Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7161-26.08.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 123. Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելը

1. Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒ  ԻՄՈՒՆԱՅԻՆ  ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՎԻՐՈՒՍԻՑ  ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, հիշյալ ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին եւ մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու եւ, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

1.1 «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրպետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.

Գործող Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, իսկ 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն, ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից պարտադիր կարգով կատարվում է կրկնակի հետազոտություն: Վերջին տարիների ընթացքում առողջապահության համակարգում կուտակվել են ոլորտի ներդաշնակ զարգացումը կանխորոշող մի շարք լուրջ հիմնախնդիրներ: Անհրաժեշտություն է առաջացել օպտիմալացնել համակարգը, միաժամանակ ապակենտրոնացնել եւ այդպիսով բնակչության համար առավել հասանելի դարձնել հիվանդությունների ակտիվ հայտնաբերման, վաղ ախտորոշման եւ շարունակական` երկարատեւ բուժման ծառայությունները` զուգակցելով դրանք համակարգի կառավարման եւ բուժօգնության որակի վերահսկման մեխանիզմների համարժեք ուժեղացմամբ: Նույն մոտեցումը ամրագրում է նաեւ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին քաղաքական հռչակագիրը», ըստ որի` երկիրը պետք է հաղթահարի իրավական ու ցանկացած այլ պատնեշ, որը կխոչընդոտի ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, վարակակիրների խնամքի եւ աջակցության հասանելիությանը` միաժամանակ պաշտպանելով մարդու իրավունքները:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել գործող Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել, իսկ 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, որով մասնավորապես իրավական դաշտ է ապահովվում համապատասխան ներուժ ձեւավորելով` վարակի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման եւ մոնիթորինգի միջոցառումները ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից բացի, նաեւ այլ բժշկական կազմակերպությունների կողմից իրականացման համար, ինչն էականորեն կազդի մատուցվող ծառայությունների հասանելիության վրա:

Մեկ այլ խնդիր է ՄԻԱՎ վարակակիր եւ ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը եւ դրա փոխանցումը, որը գործող Օրենքով կարգավորված չէ:

«Բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից: ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելու համար: Բժշկական տեսանկյունից գաղտնի համարվող տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն դատարանի (դատավորի), դատախազի, նախաքննության, ինչպես նաեւ այլ իրավասու մարմինների պահանջով` օրենքով սահմանված կարգով: Սակայն հարկ է նկատել, որ ՀՀ օրենսդրությունը չի կարգավորում բժշկական գաղտնիքի ապահովմանն առնչվող բոլոր հարցերը` առաջացնելով  որոշ բացեր: Նախագծով անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը, ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրելու դեպքերը, ինչպես նաեւ բուժանձնակազմի կողմից ՄԻԱՎ վարակակիր եւ ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բժշկական տեղեկությունների գաղտնիության պահպանման եւ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների փոխանցմանը ներկայացվող պահանջների շրջանակները:

Օրենքի նախագծում առկա են միեւնույն հասկացությունների տարբեր ձեւակերպումներ: Հետեւաբար հակասություններից խուսափելու նպատակով եւ օրենսդրական ակտին ներկայացվող տեխնիկայի կանոններին համապատասխան` վերջիններս փոխարինվել են միեւնույն ձեւակերպմամբ:

1.2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) բխում է ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներից, համաձայն որոնց, ՄԻԱՎ-ի բացահայտման, ներգործության եւ փոխանցման նկատմամբ քրեական իրավունքի նորմերի կիրառումը առաջացնում է խնդիրներ ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ հանրային առողջապահական տեսակետից: Միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ չկան որեւէ ապացույցներ, որ քրեական իրավունքի նորմերի կիրառումը հանդիսանում է արդյունավետ միջոց ՄԻԱՎ-ի կանխարգելման համար: Ավելին` ապացուցված է հակառակը, այն է` քրեական պատասխանատվության շրջանակներում ամրագրված դրույթները խոչընդոտ են ՄԻԱՎ-ի նկատմամբ թեսթավորում անցնելու, կարգավիճակի բացահայտման, համապատասխան բժշկական օգնության դիմելու համար: Ներկայումս ՄԻԱՎ-ի համար նախատեսված ժամանակակից դեղերը եւ բուժումը միանշանակ թույլ են տալիս ՄԻԱՎ-ի փոխանցումը դարձնել անհնար եւ այս տրամաբանության մեջ գործող քրեական օրենսգրքում ամրագրված դրույթները չեն արտացոլում եւ ապահովում փոխարժեք ներգործության միջոցներ: Չնայած կան կարծիքներ նաեւ, որ ՄԻԱՎ-ի փոխանցման նկատմամբ քրեական օրենսդրությամբ ամրագված պատասխանատվության միջոցների կիրառումը կարող է լուծել մի շարք հանրային առողջապահական խնդիրներ, սակայն դա այդպես չէ: Ավելին` ՄԻԱՎ-ի փոխանցման քրեականացումը, որպես նոր դեպքերի կանխման եւ համաճարակային կայուն իրավիճակի ապահովման հիմք, համարվում է ոչ ճկուն գործիք եւ առոչինչ է դարձնում ՄԻԱՎ-ի հակազդմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը:

Ելնելով վերը նշվածից` ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրն առաջարկում է երկրներին վերանայել իրենց քրեական օրենսդրությունը` սահմանափակելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված եւ դիտավորությամբ, որի արդյունքում այդ վարակը փոխանցում է այլ անձանց:

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը կոչ է անում չկիրառել քրեական պատասխանատվություն հետեւյալ դեպքերի համար.

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը պետություններին առաջարկում է նաեւ խուսափել ՄԻԱՎ վարակի հետ կապված հատուկ հոդվածներ սահմանելուց, իսկ կանխամտածված վարակման դեպքում կիրառել ընդհանուր քրեական հոդվածները: Այն դեպքում, երբ բռնությամբ ուղեկցված իրավախախտումը հանգեցնում է ՄԻԱՎ վարակի փոխանցման կամ ստեղծում է փոխանցման մեծ վտանգ, ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը կարող է համարվել ծանրացուցիչ հանգամանք, եթե տվյալ անձն իրավախախտում կատարելիս իմացել է իր կարգավիճակի մասին:

ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի առաջինն մասով սահմանված է պատասխանատվություն մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելու դեպքում:

Պետք է նշել, որ.

1) նշված հոդվածի առաջին մասի հիմնավորվածությունը վիճելի է եւ անորոշ է սահմանում արարքի կանխատեսելիությունը եւ կանխամտածվածությունը` մեղադրական դատավճռի հիմնավորման համար, քանի որ այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը հստակ չի մեկնաբանում պատասխանատվության ենթակա դեպքերը եւ երկակի մեկնաբանման հնարավորություն է տալիս: «Ակնհայտ վտանգի ենթարկել» կարող է դիտվել ցանկացած գործողություն, որի հետեւանքով տեսականորեն մարդը կարող է վարակվել ՄԻԱՎ-ով,

2) նույն հոդվածի 1-ին մասը չի նախատեսում մեղքի այն ձեւը, որի դեպքում անձը ենթակա է պատասխանատվության,

3) անկախ այն հանգամանքից, թե անձն այլ անձի վարակելու ակնհայտ վտանգի է ենթարկել դիտավորությամբ, թե անզգուշությամբ` ենթակա է քրեական պատասխանատվության, անկախ այդ արարքի արդյունքում առաջացող հետեւանքներից: Այսինքն, եթե նույնիսկ «այլ անձը» չի վարակվել մարդու իմունային անբավարարության վիրուսով, այդուհանդերձ «վարակելու ակնհայտ վտանգի ենթարկող» անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

Մարդու իրավունքների ընդլայնման, մասնավորապես` ՄԻԱՎ-ի փոխանցման քրեականացման դաշտում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը շեշտադրվում է նաեւ 2016 թվականի հուլիսին ՄԱԿ-ի գործադիր տնօրեն Մայքլ Սիդիբեի կողմից ՀՀ վարչապետին ուղղված պաշոնական գրության մեջ, որտեղ, մասնավորապես, առաջարկվում է քրեական օրենսգրքից հանել ՄԻԱՎ-ի ոչ կանխամտածված փոխանցման համար քրեական պատասխանատվության սահմանումը` այն պահպանելով միայն դիտավորությամբ վարակելու դեպքերում, ինչը դրական կանդրադառնա երկրում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման եւ բուժման ծառայությունների ընդլայնման գործընթացի վրա:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

2.1 «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրպետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.

1) Օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը` համաձայն որի «Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը», իսկ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է գործող Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հնարավորություն ընձեռելով, որպեսզի վարակի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման եւ մոնիթորինգի միջոցառումները, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության դրական արդյունքի դեպքում` կրկնակի բժշկական հետազոտությունները կատարվեն նաեւ այլ բուժհաստատություններում:

2) Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է օրենսդրական ակտում միանման հասկացություններ կիրառելու օրենսդրական տեխնիկայի պահանջին:

3) Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է գործող Օրենքում ավելացնել նոր` 14.1-ին հոդվածը, որը վերաբերում է ՄԻԱՎ վարակակիր եւ ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությանը եւ դրա փոխանցմանը ներկայացվող պահանջներին:

2.2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հաշվի առնելով ՀՀ կողմից մի շարք միջազգային պայմանագրերով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորութուների կատարման անհրաժեշտությունը` նախագծով առաջարկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր մոտ առկա ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված` դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ եւ փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:

Նախագծով առաջարկվում է նաեւ «վիրուսի հարուցիչ» բառերը փոխարինել «վիրուս» բառով, քանի որ նշյալ արտահայտությունը բժշկական տեսանկյունից ճշգրիտ չէ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերըը մշակվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության եւ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Վերը նշված փոփոխությունների եւ լրացման արդյունքում հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնությունը եւ սպասարկումը, ապահովել վերջիններիս իրավունքների անխոչընդոտ իրացումը:

Ակնկալվում է ՀՀ քրեական օրենսգրքի քննարկվող իրավակարգավորումները համապատասխանեցնել ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի պահանջներին, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված` մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրին կից առաջարկությունները կատարելով, անհրաժեշտ նախադրյալ ստեղծել Հայաստանի` մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը պահպանելու համար:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

20 օգոստոսի 2020 թվականի  N 1389  - Ա

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 25
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

25 օգոստոսի 2020 թվականի  N 951   - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 25
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1389-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Հարգանքով`  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ