Armenian ARMSCII Armenian
Կ-718-01.09.2020-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը լրացնել նոր ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«ժգ.  հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տեսներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը եւ առկա վիճակը.

2015 թվականի ՀՀ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ նախագահի եւ պետական կառավարման համակարգի մարմինների` հատկապես ՀՀ կառավարության կարգավիճակի եւ լիազորությունների շրջանակի փոփոխությամբ պայմանավորված օրենսդրական դաշտում ի հայտ են եկել մի շարք օրենսդրական բացեր` հարաբերություններ, որոնք օրենսդրական կարգավորման չեն ենթարկվում, այնուամենայնիվ էական ռազմավարական նշանակություն ունեն: Հատկապես, անհրաժեշտ է նշել, որ նախկին Սահմանադրության պայմաններում զորահավաքային նախապատրաստական տարբեր աշխատանքների ընթացքում հաստատման ենթակա պլանները եւ կարգերը հաստատվում էին ՀՀ նախագահի հրամանագրերով, իսկ գործող Սահմանադրական փոփոխություններով ՀՀ նախագահին վերապահված են իրավասություններ, որոնց շրջանակից դուրս է մնում վերոգրյալ հարցերին լուծում տալու իրավասությունը:

2. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Հիմնվելով վերոնշյալի վրա, կատարված փոփոխությունների համատեքստում օրենսդրորեն ամրագրելու, գործող իրավակարգավորումներին համապատասխանեցնելու եւ անհրաժեշտ պլանների հաստատման համար իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել: Առաջարկվող փոփոխությամբ վերահաստատվում է եւ օրենքով ամրագրվում է այն, որ ՀՀ կառավարության հաստատմանն է ենթակա նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը:

Առաջարկվող կարգավորմամբ լրացում է կատարվելու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում, որը վերաբերում է պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորություններին: Վերոնշյալ լրացման ընդունման արդյունքում` կկարգավորվեն հարաբերություններ, որոնց կարգավորումը մինչ այս բացակայում էր, եւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հետայսու կհաստատվի ՀՀ կառավարության կողմից` ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված 7-րդ հոդվածով:

3. Իրավական ակտը մշակող մարմինը

Նախագիծը մշակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

27 օգոստոսի 2020 թվականի  N  1397  - Ա  
 
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 73-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 28
          Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

28 օգոստոսի 2020 թվականի  N  987   - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 28
          Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1397-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
 
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ