Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-652-12.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 339.1-ին հոդվածով`

«Հոդված 339.1. Քննման, փորձաքննության ենթարկվելուց, ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը

1. Վկայի կամ տուժողի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով սահմանված կարգով համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը, քննման, ինչպես նաեւ փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը`

 պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթի կամ մեղադրանքի առնչությամբ,

2) շահադիտական դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

4. «Սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դատարանի կողմից հարկադրանք կիրառելու որոշումից հետո կամ նախաքննության ընթացքում' մինչեւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը կամ դատական քննության ընթացքում մինչեւ դատարանի կողմից դատավճիռ կամ որոշում կայացնելը, կամավոր ներկայացրել է համեմատական հետազոտման համար նմուշները կամ կամավոր ենթարկվել է քննման, փորձաքննության եւ ժամանակին ներկայացված նմուշները չեն կորցրել կամ չէին կարող կորցնել իրենց ապացուցողական նշանակությունը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

21 մայիսի 2020 թվականի  N 813  - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 23
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

11 հունիսի 2020 թվականի  N 694  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 11
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 813-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
 

 Հարգանքով`      ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ