Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-725-08.09.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասն առաջին պարբերությունից հետո լրացնել նոր նախադասությամբ.

«Աշխատանքային ստաժը հաստատող սույն մասով սահմանված փաստաթղթերից որեւէ մեկի առկայության դեպքում այլ փաստաթուղթ չի կարող պահանջվել, իսկ ներկայացված փաստաթղթում առկա տեղեկատվությունը գնահատվում է հավաստիության կանխավարկածով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` «Օրենք») լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է վարչարարություն իրականացող մարմինների կողմից Օրենքի 32-րդ հոդվածի մեկնաբանմամբ` ի վնաս աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիների:

Քաղաքացիներից մեծ քանակությամբ դիմումներ են ստացվում առ այն, որ նրանց աշխատանքային ստաժը չի հաշվարկվում պետական մարմինների կողմից, քանի որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մարմիններն աշխատանքային գրքույկից բացի քաղաքացիներից պահանջում են նաեւ աշխատանքային գործունեությունը հավաստող սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր: Նման փաստաթղթեր չներկայացնելու դեպքում էլ ուղղորդում են դատարաններ` հիմնվելով նույն հոդվածի 3-րդ մասի վրա, անհարկի ծանրաբեռնում դատարանները` շատ դեպքերում իմանալով հանդերձ, որ քաղաքացիները որեւէ արդյունքի չեն հասնելու այն պարզ պատճառով, որ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն նրանք հիմնականում օբյեկտիվորեն չունեն:

Սակայն պետական մարմիններն անտեսում են այն կարեւոր հանգամանքը, որ Օրենքը չի պահանջում լրացուցիչ փաստաթղթեր` աշխատանքային գրքույկից զատ, աշխատանքային ստաժը հաստատելու համար: Այն սահմանում է, որ այն դեպքում, երբ 1992-2013թթ. համար չներկայացվի աշխատանքային գրքույկ, ապա բավարար կլինի նաեւ աշխատանքային գործունեությունը հավաստող սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը:
Ավելին, քաղաքացիները երբեմն օբյեկտիվորեն հնարավորություն չունեն ներկայացնելու այդ փաստաթղթերը, որովհետեւ, օրինակ, այն կազմակերպությունը, որտեղ իրենք աշխատել են, լուծարվել է, օրենքի խախտմամբ չի վճարել անձի սոցիալական վճարները, մինչդեռ, անձը գրանցված բարեխիղճ աշխատող է եղել կամ արխիվային փաստաթղթերը չեն պահպանվել:

Այս բոլոր դեպքերում էլ բացակայում է անձի մեղքը, եւ այդ քաղաքացին չպետք է վնաս կրի ոչ իր մեղքով կատարված գործողությունների կամ անգործության համար` զրկվելով բարեխիղճ աշխատանքի դիմաց իրեն հասանելիք աշխատանքային ստաժի հաշվարկումից եւ  կենսաթոշակից:

Նման երեւույթների բացառման պարտավորության հասցեատերը պետությունն է, վերջինն էլ պետք է կրի նման իրավիճակների բացասական հետեւանքների բեռը, այլ ոչ թե քաղաքացին:

Ավելին, եթե կասկած կա, որ քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթում կարող են անճշտություններ լինել, ապա պետությունը պետք է առաջնորդվի հավաստիության կանխավարկածով:

Հավաստիության կանխավարկածը սահմանված է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում`

1. Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն եւ իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:

2. Անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:
Այսպիսով, տարակարծություններից խուսափելու եւ օրենքում արտահայտված իրավունքի միատեսակ կիրառման համար առաջարկում ենք հստակեցնել Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ո Ր Ո Շ Ու Մ

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը` Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2020 թվականի _____________ ____-ի  նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 
 

____ սեպտեմբերի, 2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա'ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են`

- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին.

- նախագծի ընդունման հիմնավորումը.

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծն օրենքով սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` ____ թերթ:
 
 
Հարգանքով`  ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ