Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-198-29.01.2013,12.03.2013-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «7-րդ» մասով.

«7. Կինն իրավունք ունի անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «5-րդ» մասով.

«5. Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգը, ինչպես նաեւ շահառուներին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ:

Գրեթե բոլոր Եվրոպական երկրներում առկա են ժողովրդագրական խնդիրներ եւ այդ երկրների կառավարությունները տարբեր քայլեր են ձեռնարկում ուղղված ծնելիության մակարդակի բարձրացմանը` բժշկական ծառայությունների հասանելիության ապահովում, բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցություն, երրորդ եւ ավելի երեխաների դեպքում նպաստի հատկացում, եւ այլն:

Հայաստանը եւս դասվում է ցածր ծնելիությամբ երկրների շարքին: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011թ. 1000 բնակչի հաշվով ծնելիության ցուցանիշը կազմել է 13.3, իսկ բնակչության բնական աճը` 4.7: Հարկ է նշել, որ 2010թ. համեմատությամբ, վերոնշյալ երկու գործակիցները նվազել են 0.5-ով: Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալների, Հայաստանում բնակվող վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր վեց կնոջից մեկը տառապում է անպտղությամբ (16.8%), ինչը ԱՀԿ-ի կողմից սահմանված ճգնաժամային ցուցանիշից բարձր է շուրջ 1.8%-ով:

Զարգացած երկրներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը եւ սպասարկումը կիրառվում է անպտղության տարբեր տեսակների դեպքում: Հարկ է նշել, որ այդ տեխնոլոգիաների կիրառումը փուլային գործընթաց է եւ պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, հետեւաբար հասանելի չէ բնակչության բոլոր խավերի` մասնավորապես անապահով ընտանիքների զույգերի համար:

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ժողովրդագրական իրավիճակը եւ այն բարելավվելու անհրաժեշտությունը` առաջարկում ենք կատարել համապատասխան լրացումներ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Նախագծի ընդունումը կնպաստի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության ավելացմանը, որն իր հերթին կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ընտանիքների պահպանմանը եւ ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին (ընտանիքի անապահովության 30.00 եւ ավելի միավորի դեպքում), ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից (հետազոտում, բուժում եւ բեղմնավորում): Սոցիալական այլ խմբերում ընդգրկված ընտանիքների զույգերը, պետական նպատակային ծրագրի շրջանակներում, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման արտոնություններ կունենան հղիությամբ ավարտված դեպքերի պարագայում: