Armenian ARMSCII Armenian
Պ-490-27.02.2020,15.06.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածը լրացնել նոր` 49-րդ կետով.

«49) ) Ծանուցագիր` թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու որոշակի քննչական կամ դատավարական գործողության կամ դատական նիստի:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր` 24.1 գլխով.

«Գ Լ ՈՒ Խ 24.1
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 174.1. Ծանուցման եղանակները

1. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քննչական կամ  դատավարական գործողության կամ դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, ովքեր ունեն դրան մասնակցելու իրավունք կամ պարտականություն:

2. Անձի ծանուցումը կատարվում է`

1) թղթային ծանուցագրով.

2) էլեկտրոնային ծանուցագրով.

3) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող  քննչական կամ  դատավարական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով եւ միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով:

Հոդված 174.2. Առանձին կատեգորիայի անձանց ծանուցման առանձնահատկությունները

1. Անչափահասը ծանուցվում է իր օրինական ներկայացուցչի միջոցով, իսկ հատուկ հաստատությունում գտնվելու դեպքում` դրա վարչակազմի միջոցով:

2. Անազատության մեջ պահվող անձը ծանուցվում է համապատասխան վայրի վարչակազմի միջոցով:

3. Զինծառայողը ծանուցվում է զորամասի հրամանատարության միջոցով:

4. Այլ պետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձին, բացի սույն օրենսգրքի 174.4-րդ հոդվածով նախատեսված կարգից, թղթային ծանուցագիրը կարող է ուղարկվել նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, եթե միջազգային պայմանագրով այլ կարգով սահմանված չէ:

Հոդված 174.3. Ծանուցագրի բովանդակությունը

1. Ծանուցագրում նշվում են`

1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները,

2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն եւ դատավարական կարգավիճակը,

3)  ներկայանալու տեղը եւ ժամանակը (տարին, ամիսը, օրը եւ ժամը),

4)  կատարման ենթակա քննչական կամ դատավարական գործողությունը,

5) հակիրճ տեղեկություններ հարուցված քրեական գործով վարույթի վերաբերյալ,

6)  ծանուցումը ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին,

7) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետեւանքները,

8) ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով:

2. Տվյալ դատավարական կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների եւ պարտականությունների ցանկը:

Հոդված 174.4. Ծանուցագիրն ուղարկելը եւ հանձնելը

1. Ծանուցագիրը հանձնվում է քննչական կամ դատավարական գործողության կամ դատական նիստի օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ: Եթե քննչական կամ դատավարական գործողությունը կամ դատական նիստը ծրագրված չէ կամ չի կարող հետաձգվել, ապա ծանուցագիրը կարող է հանձնվել ներկայանալու նախորդ օրը կամ ներկայանալուց անմիջապես առաջ` դրանում նշելով ծանուցագիրն ավելի վաղ չհանձնելու պատճառը:

2. Թղթային ծանուցագիրն ուղարկվում է փոստով` պատվիրված նամակով կամ հանձնվում է անմիջականորեն: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրը ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի կամ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով:

3. Թղթային ծանուցագիրը ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին կամ համատիրության աշխատողին: Եթե թղթային ծանուցագիրը ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի իրավասու աշխատակցին: Թղթային ծանուցագիրը ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին:

4. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը եւ ստացման ժամանակը, ինչը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիր ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաեւ ծանուցվողի հետ իր հարաբերության մասին:

5. Թղթային ծանուցագրի` ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է վարույթն իրականացնող մարմնին:

6. Էլեկտրոնային ծանուցագիրը ուղարկվում է ծանուցվող անձին այն դեպքում, երբ նա իր գրավոր համաձայնությունն է տվել այդ եղանակով ծանուցագիր ստանալու վերաբերյալ:  Էլեկտրոնային ծանուցագիրը ուղարկվում է ծանուցվող անձի գրավոր հայտնած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարով:

7. Ծանուցումը էլեկտրոնային հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու դեպքում` վարույթն իրականցնող մարմինը տպում եւ քրեական գործին է կցում էլեկտրոնային հաղորդագրությունը կամ էլեկտրոնային նամակը:

8. Էլեկտրոնային ծանուցագիր ուղարկելու դեպքում վարույթն իրականցնող մարմինը տպում եւ քրեական գործին է կցում  էլեկտրոնային հաղորդագրությունը կամ նամակը:

Հոդված 174.5. Ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելու հետեւանքները

1. Եթե թղթային ծանուցագիրը ստանալուց հրաժարվում է հրավիրվող անձը, ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելը հավասարեցվում է պատշաճ ծանուցված լինելուն: Ծանուցագիրը հանձնողը ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելու մասին նշում է կատարում ծանուցագրի` ստորագրության համար հատկացված մասում եւ ծանուցագիրը վերադարձնում է վարույթն իրականացնող մարմին:»

Հոդված 174.6.  Ծանուցման պատշաճությունը

1) թղթային ծանուցագիրը ստացել է անձամբ ծանուցվողը.

2) թղթային ծանուցագիրը ստացվել է ծանուցվողի կողմից նշած հասցեով.

3) թղթային ծանուցագիրը ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.

4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմնին` ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է.

5) առկա է ծանուցվող անձի գրավոր նշած հեռախոսահամարով կամ էլեկտրոնային   փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում

6) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.

7) ծանուցվողը քննչական կամ դատավարական գործողության արձանագրության մեջ ստորագրությամբ հաստատել է ծանուցումը ստանալու փաստը:

Հոդված 174.7. Քրեական վարույթն իրականացնող մարմնին հասցեի, հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության մասին հայտնելու պարտականությունը

1. Ծանուցվող անձինք պարտավոր են քրեական վարույթն իրականացնող մարմնին հաղորդել գործի քննության ընթացքում նախօրոք հայտնած իրենց հասցեի, հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության մասին:»

Հոդված 174.8. Ներկայանալու պարտականությունը եւ կանչով չներկայանալու հետեւանքները

1. Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է դատավարական գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին:

2. Անհարգելի պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող է կիրառվել սույն օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հարկադրանքի միջոցը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 205-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը: