Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-585-23.04.2020,11.06.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է ընդունել պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաեւ սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված` ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության եւ նույն գլխով սահմանված կարգով ընդունված պայմանագրերում տեղ գտած լեզվական կամ տպագրական սխալների, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը եւ բովանդակությունը, ուղղման առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտեր:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «շարժական գույքի կադաստրի վարում» հասկացության «սույն օրենքում նշված պետական կառավարման» բառերը փոխարինել

«Կառավարության լիազորված» բառերով.

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) 2-րդ կետում «ունեցող» բառից հետո լարցնել «կամ ունեցած անձանց` այդ թվում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) գործարքների կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկությունները` այդ գործարքների կողմերին կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց:»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում 3-րդ մասում «ծածկագրման» բառից հետո լրացնել «եւ կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման» բառերը:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «ռեգիստրը» բառը փոխարինել «ռեգիստրի ղեկավարը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածով նախատեսված հատակագծերի ձեւերը, հատակագծերին ներկայացվող պահանջները եւ հատակագծերի ներկայացման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը: Սույն հոդվածով նախատեսված հատակագծերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով` անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:»:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասում «լիազորված անձի» բառերից հետո լրացնել «կամ նրա օրինական ներկայացուցչի կամ դատական ակտի հիման վրա գույքը կամ դրա մասը օտարելու կամ այլ գույքային իրավունքով ծանրաբեռնելու իրավասություն ունեցող անձի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ եւ 3.4-րդ մասերով.

«3.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ կամ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված անվճար հայցվող տեղեկատվության դեպքերում դիմողի ինքնությունը ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, առանց որի դիմում չի ընդունվում:

3.2. Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումով սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ կամ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված անվճար հայցվող տեղեկատվության դեպքերում դիմումը պետք է հաստատված լինի դիմումը ներկայացնող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

3.3. Փոստային կապի միջոցով ներկայացված տեղեկատվության տրամադրման դիմումով կարող է պահանջվել միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող եւ վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ:

3.4. Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:».

2) 4-րդ մասում`

ա. 1-ին կետում «տեղեկություն» բառից հետո լրացնել «եւ տեղեկատվությունը հայցող անձը չունի դրան առնչվելու համապատասխան իրավունք» բառերով,

բ. 2-րդ կետում «տեղեկություն» բառից հետո լրացնել «եւ տեղեկատվությունը հայցող անձը չունի այն ստանալու իրավունք» բառերով.

3) 6-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են իրավունքի տեսակը, անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը, ինչպես նաեւ գույքի գտնվելու վայրը բնութագրող տեղեկություններ:».

4) 9-րդ մասում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «էլեկտրոնային կամ ինքնաշխատ եղանակով» բառերով.

5) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումների ներկայացման եւ տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկությունները, անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաեւ ինքնաշխատ եղանակով փաթեթով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

Սույն օրենքի իմաստով փաթեթ է համարվում ինքնաշխատ եղանակով տրամադրվող առնվազն չորս վճարովի տեղեկությունների համախումբը:»:

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դիմումով ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3.1-ին, 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով սահմանված պահանջները պահպանված չլինելը կամ տեղեկատվության տրամադրման ծառայության մատուցման համար սույն օրենքով սահմանված չափով գումարը վճարած չլինելը, բացառությամբ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության անվճար տրամադրման դեպքերի, հիմք է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար:»:

Հոդված 10. Օրենքի 33.1-ին հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում ներառվող այլ տեղեկությունները եւ դրանց տրամադրումը».

2) 1-ին մասում «ներկայացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն եւ արգելք հանդիսացող սահմանափակումների (պատմամշակույթային, քաղաքաշինական, առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման եւ այլն) մասին» բառերով:

Հոդված 11. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ճարտարապետահատակագծային առաջադրանքը,» բառերը:

Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «նախագծային փաստաթղթերի մշակման համար տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը,» բառերը:

Հոդված 13. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «նման գրանցման գործողության ընթացքում» բառերը.

2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1 Եթե ամուսնության ընթացքում ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը դիտարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է միայն ամուսիններից մեկը, ապա ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:».

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով նախատեսված` ամուսինների համատեղ դիմումը համարվում է ամուսինների կողմից տրված հայտարարություն այն մասին, որ նրանց միջեւ չի կնքվել պայմանագիր կամ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով պետական գրանցման ներկայացված գույքի նկատմամբ փոփոխվել է ընդհանուր սեփականության շրջանակը:».

4) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1 Ամուսնալուծված նախկին ամուսինների դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կանոնները` ամուսնալուծության վկայականի ներկայացման առանձնահատկությամբ:».

5) 3-րդ մասում «այլ փաստաթղթի» բառերից հետո լրացնել «կամ անձը հաստատող փաստաթուղթը տրամադրող լիազոր մարմնի տրված փաստաթղթի» բառերով.

6) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասով նախատեսված` ֆիզիկական անձանց անվան փոխման կամ իրավաբանական անձանց անվանման փոփոխության պետական գրանցման վկայականի իսկական օրինակը ներկայացվելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցը այն պատճենահանում է եւ իսկական օրինակը վերադարձնում դիմողներին:»:

Հոդված 14. Օրենքի 48-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրի յուրաքանչյուր կողմը պայմանագրիրը պետք է ստորագրի անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից) ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի եւ պայմանագրի մյուս կողմի (կողմերի) ներկայությամբ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված դիմումը եւ պայմանագիրը պետք է ընդունվի սույն հոդվածի 3-րդ մասում նշված ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:»:

Հոդված 15. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերության «կամ իրավաբանական անձանց լրիվ անվանումները (ներառյալ` իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձեւը)` առանց հապավումների կամ կրճատումների» բառերը փոխարինել «, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը» բառերով.

2) երկրորդ պարբերությունում «ստորագրվեն» բառից հետո լրացնել «պայմանագրի կողմերի եւ կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից» բառերով:

Հոդված 16. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 11.5-րդ կետում «տրամադրման համար» բեռերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.8-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով

2) 11.6-րդ կետում «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «եւ դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների» բառերով, իսկ «տրամադրման համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.7-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.7-րդ, 11.8-րդ եւ 11.9-րդ կետերով

«11.7) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի եւ դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 500 դրամ.

11.8) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ կամ դրա որեւէ մասի նկատմամբ միեւնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 500 դրամ.

11.9) միեւնույն սուբյեկտին որեւէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 1000 դրամ.».

4) 12-րդ կետում`

ա. «9-11.6-րդ» բառերը փոխարինել «9-11.9-րդ» բառերով, իսկ «, ինչպես նաեւ միեւնույն սուբյեկտին որեւէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության» բառերը հանել.

գ) «ա», «բ», «գ», «դ» ենթակետերից հանել «կամ սուբյեկտի» բառերը.

5) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու համար`

ա. թղթային տարբերակով` յուրաքանչյուր էջը` 30 դրամ.

բ. էլեկտրոնային տարբերակով ` յուրաքանչյուր էջը` 10 դրամ.

Ընդ որում, եթե կադաստրային գործի փաստաթղթերից լուսապատճեններ տրամադրելու դիմումի բովանդակությունից կամ էությունից պահանջվում է սույն մասի 11.1-11.9-րդ կետերով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի լուսապատճեններ, բացառությամբ կադաստրային գործի բոլոր փաստաթղթերի լուսապատճենների, ապա գանձվում է միայն այդ կետերով նախատեսված համապատասխան վճարները.».

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27-րդ եւ 28-րդ կետերով.

«27) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար` 300 դրամ.

28) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկությունների առկա յուրաքանչյուր փաթեթում ներառված տեղեկատվության համար` 1000 դրամ:»:

Հոդված 17. Օրենքի 74-րդ հոդվածում`

1) 6-րդ մասում «2-րդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 2-րդ աշխատանքային օրը» բառերով.

2) 9-րդ մասում «3-րդ, 5-րդ եւ 6-րդ» բառերը փոխարինել «3-րդ եւ 5-րդ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«13. Սույն օրենքի 73-րդ հոդվածի 27-րդ եւ 28-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է անմիջապես` անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով նույն կետով սահմանված վճարը կատարելուց հետո, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն օրենքի 75-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի:»:

Հոդված 18. Օրենքի 75-րդ հոդվածում`

1) 4-րդ մասում «պետական կառավարման մարմիններին» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվության տրամադրման արտոնությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի, չեն տարածվում սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ եւ 28-րդ կետերով սահմանված տեղեկատվության տրամադրման վրա:

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հատակագծերի ներկայացման կարգը անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

4. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված` միայն էլեկտրոնային եղանակով հատակագծերի ներկայացման պահանջը տարածվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգը սահմանելուց հետո կազմված հատակագծերի վրա:
 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ