Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6361-03.06.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետեւ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 24.1) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«24.1) սահմանում է Երեւան քաղաքում առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաեւ կառուցապատման օբյեկտներում, առեւտրի, ծառայությունների եւ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ դրանց գտնվելու վայրերի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը եւ ժամերը»:

Հոդված 2. Oրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր` 24.2) կետով.

«24.2) սահմանում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու եւ «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:

ՀՀ ԱԺ աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են`

1. օրենքի նախագծերը (հիմնական զեկուցող` ԱՐՈՒՍՅԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ),

2. օրենքի նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների այն հոդվածների մասին տեղեկանքը, որոնցում առաջարկվում է կատարել լրացում եւ փոփոխություն:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 31 թերթ:

Հարգանքով`

Սոնա Ղազարյան
Արուսյակ Ջուլհակյան
Գայանե Աբրահամյան