Armenian ARMSCII Armenian
Կ-222-11.03.2013-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության  օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 112-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 112. Դատական նիստը

1. Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով` դատա-րանի շենքում դրա համար հատուկ նախատեսված  վայրում (այսուհետ՝ դատական նիստերի դահլիճ), որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք եւ դատավարության այլ մասնակիցները:

2.Դատարանի որոշմամբ դատական նիստը կարող է անցկացվել արտագնա`  դատական նիստերի դահլիճից դուրս, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 112.1-ին հոդվածով.

«Հոդված 112.1. Արտագնա դատական նիստը

1. Դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ որոշում է կայացնում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին:

2. Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը կայացվում է առանձին ակտի ձեւով, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները, արտագնա դատական նիստի հետազոտման առարկան:

3. Արտագնա դատական նիստն անցկացվում է դատական նիստի անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան:»:

Հոդված 3. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դատական քննության ընթացքում լուծում պահանջող հարցերով կայացված այն որոշումները, որոնք ենթակա չեն բողոքարկման, դատարանի հայեցողությամբ կարող են ընդունվել առանձին ակտի ձեւով կամ առանց առանձին ակտի ձեւով այն ձեւակերպելու: Առանձին ակտի ձեւով չձեւակերպված որոշումը հրապարակվում է բանավոր եւ ներառվում դատական նիստի արձանագրության մեջ:»:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: