Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-703-04.08.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «սեփականության օգտագործում» բառերից հետո լրացնել «,ինչպես նաեւ պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրում» կետադրական նշանով եւ բառերով:

Հոդված 2. Օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ` պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ  կամ հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսական ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ` «Հաշվեքննության առաջադրանքում նշված օբյեկտում զննման եւ դիտարկման ընթացակարգի իրականացման ժամկետը սահմանվում է հաշվեքննիչ պալատի որոշմամբ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով հստակ կարգավորված չէ եկամուտների հավաքագրման մասով հաշվեքննություն իրականացնելու ուղղակի պահանջ: Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված են այն օբյեկտները, որտեղ իրականացվում է հաշվեքննություն եւ օրենքով սահմանված կարգով այդ օբյեկտների թվին է պատկանում նաեւ պետական եկամուտների կոմիտեն: Միեւնույն ժամանակ անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ սահմանել, որ հաշվեքննության առարկա է նաեւ պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը, այն է հարկային մուտքերը:

Առաջարկվում է օրենքի 1-ին հոդվածում նշված հասկացություներում հաշվեքննության առարկա ֆինանսատնտեսական գործունեության սահմանման մեջ լրացնել նաեւ պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը:

Սրա հստակեցման անհրաժեշտությունը ներկայացված է նաեւ ՍԻԻԳՄԱ գնահատման համակարգի դիտարկումների մեջ: Հարկային մուտքերի հաշվեքննությունը հանդիսանում է նաեւ Լիմայի հռչակագրի հիմնադրույթներից եւ ներառված է բյուջետային մուտքերի աուդիտի բաժնում: Մասնավորապես, 28-րդ բաժնում նշվում է, որ աուդիտի բարձրագույն ինստիտուտները պետք է լիազորված լինեն լայնորեն աուդիտի ենթարկել հարկերի հավաքագրման գործընթացը, ուսումնասիրել հարկային փաստաթղթեր, ինչպես նաեւ ուսումնասիրել հարկերի հավաքագրման համակարգը եւ արդյունավետությունը, հանդես գալ բարելավումների առաջարկներով:

Օրենքի 17-րդ հոդվածում հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները հստակ ձեւակերպված չեն, որոնք առաջացնում են տարընթերցումներ, հետեւաբար առաջացել է անհրաժեշտություն պահանջներին տալ հստակ ձեւակերպումներ:  2-րդ մասում նշված պաշտանավորման ժամկետները եւ ընտրության կարգը հակասում է Սահմանադրությանը եւ ԱԺ կանոնակարգ օրենքին, ընդ որում հոդվածի 3-րդ մասում արդեն նշված է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Օրենքի 34-րդ հոդվածով սահմանված զննման եւ դիտարկման ընթացակարգերը կարող են տարբեր օբյեկտներում եւ հաշվեքննության գործընթացներում ունենալ տարբեր ժամկետներ: Այդ իսկ պատճառով ժամկետները պետք է սահմանվել Հաշվեքննիչ պալատի կողմից, քանի որ օրենքով դրա սահմանումը եւ սահմանափակումը կարող է ազդել հաշվեքննության որակի վրա: Ժամկետի սահմանումը պետք է որոշվի Հաշվեքննիչ պալատի ներքին կանոնակարգերով` կուտակված փորձի եւ ողջամիտ գնահատման հիման վրա:

Այս խնդիրը նույնպես արտացոլված է ՍԻԳՄԱ գնահատման համակարգի դիտարկումների մեջ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

- օրենքի նախագիծը,

- օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

- գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Եղիշե Սողոմոնյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` (9) էջ:
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ` ԵՂԻՇԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ
ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԵՐՋԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ