Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-256-29.03.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի «կանոնակարգում է» բառից հետո լրացնել «տեխնիկական կանոնակարգերի եւ» բառերով։

Հոդված 2. Օրենքի 2-րդ.

1) հոդվածի «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«դ) ստանդարտ՝ պետականորեն ճանաչված մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ, որով սահմանվում են համընդհանուր եւ բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ կամ արտադրանքի համար բնութագրեր կամ դրա հետ կապված արտադրման գործընթացներ եւ մեթոդներ, որին համապատասխանությունը պարտադիր չէ։ Այն կարող է ընդգրկել նաեւ տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ։».

2) հոդվածի «զ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«զ) տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են դասակարգման օբյեկտների եւ դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուները եւ պարտադիր է կիրառման պետական տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական ռեսուրսների ստեղծման ու միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման ժամանակ:».

3) հոդվածի «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ստանդարտացման ազգային մարմին՝ ստանդարտացման բնագավառում կառավարության կողմից լիազորված պետական կառավարումն իրականացնող մարմին».

4) հոդվածը լրացնել նոր «թ» եւ «ժ» ենթակետերով հետեւյալ խմբագրությամբ՝

«թ) «ստանդարտների ազգային ինստիտուտ՝ ստանդարտացման ազգային մարմնի ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որն իր լիազորության սահմաններում իրականացնում է պետական քաղաքականություն ստանդարտացման բնագավառում.»

ժ) ռիսկի աստիճան՝ քաղաքացիների կյանքին եւ առողջությանը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին, կենդանական եւ բուսական աշխարհին վնաս պատճառելու հավանականություն՝ հաշվի առնելով այդ վնասի ծանրությունը (չափերը).»։

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի.

1) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) քաղաքացիների կյանքի, առողջության, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց եւ պետական գույքի, շրջակա միջավայրի, կենդանական եւ բուսական աշխարհի անվտանգությունը».

2) «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«է) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը»։

Հոդված 4. Օրենքի 6-րդ.

1) հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ստանդարտացման գործընթացի մասնակիցներն են՝ ստանդարտացման ազգային մարմինը, պետական այլ մարմինները, ստանդարտների ազգային ինստիտուտը, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները, ինչպես նաեւ իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը:».

2) հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները իրականացնում են միջազգային, միջպետական ստանդարտների փորձաքննության եւ ազգային ստանդարտների մշակման գործընթացները։

Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներում ընդգրկվում են պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, գիտատեխնիկական, ինժեներական, հասարակական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները ձավորվում են կամավոր հիմունքներով։»

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր «31 » հոդվածով հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 31 . Ստանդարտացման սկզբունքները

Ստանդարտացումն իրականացվում է հետեւյալ սկզբունքներին համապատասխան՝

ա) ստանդարտների կամավոր կիրառումը.

բ) ստանդարտների մշակման ժամանակ շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության ապահովումը.

գ) ազգային ստանդարների մշակման համար որպես հիմք միջազգային ստանդարտների կիրառումը, բացառությամբ այն ստանդարտներից, որտեղ անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհագրական, կլիմայական եւ հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

դ) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հակասող ստանդարտների ընդունման անթույլատրելիությունը:»:

Հոդված 6. Օրենքի 2-րդ գլխի անվանումը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «,տեխնիկական կանոնակարգերը,» բառերով:

Հոդված 7. Օրենքի 7-րդ.

1) հոդվածի 1-ին կետի.

«ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) ստանդարտացման կանոնները, ուղեցույցները,».

«դ» ենթակետի «տեխնիկատնտեսական» բառից հետո լրացնել «եւ սոցիալական» բառերը.

2) հոդվածը լրացնել նոր 3-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման եւ կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Տեխնիկական կանոնակարգերն են.

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ընդունված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված փաստաթղթերը կամ Հայաստանի Հանրապետության օրենքները կամ կառավարության որոշումները, որոնցով սահմանված են ստանդարտացման օբյեկտների վերաբերյալ տեխնիկական պահանջներ եւ անհրաժեշտության դեպքում, այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգեր, ինչպես նաեւ տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ։

2. Տեխնիկական կանոնակարգերն ընդունվում են մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ու պետական գույքի պաշտպանության, շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության կամ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակներով։ Տեխնիկական կանոնակարգերի ընդունումն այլ նպատակներով չի թույլատրվում։

3. Տեխնիկական կանոնակարգերի մշակման համար հիմք են ընդունվում միջազգային կամ դրանց հետ ներդաշնակ ազգային ստանդարտները՝ ամբողջությամբ կամ մասամբ՝ այն չափով, որքանով դրանք համապատասխանում են սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջների կատարմանը, հաշվի առնելով աշխարհագրական կլիմայական եւ հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը։

4. Հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը, տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են նվազագույն այն անհրաժեշտ պահանջները, որոնք ապահովում են ճառագայթման եւ կենսաբանական անվտանգությունը, պայթունաանվտանգությունը, հրդեհաանվտանգությունը, մեխանիկական, արդյունաբերական եւ ջերմային անվտանգությունը, էլեկտրաանվտանգությունը, միջուկային եւ ճառագայթումային անվտանգությունը, ինչպես նաեւ սարքերի եւ սարքավորումների անվտանգության ապահովման մասով էլեկտրամագնիսական համատեղելիությունը։

5. Տեխնիկական կանոնակարգերի կիրառման նպատակներն իրականացնելու համար դրանք պետք է ընդգրկեն արտադրանքի (արտադրանքի խմբերի), կամ ծառայության սպառիչ ցանկը, արտադրանքի արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման, օգտահանման, կամ ծառայության մատուցման գործընթացները՝ որոնց վերաբերյալ սահմանվում են պահանջներ, տեխնիկական կանոնակարգման օբյեկտի նույնականացման կանոնները, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը ապահովող ստանդարտների ցանկը։

6. Տեխնիկական կանոնակարգերը պետք է ընդգրկեն արտադրանքի կամ ծառայության բնութագրերին, արտադրանքի արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման եւ օգտահանման կամ ծառայության մատուցման գործընթացներին ներկայացվող պահանջներ, բայց ոչ կոնստրուկտորական եւ կատարման պահանջներ, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը, կոնստրուկցիային կամ կատարմանը ներկայացվող պահանջների բացակայությամբ չի ապահովվի սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված տեխնիկական կանոնակարգի նպատակներին հասնելը։

Տեխնիկական կանոնակարգերով պետք է սահմանվեն նաեւ ստանդարտացման օբյեկտին ընդունելի համապատասխանության գնահատման, համապատասխանության պարտադիր հավաստման նպատակով նույնականացման առանձնահատկություններ եւ նմուշառման, փորձարկումների կատարման, սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված օբյեկտների համապատասխանության հսկողության (եթե դա նախատեսված է համապատասխանության հավաստման ընթացակարգով) իրականացման եւ այլ ընթացակարգեր եւ կանոններ, որոնք անհրաժեշտ են տեխնիկական կանոնակարգերի նպատակներին հասնելու համար։

7. Հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը, տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել արտադրանքին, դրա արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման եւ օգտահանման գործընթացներին, ինչպես նաեւ տերմինաբանությանը, փաթեթավորմանը, մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող քաղաքացիների առանձին կատեգորիաների (անչափահասների, հղի կանանց, կերակրող մայրերի, հաշմանդամների) պաշտպանության ապահովման պահանջներ։

8. Տեխնիկական կանոնակարգերում չեն կարող ընդգրկվել արտադրանքին ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք այդ արտադրանքի երկարատ օգտագործման դեպքում, եւ կախված այլ գործոններից, կարող են վնաս պատճառել քաղաքացիների կյանքին ու առողջությանը եւ, որոնցով հնարավոր չէ որոշել թույլատրելի ռիսկի աստիճանը։ Այդ դեպքում տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել հնարավոր վնասների եւ գործոնների մասին սպառողներին տեղեկատվությամբ ապահովման պահանջներ։

9. Տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել արտադրանքին, դրա արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման եւ օգտահանման, տերմինաբանության, փաթեթավորման, մակնշման կամ պիտակավորման գործընթացներին ներկայացվող արտադրանքի ծագման երկրից դուրս կիրառվող հատուկ պահանջներ, եթե այդպիսի պահանջների բացակայությունը՝ կապված տարբեր երկրների կլիմայական եւ աշխարհագրական առանձնահատկությունների ներգործությունից հետ, կարող են բերել սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված նպատակների անհասանելիության։

10. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներն առեւտրում չպետք է առաջացնեն տեխնիկական խոչընդոտներ։

11. Հաշվի առնելով վնաս պատճառելու գիտատեխնիկական հիմնավորված փաստացի ռիսկի աստիճանը, տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել այլ երկրների ծագում ունեցող արտադրանքների ներկրումը սահմանափակելու, շրջանառության, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման եւ օգտահանման գործընթացների, ինչպես նաեւ անասնաբուժական եւ բուսասանիտարական միջոցների վերաբերյալ պահանջներ։

12. Ընդունված տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից առնվազն 6 ամիս հետո։

13. Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ծանուցման եւ հրատարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 9 . Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի «դասիչը» բառից հետո ավելացնել «(բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի դեպքում)։» բառերը։

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածի.

1) 1-ին կետի «ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով» բառերը փոխարինել «տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության միասնական համակարգի ստանդարտներով» բառերով, կետը լրացնել նոր մասով հետեւյալ խմբագրությամբ՝

«Սոցիալտնտեսական ոլորտի (այդ թվում, կանխատեսումների, վիճակագրական հաշվառման, բանկային գործունեության, հարկման, միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական համակարգերի եւ ռեսուրսների ստեղծման) դասակարգիչների մշակման, ընդունման, գործարկման եւ կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

2) 2-րդ կետի «ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով» բառերը փոխարինել «տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության միասնական համակարգի ստանդարտներով» բառերով։

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 13-րդ հոդվածի.

1) 1-ին կետի «(բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի)» բառերը,

2) 2-րդ կետի երկրորդ մասը, 3-րդ եւ 4-րդ կետերը:

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի.

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության ստանդարտների հրատարակման իրավունքը պատկանում է ստանդարտների ազգային ինստիտուտին:

Ազգային ստանդարտների հրատարակման ներքո հասկացվում է դրանց տպագրական հրատարակումները եւ տեղեկատվական համակարգում ընդհանուր օգտագործման դրանց էլեկտրոնաթվային ձեւը։».

2) 3-րդ կետի.

ա) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը հանել.

բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը եւ դրա տրամադրումը (բացառությամբ՝ տեխնիկական պայմանների տրամադրումից) իրականացնում է ստանդարտների ազգային ինստիտուտը՝ պայմանագրային հիմունքներով։

Տեխնիկական պայմանների տրամադրման բացառիկ իրավունքը պատկանում է այդ փաստաթղթի բնօրինակի տնօրինողին։»։

Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 14-րդ հոդվածի

1) 1-ին եւ 3-րդ կետերի «տեխնիկական կանոնակարգեր» բառերը,

2) 3-րդ կետի «(բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի)» բառերը:

Հոդված 14. Օրենքի 15-րդ.

1) հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Ստանդարտացման ազգային մարմինը՝

ա) մշակում եւ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է պետական քաղաքականությունը ստանդարտացման բնագավառում.

բ) համապատասխան շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում է տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագիրը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատման.

գ) համապատասխան շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում է եւ ներկայացնում կառավարություն հաստատման Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագիրը.

դ) հաստատում եւ գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները.

ե) ընդունում է դասակարգիչները, բացառությամբ 8-րդ հոդվածով նախատեսված սոցիալ տնտեսական ոլորտի դասակարգիչների.

զ) իրականացնում է տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ծանուցումը.

է) համակարգում է ստանդարտների ազգային ինստիտուտի գործունեությունը իրեն վերապահված իրավասությունների սահմաններում։

2) հոդվածը լրացնել նոր «3» կետով հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ստանդարտների ազգային ինստիտուտը՝

ա) ընդունում է ազգային ստանդարտները.

բ) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական եւ ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաեւ միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների եւ այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը.

գ) կազմակերպում է միջազգային, միջպետական, ազգային ստանդարտների փորձաքննությունը.

դ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններում.

ե) մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքներին.

զ) հրատարակում է ազգային ստանդարտները.

է) ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները եւ համակարգում նրանց գործունեությունը.

ը) ստեղծում եւ վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը.

թ) կազմակերպում է ստանդարտացման բնագավառում կադրերի մասնագիտացում եւ վերապատրաստում, համապատասխանության հավաստման բնագավառում՝ մասնագետների համապատասխան ուսուցում եւ որակավորում որպես փ որձագետներ, դրանց արդյունքների հիման վրա նշված բնագավառներում շնորհում է համապատասխան վկայագրեր,

ժ) իրականացնում է ազգային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների, նորմերի եւ հանձնարարականների, ինչպես նաեւ դասակարգիչների, տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը) »։

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են՝

ա) տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված միջազգային, տարածաշրջանային եւ միջպետական տեխնիկական կանոնակարգերի եւ դրանց պահանջների կատարումն ապահովող ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը, ինչպես նաեւ նշված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը,

բ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրում նախատեսված ազգային ստանդարտների մշակումը.

գ) դասակարգիչների մշակումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար այդ կազմակերպություններին անդամավճարների մուծումը.

ե) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծումը եւ վարումը։»։

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում.......
 
 

Հիմնավորում

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է տնտեսության զարգացման ներկայիս պահանջներից, ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հավաստման բնագավառներում կառուցվածքային փոփոխություններից, Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հետո նրա պահանջների կատարումից: Անհրաժեշտություն էր առաջացել նաեւ առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերաբերյալ համաձայնագրի պահանջների համապատասխան դրույթների ամրագրումը, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով որոշ դրույթների ամրագրումը այդ օրենքում:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում ամրագրված է ստանդարտների կիրառման կամավորության սկզբունքը: Տրված է «տեխնիկա-տնտեսական եւ սոցիալական տեղեկատվական դասակարգիչ» տերմինի բնութագիրը, որոշ դեպքերում, կապված դասակարգիչների կիրառումից, նրանց պարտադիր կարգավիճակ տալու անհրաժեշտությունից: Օրենքի նախագծում մանրամասն շարադրված են տեխնիկական կանոնակարգերով սահմանվող ոլորտները եւ այն բոլոր պահանջները ու կանոնները, որոնք անհրաժեշտ են տեխնիկական կանոնակարգերի կիրառման համար: Այդ դրույթները մշակվելիս հաշվի են առնված ԱՀԿ-ի առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերաբերյալ համաձայնագրի եւ Եվրոմիության ապրանքների ազատ շրջանառության խոչընդոտների վերացման նորագույն ուղղությունների «Նոր մոտեցման» եւ «Հիմնարար մոտեցման» փաստաթղթերի պահանջները: Օրենքի նախագծում նախատեսված է նաեւ ՀՀ –ում ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման , ընդունման եւ կիրառման վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից կարգի սահմանման անհրաժեշտությունը: Հաշվի առնելուվ այն հանգամանքը, որ տեխնիկական կանոնակարգերի, որպես պարտադիր նորմատիվային փաստաթուղթ, մշակման խնդիրը պետականորեն կարգավորելու հարց է , որը միեւնույն ժամանակ հիմք է հանդիսանում ոլորտի գործընթացների կարգավորման եւ վերահսկման համար, նախագծում նախատեսված է տեխնիկական կանոնակարգերի մշակման համար պետական ֆինանսավորում:

Օրենքի նախագծում հստակ տարանջատված են բնագավառի Ազգային մարմնի եւ կոնկրետ գործընթացներ իրականացնող կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները: