Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-165-28.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.1. Առանց օրենքով սահմանված կարգով պետական գրանցման (հաշվառման) կամ հարկային մարմիններում հաշվառման անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման կամ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի հայտնաբերմանն ուղղված հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններ առաջադրելու համար:

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման եւ (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի խախտումների հայտնաբերմանն ուղղված հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է օրենքով սահմանված կարգի խախտումը պարզելու եւ միայն խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, հարկային պարտավորություններ առաջադրելու, ինչպես նաեւ մինչեւ հարկային պարտավորությունների կատարումը անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա արգելանք կիրառելու համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Օպերատիվ-հետախուզության գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են օպերատիվ-հետախուզական միջոցառումների ուղղությունները եւ դրանց շրջանակներում լրացուցիչ հարկային պարտավորություններ հաշվարկելու ու առաջադրելու ընթացակարգերը: Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի հայտնաբերմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերությունները:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հստակեցնել առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի հայտնաբերմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հետ կապված օրենսդրական կարգավորումները:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է օրենսդրության հստեկեցմանը, երկիմաստ մեկնաբանությունների պատճառ հանդիսացող օրենսդրական դրույթների վերանայմանը:

5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի հայտնաբերմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերություններն են:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի հայտնաբերմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերությունները: