Armenian ARMSCII Armenian
Կ-5721-17.04.2020-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում.

1) 1-ին մասի`

ա. 8-րդ կետում «վերահսկողություն» բառից առաջ լրացնել «իր լիազորությունների սահմաններում» բառերը,

բ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 10-րդ կետից հանել «արտադրությունն ու» բառերը:

2) 2-րդ մասի 6-րդ կետի «դ» ենթակետում «ռազմարդյունաբերական համալիրի,» բառերը հանել, «, իսկ «ծրագրերը» բառերը փոխարինել «ծրագիրը» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 17-րդ հոդվածում.

1) 2-րդ մասի  6-րդ կետի «ա» ենթակետի «ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի» բառերը հանել,

2) 3-րդ մասում լրացնել 8.1-ին կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«8.1) կազմակերպում եւ ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական եւ նորարարական աշխատանքները.»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի լիազորությունները եւ գործառույթները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Վերոգրյալով պայմանավորված ինչպես նաեւ պետական պատվերի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով նախագծերով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում: Մասնավորապես «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում ռամարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթները տարանջատվել են երկու մասի` դրանց մի մասը վերապահելով ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին, մյուս մասը ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմիներին` իրենց իրավասության սահմաններում:

Միաժամանակ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է պետական պատվերի ցանկի հաստատման իրավասությունը վերապահել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը.

Նախագծերի ընդունմամբ կապահովվի ռազմարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթների տարանջատումը եւ պետական պատվերի միասնական քաղաքականությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծերը մշակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախարարության կողմից:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

9 ապրիլի 2020 թվականի  N 527 - Ա

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի 10
Երեւան
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

13 ապրիլի 2020 թվականի  N  451 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի 13
Երեւան
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 527-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը:

Հարգանքով`         ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ