Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-643-04.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածում`

1) 2-րդ կետի «գ» ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ կետը լրացնել նոր` «դ» ենթակետով.

«դ) որը մերձավոր ազգակցական կամ խնամիական (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) կապի մեջ է պետական կազմակերպության աշխատակցի հետ, բացառությամբ Կառավարության որոշմամբ սահմանված Կազմակերպությունների:».

2) 3-րդ կետի «ժգ» ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ կետը լրացնել նոր` «ժդ» ենթակետով.

«ժդ) նա չի պահպանել սույն օրենքի 17-րդ հոդվածի «ժա» ենթակետի պահանջը:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի «ժա» ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ հոդվածը լրացնել նոր` «ժբ» ենթակետով.

«ժբ) չի կարող աշխատանքի նշանակել սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետում նշված անձանց, բացառությամբ Կառավարության որոշմամբ սահմանված Կազմակերպությունների:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական բացի պատճառով Պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում (այսուհետ` Կազմակերպություն) շահերի բախման եւ հովանավորչությունների դեպքերը բացառելու հանգամանքով:

Կազմակերպությունները գործունեություն են իրականացնում մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական եւ ոչ առեւտրային այլ բնագավառներում:

Գործող կարգավորումները չեն արգելում Կազմակերպությունների ղեկավարներին իրենց ենթակայությամբ պաշտոնի նշանակել մերձավոր ազգականին կամ խնամիությամբ կապված անձանց:

Օրենսդրական բացի պատճառով այժմ  բազմաթիվ Կազմակերպություններում կան նշանակված Կազմակերպության տնօրենների հետ ենթակայությամբ աշխատող մերձավոր ազգականներ` մասնավորապես` դպրոցներում` ուսմասվարներ, մանկապարտեզներում` մեթոդիստներ, տնտեսվարներ եւ այլոք:

Այդպիսի նշանակումները հենց նշանակման ակտից սկսած առաջացնում են իրավիճակ, երբ Կազմակերպության ղեկավարի գործողությունները ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:

Մերձավոր ազգականի կամ խնամիությամբ կապված անձանց հետ վերադասությամբ կամ ստորադասությամբ պայմանավորված աշխատանքային հարաբերությունները կարող են հանգեցնել Կազմակերպության ղեկավարի կամ պաշտոնի նշանակված մերձավոր ազգականի կամ խնամիությամբ կապված անձի գույքային կամ իրավական դրության բարելավման, ընդ որում, էական չէ, թե աշխատակիցը ինչ պաշտոն է զբաղեցնում` վարչական, մասնագիտական, սպասարկող, թե այլ, որովհետեւ տնտեսվարի կամ պահակի պարագայում նույնպես առկա է նշված վտանգը:

Գործող կարգավորմամբ քննարկվող արգելքը կարող է սահմանվել Կազմակերպության կանոնադրությամբ, սակայն չկա երաշխիքը, որից ելնելով, հիմնադիրը պարտադիր կերպով կսահմանի այն կանոնադրությամբ, քանի որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» ենթակետի համաձայն` պետական կազմակերպության կանոնադրությունը պետք է ներառի` օրենքով կամ հիմնադրի կողմից նախատեսված եւ օրենքին չհակասող այլ դրույթներ:

Հիմնադրի ակտը, չնախատեսելով քննարկվող արգելքը, որեւէ կերպ հակասության մեջ չի մտնում որեւէ նորմատիվ իրավական ակտի որեւէ դրույթի հետ, ուստի առաջարկվող նախագծի ընդունման դեպքում կվերանան սույն հիմնավորմամբ նշված ռիսկերը:

Մերձավոր ազգակցությամբ կամ խնամիական կապի մեջ գտնվող անձանց շրջանակը «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի օրինակով է, քանի որ նախատեսվում է կարգավորել ընդհանրապես ենթակայությամբ աշխատանքային իրավահարաբերությունները եւ ոչ թե անմիջական, հակառակ պարագայում կնախատեսվեր «Հանրային ծառայության մասին» օրենքի օրինակով, որում նշված անձանց շրջանակը շատ մեծ է եւ այս հիմնավորումը կապված է որոշ պետական կազմակերպությունների մեծ թվով աշխատակիցներ ունենալու հետ` մասնավորապես այն կազմակերպությունների, որոնք ունեն կենտրոնական մարմիններ եւ տարածքային ստորաբաժանումներ եւ այդչափ մեծ շրջանակի նախատեսումը կարող է խնդիրներ առաջացնել:

Նախագծով սահմանվել է նաեւ պետական հարկադրանքի երաշխիք, որը հնարավորություն է տալիս հիմնադրին սահմանված արգելող նորմի պահանջները չկատարելու դեպքում աշխատանքից ազատել գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնող անձին` համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

Գործադիր մարմնի կողմից նշված անձանց աշխատանքի նշանակելու արգելք սահմանող նորմը նախատեսվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածում եւ ոչ թե 15-րդ հոդվածում, քանի որ այն, ըստ էության, հանդիսանում է 17-րդ հոդվածում նախատեսված ընդհանուր կանոնի բացառություն:

«Աշխատանքի նշանակել» հասկացությունները վերցվել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի օրինակով եւ հաշվի է առնվել, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում գործածվում է միայն այդ հասկացությունը եւ ոչ թե «աշխատանքի ընդունել» հասկացությունը` հնարավոր միասնական տերմինաբանություն ունենալու նպատակով:

Օրենքի ընդունման դեպքում այն չի տարածվելու ընդունումից առաջ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, քանի որ հիմքում չի կարող դրվել այն գաղափարը, որ գործատուն պետք է հաշվի առներ շահերի բախումն իր գործողություններում որպիսի պարագայում հետագայում իր կամ աշխատողի իրավունքները սահմանափակող իրավական ակտի ընդունումը պետք է կանխատեսելի լիներ: Չի կարող դրվել, քանի որ կարգավորում չնախատեսող քննարկվող նորմատիվ իրավական ակտը հակասահմանադրական չէ եւ օգուտ ստացողն իրավունք կունենա պահանջել իրավունքների պաշտպանություն, չի կարող հիմքում դրվել նաեւ այն գաղափարը, որ օրենսդիրը նախկինում չկարգավորված հարցն է այժմ համարում կարգավորման ենթակա եւ տալիս է նոր իրավական կարգավորում, քանի որ այն նոր չէ եւ ըստ էության ընդհանուր կանոնի համար բացառություն է սահմանում:

Բացառությունները սահմանվել են հետեւյալ երկու պատճառներով.

Ահա, նշված պատճառների կապակցությամբ լիազոր մարմիններն ավելի հստակ են տիրապետում խնդրին եւ այդ նպատակով է առաջարկվում այն թողնել ենթաօրենսդրական ակտով կարգավորման ենթակա, որով կարող է հաստատվել կազմակերպությունների ցանկը, որոնց վերաբերելի չեն լինի առաջարկվող պահանջները:
 
 
 
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 
 
03 հունիսի 2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո' պարոն նախագահ,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Արման Բաբաջանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`           ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ