Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1691-30.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի «պատշաճ ձեւով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում» հասկացության մեջ «հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը փոխարինել «հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում նաեւ՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում նաեւ՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Այն դեպքում, երբ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքը վճարվում է համապատասխան որոշումը կայացնելուց հետո, ապա լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձեւակերպված լիցենզիան, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները լիցենզավորված անձին պատշաճ ձեւով հանձնվում կամ ուղարկվում են ոչ շուտ, քան օրենսդրությամբ սահմանված պետական տուրքը վճարելու օրը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 231 հոդվածով.

«Հոդված 231 . Պետական տուրքի վճարումը

1. Լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետեւանքների մասին:

2. Հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան գործողության համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը:

3. Հայտատուն լիցենզավորող մարմնին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին եւ հայտատուին պատշաճ ձեւով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձեւակերպված լիցենզիան, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում: Սույն մասով նախատեսված հայտի մերժման վրա չեն տարածվում սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասության, 32-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ նախադասության, 33-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:»:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «աշխատանքային օր հետո» բառերը փոխարինել «աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 261 հոդվածով.

«Հոդված 261 . Պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետների երկարաձգումը

1. Այն դեպքում, երբ հայտատուն, սույն օրենքի 23.1-րդ հոդվածի համաձայն, պետական տուրքը չի վճարում մինչեւ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշման մասին տեղեկացվելը, ապա համապատասխան գործողությունը կատարելու համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները երկարաձգվում են հինգ աշխատանքային օրով:»:

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասի առաջին պարբերությունը «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում» բառերով:

2. 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում» բառերով:

3. 2-րդ մասի երրորդ պարբերությունից հանել «եւ վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին» բառերը:

4. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:»

5. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:»:

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի 4-ր մասի երկրորդ նախադասությունը «պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի» բառերով:

Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասի առաջին նախադասությունը «եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում» բառերով:

2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:»

3. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:»:

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը «պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի» բառերով:

Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը «պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի» բառերով:

Հոդված 14. Օրենքի 43-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի աղյուսակի 10-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի վերջին պարբերությունում «մարմինը» բառից հետո հանել «, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերը:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին 2012թ.-ի ընթացքում ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորումները եւ մասնավորապես արձանագրվել է, որ գործող կարգավորումների համաձայն այդ ոլորտում չի թույլատրվում գործունեություն իրականացնել առանց համապատասխան լիցենզիայի ստացման: «Լիցենզավորման մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքների համաձայն սահմանված են «հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում)», որը բարդ լիցենզիայի տեսակ է եւ «ձայնային ծառայությունների մատուցում», «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» պարզ լիցենզիաների տեսակները, որոնք բոլորը տրամադրվում են Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԾԿՀ) կողմից: ՀԾԿՀ-ն նաեւ 31.03.2006թ.-ին ընդունել է «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N43-Ն որոշումը, որը սահմանում է լիցենզիայի տրման ընթացակարգը: Որոշմամբ սահմանված կարգում բացահայտվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ավելորդ փաստաթղթային պահանջներ եւ մերժման հիմքեր, որոնք վերաբերում են բոլոր երեք լիցենզիաների տեսակներին: Ամենախնդրահարույց եւ անբարենպաստ կարգավորումը սահմանված է «հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում)» բարդ լիցենզիայի տրման համար, մասնավորապես՝ պահանջվող փաստաթղթերը քանակը անհիմն ուռճացված է եւ ամենակարեւորը պահանջվող փաստաթղթերը սպառիչ սահմանված չեն: Միաժամանակ սահմանվում է, որ լիցենզիայի հայտի ուսումնասիրությունը տեւում է վեց շաբաթ, կարող է երկարաձգվել եւս երեք ամսով, ինչպես նաեւ բոլոր պահանջները բավարարելուց հետո սահմանվում է, որ լիցենզիան կարող է տրվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո, իսկ վեց ամիսը լրանալուց հետո ընդհանրապես երբ է տրվում սահմանված չէ, քանի որ վերջնաժամկետ ամրագրված չէ:

2011թ.-ի տվյալներով պարզ լիցենզիա տրված է եղել ընդամենը 103, իսկ բարդ՝ 65 հատ: Ուժը կորցրած է ճանաչվել պարզ լիցենզիա ընդամենը 39, իսկ բարդ՝ 13 հատ: Պարզ լիցենզիայի պետ.տուրքը կազմում է 100.000 դրամ, իսկ բարդ լիցենզիայինը 100.000-ից 500.000 դրամ ՝ կախված գործունեության տարածքից:

Թույլտվությունների տրամադրման եւ այլ կարգավորումներ են պարունակվում նաեւ ՀԾԿՀ մի շարք այլ որոշումներում, որոնցով սահմանված բիզնես գործընթացներում նույնպես բացահայտվել են տարբեր խնդիրներ, այդ թվում՝ անհիմն եւ ավելորդ փաստաթղթային պահանջներ եւ մերժման հիմքեր, որոշումների կայացման երկար ժամկետներ, որոնց կրճատման եւ/կամ բարելավման առաջարկները կցված են:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը անհրաժեշտ է իրականացնել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման միջոցով, հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը եւ վերը թվարկված խնդիրները, ի նկատի ունենալով Եվրոպարլամենտի եւ Եվրոպայի Խորհրդի 2002/20/EC Դիրեկտիվի պահանջները, ինչպես նաեւ այլ պետությունների, մասնավորապես ԵՄ անդամ պետությունների ուսումնասիրված փորձը (Գերմանիա, Շվեդիա, Բուլղարիա, Էստոնիա եւ այլն), որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են բարենպաստ տվյալ ոլորտի զարգացման եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ առաջարկվում է.

- Համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, ՀԾԿՀ «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N43-Ն որոշման մեջ եւ այլ առնչվող իրավական ակտերում՝ հանել «ձայնային ծառայությունների մատուցում» եւ «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» պարզ լիցենզիաների տեսակները, իսկ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում)» բարդ լիցենզիայի տրման ընթացակարգը էապես պարզեցնել, միաժամանակ ամրագրելով, որ այդ բարդ լիցենզիան նույնպես կհանվի 2014 թվականին:

- Համապատասխան իրավական ակտեր ընդունելով եւ/կամ փոփոխություններ կատարելով՝ նախատեսել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների տրամադրման գործունեության իրականացման նախապայման Կարգավորող մարմնին գրավոր ծանուցելու պահանջ:

Նմանօրինակ կարգավորում է նախատեսված ԵՄ անդամ պետությունների իրավական ակտերով, որտեղ մասնավորապես սահմանված է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցման ձեւը, ծանուցման բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Միաժամանակ պարզեցվել եւ հստակեցվել են «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող լիցենզավորման եւ դրա դիմաց վճարվող պետական տուրքին առնչվող բազմաթիվ դրույթներ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Առաջարկները մշակվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ քննարկվել են ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Առաջարկների մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը էլեկտրոնային հաղորդակցության կարգավորման ոլորտում, ինչպես նաեւ ուսումնասիրվել են մի շարք հեղինակավոր միջազգային վարկանիշեր, մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի «The Networked Readiness Index-ը», Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակվող «Digital Economy Rankings-ը»:

6. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկների ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, միաժամանակ փոփոխելով համապատասխան կարգավորումները այնպես, որ ՀԾԿՀ-ն տիրապետի անհրաժեշտ տեղեկատվությանը ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր կարգավորողի գործառույթները իրականացնելու համար:

Նշված երեք լիցենզիաների գծով 2011թ.-ի ընթացքում պետական բյուջե տուրքերի եւ տույժերի մուտքերը կազմել են 35.5 մլն դրամ եւ լիցենզավորման պահանջի վերացման դեպքում այդ մուտքերը չեն լինելու: Սակայն կատարված հաշվարկներով, առաջարկվող փոփոխությունների հետեւանքով, խնայողությունների եւ լրացուցիչ հարկային մուտքերի ապահովման արդյունքում իրականում պետ.բյուջեի մուտքերը պակասելու են մեկ տարվա կտրվածքով ընդամենը 7.2 մլն դրամով, իսկ մասնավոր հատվածի խնայողությունը դարձյալ մեկ տարվա կտրվածքով կազմելու է առնվազն 39.7 մլն դրամ, ինչը հնարավորություն կտա ավելացնել ոլորտում կատարվող ներդրումները եւ հարկման բազան:

Միաժամանակ, պետությունը վերացնելով նշված երեք լիցենզիաների պահանջը իրականում կրճատում է 12 բիզնես գործընթաց կապված լիցենզիաների տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման, վերաձեւակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման, կրկնօրինակի ստացման հետ, որոնց կապակցությամբ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները պետք է անցնեն պետական մարմնի կողմից կիրառվող բիզնես գործընթացով, կպակասեն նրանց ծախսերը պայմանավորված շուկա մուտք գործելու ավելի կարճ ժամկետների, ինչպես նաեւ տուրքերի եւ այլ տարբեր պահանջների կրճատման հետ: Էականորեն կկրճատվեն տարբեր թույլտվությունների, մասնավորապես՝ ռադիոհաճախականությունների օգտագործման, համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի քանակը, կպակասեցվեն մերժման հիմքերը, զգալիորեն կկրճատվեն որոշումների կայացման համար նախատեսված ժամկետները եւ այլն:

Միաժամանակ նախատեսվում է, որ ներկայացվող փաթեթով ուժը կորցրած կճանաչվեն ՀԾԿՀ - 12 որոշումներ եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի - 23 հրամաններ: Բարելավմանը ուղղված փոփոխությունների կենթարկվեն՝ ՀՀ օրենքներ - 3, ՀԾԿՀ - 10 որոշումներ, ՀՀ կառավարության որոշում - 1, ինչպես նաեւ կընդունվի ՀԾԿՀ մեկ նոր որոշում:

Ընդամենը ուժը կորցրած կճանաչվեն 35 իրավական ակտեր, իսկ փոփոխությունների կենթարկվեն 14 իրավական ակտեր: