Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-582-20.04.2020-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է.

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է.

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա

երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչեւ տասնվեց միլիոն հայկական դրամով.

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա
երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը:

Գործող «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված են հատուցման՝ հինգ եւ տասը միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ:

Նախագծով առաջարկվում է դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափն ավելացնել վեց միլիոն ՀՀ դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոն ՀՀ դրամով:

Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես նաեւ դրա հետեւանքների հաղթահարման հետագա ժամանակաշրջանում ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման, ներգրավված ավանդների  գումարի պահմանման ու ավելացման, ավանդների կառուցվածքում դրամային ավանդների տեսակարար կշռի մեծացման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում բանկային համակարգն առավել մեծ հնարավորություններ կունենա ընդլայնելու տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական ակտիվության բարձրացմանն ու համավարակի տնտեսական հետեւանքների հաղթահարմանը:
 

        Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝            ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ