Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-195-22.01.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236 օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները» բառերը փոխարինել «այն հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնց կողմից մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը նախորդ օրացուցային տարվա ընթացքում գերազանցել է 58,35 մլն դրամը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1.1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է տարեկան մինչեւ 58,35 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները շրջանառության հարկով հարկման դաշտ բերելու անհրաժեշտությամբ:

1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները շրջանառության հարկով հարման սուբյեկտ չեն, այնինչ այդ կազմակերպություններն իրենց ծառայությունները, որպես կանոն, մատուցում են գրավոր կնքված պայմանագրերի հիման վրա, եւ այստեղ հարկային չարաշահումների հնարավորությունն աննշան է, իսկ եթե այդպիսիք կան, ապա հարկման դաշտը փոխելիս դրանք չեն վերանում: Հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունն առանց դժվարության կարող է մատուցել նաեւ տնտեսագիտական ծառայություն, հարկային խորհրդատվություն, ֆինանսական ծառայություն կամ խորհրդատվություն, ընդհուպ մինչեւ խմբագրական ծառայություն, գործավարություն եւ այլն: Կարող է լինել իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն եւ միաժամանակ մի քանի պայմանագրերով մատուցել նաեւ հաշվապահական ծառայություններ: Դիզայներական ընկերությունը կարող է, օրինակ, մեկ ամիս հաշվապահական խորհրդատվություն մատուցել մեկ այլ դիզայներական ընկերության, ուրեմն այդ մի պայմանագրի պատճառով պետք է նրա ողջ գործունեության հարկման դաշտը փոխվի՞: Օրինակ, Վանաձոր քաղաքում գործող հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունը, որտեղ մի քանի հաշվապահներ են աշխատում, հաշվապահական ծառայություններներ է մատուցում տասնյակ այլ ընկերությունների, եւ որպես փոքր բիզնես, նրա կողմից մատուցված ծառայությունները չեն կարող համեմատելի լինել շրջանառության հարկի մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված մյուս բացառությունների, մասնավորապես, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, ներդրումային ֆոնդերի, ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների, աուդիտորական ընկերությունների ստացած շահույթի ծավալների եւ բնույթի հետ: Նմանատիպ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններին դուրս թողնելով շրջանառության հարկի մասին օրենքի կիրառության դաշտից՝ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը խթանելու փոխարեն խոչընդոտներ են ստեղծվում նշված գործունեությամբ զբաղվող ընկերությունների զարգացման առումով, ինչը բնավ չի բխում Կառավարության 2012-2017 թվականների ծրագրով հռչակված ՓՄՁ-ներին աջակցելու սկզբունքից:

Այս մասով հասկանալի կլիներ, եթե ծառայության, գործարքի տեսակը հարկվեր այս կամ այն հարկատեսակով, ոչ թե «հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունները»:

Հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունները այնպիսի գործունեությամբ են զբաղվում, որ գրեթե ԱԱՀ-ի հաշվանցումներ չեն ունենում (կոմունալ եւ կապի հաշիվները ինքնարժեքի մեջ չնչին են), ինչը նույնպես խոսում է այն մասին, որ նշված ընկերություններին պետք է շրջանառության հարկով հարկվելու հնարավորություն տրվի:

1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Սույն նախագծով առաջարկվում է տարեկան մինչեւ 58,35 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները ներառել շրջանառության հարկով հարկվող հարկման դաշտում:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան են շրջանառության հարկ վճարող սուբյեկտների շրջանակի սահմանման հետ կապված իրավահարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման դեպքում տարեկան մինչեւ 58,35 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները կընդգրկվեն շրջանառության հարկով հարկվող սուբյեկտների շարքում: