Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-578-20.04.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր 28.1 կետով.

«28.1) քննության շահերից ելնելով` ընդունում է որոշում` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, արգելելու մասին` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց տեսակցությունը ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ կարող է պատճառաբանված որոշմամբ արգելվել, եթե այդ անձինք տվյալ քրեական գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա կամ կարող են ներգրավվել որպես վկա, կամ եթե քրեական վարույթ իրականացնելիս վարույթն իրականացնող մարմնին հայտնի են դարձել այնպիսի փաստական տվյալներ, կամ առկա է ողջամիտ կասկած, որ այդ տեսակցությունը կարող է խոչնդոտել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ նախաքննության կատարմանը:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ քննելիս քննիչի լիազորությունները կարող են սահմանվել բացառապես Հայաստանի Հնարապետության քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք): Օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն Օրենսգրքով նախատեսված կարգով դատախազին, իսկ չբավարարվելու դեպքում` դատարան քննիչի որոշումները կարող են բողոքարվել, եթե դրանք նախատեսված են Օրենսգրքով: Հետեւաբար, քննիչը կարող է սահմանափակել ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցելու իրավունքը, բացառապես, եթե նման լիազորություն սահմանված է Օրենսգրքով: Բացի այդ միայն այդ դեպքում այդ որոշումները կարող են բողոքարկվել դատախազին, իսկ չբավարարվելու դեպքում` դատարան:

Ինչ վերաբերվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց տեսակցելու իրավունքի սափմանափակմանը, ապա քննիչին պետք է իրավունք վերապահել նման սահմանափակում կիրառել, եթե օբյեկտիվ հիմքեր կան, որ տեսակցելով հնարավոր է խոչընդոտվի գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության կատարումը, սակայն քննիչը յուրաքանչյուր դեպքում պետք է կայացնի պատճառաբանված որոշում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ

Խնդրում եմ

Ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 25-րդ կետի համաձայն` գրությանը կից ներկայացվում են`

Նախագիծը (հիմնական զեկուցող` Նիկոլայ Բաղդասարյան),

Նախագծի ընդունման հիմնավորումը,

Փոփոխվող օրենքի հոդվածի մասին տեղեկանքը:

Հարգանքներով` Նիկոլայ Բաղդասարյան