Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-141-09.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը`

1) 2-րդ մասի «ժա» ենթակետից հանել « ,ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4-րդ մասով.

«4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների դեպքում հարկատուի եկամուտները որոշվում են նշված սակագների կիրառման արդյունքում` գնորդներից (սպառողներից) ստացման ենթակա գումարների (իրացումից հասույթի) եւ պետական բյուջեից փաստացի ստացված սուբսիդիաների (իրացումից հասույթի) հանրագումարի չափով:»:

Հոդված 2 . Օրենքի 8-րդ հոդվածի երրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները» բառերը:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

6. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ համարելն է:

7. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն, սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում (հարկման ենթակա չեն):

Խնդիրը կայանում է նրանում, որ`

ա) շատ հաճախ պետական բյուջեից սուբսիդիաները, ըստ էության, տրամադրվում են պետության կամ երրորդ անձանց համար ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման համար, հետեւաբար այս դեպքում սուբսիդիաների գումարները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չհամարելը հիմնավոր չէ,

բ) սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չհամարելու մոտեցումը շատ հաճախ սուբսիդիա ստացող տնտեսավարող սուբյեկտների մոտ ձեւավորում է հարկային վնասներ, քանի որ նշյալ տնտեսավարող սուբյեկտները իրենց գործունեության հետ կապված ծախսերը (այդ թվում` սուբսիդիաների հաշվին կատարված ծախսերը) հարկման նպատակով նվազեցնում են համախառն եկամտից, մինչդեռ սուբսիդիաների գումարները հարկման նպատակով չեն ներառվում համախառն եկամտի մեջ:

8. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման նպատակով ներառել համախառն եկամտի մեջ` որպես այդ սուբսիդիաների ստացման դիմաց կատարվող` ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքներից ստացվող հասույթ:

9. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաներն են:

10. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների` շահութահարկով հարկման հետ կապված հարաբերությունները: