Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5681-15.04.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Օրենսգրքի 10-րդ գլուխը լրացնել նոր  «150.11»–րդ հոդվածով՝

«Հոդված 150.11. Միջպետական եւ հանրապետական  նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման եւ օգտվելու համար ներկայացվող  սահմանափակումները, պայմանները եւ պահանջները խախտելը

1. Միջպետական եւ հանրապետական  նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ մինչեւ 200 մետր հեռավորության վրա  գտնվող շենքերում  կամ շինություններում, որոնք չեն համապատասխանում՝ միջպետական եւ հանրապետական  նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներին, պայմաններին եւ պահանջներին, սգո սրահի՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար թույլտվության տրամադրումն առաջացնում է տուգանք՝

պաշտոնատար անձի կողմից կատարվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի Հունվարի 1-ից:

Հիմնավորում

Առկա խնդիրները եւ իրավիճակը

Այս պահին առկա են փաստեր, որ  միջպետական կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասի եզրից՝ 5-10 մետր հեռավորության վրա գտնվող շենքերում եւ շինություններում գործում են սգո սրահներ, որտեղ իրականացվում  կամ մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ: Այսօրվա սգո սրահների որոշակի շենքեր եւ շինություններ նախկինում ունեցել են այլ գործառնական նշանակություն եւ դրան համապատասխան սպասարկման տարածքներ ու այլ պայմաններ: Գործառնական նշանակությունը փոխելով սգո սրահի՝ այս պահին նմանատիպ օբյեկտների որոշակի մասը  չունեն համապատասխան պայմաններ, որոնք բավարարում են  միջպետական կամ հանրապետական  նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներին, պայմաններին եւ պահանջներին, որի արդյունքում վերոնշյալ ծառայությունների իրականացման ժամանակ առաջանում են մի շարք խնդիրներ, որոնցից հարկ է նշել առավել կարեւորը՝ ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկության եւ քաղաքացիների անվտանգության ապահովումը, խցանումների բացառումը եւ այլն:

Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին գործող օրենքի՝

ա/ 18-րդ հոդվածի 1-ին մասի 35)-րդ կետի համայնքի ավագանին սահմանում է այն շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները, որտեղ իրականացվում կամ մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ

բ/ 35-րդ հոդվածի 1-ին մասի 23)-րդ կետի համայնքի ղեկավարը սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ մատուցելու թույլտվություն, ինչպես նաեւ համայնքի բնակավայրերում այդ թույլտվության տրամադրումը կարող է լիազորել վարչական ղեկավարին

Այս պահին գործող օրենսդրությամբ սգո սրահների գործունեության համար՝ շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումների, պահանջների, պայմանների սահմանման եւ ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ մատուցելու թույլտվություն տրամադրելու գործառույթները վերապահված է համայնքի ավագանուն եւ համայնքի ղեկավարին:

Հարկ է նշել, որ օրենքի նախագիծը նպատակ չի հետապնդում վերոնշյալ օբյեկտներում արգելել որպես սգո սրահ գործունեության իրականացումը: Խնդիրը կայանում է նրանում, որ օրենսդրական բացի պատճառով, այն է՝ միջպետական եւ հանրապետական  նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման եւ օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներին, պայմաններին եւ պահանջներին չբավարարելու դեպքերում սգո սրահների գործունեության մասով հստակ արգելքներ սահմանված չեն, որի արդյունքում,  համապատասխան թույլտվության հիման վրա նախկինում օրինական կառուցված այլ գործառնական նշանակության շենքերի կամ շինությունների համար տրվում է մեկ այլ՝ սգո սրահի՝  քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման գործառնական նշանակության թույլտվություն: Այսինքն նկատի ունենք, որ վերոնշյալ վայրերում նախկինում կառուցված շենքերը եւ շինությունները համապատասխանել են իրենց նախկին գործառնական նշանակության պայմաններին եւ պահանջներին, ինչն էլ բավարարել է միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար ներկայացվող պահանջներին եւ պայմաններին: Ըստ այդմ, եթե նախկինում նախատեսվեր որպես սգո սրահ գործառնական նշանակություն, ապա երթեւեկելի մասի եզրից նմանատիպ օբյեկտն ողջամիտ հեռավորության վրա կլիներ: Եվ այս պահին նշված օբյեկտներում սգո սրահի գործունեության իրականացման թույլտվության տրամադրման համար որեւէ արգելող նորմ չկա, քանի որ այդ շենքերը եւ շինությունները կառուցվել են օրինական եւ համապատասխանում են կառուցման համար հիմք հանդիսացող նախկին գործառնական նշանակության պայմաններին ու պահանջներին, սակայն օրենսդրական բացի պատճառով՝ սգո սրահի գործառնական նշանակության թույլտվություն է տրամադրվում, որն էլ չի համապատասխանում նախկին գործառնական նշանակության պայմաններին ու պահանջներին՝ հետեւապես նաեւ այօրվա պայմաններին ու պահանջներին:

Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենքի նախագծի հիմնական նպատակը միջպետական կամ հանրապետական  նշանակության ավտոմոբիլային ճանապարհներում՝ երթեւեկության եւ քաղաքացիների  անվտանգության բարձր մակարդակի ապահովումն է, ինչպես նաեւ առկա այլ խնդիրների լուծումը:
 

                       Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ  


_____/___________ 2020թ.
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝Արթուր Գրիգորյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Հարգանքով՝       ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
                           ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ
                          ԱՐԹՈՒՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
                            ՀՐԱՆՏ ՄԱԴԱԹՅԱՆ