Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-581-20.04.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի 272-րդ հոդվածի հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ.


«Հավելված 3
Ցանկ

գործունեության տեսակների, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից


Գործունեության տեսակները
1. Բնակչության պատվերով կատարվող`
1) կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում
2) հագուստի արտադրություն եւ նորոգում
3) գլխարկների արտադրություն եւ նորոգում
4) գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների արտադրություն եւ նորոգում
5) փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում
6) ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում
7) համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
8) հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
9) տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
10) այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
11) թիթեղագործական գործունեություն
12) ներտնային վերանորոգման աշխատանքների իրականացում
13) ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ
14) բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում
15) մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն
16) Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում
17) երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում
18) ներտնային մաքրման ծառայություն
19) մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
4. Լեզուների ուսուցման դասընթացներ
5. Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում (այդ թվում` այդ ծառայությունների հետ անմիջականորեն կապված` հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեությունը)
»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:




ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 272-րդ հոդվածի հավելված 3-ով սահմանված են գործունեության այն տեսակները, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից:

Հայաստանի Հանրապետությունում օրավարձով աշխատող մեր հայրենակիցները, ովքեր սահմանված կարգով գրանցված չեն որպես վարձու աշխատող, չեն կարող նույնականացվել պետության կողմից, հետեւաբար նրանց իրավունքները չեն կարող պաշտպանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Բացի այդ չգրանցված վարձու աշխատողների աշխատանքային ստաժը չի կարող հաշվի առնվել կենսաթոշակի հաշվարկման ժամանակ:

Օրենքի նախագծով ընդլայնվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, ովքեր կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ` ներառելով ներտնային վերանորոգման աշխատանքներ, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման եւ մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային աշխատանքներ կատարող, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող մեր հայրենակիցներին:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող` Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ` ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ