Armenian ARMSCII Armenian
Կ-807-15.12.2020-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱԿՑԻԶՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի մասով հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի19-ին,Սանկտ Պետերբուրգում:

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի մասով հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին» համաձայնագիրը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 17-րդ բաժնի դրույթների եւ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի եւ դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 18 հավելված) դրույթներին համապատասխան:

Համաձայնագրով ճանաչվում է ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակը ինքնուրույն որոշելու եւ իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության անխախտելի իրավունքը: Համաձայնագիրը նպատակ ունի ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար ստեղծել պատշաճ պայմաններ եւ ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում ապահովել մրցակցային միջավայր:

Միեւնույն ժամանակ համաձայնագրի դրույթներն ուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը, սահմանում է ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման սկզբունքները, միջոցներն ու կարգը եւ կարգավորում է սիգարետների համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման հարցերը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի մասով հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին» համաձայնագրիվավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                 ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագրում թեեւ առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր:

Համաձայնագրի դրույթները ենթադրում են որոշ ապրանքների մասով անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի մոտարկում: Համաձայնագրով սահմանվում են ծխախոտի արտադրանքի միասնական ինդիկատիվ դրույքաչափ եւ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության համար ինդիկատիվ դրույքաչափից թույլատրելի շեղումների չափեր? Միաժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունները պարտավորվում են մինչեւ 2024 թվականը ապահովել ակցիզային հարկի դրույքաչափերի համապատասխանությունը համաձայնագրով սահմանված նվազագույն չափերին:

Վերոնշյալ դրույթները առաջացնում են ՀՀ որոշ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքում, որի 88-րդ հոդվածով սահմանվում են ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկիհաշվարկման դրույքաչափերը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության

գործակալություն
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետությանհամար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ առկա չեն:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ


            ՀՀ  ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոնայք

Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարության գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի մասով հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝               ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ
 
 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ ԱՏՈՄՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Ջանջուղազյան

Ի պատասխան Ձեր 2020 թվականիապրիլի 7-ի թիվ 01/5-1/5137-2020 գրության հայտնում եմ, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի մասով հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին» համաձայնագրի վավերացումը առողջապահության ոլորտում բացասական ազդեցությունչի ունենա:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`          ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ
 
 

ՀՀՖԻՆԱՆՍՆԵՐԻՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ ԱՏՈՄՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Ջանջուղազյան,

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի մասով հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալհայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առարկություններ չունի:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝      ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարեւորագույն ուղղություններից է հարկային քաղաքականության եւ վարչարարության ոլորտներում համագործակցությունը: Վերջինիս շրջանակներում իրականացվում է զգայուն ապրանքների ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցման քաղաքականություն, ինչը ենթադրում է որոշ ապրանքների մասով անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի մոտարկում: Ակցիզային հարկի դրույքաչափերի մոտարկումը կարեւորվում է այն հանգամանքով, որ այն ուղղված է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական շահերի պաշտպանությանը, մասնավորապես, ծխախոտայինարտադրանքի ապօրինի շրջանառության կանխմանը:

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթները՝ վերոնշյալ համաձայնագրով սահմանվում են՝

1)  ծխախոտի արտադրանքի միասնական ինդիկատիվ դրույքաչափ,

2)  ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության համար ինդիկատիվ դրույքաչափից թույլատրելի շեղումների չափեր,

3)  որ մինչեւ 2024 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունները պետք է ապահովեն ակցիզային հարկի դրույքաչափերի համապատասխանությունը համաձայնագրով սահմանված նվազագույն չափերին:

Միաժամանակ, համաձայնագրով սահմանվում է, որ միասնական ինդիկատիվ դրույքաչափն ԱՏԳ ԱԱ 2402 20 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի 1000 հատի համար կազմում է 35 եվրոյին համարժեք ազգային արժույթ: Նշյալ դրույքաչափից թույլատրելի շեղումները 2024 թվականի համար կարող են լինել ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի ներքեւ եւ ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի վերեւ:

Ընդ որում, համաձայնագրով սահմանվում է, որ եվրոյի նկատմամբ որեւէ երկրի ազգային արժույթի տատանման չափը 15 տոկոսից ավել լինելու դեպքում ԵՏՀ խորհուրդն իրավունք ունի փոփոխել ծխախոտի արտադրանքի ինդիկատիվ դրույքաչափը կամ դրա շեղումների չափերը:

Համաձայնագիրը նպաստում է նաեւ ԵԱՏՄ շրջանակներում արդար մրցակցային պայմանների ստեղծմանը, հետեւաբար նաեւ ծխախոտի արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող հայ գործարարների համար ԵԱՏՄ շուկան էլ ավելի հասանելի դարձնելուն:

Համաձայնագրիդրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի պահանջներին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է գտնում վերոնշյալ համաձայնագրի վավերացումը:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ



ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ վարչապետի նամակը
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

18 հունիսի 2020 թվականի  N  995  - Ա
 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱԿՑԻԶՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 19
         Երեւան