Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-188-24.12.2012,25.02.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք) 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.

«4.1) զինվորական ծառայության մեջ սահմանափակումը.»:

Հոդված 2 . Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասում «հանրային աշխատանքները,» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմափակումը,» բառերը:

Հոդված 3 . Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 53.1-րդ հոդվա-ծով.

«Հոդված 53.1. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը

1. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար սպայի կամ ենթասպայի կոչում ունեցող զինծառայողի նկատմամբ կիրավող պատժատեսակն է, ըստ որի տվյալ անձը երեք ամսից երեք տարի ժամկետով չի կարող նշանակվել իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր (այդ թվում` ավելի բարձր վարձատրվող) պաշտոնի, նրան չի կարող շնորհվել ավելի բարձր հերթական կոչում, ինպես նաեւ կասեցվում է հերթական զիվորական կոչում շնորհելու` օրենքով սահմանված ժամկետը` դրամական բավարարման գումարից մինչեւ 20 տոկոս պահումով:

2. Տվյալ պատժատեսակի կրման կամ դրանից պակաս ժամկետով Դատարանը կարող է զինծառայողի համար սահմանել կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականություն:

3. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը չի կարող նշանակվել, եթե առկա է հանցանքների կամ դատավճիռների համակցություն եւ կատարված հանցագործություններից մեկի համար կարող է նշանակվել կամ նշանակված է ազատությունից զրկելու հետ կապված կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հետ կապված պատիժ:

4. Զինվորական ծառայության մեջ սահմանափակում պատժատեսակը կրելու ընթացքում զինծառայողի նկատմամբ սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով կամ 67-րդ հոդվածով սահմանված կարգով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու կամ զինծառայողի կողմից օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում, դատարանի կողմից զինվորական ծառայության մեջ սահմանափակումը փոխարինվում է տուգանքով` զինվորական ծառայության մեջ սահմանափակման մեկ ամիսը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի դիմաց »:

Հոդված 4. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 327.6-րդ հոդվածով.

«Հոդված 327.6 Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը.

1. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է կալանքով` երկուսի երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` մինչեւ մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,

3) անձի առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝

պատժվում է ազատազրկմամբ` մինչեւ հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ, կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով»:

Հոդված 6 . Օրենսգրքի 356-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պետի ՝ օրինական եւ սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».

2) 2-րդ մասը «կամ ազատազրկմամբ» բառերից առաջ լրացնել «կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով,» բառերով.

3) 4-րդ մասը «կամ ազատազրկմամբ» բառերից առաջ լրացնել «կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով,» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն գլխում նախատեսված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք եւ վարժական հավաքներ անցնող զինապարտները (այսուհետ` զինծառայող):».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.

«6. Սույն գլխում պետ (հրամանատար) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով բարձր այն անձն, ով տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ, կարգադրություններ տալու եւ դրանց կատարումն ապահովելու իրավասություն:

7. Սույն գլխում գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:

8. Սույն գլխում գույքային վնասի դեպքում ծանր հետեւանք է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»:

Հոդված 7. Օրենսգրքի 357-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 357. Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը

1.Պետին (հրամանատարին), ինչպես նաեւ զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող այլ անձին դիմադրելը կամ նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ այդ պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը, որը դրսեւորվել է պետի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ պետի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, պետի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ պետի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:.

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից,

պատժվում են ազատազրկմամբ՝ երեք հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են այլ ծանր հետեւանքներ`

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով»:

Հոդված 8. Օրենսգրքի 358-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 358. Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը

1. Զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկման` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,

3) առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ`վեցից տասներկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:»:

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 358.1-ին հոդվածով.

«Հոդված 358.1. Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը.

1. Զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ `

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) մի խումբ անձանց կողմից.

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ.

3) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով.

4) առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ`յոթից տասներկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքները, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներեք տարի ժամկետով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 359-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 359. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում

1. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝

գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից,

3) զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով,

4) անձի առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երեք տարի ժամկետով,կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»:

Հոդված 11. Օրենսգրքի 360-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 360. Զինծառայողին վիրավորանք հասցնելը

1. Զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաեւ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Հոդված 12 . Օրենսգրքի 361-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 361. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը

1. Երեք oրից ավելի, բայց մեկ ամuից ոչ ավելի տեւողությամբ, ինչպեu նաեւ երեք ամuվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկ ժամից մինչեւ երեք oր տեւողությամբ զինծառայողի կողմից զորամաuը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից `

պատժվում է կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գու-մարտակում պահելով` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մե-կից երկու տարի ժամկետով

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արաքը, որը կատար-վել է պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են սպայի կամ ենթասպայի կողմից՝

պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տեւել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով՝

պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի երրորդ կամ չորրորդ կամ հինգերորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`

պատժվում են ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

7. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

8. Սույն հոդվածով, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետեւանքով, եւ եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:»:

Հոդված 13. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասում «զինծառայողը կարող է ազատվել» բառերը փոխարինել «զինծառայողն ազատվում է» բառերով, իսկ «ազատվում է քրեական պատասխանատվությունից,» բառերը հանել:

Հոդված 14. Օրենսգրքի 363-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 363. Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը

1. Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն,

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով`

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Զինծառայողի կողմից հիվանդության սիմուլյացիան կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը կամ խաբեությունը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն ՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:»:

Հոդված 15. Օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի «զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ» բառերը փոխարինել «զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ» բառերով:

Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 364.1-րդ հոդվածով.

«Հոդված 364.1. Զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը

1. Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելը` իր կամ այլ անձի համար գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալու նպատակով`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազա-տազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2.Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված մոլեխաղեր կազմակերպելը`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք գույքային էական վնաս են պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

Հոդված 17. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 364.2-րդ հոդվածով.

«Հոդված 364.2. Զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը

1. Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով մինչեւ մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` երկուսից երեք տարի ժամկետով, կամ կալանքով մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով մինչեւ երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Այն զինծառայողն, ով առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է բժշկական ծառայություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից»:

Հոդված 18. Օրենսգրքի 365-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 365. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել ՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ առաջացրել է էական վնաս`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով»:

Հոդված 19. Օրենսգրքի 366-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 366. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ առաջացրել է էական վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը ծանր հետեւանքներ է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ երեքից ութ տարի ժամկետով

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:»:

Հոդված 20. Օրենսգրքի 367-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «պատժվում է» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ» բառերը.

2) 2-րդ մասում «Նույն» բառը փոխարինել «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված» բառերով, իսկ «ծանր հետեւանքներ» բառերը փոխարինել «էական վնաս» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը ծանր հետեւանքներ է պատճառել` պատժվում է ազատազրկմամբ երկուսից վեց տարի ժամկետով:».

4) 3-րդ մասում «հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է» բառերը փոխարինել «հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են» բառերով, իսկ «պատժվում է» բառը` «պատժվում են» բառերը:

Հոդված 21. Օրենսգրքի 368-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ» բառերը.

2) 2-րդ մասում «Նույն» բառը փոխարինել «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված» բառերով:

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 368.1-ին հոդվածով.

«Հոդված 368.1. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը

1.Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվ-տանտանգություն ապահովելու ժամանակ ծառայության կրելու կանոնները խախտելը հասարակական կարգի պահպանության կամ հասարակական անվտանգության ապահովման վերակարգի մեջ մտնող զինծառայողի կողմից, եթե այդ արարքն էական վնաս է պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչեւ հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:»»:

Հոդված 23. Օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասը «պատժվում է» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ» բառերով:

Հոդված 24. Օրենսգրքի 370-րդ հոդվածը «պատժվում է» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ» բառերով:

Հոդված 25. Օրենսգրքի 371-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 371. Ռազմական գույքը յուրացնելը կամ վատնելը

1. Զինծառայողին անձնական կամ ծառայողական օգտագործման համար տրամադրված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները կամ ռազմական այլ գույքը յուրացնելը կամ վատնելը ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Զենքը կամ ռազմամթերքը յուրացնելը կամ վատնելը՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով»:

Հոդված 26. Օրենսգրքի 372-րդ հոդվածում`

1)1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները զգալի չափերով, ինչպես նաեւ ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը կորցնելը կամ փչացնելը, որը կատարվել է դրանց պահպանության կանոնների խախտմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 27. Օրենսգրքի 373-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «պատժվում է» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ» բառերով.

2) 2-րդ մասը «պատժվում է» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` երկուսից երեք տարի ժամկետով, կամ» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 374-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ստացողի կատարած գործողություններն առաջացրել են» բառերը փոխարինել «դա առաջացրել է» բառերով, իսկ «պատժվում է» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 375-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը

1. Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել՝

պատժվում էն ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա»:

Հոդված 30. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում «պատժվում է» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ» բառերով, իսկ «(գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)» բառերը հանել:

Հոդված 31. Օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասում «պատժվում է» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով,կամ » բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 379-րդ հոդվածը «Պետի» բառից հետո լրացնել «(հրամանատարի)» բառով:

Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.

ՀՀ գործող քրեական օրենսգիրքն (այսուհետ նաեւ Օրենսգիրք) իր ընդունման պահից (18.04.2003թ.) նախատեսել է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների առանձին բաժին (բաժին 7):

Ելնելով մի կողմից ներկայումս զինվորական հանցագործությունների ոլորտում քրեական քաղաքականության փոփոխության հանգամանքից, մյուս կողմից այդ բաժնում սահմանված հանցագործությունների կիրառման արդյունքում օրենսգրքում էական թերությունների ի հայտ գալու հանգամանքից, որոնք վերաբերում են ինչպես օրենսգրքի պատիժների համակարգում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին եւ դրանք կատարող անձանց նկատմամբ նշանակվելիք առավել արդյունավետ պատիժների բացակայությամբ, այնպես էլ զինվորական ծառայության կարգին դեմ ուղղված հանրորեն վտանգավոր որոշ արարքների քրեական օրենսգրքում նախատեսված չլինելուց ու բազմաթիվ հանցակազմերում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշների հետ կապված թերկարգավորվածություններից, օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բաժինը ներկայումս ենթակա է էական վերափոխման:

Մասնավորապես Օրենգրքի 49-րդ հոդվածում նախատեսված չէ այնպիսի պատժատեսակ, որը մի կողմից կհանդիսանար իրական այլընտրանք ազատազրկման հետ կապված պատիժներին, մյուս կողմից իր բնույթով կունենա կանխարգելիչ բնույթ եւ չէր զուգորդվի զինված ուժերի կազմից ոչ ծանր հանցագործություններ կատարած սպասայական անձնակազմի հեռացմամբ` դրանով նաեւ ապահովելով պատժի արդյունավետության սկզբունքը:

Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սանկցիաներում որպես պատժատեսակներ հիմնականում նախատեսված են ազատազրկման հետ կապված պատիժները` կալանքը, կարգապահական գումարտակում պահելը, ազատազրկումը: Դրանով պայմանավորված ՀՀ գործող քրեական օրենսգրքում անհրաժեշտ է նախատեսել այնպիսի պատժատեսակ, որը կկիրառվի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում, չի զուգորդվի դրանք կատարող անձանց ազատությունը որոշակի ժամկետով սահմանափակելով, եւ հնարավորություն կտա այդ անձանց շարունակելու զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում` ապահովելով ՀՀ զինված ուժերի մարտունակությունը:

Օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բաժնում նախատեսված հանցակազմերում առկա են մի շարք հասկացություններ, որոնց բովանդակությունն օրենսգրքում բացահայտված չէ, ինչն իրավակիրառ պրակտիկայում դժվարություններ է առաջացնում համապատասխան արարքների որակման ժամանակ: Դրանով պայմանավորված օրենսգրքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կբացահայտեն այդ հասկացությունների բովանդակությունը:

Օրենսգրքում որպես հանցագործություն նախատեսված չեն հանրորեն վտանգավոր մի շարք արարքներ, որոնք իրենց բնույթով վնաս են պատճառում զինվորական ծառայության կարգին:

Մասնավորապես Օրենսգրքում որպես քրեորեն պատժելի արարք նախատեսված է պետի նկատմամբ բռնություն կատարումը, սակայն որպես դրան համարժեք հանցակազմ նախատեսված չէ հակառակ իրադրությունը` ստորադասի կողմից պետի նկատմամբ բռնության գործադրումը: Միաժամանակ Օրենսգրքում որպես 358-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտ նախատեսված չէ զինծառայողի մերձավորի անվտանգությունը, իսկ որպես օբյեկտիվ կողմից հատկանիշ` բռնություն գործադրելու սպառնալիքը: Կատարվող օրենդրական փոփոխությունների արդյունքում վերը նշված օրենսդրական բացերը ենթակա են վերացման:

ՀՀ քրեական օրենսգրքում որպես հանցագործություն նախատեսված չէ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք մուտք գործելը, որն էական վնաս է պատճառում է ինչպես զինվորական ծառայության կարգին, այնպես էլ կառավարման կարգի պահպանմանն ուղղված հարաբերություններին:

Քրեական պատասխանատվություն սահմանված չէ նաեւ զինծառայողների կողմից զորամասում, զինվորական ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլախաղեր կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կամ զինծառայողի կողմից թմրանյութ կամ հոգեմետ նյութ ապօրինի գործառելու համար:

Որպես առանձին հանցագործություն սաhմանված չէ նաեւ զինծառայողների կողմից հասարակական կարգը պահպանելիս կամ հասարակական ավտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելու համար: Հետեւաբար համապաստախան օրենսդրական փոփոխությունների արդյունքում անհրաժեշտ է վերացնել նշված օրենսդրական բացերը` քրեական պատասխանատվություն սահմանելով վերոշարադրյալ արարքների կատարման համար:

Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ կատարել նաեւ զիվորական ծառայության կարգի դեմ ուղղված մի շարք այլ հանցագործությունների սանկցիաներում` դրանցում նախատեսելով առաջարկվող նոր պատժատեսակը, ինչպես նաեւ լուծել դրանց դիսպոզիցիաներում առկա որոշ թերություններ:

Առաջարկվող լուծումները.

Ինչպես արդեն նշվեց վերոշարադրյալում, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելիս պատժի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ քրեական օրենսգրքում անհրաժեշտ է սահմանել այնպիսի պատժատեսակ, որը կկիրառվի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում, չի զուգորդվի դրանք կատարող անձանց ազատությունը որոշակի ժամկետով սահմանափակելով, եւ հնարավորություն կտա այդ անձանց շարունակելու զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում` ապահովելով ՀՀ զինված ուժերի մարտունակությունը: Որպես այդպիսի պատժատեսակ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվում է սահմանել զինվորական ծառայության մեջ սահմանափակումը: Այդ պատժատեսակը առաջարկվում է կիրառել սպայի կամ ենթասպայի կոչում ունեցող զինծառայողների, որը պետք է դրսեւորվի երեք ամսից երեք տարի ժամկետով նրանց դրամական բավարարման գումարից մինչեւ 20 տոկոս պահումով, եւ որի ընթացքում նրանք չեն կարող նշա-նակվել իրենց զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր (այդ թվում` ավելի բարձր վար-ձատրվող) պաշտոնի, նրանց չի կարող շնորհվել ավելի բարձր հերթական կոչում, ինչպես նաեւ կասեցվում է հերթական զիվորական կոչում շնորհելու` օրենքով սահմանված ժամկետը: Ընդ որում առաջարկվում է սահմանել, որ դատարանը զինծառայողի համար այդ պատժի դրանից ավելի կարճ ժամկետով կարող է սահմանել կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականություն:

Միաժամանակ ելնելով այն հանգամանքից, որ այս պատժատեսակը չի կարող զուգորդվել ազատազրկման հետ կապված պատժի հետ, լրացվող հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է սահամել, որ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը չի կարող նշանակվել, եթե առկա է հանցանքների կամ դատավճիռների համակցություն եւ կատարված հանցագործություններից մեկի համար կարող է նշանակվել կամ նշանակված է ազատազրկման հետ կապված պատիժ:

ՀՀ քրեական օրենսգրքում այս պատժատեսակը ներմուծելու արդյունքում առաջարկվում է, ղեկավարվելով սահմանադրորեն ամրագրված համաչափության սկզբունքից, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններում լրացնելով նշված պատժատեսակը:

Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները բարեփոխելու անհրաժեշտությունից ելնելով` առաջարկվում լրացնելով վերոշարադրյալում ներկայացված բոլոր օրենսդրական բացերը: Առաջարկվում է լրացնել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածը(Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնի գործողություններ կատարելը), 360.1-րդ հոդվածը (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք մուտք գործելը), 364.1-րդ հոդվածը (Մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 364.2-րդ հոդվածը (Զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ նյութ ապօրինի գործածելը), 368.1-րդ հոդվածը (Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը): ՀՀ քրեական օերսնգրքի 358-րդ հոդվածում որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ առաջարկվում է նախատեսել նաեւ բռնություն գործադրելու սպառնալիքը, իսկ որպես օբյեկտիվ կողմից նաեւ համապատասխան զինծառայողների մերձավոր ազգականների անվտագության ապահովմանն ուղղվաժ հասարակական հարաբերությունները:

Նախագծով առաջարկվում է նաեւ բացահայտել ՀՀ քրեական օրենսգքրի 7-րդ բաժնում օգտագործվող մի շարք գնահատողական հասկացությունների բովադնակությունը, օրինակ` գույքային վնաս, զգալի չափ, ծանր հետեւանք: Նախագծով առաջարկվում է նաեւ, ելնելով իրավակիրառ պրակտիկայից, կատարելագործել մի շարք հանցագործությունները դիսպոզիցիան: