Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-722-03.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1823 հոդվածում`

1) 1-ին մասում «առաջացնում է» բառերից հետո լրացնել «նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում».

2) 1.1 մասում «ընթացքում» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից սահմանված» բառերը, իսկ «առաջացնում է» բառերից հետո լրացնել «նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում».

3) 2-րդ մասում «առաջացնում է» բառերից հետո լրացնել «նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում».

4) 3-րդ մասում «առաջացնում է» բառերից հետո լրացնել «նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում».

5) 4-րդ մասում «առաջացնում է» բառերից հետո լրացնել «նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում».

6) 5-րդ մասում «առաջացնում է» բառերից հետո լրացնել «նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում».

7) 7-րդ մասում «առաջացնում է» բառերից հետո լրացնել «նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում».

8) 8-րդ մասում «առաջացնում է» բառերից հետո լրացնել «նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում».

9) 10-րդ մասում «առաջացնում է» բառերից հետո լրացնել «նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում»:

Հոդված 2.

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ օրենգրքի 1823 հոդվածով նախատեսված արարքները (բացառությամբ 6-րդ եւ 9-րդ մասերով սահմանված դեպքերի) կատարելու դեպքերում համապատասխան վարչական ակտերը վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից ենթակա են անվավեր ճանաչման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերանայվող վարչական ակտերի վարչական վարույթի ընթացքի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՕ-41-Ն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնները:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Նախագիծը մշակվել է արտակարգ դրության պայմաններում նշանակված տուգանքների վերաբերյալ բազմաթիվ քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների բարձրացված խնդիրները «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի կողմից:

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. 11.03.2020թ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր տեսակի կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ է հայտարարել:

2. ՀՀ Կառավարությունը արտակարգ իրավիճակի հիմքով 16.03.2020թ N 298-Ն որոշումով Հայաստանի Հանրապետությունում հայտարարեց արտակարգ դրություն, որը շարունակվում է սույն նախագիծը ներկայացնելու պահին: Որոշման 2-րդ կետի համաձայն արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն (այսուհետ` պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ է նշանակվել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը (այսուհետ` Պարետ):

3. Նկատի առնելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի պահանջները (մասնավորապես` օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերի համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների), ՀՀ կառավարությունը 16.03.2020թ. N 298 որոշման 7-րդ կետով հաստատեց հավելված, որով սահմանեց`

ա) Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները (տեղաշարժման հատուկ ռեժիմ), զննումները, ինչպես նաեւ ինքնամեկուսացում կիարառելու նպատակով` անձանց հայտնաբերումը եւ ինքնամեկուսացման կամ ազատ տեղաշարշվելու իրավունքի սահմանափակման նկատմամբ հսկողության իրականացումը էլեկտրոնային եղանակով, բ) Անձանց սեփականության իրավունքի սահմանափակումները:

գ) Հավաքներ, գործադուլներ եւ այլ միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները:

դ) Առանձին հաստատություններում սահմանափակումները:

ե) Տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ սահմանափակումները:

4. Պարետի 17.03.2020թ. N2 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվեցին սահմանափակումներ, դրան հաջորդած ժամանակահատվածում Պարետի երեք տասնակից ավելի նորմատիվային բնույթի որոշումներով տարբեր փոփոխությունների եւ լրացումների ենթարկվեցին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (այդ թվում` տնտեսավարող սուբյեկտների) բազմաթիվ իրավունքներ եւ ազատություններ: Այդ թվում, Պարետի 24/03/2020թ N 16 որոշմամբ սահմանվեցին ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ, որոնք հետագայում արտահայտվեցին Պարետի զուտ ըստ նորմատիվ-իրավական ակտի համարների փոփոխության ենթարկված այլ որոշումներում: 2020թ հունիսի 5-ից պարետի կողմից սահմանվեց հանրային բաց վայրերում դիմակ կրելու պարտադիր պահանջ, որը թեեւ տարբեր վերայանումների է ենթարկվել, սակայն այս պահին ամրագրված է Պարետի 18.08.2020թ. N 253 որոշման մեջ:

5. Արտակարգ դրություն հայտարարելուն զուգընթաց սկսեց կիրառվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ օրենգրքի 1823 -րդ հոդվածը, որով պատասխանատվություն է նախատեսված արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած անձանց համար:

6. Արտակարգ դրություն հայտարարելուց հետո այս հոդվածում առ այս պահը զուգընթաց արտակարգ դրության իրավական ռեժիմի տարբեր կանոնների փոփոխության, կատարվել է երկու լրացում եւ փոփոխություն: Այսպես, ՀՀ ԱԺ կողմից 23.03.2020թ. ընդունված ՀՕ-144-Ն օրենքով պատասխանատվություն սահմանվեց 2 խախտումների համար` լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու, ինչպես նաեւ հոդվածը լրացվեց 10-րդ մասով, որով վարչական զանցանք եւ տուգանքի տեսքով վարչական պատասխանատվություն նախատեսվեց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար: ՀՀ ԱԺ կողմից 19.05.2020թ. ընդունված ՀՕ-265-Ն օրենքով նույն հոդվածը լրացվեց 1.1 մասով` արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելու համար սահմանելով վարչական պատասխանատվություն, ինչպես նաեւ փոփոխություն կատարվեց 10-րդ մասում, որտեղից հանվեց «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները» արտահայտությունը:

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենգրքի 1823 -րդ հոդվածի կիրառման արդյունքում 16.03.2020թ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 18.08.2020թ. դրությամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 82116 որոշում, որոնցից 71113-ը դիմակ չկրելու համար: Ընդ որում, 14.08.2020թ. դրությամբ պետական բյուջե է վճարվել ընդամենը 11300000 դրամ: Ինչպես նշում է ոստիկանությունը, նշանակված մի շարք տուգանքներ էլ ենթակա են վերանայման` նկատի առնելով ՀՀ ԱԺ կողմից 19.05.2020թ. ընդունված ՀՕ-265-Ն օրենքի հետադարձ ուժի նորմը:

8. Այսպիսով, նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում բազմահազար ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության: Վերլուծելով ստեղծված վիճակը կարող ենք արձանագրել հետեւյալ խնդիրները.

ա) Միաժամանակ տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրությունների, կարանտինային ռեժիմների եւ արտակարգ իրավիճակների հետեւանքով ամբողջ աշխարհում սկսվել է տնտեսական ճգնաժամ, ինչը, ցավոք սրտի անդրադարձել է նաեւ ՀՀ-ի վրա`սահմանափակելով կամ առհասարակ դադարեցնելով մեծ թվով քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների եկամուտները եւ շահույթը: Այսինքն, համավարակի պատճառով բնակչությունն արդեն իսկ կրում է համավարակի սոցիալ-տնտեսական ծանր բեռը, որին ավելանում են մեծածավալ տուգանքները` առավել ծանրացնելով նրանց վիճակը:

բ) Արտակարգ դրության պայմաններում սահմանված բազմաթիվ սահմանափակումներ խնդրահարույց են իրենց իրավաչափության տեսանկյունից: Հաճախակի են դեպքերը, երբ առանձին պաշտոնատար անձինք ակնհայտ դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից (մասնավորապես` մի շարք դեպքերում Պարետը Սահմանադրությամբ եւ օրենքներով չունենալով համարժեք լիազորություններ, սահմանափակել է մարդու ազատ գործելու իրավունքը, արգելափակել է տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունությունը, իսկ ոստկանությունն իր մի շարք գործողություններում կիրառելով անհամաչափ ուժ, առաջադրել է ապօրինի պահանջներ եւ այլն): Այսպես օրինակ, ոչ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով եւ ոչ էլ ՀՀ կառավարության 16.03.2020թ N 298-Ն որոշմամբ չի սահմանափակվել ՀՀ սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված մարդու ազատ գործելու իրավունքը (որի համաձայն «ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»), սակայն Պարետի որոշմամբ սահմանվել է դիմակ կրելու պարտականություն (ըստ էության այն ներկայացվելով որպես ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածով սահմանված ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում): Վերջին պահանջն էլ հիմք է հանդիսացել ոստիկանության կողմից հաճախ կոշտ միջոցների եւ վարչական տուգանքների կիրառման համար: Նման վարքագիծը ոչ միայն թուլացնում է համավարակի դեմ համակարգային եւ գիտակցված պայքարի արդյունավետությունը, այլեւ ստեղծում է պետությունից քաղաքացու օտարածվածության զգացում, իրավունքի գերակայության սկզբունքի անտեսում եւ իրավական պետության նկատմամբ անվստահություն:

գ) Համավարակի տարածման դեմ պայքարի լավագույն միջոցներից է քարոզչութմաբ հանրային գիտակցության բարձրացումն ու դրան ապավինելը: Ըստ էության ներկայումս այս գիտակցումը ակնհայտորեն առկա է եւ հավելյալ անհամաչափ վարչարարությունը կարող է թողնել հակադարձ ազդեցություն: Օրինակ` դիմակ կրելու կարեւորությունը, որը թեեւ միջազգային մակարդակով (հատկապես առողջապահական տեսանկյունից) նույնիսկ միանշանակ չի ընդունվում, սակայն ներկայումս այն իր բավարար ըմբռնումն ստացել է հանրության լայն շրջանում: Ուստի բոլոր դեպքերում դիմակ կրելը տուգանքի սպառնալիքով պարտադրելը` առանց հաշվի առնելու միջավայրի ռիսկայնությունը, առաջացնում է հակադրություն ողջամտության եւ ձեւական պահանջի միջեւ: Իսկ երբ այդ հակադրությունը ուղեկցվում է տուգանելու սպառնալիքով կամ ոստիկանության կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ կամ բերման ենթարկելու գործողությամբ, այն փոխում է նաեւ մարդկանց պատկերացումը դիմակի կարեւորության մասին: Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ արտակարգ դրության պայմաններում մի քանի տասնյակ անգամ փոփոխվող սահմանափակումների ներկայացումը հաճախ ուղեկցվում էր իրարամերժ հայտարարություններով, ակնհայտ է դառնում, որ սահմանափակումների ոչ միատեսակ ներկայացման խնդիրը դառնում էր քաղաքացիների կողմից ցուցաբերվող տարբեր վարքագծերի պատճառ:

ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմահազար որոշումներն ու դրանց կատարումը պահանջում է նաեւ մեծաքանակ ռեսուրսների ծախս (պետական ֆինանսական միջոցներ, վարչական եւ դատական մարմինների ավելորդ ծանրաբեռնվածություն, իրավունքների պաշտպանության համար քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից ծախսվող միջոցներ, ժամանակի կորուստ եւ այլն): Հետեւաբար սրանք հավելյալ ծախսեր են, որոնք այս պարագայում դառնում են ավելորդ եւ էլ ավելի են խորացնում համավարակի սոցիա-տնտեսական հետեւանքները:

ՆԱԽԱԳԾՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Նախագծով առաջարկվում է կատարել շտկում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, մասնավորապես 182.3 հոդվածի 1-ից 10-րդ մասերում, բացառությամբ 6-րդ եւ 9-րդ մասերի, առաջարկվում է վարչական զանցանք առաջանող արարքների համար սահմանել նախ նախազգուշացում հետո նոր կիրառել տուգանք: Բացի այդ 1.1 մասում առաջարկվում է հստակեցնել, որ խախտում են համարվում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու այն պայմաններն ու պահանջները, որոնք սահմանված են լիազոր մարմնի կողմից:

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է մինչեւ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերը իրավասու մարմինների միջոցով ճանաչել անվավեր: Այս լուծումը հիմնված է հետեւյալ իրավական հիմքերի վրա.

1. Նախ ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

2. Երկրորդ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաեւ այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա:

3. Երրորդ. ինչպես վերը փաստվեց մի շարք վարչական տույժի միջոցներ կիրառվել են օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հիմքով: Իսկ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով.»

Միաժամանակ, քանի որ անձանց նկատմամբ նշանակված տուգանքները օրենքի սխալ կիրառման եւ մեկնաբանման արդյունք են, նախագծով առաջարկվել է կիրառել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը, որի համաձայն`«Անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետեւանքների: Սակայն եթե մինչեւ ոչ իրավաչափ վարչական ակտի անվավեր ճանաչելը դրա կատարման կամ կիրառման հետեւանքով որեւէ անձի կամ Հայաստանի Հանրապետությանը կամ որեւէ համայնքի վնաս է պատճառվել, ապա դա ենթակա է հատուցման սույն օրենքի VII բաժնի դրույթներին համապատասխան:»

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման դեպքում պետությունը իր հոգածությունը ցույց կտա ավելի քան 82000 քաղաքացու եւ իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաեւ կվերականգնվի օրենքի սխալ կիրառման արդյունքում խարխլված արդարության եւ օրինականության սկզբունքները, կվերականգնվի քաղաքացիներին անվավեր վարչական ակտի կատարման կամ կիրառման հետեւանքով հասցված վնասը, միաժամանակ եւս մեկ անգամ կապացուցվի իրավունքի գերակայությունը ՀՀ-ում:
Միաժամանակ, ակտերի անվավեր ճանաչմամբ կբեռնաթափվի թե' վարչարարություն իրականացնող մարմինը`ոստիկանությունը, թե' վարչական դատարանը, քանզի վարչական պատասխանատվության ենթարկված անձինք ըստ վերադասության գանգատարկման եւ կամ վարչական դատարան դիմելու միջոցով ձեռնամուխ են լինում իրենց սահմանադրական իրավունքների պաշպանությանը, ինչը հավելյալ բեռ է հանդիսանում պետական մարմինների եւ քաղաքացիների համար: Ընդորում` եւ' վերադասության կարգով բողոքարկումը, եւ' դատարան դիմելը եւ դատաքննություն անցկացնելը ենթադրում են որոշակի ծախսեր, որոնք եւս չեն կատարվի, այսինքն պետությունը եւ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք կխնայեն ռեսուրսներ սույն նախագծի ընդունման դեպքում:

Սա վերաբերում է նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, որը, քաղաքացու կողմից տուգանքը կամովին չվճարելու դեպքում, նույնպես ծանրաբեռնվում է լրացուցիչ աշխատանքով:

Հատուկ ընդգծման է արժանի նաեւ այն փաստը, որ սույն նախագիծը համահունչ է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին, որի համաձայն`«Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:»

Տվյալ դեպքում արտակարգ դրության ռեժիմը խախտած անձանց պատասխանատվության ենթարկելը կրում է առողջության պահպանման նպատակ, ինչը արտացոլված է նաեւ 16.03.2020թ «Հայաստանի հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ:

Առհասարակ պատասխանատվությունը ժամանակակից աշխարհում ունի երկու նշանակություն`կանխարգելող եւ ուղղիչ: Ժողովրդավարական երկրներում առավել կիրառելի է պատիժը`որպես կանխարգելիչ`պրեվենտիվ նշանակություն ունեցող պետական հարկադրանքի միջոց, ինչը առավել ցայտուն է դրսեւորվում քրեական պատասխանատվության հարցերում. Մասնավորապես առկա են այնպիսի իրավական մեխանիզմներ, ինչպիսիք են պատիժը մեղմացնող հանգամանքների հաշվի առնելը, վաղաժամկետ ազատ արձակելը, պատիժը պայմանական կիրառելը, պատժից ազատելը եւ այլն:

Վարչական իրավահարաբերություններում եւ զանցանքների համար պատասխանատվություն կիրառելիս կան նույնանպատակ միջոցներ, օրինակ`«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով նախատեսված Նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը:

Ընդորում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմված 82116 որոշումներում առկա են նաեւ այնպիսի դեպքեր, երբ խախտումը կրում է զուտ ձեւական բնույթ, այսինքն չի հանգեցրել որեւէ հետեւանքի (անձը գիշերը միայնակ կամ իր ընտանիքի անդամի հետ դիմակ չի կրել, երբ պահանջված սոցիալական հեռավորության վրա ոչ ոք չկա կամ խախտումը պայմանավորված է որեւէ ծայրահեղ անհրաժեշտ գործողություն կատարելու փաստով եւ այլն):

Մինչդեռ այսպիսի դեպքերում պատասխանատվության նշանակումը արդեն իսկ կատարել է իր պրեվենտիվ ֆունկցիան, քանի որ նման դեպքերում պատասխանատվության կիրառման մեջ է կայանում կանխարգելիչ նշանակությունը, ոչ թե դրա պարտադիր կատարման`տուգանքի վճարման/բռնագանձման մեջ:

Հետեւաբար սույն նախագծով կապահովվի նաեւ այդ արդյունքը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

02/09/2020թ.
ՈՐՈՇՈՒՄ N 41/20

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին եւ 67-րդ հոդվածի 1-ին մասերով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասը` ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան խմբակցությունը»

Որոշեց`

ՀՀ Ազգային ժողովի նախագահին ներկայացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ  ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

02/09/2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին եւ 67-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Իվետա Տոնոյան)

բ) խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով` ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ