Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-171-06.12.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի

աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 172-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ եւ 5-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«4. Հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), բացառությամբ uույն oրենuգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով նախատեuված դեպքի:

«5.Սույն հոդվածի 4-րդ մասի խախտումը առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

Հոդված 2. Օրենսգրքի 173-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3.Սույն հոդվածի 2-րդ մասի խախտումը առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ եւ 173-րդ հոդվածներում լրացումներ կատարելը, բխում է մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերի, ստանձնած պարտավորությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի պահանջներից, որի համաձայն արգելվում է աշխատանքից ազատում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում կամ մայրության ընթացքում` մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը:

Առաջարկվող լրացումները գենդերային տեսանկյունից ներդաշնակություն կմտցնեն ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ նկատի ունենալով, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում կպահպանվի կին աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), բացառությամբ Օրենuգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով նախատեuված դեպքի, այսինքն կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում: Ինչպես այդ, այնպես էլ բացառությամբ Օրենuգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված դեպքերի, այսինքն կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման), ինչպես նաեւ արտադրության ծավալների եւ (կամ) տնտեսական եւ (կամ) տեխնոլոգիական եւ (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատման դեպքերում մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ընթացքում աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) չպահպանելու դեպքում նախատեսվում է օրենքով նախատեսված պատասխանատվություն (տես ՀՀ քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածը):