Armenian ARMSCII Armenian
Կ-607-08.05.2020-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019թ. մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին ք. Նուր-Սուլթանում:
Համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է ԵԱՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը` ապրանքների հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով, ինչպես նաեւ մաքսային եւ հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը` միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողությունը:

Համաձայնագրով սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում հետագծելիության մեխանիզմի ստեղծման եւ գործունեության կարգը:

Հետագծելիության մեխանիզմի գործունեության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են տեղեկատվական փոխգործակցությունը` էլեկտրոնային տեսքով այն տեղեկությունները փոխանակելու միջոցով, որոնք պարունակվում են հետագծելիության ազգային համակարգերում: Հետագծելիության ազգային համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, որոնցով կանոնակարգվում է տեղեկատվական փոխգործակցությունը` արտաքին եւ փոխադարձ առեւտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներ իրականացնելիս:

Համաձայնագրով նախատեսվում է, որ հետագծելիությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվելիք ցանկում ներառված ապրանքների նկատմամբ:

Համաձայնագրի գործողությունը տարածվում է «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողումից հետո Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծված ապրանքների շրջանառության հետ կապված իրավահարաբերությունների վրա:

Հետագծելիության մեխանիզմը նախատեսվում է ներդնել հաջորդական փուլերի միջոցով (փուլ առ փուլ): Առաջին փուլում հետագծելիության մեխանիզմը գործելու է պիլոտային ծրագրի շրջանակներում, որի իրականացման ժամկետները եւ պայմանները կսահմանվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված ապրանքների հետագծելիության ազգային համակարգի ստեղծումը կարող է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն առաջացնել:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է գտնում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի վավերացումը:

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ



Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթանում:

Համաձայնագրի նպատակն է արդյունավետ հակազդել մաքսային եւ հարկային վճարումներից խուսափելու հնարավոր մեխանիզմների դեմ: Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հարմարավետ բիզնես միջավայր, իսկ մաքսային ոլորտի կարգավորումներով` նպաստող պայմաններ` ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար: Այն սահմանում է հետագծելիության մեխանիզմի գործողության կարգը: Նշյալ մեխանիզմն իրենից ներկայացնում է հետագծելիության ազգային համակարգերից տեղեկատվության փոխանակման հիման վրա գործող համակարգ եւ ապահովելու է ապրանքների եւ դրանց շրջանառության հետ կապված գործարքների հաշվառում` ապրանքների շրջանառության վերահսկման նպատակով:

Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումը ոչ միայն թույլ կտա վերահսկել ապրանքների շրջանառության օրինականությունը, այլեւ էականորեն կիջեցնի բիզնեսի ծանրաբեռնվածությունը, կկրճատի հաշվետվությունների ծավալը: Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետությունում ստեղծել տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղադրվեն ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի մասին տվյալներ, ինչպես նաեւ գործարքների կնքման մասին տեղեկատվություն: Համաձայնագրով ամրագրվում է այն տեղեկատվության շրջանակը, որն անդամ պետությունները պետք է մուտքագրեն հետագծելիության ազգային համակարգ եւ որը պետք է փոխանակվի էլեկտրոնային միջոցներով` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ապրանքների եւ բեռների հետագծելիության ժամանակակից համակարգի ներդրումը` որպես Միության ներսում վստահության ապահովման տեխնիկական հիմք ներառված է ՀՀ վարչապետի, որպես Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահի` ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված ս.թ. հունվարի 25-ի ուղերձում` ԵԱՏՄ մարմիններում 2019թ. ՀՀ նախագահության առաջնահերթությունների շարքում:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթանում:

Համաձայնագրի 22-րդ հոդվածի համաձայն` այն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից:

23.10.2019թ. դրությամբ մյուս անդամ պետություններից Համաձայնագրի վավերացման մասին տեղեկատվություն չի ստացվել:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագրում թեեւ առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն առկա են օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ` Կ. ԽՏՐՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ն Ա Խ Ա Ր Ա Ր Ի Տ Ե Ղ Ա Կ Ա Լ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսվում է, որ միության անդամ - պետություններն իրականացնում են ապրանքների հետագծելիության ազգային համակարգերի ստեղծումն ու գործունեությունը, որոնք կարող են առաջացնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն, որի չափը հնարավոր չէ գնահատել տվյալների բացակայության պատճառով:

Միաժամանակ վերոնշյալ նախագիծը Հայաստանի Հանրապետության համար եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ


ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոնայք

Ի պատասխան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ /5-4/68889-2019 գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

9 հունվարի 2020 թվականի N 7 - Ա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթան քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունվարի 10
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

5 մայիսի 2020 թվականի N 532 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթան քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 5
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթան քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ