Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-566-14.04.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածը լրացնել 4-րդ կետով`.

«4. Եռամսյակային հրատապ օգնությունը տրամադրվում է համավարակի հետեւանքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 22.1 հոդվածով.

«Հոդված 22.1 Համավարակի հետանքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը եւ դրա տրամադրման կարգը

1. Համավարակի հետեւանքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունեն եկամտի այլ աղբյուր չունեցող առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, երկկողմանի ծնողազուրկ երեխաները, միայնակ մայրերը, ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքները, ծերության նպաստի իրավունք ունեցող անձինք, որոնց տրամադրվող այլ նպաստների եւ սոցիալական աջակցության դրամական այլ օգնության գումարները նվազագույն աշխատավարձի գումարից պակաս են:

2. Համավարակի հետեւանքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում եռամսյակային հրատապ օգնության ստանալու իրավունքը որոշում է տարածքային կենտրոնը` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի (այսուհետ` խորհուրդ) առաջարկությամբ:

3. Համավարակի հետեւանքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում եռամսյակային հրատապ օգնություն նշանակվում է այն չափով որպեսզի նպաստառուի կողմից ստացվող այլ նպաստի կամ սոցիալական աջակցության դրամական այլ օգնության հանրագումարը հավասար լինի նվազագույն ամսական աշխատավարձի գումարին:

4. Համավարակի հետեւանքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է մինչեւ արտակարգ դրության ավարտը, սակայն ոչ ավել, քան երեք ամիս ժամկետով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ

ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու եւ այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Օրենքի նախագծի նպատակն է համավարակի հետեւանքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում օժանդակել նպաստառու այն անձանց որոնց տրամադրվող այլ նպաստների եւ սոցիալական աջակցության դրամական այլ օգնության գումարները նվազագույն աշխատավարձի գումարից պակաս են: Ակնհայտ է, որ համաճարակի արդյունքում մի կողմից սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը, մյուս կողմից` մի շարք տնտեսվարողների աշխատանքը, ուստի նման պայմաններում առավել է կարեւորվում պետության սոցիալական պարտավորությունը` անապահով քաղաքացիների նյութական նվազագույն կարիքները հոգալու գործընթացում:

Ուսումնասիրելով միջազգային փորձը, ակնհայտ է դառնում, որ համավարակի հետեւանքով արտակարգ դրություն հայտարարելու արդյունքում պետության կողմից ֆինանսական աջակցության տարբեր եղանակներ են կիրառվել նաեւ այլ երկրներում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշումը եւ գրությունը