Armenian ARMSCII Armenian
Կ-2183-26.02.2013-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) հաստատում է հավատարմագրման ազգային մարմնի եւ համապատասխանության գնահատման մարմնի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաեւ համապատասխանության գնահատման մարմնի եւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշված համապատասխանության գնահատման մարմնի տարեկան անդամավճարի վճարման չափը եւ կարգը.»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով միակողմանի ճանաչում է միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմիններին եւ հաստատում դրանց ցանկը.»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հավատարմագրման ազգային մարմինը Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմիններ հավատարմագրող միակ մարմինն է:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների» բառերը փոխարինել «4 շահագրգիռ պետական կառավարման մարմինների եւ (կամ) պետական ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերով.

2) 3-րդ մասից հանել «Խորհրդի քարտուղարն է եւ» բառերը.

3) 8-րդ մասի 12-րդ եւ 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5 . Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) կազմակերպում է հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման դասընթացներ եւ շնորհում համապատասխան վկայագրեր.»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների միակողմանի ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունում գործող, միջազգային ճանաչում ունեցող միակողմանի ճանաչված օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները պետք է գրանցվեն հավատարմագրման ազգային մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

1. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքների համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը գործում են մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն հավատարմագրման վկայագրերը, որոնց գործողության ժամկետը չի լրացել մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, գործում են մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մինչեւ 2016 թվականի մարտի 31-ը, համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմնի հավատարմագրումը մեկ անգամ կարող է իրականացվել վերապահումներով: Համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմնի վերապահումներով հավատարմագրումը հաստատվում է Խորհրդի որոշմամբ: Հավատարմագրման վկայագրում վերապահումների մասին կատարվում է համապատասխան նշում: Վերապահումով տրված հավատարմագրման վկայագիրը գործում է առավելագույնը մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վերապահումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխանության գնահատման մարմինների հավատարամագրման կարգով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: