Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-573-17.04.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղեկատվության ազատության մասին» 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4. Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում` հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, վավերացրել է մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնց կարեւորագույն առաքելությունը մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունն է: Մարդու հիմնարար իրավունքների թվում է նաեւ տեղեկատվության ազատության իրավունքը, որի առնչությամբ կարգավորումներ են առկա մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում:

Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, 2002 թվականին վավերացրել է «Մարդու իրավունքների մասին» եվրոպական կոնվենցիան, որի 10-րդ հոդվածը պաշտպանում է արտահայտվելու եւ տեղեկատվության ազատությունը:

1992 թվականին Հայաստանը /որպես ՄԱԿ-ի անդամ/ վավերացրել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», որի 19-րդ հոդվածում ամրագրված է` յուրաքանչյուր ոք ունի համոզմունքներ ունենալու եւ արտահայտվելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու եւ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն` լրատվության ցանկացած միջոցներով, անկախ պետական սահմաններից:

1993 թվականին Հայաստանը վավերացրել է նաեւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, որի 19-րդ հոդվածն անդրադառնում է «սեփական կարծիք ունենալու» իրավունքին, դրա մեջ ընդգրկելով «անկախ պետական սահմաններից, ցանկացած տեսակի տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու» իրավունքը:

1998 թվականի հունիսի 25-ին Դանիայի Օրհուս քաղաքում Հայաստանի Հանրապետությունն ստորագրել եւ 2001 թվականի հունիսի 27-ին վավերացրել է Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան (այսուհետ` Օրհուսի կոնվենցիա):

Որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մասնակից պետություն` Հայաստանը 1992 թվականին պարտավորվել է հարգել «Հելսինկյան եզրափակիչ ակտում» եւ ԵԱՀԿ-ի հետագա հռչակագրերում արտացոլված չափանիշները, որտեղ ամրագրված է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ տեղեկատվության փոխանակման շրջանակներում պետությունների համագործակցության  եզրերը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի խմբագրության 42-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի` (1) յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: (2) Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի` (1) պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը` ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով եւ հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջեւ: (2) Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին: Այն ուժի մեջ է մտել 2003 թվականի նոյեմբերի 15-ին: Օրենքի գործողությունն  ունի սուբյեկտային լայն շրջանակ եւ կարգավորում է ինչպես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, այնպես էլ հանրային նշանակության այլ կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից տնօրինվող տեղեկատվության հասանելիության կարգը եւ սահմանները, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 1-ին մասը նախատեսում է տեղեկատվության տրամադրման սահմանափակումները, 3-րդ մասը նախատեսում է սահմանափակման ոչ ենթակա տեղեկատվության շրջանակը: Մասնավորապես, նշյալ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա` 2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը:

Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել:

Քանի որ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» /Օրհուսի/ կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասը ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետեւապես` անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետով  սահմանված  մերժման հիմքը:

Նախագծի  ընդունումը  բխում  է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» /Օրհուսի/ կոնվենցիայի պահանջից, ինչպես նաեւ Եվրոպական միության եւ ատոմային  էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով ամրագրված Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հանրային հասանելիության մասին Խորհրդի 90/313/ԵՏՀ  հրահանգն ուժը կորցրած ճանաչող` Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2003 թվականի հունվարի 28-ի  2003/4/ԵՀ հրահանգից, ինչը ենթակա է կատարման ՀՀ կողմից մինչեւ 2020թ. առաջին եռամսյակը:

Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի ը) կետով ամրագրված է, որ շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա` շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, օրինակ` հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին: Թե Օրհուսի կոնվենցիայի, թե վերը նշված 2003/4/ԵՀ հրահանգի ընդհանուր տրամաբանության վերլուծությունը վկայում է, որ պետական մարմինները կարող են մերժել հանրության տեղեկատվության մատչելիությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի վրա: Այս բացառությունը հնարավորություն է տալիս Կառավարությանը պահպանել որոշ վայրեր, ինչպիսիք են հազվագյուտ տեսակների բազմացման վայրերը, ինչպես նաեւ դրանց շահագործումը` ընդհուպ գաղտնի պահելով վերջիններիս տեղակայման վայրերը: Այս դրույթն առաջին հերթին երաշխիք-նորմ է, ինչը թույլ է տալիս պետական մարմիններին հաշվի առնել այն վնասը, որը կարող է հասցվել շրջակա միջավայրին` տեղեկատվության բացահայտման կամ չբացահայտման վերաբերյալ որոշում կայացնելիս: Օրհուսի կոնվենցիայի լույսի ներքո կոնվենցիայի անդամ-պետության համար կարեւոր է նաեւ այն, որ կոնվենցիայի 4-րդ հոդվածում նշված «բացասաբար կանդրադառնա» եզրույթը պետական մարմինների կողմից մեկնաբանելիս համոզվածություն լինի առ այն, որ տեղեկատվության բացահայտումը կարող է բացասաբար անդրադառնալ համապատասխան շահերի վրա: Այսինքն` «կանդրադառնա» եզրույթի օգտագործումը «կարող է անդրադառնալ» եզրույթի փոխարեն`  ենթադրում է հիմնավոր համոզվածություն, որ տվյալ հարցման բավարարումը բացասական ազդեցություն կունենա, քան կոնվենցիոն  մյուս դրույթների կիրառումը:

Միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս նշելու, որ Օրհուսի կոնվենցիայի անդամ-պետությունների եւ ԵՄ անդամ պետությունների համար սույն իրավակարգավորումը ենթակա է կատարման եւ մոտարկման:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Տեղեկատվության ազատության մասին» 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-րդ մասով`

«4. Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում` հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա:»:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի  նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա համապատասխանեցնել Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետի եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացվող դրույթները:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ  ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

13  ապրիլի 2020 թվականի  N 449 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի 13
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2 ապրիլի 2020 թվականի  N 453 - Ա

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի 3
Երեւան
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 453-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հարգանքով`     ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ