեւէ հիմք.

3) առկա է վարույթը կարճելու օրենքով նախատեսված այլ հիմքեր:

Հոդված 90. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընդունվող որոշումները

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում Հանձնաժողովը ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը`

1) պատասխանատվության միջոց կիրառելու մասին.

2) պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու մասին.

3) իրավախախտման վերաբերյալ վարույթը կարճելու մասին.

2. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում ընդունելու դեպքում Հանձնաժողովը կարող է վարույթով պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով նույն կամ մինչեւ այդ որոշման անբողոքարկելի դառնալը ընդունված առանձին որոշմամբ դնել արգելանք, եթե նման որոշում չկայացնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել Հանձնաժողովի պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման կատարումը:

3. Պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը արգելանքը դնելու մասով կամ առանձին ընդունված արգելանք դնելու  մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ենթակա է անհապաղ կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի գրությամբ, որում նշվում են

1) Հանձնաժողովի անվանումը,

2) գրությունը ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը,

3) արգելանք դնելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ համարը,

4) արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը,

5) արգելադրման ենթակա գումարի չափը,

6) պարտպանի անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն եւ պետական գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը:

5. Արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրությամբ հետ է պահանջվում, եթե՝

1) վարույթով պատասխանողի վերաբերյալ ընդունված պատասխանատվության միջոց կիրառելու մասին անբողոքարկելի որոշումը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով չի ներկայացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.

2) եթե վարույթով պատասխանողի՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տուգանքը վճարելու պարտավորությունը դադարել է.

3) եթե Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած:

6. Արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:

Հոդված 91. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի վերսկսումը դատական ակտի հիման վրա

1. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի որոշման բողոքարկման արդյունքում դատարանը հանգում է հետեւության, որ Հանձնաժողովը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափորեն, ապա Հանձնաժողովը դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում որոշում է ընդունում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը վերսկսելու մասին:

2. Վերսկսված վարույթը իրականացվում է սույն գլխի կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով դատական ակտում արտահայտված դատարանի իրավական դիրքորոշումները:

Գ Լ ՈՒ Խ  1 8

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 92. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին եւ դրանց պաշտոնատար անձանց տալ նախազգուշացում կամ նշանակել տուգանք:

2. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսվարող սուբյեկտներին տալ նախազգուշացում միայն սույն օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով արագացված վարույթի կիրառման դեպքում:

Հոդված 93. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը

1. Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսը:

2. Տնտեսվարող սուբյեկտի կողմից տնտեսական գործունեության արգելված համակարգման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսը:

3. Գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսը:

4. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսը:

5. Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ:

6. Արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսը:

7. Անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ հինգ տոկոսը:

8. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ:

9. Վարույթով պատասխանող տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ վարույթով քննարկվող իրավախախտման, մի քանի խախտումների դեպքում դրանց համար սահմանված առավել խիստ տուգանքի չափը:

10. Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը կամ Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ:

11. Վարույթով պատասխանող տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը կամ Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ վարույթով քննարկվող իրավախախտման, մի քանի խախտումների դեպքում դրանց համար սահմանված առավել խիստ տուգանքի չափը:

12. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չդադարեցնելու կամ չշտկելու կամ որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ:

13. Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի նկատմամբ սույն հոդվածում նախատեսված տոկոսը:

14. Անձանց խմբի կողմից օրենքի խախտման համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը նշանակվում է անձանց խմբում ընդգրկված բոլոր անձանց նկատմամբ, իսկ նշանակվող տուգանքի չափը հաշվարկվում է անձանց խմբում ընդգրկված այն տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի հասույթների գումարից, որոնք իրենց գործողությամբ կամ վարքագծով մասնակցություն են ունեցել իրավախախտմանը կամ իրավախախտման արդյունքում ստացել են կամ կարող էին ստանալ շահույթ կամ առավելություն կամ հայտնվել են առավել բարենպաստ պայմաններում:

Հոդված 94. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը

1. Պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տեւողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսվարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները եւ հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, պատասխանատվությունից ազատելու հիմքերը, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը եւ տնտեսվարող սուբյեկտի պատմությունը:

2. Տնտեսվարող սուբյեկտի աշխատողի վարքագիծը աշխատանքային գործունեության ընթացքում դիտարկվում է տնտեսվարող սուբյեկտի վարքագիծ:

3. Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, այլ), ինչպես նաեւ պատասխանատվությունից ազատելու կամ տուգանքի չափը նվազեցնելու հիմքերը:

4. Պատասխանատվության միջոցի կիրառման չափորոշիչների եւ կարգի մանրամասները սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 95. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունից ազատելու ընդհանուր հիմքերը

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար անձը ազատվում է պատասխանատվությունից, եթե վարույթ հարուցելու օրվա դրությամբ իրավախախտման կատարման օրվանից անցել է տասը տարի:

2. Հանձնաժողովը կարող է անձին ազատել պատասխանատվությունից, եթե նրա վարքագիծը թեեւ ձեւականորեն պարունակում է սույն օրենքով նախատեսված որեւէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` որեւէ անձի կամ պետությանը էական վնաս չի պատճառել եւ չէր կարող պատճառել:

Հոդված 96. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվությունից ազատումը

1. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչեւ տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցման մասին որոշման կայացումը կամ ստուգում կատարելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանի ընդունումն իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողով եւ կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար) եւ հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու եւ (կամ) ստուգում կատարելու համար:

2. Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է իր տնօրինության տակ եղած կամ իրեն հայտնի հետեւյալ ապացույցները`

1) հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները եւ այլ տեղեկություններ.

2) հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսեւորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տեւողությունը, վայրը, այլ տվյալներ.

3) բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են կամ ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում.

4) հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ եղած այլ ապացույցներ:

3. Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետեւյալ պայմաններից որեւէ մեկը`

1) տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար.

2) տեղեկատվություն ներկայացնելու պահից սկսած մինչեւ վարչական վարույթի ավարտը տնտեսվարող սուբյեկտը չի համագործակցում Հանձնաժողովի հետ` առանց վերապահումների եւ շարունակական հիմունքով: Այդ համագործակցությունը ենթադրում է, որ տնտեսվարող սուբյեկտը `

ա. ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ ապացույցները, որոնք հայտնվում են իր տնօրինության տակ կամ հայտնի են դառնում իրեն, անհապաղ ներկայացնում է Հանձնաժողով,

բ. սահմանված ժամկետում պատասխանում է Հանձնաժողովի բոլոր հարցումներին, որոնք կարող են նպաստել ենթադրյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող փաստերի արձանագրմանը,

գ. ապահովում է իր գործող կամ հնարավորության դեպքում նախկին տնօրենների եւ աշխատողների բացատրություններ ներկայացնելու հնարավորությունը,

դ. չի ոչնչացնում, կեղծում կամ թաքցնում հակամրցակցային համաձայնությանը վերաբերող տեղեկություններն ու ապացույցները եւ

ե. չի բացահայտում ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ հայտարարության, դիմումի, տեղեկատվության կամ ապացույցների ներկայացման փաստը եւ բովանդակությունը մինչեւ Հանձնաժողովի կողմից ընդունված հակամրցակցային համաձայնության հնարավոր փաստի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին որոշման ուժի մեջ մտնելը կամ Հանձնաժողովի համաձայնությամբ այլ դեպքերում:

4. Հակամրցակցային համաձայնության մասնակից միաժամանակ երկու եւ (կամ) ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումը Հանձնաժողովը թողնում է առանց քննության:

5. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի՝  պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման եւ քննության կարգը սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 97. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվելիք տուգանքի չափը նվազեցնելու հիմքը

1. Հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը բացահայտող տնտեսվարող սուբյեկտը, երբ չի բավարարվում սույն օրենքի 96-րդ հոդվածի պայմանները, կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին:

2. Տուգանքի չափի նվազեցման համար տնտեսվարող սուբյեկտը պետք է ապացույց ներկայացնի Հանձնաժողով սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հնարավոր փաստի վերաբերյալ, որը էական նշանակություն կունենա իրավախախտումն ապացուցելու համար:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասին առաջինը հայտնած եւ այդ համաձայնության բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչեւ 50 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երկրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչեւ 70 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչեւ 85 տոկոսը:

4. Եթե տուգանքի չափի նվազեցման մասին դիմում ներկայացնելու պահին տնտեսվարող սուբյեկտը մեկ այլ հակամրցակցային համաձայնության մասնակից է եւ հայտնում է նաեւ այդ հակամրցակցային համաձայնության մասին, ապա տնտեսվարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ իր հայտնած հակամրցակցային համաձայնության համար տուգանքի վճարումից ամբողջովին ազատվելու համար` սույն օրենքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 98. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հետեւանքով պատճառված վնասի հատուցումը

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հետեւանքով տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց վնաս պատճառվելու դեպքում դրանք ենթակա են օրենսդրությամբ սահմանված կարգով խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից հատուցման:

Գ Լ ՈՒ Խ 1 9

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 99. Հանձնաժողովի որոշումների պարտադիրությունը

1. Հանձնաժողովի որոշումները, դրանցում սահմանված պայմանները եւ տրված հանձնարարությունները պարտադիր են դրանց հասցեատերերի համար եւ ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հոդված 100. Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի վճարումը

1. Հանձնաժողովի տուգանք նշանակելու որոշումը մինչեւ որոշման անբողոքարկելի դառնալը կատարվելու դեպքում համարվում է պատշաճ կատարված տուգանքի 75 տոկոսը վճարելու դեպքում:

2. Հանձնաժողովի տուգանք նշանակելու որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն ուղարկվում է հարկադիր կատարման՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 101. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարականների կատարումը

1. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները, նախատեսված պարտավորությունները եւ տրված հանձնարարությունները որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման եւ որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

2. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա են հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումները ներկայացվում են հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումները հարկադիր կատարման ներկայացնելիս Հանձնաժողովը որոշմանը կից ներկայացնում է այդ որոշումը հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցները եւ կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

2) որոշման հիման վրա կատարման ենթակա գործողությունները եւ (կամ) այն գործողությունները, որոնց կատարումից պարտավոր անձը պետք է ձեռնպահ մնա.

3) որոշումն ընդունելու տարին, ամիսը եւ ամսաթիվը եւ որոշման համարը.

4) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը եւ օրենքով նախատեսված այլ փաստաթղթերը կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել էլեկտրոնային եղանակով:

6. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները հարկադիր կատարման ներկայացնելը տնտեսվարող սուբյեկտին չի ազատում Հանձնաժողովի որոշումները չկատարելու համար սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Հոդված 102. Պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների քննարկումը

1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից սույն օրենքի խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու մասին Հանձնաժողովի որոշումն ուղարկվում է տվյալ պետական մարմնին եւ առկայության դեպքում նրա վերադաս մարմնին եւ հիմք է մեղավոր անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելու համար:

 2. Քննարկման արդյունքների մասին համապատասխան մարմինը եռամսյա ժամկետում տեղեկացնում է Հանձնաժողովին:

Գ Լ ՈՒ Խ 2 0

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

Հոդված 103. Հանձնաժողովի կողմից կայացրած վարչական ակտերը նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայելը

1. Նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայման են ենթակա Հանձնաժողովի անբողոքարկելի դարձած վարչական ակտերը:

2. Նոր ի հայտ եկած հանգամանքներով վարչական ակտերը վերանայում է Հանձնաժողովը:

3. Նոր ի հայտ եկած հանգամանքով վարչական ակտի վերանայման առիթներն են՝

1) վարույթի մասնակիցների դիմումները.

2)  Հանձնաժողովի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում վարչական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր ի հայտ եկած հանգամանքի հայտնաբերումը:

4. Նոր ի հայտ եկած հանգամանքները հիմք են վարչական ակտի վերանայման համար, եթե՝

1) այդ հանգամանքները գոյություն են ունեցել վարչական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել Հանձնաժողովին եւ դրանք գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, կեղծված ապացույցները ընկած են եղել վարչական ակտի հիմքում.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Հանձնաժողովի անդամը, ում ձայնը որոշիչ ազդեցություն է ունեցել վարչական ակտի կայացման հարցում, կատարել է գործի քննության հետ կապված հանցավոր արարք:

5. Հանձնաժողովը նոր ի հայտ եկած հանգամանքով վարչական ակտի վերանայման առիթները քննարկում է տասնօրյա ժամկետում՝ բացահայտելով սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության կամ բացակայության հարցը:

6. Քննարկման արդյունքում Հանձնաժողովը որոշում է կայացնում

1) վարչական ակտի վերանայման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին, եթե եզրահանգում  է, որ առկա է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը.

2) վարչական ակտի վերանայման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե եզրահանգում է, որ բացակայում են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերը, կամ վարչական ակտի անբողոքարկելի դառնալու պահից անցել է 5 տարի,

3) դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե դիմումատուն դիմումում չի նշել վերանայվող վարչական ակտի մասին տեղեկատվություն եւ(կամ) որեւէ հանգամանք, որը ըստ դիմումատուի կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտի վերանայման համար:

7. Վարչական վարույթի հարուցումը մերժելու եւ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով երկամսյա ժամկետում:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2.  Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամները պաշտոնավարման մնացած ժամկետը շարունակում են պաշտոնավարել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ:

3. Սույն օրենքը կիրառվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո վարույթների հարուցման եւ հարուցված վարույթների նկատմամբ: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված վարույթներն իրականացվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 95-րդ հոդվածը կիրառվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ծագած հարաբերությունների նկատմամբ:

5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտման կրկնակիությունը բացառող պայմանը եւ 100-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը անբողոքարկելի չդարձած եւ չկատարված որոշումների նկատմամբ:

6. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը ընդունվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

7. Սույն օրենքից բխող մյուս ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից վեցամսյա ժամկետում:

8. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետում նախատեսված համատեղ հրամանը ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

9. Մինչեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը ապրանքների եւ ծառայությունների անհատականացման միջոցների նմանության հարցը Հանձնաժողովը գնահատում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով:

10. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը գործում են մինչեւ նույն հարցի վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումը եւ այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունման կապակցությամբ հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա պետական բյուջեում նախատեսելու ծախսերի ավելացում՝ կապված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ի թիվս այլնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության հետ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
 
 


 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,  գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2117-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
 

Հարգանքով`    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ