Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6362-03.06.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք) 180 հոդված առաջին մասում «5-րդ մասով» բառերը փոխարինել «5-րդ եւ 5.1-րդ մասերով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 180 հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ինչպես նաեւ քաղաքաշինության բնագավառում կառուցապատողների կողմից, ըստ տվյալ առեւտրի, ծառայության կամ կառուցապատման օբյեկտի գտնվելու վայրի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին եւ ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենսգրքի 180 հոդվածը լրացնել նոր` 5.1-րդ մասով.

«5.1 Բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին եւ ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը կամ այլ պայմանները չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսունապատիկի չափով»:

Հոդված 4. Օրենսգրքի 180 հոդվածը լրացնել նոր` 6.1-րդ մասով.

«6.1 Սույն հոդվածի 5.1-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու եւ «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:

ՀՀ ԱԺ աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են`

1. օրենքի նախագծերը (հիմնական զեկուցող` ԱՐՈՒՍՅԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ),

2. օրենքի նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների այն հոդվածների մասին տեղեկանքը, որոնցում առաջարկվում է կատարել լրացում եւ փոփոխություն:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 31 թերթ:

Հարգանքով`

Սոնա Ղազարյան
Արուսյակ Ջուլհակյան
Գայանե Աբրահամյան