Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-741-18.09.2020-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի թիվ ՀՕ-200 օրենքի    (այսուհետ` Օրենք) 13.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 13.1. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր՝ նշվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը :»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 13.2-րդ հոդվածով՝

« Հոդված 13.2. Ուսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին: »:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄԱԿ-ի 1966 թվականի «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 27-րդ հոդվածը սահմանում է՝ «Այն երկրներում, որտեղ գոյություն ունեն էթնիկական, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններ, այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժվել այդ նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու եւ դրա ծեսերը կատարելու, ինչպես նաեւ մայրենի լեզվից օգտվելու իրավունքը»:

ՄԱԿ-ը 1992թ-ի դեկտեմբերի 18-ին հրապարակել է «Ազգային կամ էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին» հռչակագիրը՝ հայտարարելով, որ «Պետությունները պետք է պաշտպանեն փոքրամասնությունների ազգային կամ էթնիկ, մշակութային, կրոնական եւ լեզվական ինքնության գոյությունը իրենց համապատասխան տարածքներում եւ խրախուսեն ինքնության պահպանման խթանման համար պայմանները»:

Իսկ «Ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին» 1995թ. Եվրոպայի Խորհրդի Շրջանակային կոնվենցիայով կարգավորվում եւ պարզաբանվում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մշակույթը, էթնիկ, լեզվական եւ կրոնական առանձնահատկությունները պահպանելու եւ զարգացնելու իրավունքները եւ պետությունների պարտավորությունը նպաստելու այդ իրավունքների իրականացմանը: ԵԽ շրջանակային կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետությունը համարվում է մոնոէթնիկ երկիր, չնայած այն հանգամանքին, որ, ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության բնակչության ընհանուր թվի 1,8 տոկոսը կազմում են ազգային փոքրամասնությունները: Հայաստանի Հանարապետությունում ապրում են 11 ազգային փոքրամասնություն՝ եզդիներ, ասորիներ, հույներ, ռուսներ, գերմանացիներ, վրացիներ, քրդեր, լեհեր, ուկրաինացիներ, բելառուսներ եւ հրեաներ:

Ազգային փոքրամասնությունների կարեւորությունը արտահայտվում է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որի   56-րդ հոդվածը սահմանում է.

« 1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային եւ էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով»:

ՄԱԿ-ը 1992թ-ի հռչակագրի արդյունքում 2000 թվականի մարտի 11-ին Երեւան քաղաքում տեղի ունեցավ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների միասնական համագումար: Համագումարի արդյունքում ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային միությունների աշխատանքները համակարգող խորհուրդ (որի կազմում ընգրկվեցին Հայաստանում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցիչ), Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժին, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունները ներկայացնող 4 պատգամավոր: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունները համակարգող խորհուրդը սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոն է անցկացնում:

Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ փաստում ենք, որ աշխարհի տարբեր պետություններում, որպես հիմք ընդունելով ՄԱԿ-ի հռչակագիրը, պաշտոնապես ամրագրված է Ազգային փոքրամասնությունների օր: Մի դեպքում դա հենց ՄԱԿ-ի վերոհիշյալ հռչակագրի օրն է՝ դեկտեմբերի 18-ը (Ռումինիա, Հնդկաստան), մեկ այլ դեպքում՝ ազգային փոքրամասնությունների՝ տվյալ երկրի պատմական կյանքում ունեցած որեւէ վճռորոշ դերակատարման հետ կապված ամսաթիվ (Էստոնիա (սեպտեմբերի 24), Պակիստան (օգոստոսի 11)):

Առաջարկում ենք սեպտեմբերի վերջին շաբաթ օրը այսուհետ ընդգրկել ՀՀ տոնական եւ հիշատակի օրերի ցանկում՝ նշելով որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր:

ՀՀ տոների եւ հիշատակի օրերի ցանկում ներառելով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, մենք կնպաստենք, որ ՀՀ քաղաքացիները եւս մեկ առիթ ունենան ուշադրություն դարձնելու ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանց մշակույթի պահպանմանը, հանրայնացմանն ու տարածմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ ազգային փոքրամասնություններրի մշակույթի եւ սովորույթների որոշ տարրեր առավել հանրային դառնան եւ առավել ընկալելի ու ընդունելի լինեն հասարակության կողմից: Սա իր հերթին կբերի ոչ միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հանդուրժողականության մեծացմանը, այլեւ  նրանց ինքնության պահպանմանը, որը սահմանված է ՀՀ Սահմանադրության 56-րդ հովդածով: 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


17.09.2020թ.

                                                                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                                      ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                                                   ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


  Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքնի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 5 թերթ:
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ`  ԲԱՔՈՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ /043/