Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-185-21.12.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1.1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն փաթեթի ընդունումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը բարեփոխելու եւ տեղական ժողովրդավարության զարգացման նպատակով:

1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով նախատեսվում էր՝

«Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, առնվազն մեկ տարի տվյալ համայնքի բնակիչ համարվող Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:

Համայնքի ղեկավարը պետք է ունենա միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն: Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:»

2006 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին սահմանեց՝

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ մասի վերջին նախադասությունը:

Այսպիսով, գործող օրենքի 24-րդ հոդվածն այսօր ունի հետեւյալ բովանդակությունը՝

«Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:»

1999 թվականի փետրվարի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում (ուժը կորցնելու ամսաթիվը՝ 2011 թվականի հունիսի 26) 2005 թվականի մայիսի 19-ին փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի (դ) կետով 123-րդ հոդվածում ավելացվեց հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետ.

«9. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում:»

2006 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվեց. «Օրենսգրքի 123-րդ հոդվածում 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել»:

Հայաստանի Հանրապետության նոր (գործող) ընտրական օրենսգրքում նման սահմանափակում իսկզբանե չի եղել եւ այս պահի դրությամբ այդ մասով լրացում/փոփոխություն չի կատարվել:

Այլ երկրներում նախատեսվում են պաշտոնավարման ժամկետի տեւողության եւ/կամ քանակի սահմանափակումներ սահմանադրության կամ օրենքի մակարդակով:

Այսպես, Ֆիլիպինների Սահմանադրության (1987թ.) X հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ընտրովի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձնաց պաշտոնավարման ժամկետը 3 տարի է եւ այդպիսի պաշտոնատար անձը չի կարող անընդմեջ 3 անգամից ավելի պաշտոնավարել:

Միացյալ Նահանգների Նյու-Յորք քաղաքում (համարվում է ԱՄՆ ամենամեծ մունիցիպալիտետը՝ 50 մլրդ դոլար տարեկան բյուջեով) 2010թ. նոյեմբերի 2-ի հանրաքվեով որոշվեց նախկինում ընդունված 3 անգամ անընդմեջ ընտրվելու՝ քաղաքապետի /Mayor/ իրավունքի փոխարեն սահմանել 2-ը: Այսպիսով, ներկայիս Նյու-Յորքի քաղաքապետը պաշտոնավարելու է եւս 2 անգամ անընդմեջ վերընտրվելու իրավունքով, իսկ հաջորդ քաղաքապետից սկսած՝ 1 անգամ (New York City Charter):

Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ) նույն անձը չի կարող քաղաքապետ չի կարող ընտրվել 3 անգամ անընդմեջ:

Հյուսթնում (Թեքսաս նահանգ) պաշտոնավարման ժամկետը 2 տարի է, կարելի է անընդմեջ առաջադրվել 3 անգամ, Սան-Անոնիո եւ Թեքսաս քաղաքներում՝ 4 անգամ:

Ցինցինատիում (Օհայո) նույն քաղաքապետը կարող է պաշտոնավարել 2 անգամ ընդընդմեջ՝ յուրաքանչյուր անգամ 4 տարով: Նույն կարգն է գործում Ֆրեդերիկում (Կոլորադո):

Յունիոն Սիթիում (Կալիֆորնիա) ուղղակի ընտրությունների միջոցով ընտրված քաղաքապետը պաշտոնավարում է 4 տարի եւ կարող է անընդմեջ առաջադրվել ոչ ավելի, քան 3 անգամ: Անընդմեջ 3-անգամյա պաշտոնավարումից հետո նույն անձը կարող է կրկին առաջադրվել միայն 2 տարի անց:

Կլովիս քաղաքի (Նյու Մեքսիկո) կանոնադրությունը (Charter for the City of Clovis) սահմանել է, որ 2 անգամ հաջորդաբար պաշտոնավարած քաղաքապետը չի կարող կրկին դնել իր թեկնածությունը, քանի դեռ իր պաշտոնավարումից հետո 1 լրիվ պաշտոնավարման ժամկետ չի լրացել:

Իրվինում (Կալիֆորնիա նահանգ) քաղաքի կանոնադրության 4-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքապետն ընտրվում է 2 տարով: Նույն անձը չի կարող պաշտոնավարել ավելի, քան 2 անգամ անընդմեջ:

Ջեքսոնվիլում (Ալաբամա) քաղաքապետը եւ քաղաքային խորհրդի անդամները պաշտոնավարում են 4 տարի: Քաղաքապետը կարող է վերընտրվել միայն մեկ անգամ անընդմեջ: 2 անգամ անընդմեջ պաշտոնավարած քաղաքային խորհրդի անդամը կարող է առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, սակայն 2 անգամ անընդմեջ պաշտոնավարած քաղաքապետը չի կարող առաջադրվել որպես քաղաքային խորհրդի անդամ:

2012 թվականի Սեպտեմբերի 9-ին Հանրապետության 482 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 380 համայնքում համայնքի ղեկավարներ են ընտրվել: Ընտրությունների արդյունքում 84 համայնքներում ընտրվել են ոչ գործող համայնքապետերը, որից 41-ը սեփական կամքով չեն մասնակցել ընտրություններին, իսկ 43-ը` պարտվել են:

Այսպիսով, 296 համայնքներում ընտրվել են գործող համայնքի ղեկավարները, որոնցից շատերը, եթե ոչ կեսից ավելին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել են անընդմեջ երկու անգամից ավելի:

Պաշտոնում անընդհատ վերընտրվելու հնարավրության սահմանափակումն ունի կարեւոր նշանակություն հատկապես հետեւյալ հարթություններում.

1. Այդպիսով ավելանում է ընտրարշավի ժամանակ մրցակցելու հնարավորությունը

2. Նոր հնարավորություններ ազգային փոքրամասնությունների համար

3. Վերընտրվելու հնարավորության սահմանափակման շնորհիվ արդեն իսկ մի քանի անգամ պաշտոնավարած համայնքի ղեկավարը տեղը զիջում է հասարակ մարդկանց, ովքեր առավել քաջատեղյակ են տվյալ պահի իրական խնդիրների մասին, այդպիսով նաեւ հանրային կարծիքն առավելագույն չափով ներդաշնակվում է քաղաքական ընթացքին

4. Նպաստում է նոր մտքերի ու թարմ հայացքների ներգրավմանը՝ բնականաբար կախված նրանից, թե ով է գալիս փոխարինելու նախկին ղեկավարին, տեղական մակարդակում նոր մարդկանց նոր գաղափարներ իրացնելու եւ նոր քաղաքականություն վարելու հնարավորություն:

Վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ պետք է նույն անձի համայնքի ղեկավարի պաշտոնում անընդմեջ երկու անգամից ավելի ընտրվելու արգելքը վերականգնվի, որովհետեւ նույն անձի անսահմանափակ ընտրվելու հնարավորությունը վտանգում է ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակում: Այս առաջարկությունը նաեւ համահունչ է համայնքների խոշորացման բարեփոխման հետ:

1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի սույն փաթեթով առաջարկվում է սահմանափակել համայնքի ղեկավարի՝ անընդմեջ 2 անգամից ավելի ընտրվելու հնարավորությունը:

2. Կարգավորման առարկան. Փաթեթի կարգավորման առարկան է համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու հնարավորության սահմանափակման հետ կապված իրավահարաբերությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Սույն փաթեթի ընդունման արդյունքում կսահմանափակվի նույն անձի՝ համայնքի ղեկավարի պաշտոնում 2 անգամից ավելի անընդմեջ առաջադրվելու հնարավորությունը: