Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2221-11.03.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքում լրացնել նոր 4.1-րդ բաժին հետեւյալ բովանդակությամբ.

«ԲԱԺԻՆ 4.1.

ԱՐՏԱԳՆԱ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

ԳԼՈՒԽ 22.1

ԱՐՏԱԳՆԱ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

Հոդված 132.1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ  անցկացնելու մասին որոշումը

1. Հասարակական կարգի, քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման, դատավարության մասնակիցների անձնական կյանքի եւ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով դատարանը կարող է որոշում կայացնել արտագնա դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:

2.Քրեակատարողական հիմնարկում դատական նիստն անցկացվում է այն նշանակելու մասին որոշում կայացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

Հոդված 132.2 . Քրեակատարողական հիմնարկում անցկացվող նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը

1.Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին մասնակցել ցանկացող անձինք մինչեւ նիստի անցկացմանը նախորդող երրորդ օրը սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով դիմում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով իրենց հեռախոսահամարը, ինչպես նաեւ էլելտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում:

2.Դիմումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկում անցկացվող արտագնա դատական նիստին մասնակցելու համար դիմած անձանց մասնակցությունը թույլատրելու կամ մերժելու մասին` դրա վերաբերյալ կայացնելով գրավոր որոշում, որն ուղարկվում է դիմում ներկայացրած անձանց հասցեով, իսկ դիմումում էլեկտրոնային փոստի հասցե եւ հեռախոսահամար նշված լինելու դեպքում, նաեւ ուղարկում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ ծանուցում հեռախոսահամարով:

3.Ներկայացված դիմումը մերժվում է, եթե դատական նիստին այդ անձանց մասնակցությունը հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու պայմանների պատճառով կամ դա կվտանգի քրեակատարողական հիմնարկի անվտանգությունը

4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում դատավարության մասնակիցների վրա, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է ապահովել դատական նիստի մասնակիցների անվտանգությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները

ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում արտագնա դատական նիստերի անցկացման հիմքերը, կարգը, արտական դատական նիստ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները: Դրանով պայմանավորված իրավակիրառ պրակտիկայում պարզ, թե ինչ ինչ հիմքերի պայմաններում եւ ինչ կարգով դատարանը պետք է դատական նիստն անցկացնի դատական նիստերի դահլիճից դուրս: Այդ խնդրի վերացման նպատակով «Իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի  2012 թվականի հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությունը նախատեսում է սահմանել արտագնա դատական նիստերի անցկացման հստակ հիմքերը, կանոնակարգել դրանց ընթացակարգը: Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածով ներկայումս նախատեսված է գործի՝ արտագնա դատաքննության անցկացման հնարավորություն, սակայն օրենսգրքով կամ որեւէ այլ ակտով կարգավորված չեն արտագնա դատական նիստերի անցկացման ընթացակարգերը:

Առաջարկվող լուծումները

Առաջարկվում է քաղաքացիական դատավարությունում որպես արտագնա դատական նիստի անցկացման հիմք սահմանել դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինությունը կամ գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման հանգամանքը: Այսինքն, դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ որոշում է կայացնում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին, եթե համապատասխան ապացույցի հետազոտումը հնարավոր չէ կատարել դատական նիստերի դահլիճում կամ եթե գործով ապացույցների հետազոտումը կարող է առաջացնել էական դժվարություններ: Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանը պետք է կայացնի որոշում առանձին ակտի ձեւով, որում պետք է սահմանվեն արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, դրա ընթացքում հետազոտման ենթակա ապացույցը, եւ որը պատշաճ ձեւով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Արտագնա դատական նիստի ընթացակարգի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ է սահմանել, որ արտագնա դատական նիստն անցկացվում է դատական նիստի անցկացման համար սահմանված կանոններով, ինչպես նաեւ սահմանել, որ արտագնա դատական նիստի ընթացքում դատարանը բացառությամբ արտագնա դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ապացույցի հետազոտումից գործի քննությանն ուղղված այլ դատավարական գործողություն չի կատարում: Վերջին դրույթն ուղղված է ապահովելուն, որպեսզի դատարանը արտագնա դատական նիստի ընթացքում չքննարկի եւ չլուծի գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները եւ դիմումները, չանդրադառնա գործը լուծելու համար անհրաժեշտ այլ հանգամանքների պարզաբանմանը:

Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ Նախագահի վերոհիշյալ կարգադրության միջոցառումների ցանկի 5.5.1-րդ եւ 5.5.2-րդ կետերով նախատեսվում է օրենքով սահմանել արտագնա դատական նիստերի անցկացման բացառիկ դեպքերը եւ կանոնակարգել դրանց ընթացակարգը եւ սահմանափակել փակ եւ կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը` նախատեսելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքներ, առաջարկվում է լրացում կատարել նաեւ ՀՀ քրեակատարողական օրենսգրգում՝ սահմանելով քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման ընթացակարգերը, քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ  անցկացնելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները եւ քրեակատարողական հիմնարկում անցկացվող նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցության հետ կապված հարաբերությունները:

Ակնկալվող արդյունքը

Այս առաջարկությունն ընդունվելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կսահմանվեն արտագնա դատական նիստերի անցկացման հիմքերը, կարգը, արտական դատական նիստ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում կատարվող լրացման միջոցով կկարգավորվեն քրեակատարողական հիմնարկներում դատական նիստերի անցկացման հետ կապված հարաբերությունները: