Armenian ARMSCII Armenian
Պ-815-22.12.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Սույն օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների եւ հարկադիր աճուրդների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Լուծարվող իրավաբանական անձի գույքի վաճառքի դեպքում վարձատրության չափը առաջարկողի եւ աճուրդի կազմակերպչի միջեւ կնքված պայմանագրով չի կարող գերազանցել վաճառվող գույքի մեկնարկային գնի տասը տոկոսը: Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների եւ հարկադիր աճուրդների պարագայում վարձատրություն եւ/կամ դրա մասով նվազեցում չի նախատեսվում:»:

Հոդված 3. Օրենքի «Գ Լ ՈՒ Խ 4» բառից եւ թվից հետո լրացնել «ԲԱԺԻՆ 1» բառը եւ թիվը:

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլուխը լրացնել նոր՝ 2-րդ  բաժնով.

«ԲԱԺԻՆ 2

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 35.5. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների հասկացությունը

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններ են համարվում այն սակարկությունները, որոնք կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով եւ համապատասխանում են սույն օրենքով էլեկտրոնային սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջներին՝ բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների:

2. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 35.6.  Էլեկտրոնային համակարգերի հասկացությունը

Սույն օրենքի իմաստով էլեկտրոնային համակարգեր են համարվում սակարկությունների կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումները, ինտերնետային հասցեն, տեխնիկական լուծումները եւ բոլոր այն համակարգերն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման եւ իրականացման համար:

Հոդված 35.7.  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչ կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք կպահպանեն սույն օրենքով  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող պահանջները:

2. Կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության  տարածքում uտեղծված (պետական գրանցում uտացած, հաշվառված) իրավաբանական անձ, դրա` Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ եւ հիմնարկներ, oտարերկրյա կազմակերպությունների Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ.

Հոդված 35.8.  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վերաբերյալ հրապարակային ծանուցումը

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վերաբերյալ աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդն անցկացնելու օրվանից առնվազն տաս օր առաջ: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 4-9-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 35.9.  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջները

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը պետք է ունենա ինտերնետային էջ եւ ՀՀ-ում գրանցված բանկային հաշիվ որի միջոցով աճուրդին մասնակցել ցանկացող անձինք պետք է  հնարավորություն ունենան գրանցվելու եւ մասնակցելու աճուրդին:

2. Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց գրանցումը կատարվում է անվճար:

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված ինտերնետային էջում պետք է հրապարակված լինի աճուրդի մասնակցության կանոնակարգն ու պայմանները:

4. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը մինչեւ աճուրդի նախորդ օրը ժամը 16:00-ն գրանցվում է կայքում՝ նշելով եւ կցելով անձը հաստատող փաստաթուղթ  եւ հանրային ծառայությունների համարանիշը (իրավաբանական անձանց դեպքում գրանցման վկայական եւ ՀՎՀՀ, բանկային հաշիվը) եթե այլ բան նախատեսված չէ աճուրդի կանոններով, որից հետո ծրագիրը նրան տալիս է նույնականացնող համարանիշ, ինչից հետո մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու աճուրդին:

5. Վաճառքի ենթակա լոտերի վերաբերյալ գնային առաջարկները եւ վճարումների կատարման եւ իրականացման գործընթացքը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

6. Աճուրդի կազմակերպիչը երաշխավորում է աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը, դրանք չեն կարող տրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 35.10. Աճուրդի ընթացքը եւ ավարտը

1. Աճուրդի մեկնարկը եւ ընթացքը սահմանվում են աճուրդի կանոններով:

2. Աճուրդի տեւողությունը եւ ավարտը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

3. Աճուրդը համարվում է ավարտված, երբ լրանում է աճուրդի տեւողությամբ սահմանված ժամկետը:

4. Աճուրդում հաղթող է ճանաչվում առավելագույն գին ներկայացրած մասնակիցը:

5. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել գնված լոտի գինն ամբողջությամբ, իսկ նախավճար վճարված լինելու դեպքում՝ հաշվանցելով նախավճարը:

6. Լոտի գնի վճարումը իրականացվում է անկանխիկ եղանակով, որը կարող է իրականացվել նաեւ բանկային հաշվի եւ/կամ քարտի միջոցով եթե աճուրդի կազմակերպման համակարգը թույլ է տալիս կցել բանկային քարտ կամ հաշիվ:

7. Աճուրդում հաղթած մասնակցի հետ ստորագրվում է արձանագրություն, որի ձեւը եւ ստորագրության կարգը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

8. Լոտի վաճառքի ամբողջական գինը աճուրդի կազմակերպչի կողմից ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում աճուրդում հաղթած մասնակցի հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր եւ գույքի հանձնման-ընդունման ակտ:

9. Աճուրդի կազմակերպիչը լոտի գնման գինն ամբողջությամբ ստանալուց հետո այն երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է լոտը վաճառքի ներկայացրած անձին/ընկերությանը:

Հոդված 35.11. Աճուրդը չկայացած եւ անվավեր ճանաչելը

1. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.

2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է ստորագրել աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:

2. Աճուրդը պետք է չկայացած հայտարարվի ոչ ուշ, քան նշված հանգամանքների վրա հասնելու հաջորդ օրը:

3. Աճուրդը համարվում է անվավեր եթե չեն պահպանվել սույն օրենքի 35.5-35.10-րդ հոդվածներով սահմանված պահանջները եւ/կամ կազմակերպչի կողմից սահմանված աճուրդի կանոնները:

4. Աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառվում են անվավերության հետեւանքներ՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է շուկայական տնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդի ժամանակահատվածում գործարար շրջանառության կազմակերպման գործընթացների առավել արդյունավետ եւ ժամանակակից եղանակների ստեղծման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի օրենքի դրույթները չեն տարածվում էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վրա, բացառություն են կազմում հարկադիր աճուրդները:

Վերոնշյալ կարգավորման արդյունքում էլեկտրոնային համակարգերի միջոցով իրականացվող սակարկությունները դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից եւ իրավական համակարգում չկա դրանց վերաբերյալ հստակ կարգավորում, արդյունքում նշված ոլորտի օրենսդրական կարգավորումը մնացել է բաց: Ներկա շուկայական  հարաբերությունների համատեքստում լայնորեն տարածված են եւ շարունակում են զարգանալ էլեկտրոնային զանազան համակարգերի ներդրումը, որպիսի պայմաններում աշխատանքի եւ գործունեության կազմակերպումը դառնում է ավելի արդյունավետ եւ ժամանակակից՝ տնտեսելով գործարար շրջանառության մասնակիցների ժամանակը եւ ռեսուրսները:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հրապարակային սակարկությունների կազմակերպման գործընթացն համահունչ չէ ներկա հրամայականներին, որի արդյունքում գործնական կիրառության ընթացքում աճուրդի կազմակերպման գործընթացը ենթադրում է ժամանակի եւ ռեսուրսների կորուստ, ավելին՝ աճուրդի մասնակիցների հնարավոր շրջանակը դարձնում է բավականին նեղ, որը խաթարում է գործարար շրջանառության  մասնակիցների իրական շահերը, քանի որ ոչ մեծ շրջանակի է հայտնի լինում աճուրդի վերաբերյալ տեղեկատվությունը եւ աճուրդին մասնակցել ցանկացողներն իրականացնում են մի շարք բարդ գործողությունների համակցություն, որպիսի պայմաններում աճուրդին մասնակցում են հնարավոր մասնակիցների շրջանակից ավելի նեղ շրջանակ, այսինքն աճուրդի հնարավոր մասնակիցների իրական քանակը մնում է չբացահայտված, որը սահմանափակում է նաեւ աճուրդում վաճառվող գույքի գնի ավելի մեծ մրցակցային հնարավորությունները, արդյունքում փոքրանում է գույքի սեփականատիրոջ կամ գույքի սեփականատիրոջ անունից վաճառք իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտների՝ գույքի վաճառքից ստացվող եկամուտը, վերոնշյալ հանգամանքը ֆինանսաբանկային համակարգի տեսանկյունից դիտարկելու դեպքում կարող ենք արձանագրել, որ առաջանում է նաեւ սոցիալական խնդիր, որն ուղղակի կապի մեջ է բնակչության սոցիալական ապահովության եւ ֆինանսական շուկայի կայունության հետ, մասնավորապես այն դեպքերում, երբ ֆինանսաբանկային համակարգի կողմից իրացվում է գրավի առարկա համարվող գույքը, ապա աճուրդի մասնակիցների լայն շրջանակը եւ աճուրդի մասնակցության առավել պարզ մեխանիզմների ներդրումը կխթանի աճուրդում գույքի հնարավոր ամենաբարձր գնով վաճառքը, ինչի արդյունքում գրավով ապահովված պարտավորության մարումը կլինի ավելի մեծ, որը իր հերթին կթեթեւացի վարկառուի վարկային բեռը, ինչու չէ նաեւ հնարավոր է վարկային պարտավորության ամբողջական մարում եւ որոշակի գումարի վերադարձ գրավատուին, որպիսի պայմաններում գործարքի բոլոր մասնակիցների տեսանկյունից կստեղծվի առավել նպաստավոր իրավիճակ, որը ֆինանսաբանկային համակարգի մասնակիցներին կհաղորդի նոր որակ եւ հնարավորություններ՝ միաժամանակ թեթեւացնելով նաեւ բնակչության ֆինանսական բեռը:

Էլեկտրոնային համակարգերի միջոցով սակարկությունների իրականացման ներդրումը հնարավորություն կտա աճուրդների կազմակերպման նոր մոդելի զարգացմանը, ինչը կարծում ենք կնպաստի բիզնեսի մոտ գործարքային ծախսերի կրճատմանը:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Տնտեսվարող սուբյեկտների եւ շահառուների համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ գործարքային ծախսերի կրճատման եւ էլեկտրոնային հարթակների զարգացման տեսանկյունից:

Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման պայմաններում ակնկալվում է ոլորտի տնտեսվարող սուբյեկտների եւ շահառուների համար մրցակցային պայմանների ապահովում, բիզնեսի ծախսերի նվազեցում, ինչպես նաեւ էլեկտրոնային հասարակության ձեւավորման համար գործիքակազմերի խթանում:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների ու ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության վերաբերյալ

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում, միաժամանակ հնարավոր է եկամուտների ավելացում, վարչական ռեսուրսների կրճատում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը.

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝   ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ