Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-563-14.04.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 325-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանց ամբողջական մարումից հետո առաջնահերթությամբ եւ հաջորդաբար մարվում են հարկ վճարողի այն հարկային պարտավորությունները, որոնց կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում: Ընդ որում, սույն հոդվածի 5-րդ մասում չնշված հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների, այնուհետեւ՝ բոլոր տույժերի, որից հետո՝ բոլոր տուգանքների, վնասի հատուցման գումարները:

Միասնական հաշվում առկա գումարները Օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների մարմանը բոլոր դեպքերում ուղղվում են ոչ շուտ, քան համապատասխան պարտավորության մարման վերջնաժամկետը լրանալու օրը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ՝ հիմնված հետեւյալ սկզբունքների վրա.

(...) Հարկային վարչարարության  հավասարակշռվածություն՝ որեւէ հարկ վճարողի չի կարող պարտադրվել վճարել Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը կամ վճարները,  քանի դեռ չեն լրացել դրանց վճարման՝ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետները.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության կարեւորագույն եւ հարկ վճարողների իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից ամենաէական սկզբունքներից է հանդիսանում հարկային վարչարարության հավասարակշռվածության սկզբունքը: Տվյալ սկզբունքի օրենսդրական բովանդակությունն ի թիվս այլնի ենթադրում է, որ հարկ վճարողին որեւէ եղանակով, այդ թվում՝ անուղղակիորեն, չի կարող պարտադրվել այն հարկային պարտավորության կատարումը, որի կատարման համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դեռեւս սպառված չէ:

Մինչդեռ, Օրենսգրքի 325-րդ հոդվածի 6-րդ մասով ներկայումս սահմանված են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք հարկ վճարողներին որոշակի դեպքերում ըստ էության անուղղակիորեն հարկադրում են կատարել հարկային այնպիսի պարտավորություններ, որոնց կատարման համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դեռեւս չի լրացել, մասնավորապես.

ՀՀ հարկային օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի, սոցիալական վճարի, Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի հարկային  պարտավորությունները՝ նշված  հերթականությամբ:

Սույն մասում նշված հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից եւ դրանց առաջացման ժամկետներից:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետեւ՝ տույժերի, որից հետո տուգանքների, վնասի հատուցման գումարները, իսկ հարկերի մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նույն օրը ներկայացված հարկային հաշվարկներով ձեւավորված այն հարկերի գծով պարտավորությունները, որոնց կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում:

Օրենսգրքի մեջբերված դրույթներից հետեւում է, որ հարկ վճարողի միասնական հաշվին որոշակի գումարի մուտքագրման դեպքում նախ եւ առաջ մարվում են Օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված հարկերն ու վճարները, եթե այդպիսի պարտավորություններ առկա են: Նշված պարտավորությունների ամբողջական մարումից հետո կամ, դրանց բացակայության դեպքում, անմիջապես իրականացվում է այլ հարկային պարտավորությունների մարումը, որոնք մարման հերթականությունը որոշվում է՝ հիմք ընդունելով ոչ թե յուրաքանչյուր պարտավորության կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, այլ առաջնահերթության կարգով մարվում են ավելի վաղ առաջացած պարտավորությունները:

Այսինքն, պայմանական իրավիճակում, եթե հարկ վճարողը հարկային տարվա հունվարի 15-ին ներկայացնում է նախորդ հարկային տարվա շահութահարկի հաշվարկը, որի վճարման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, իսկ հաջորդ օրը ներկայացնում է նախորդ հարկային տարվա դեկտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվարկը, որի վճարման վերջնաժամկետը հունվարի 20-ն է, ապա վերջինիս կողմից միասնական հաշվին մուտքագրվող գումարներից Օրենսգրքի 325-րդ հոդվածի 6-րդ մասի ներկայիս կարգավորումների համաձայն նախ եւ առաջ մարվելու է շահութահարկի գումարը, քանի որ առաջինը ներկայացվել է այդ հարկատեսակի հաշվարկը, ուստիեւ՝ ավելի վաղ է առաջացել շահութահարկի պարտավորությունը: Ընդ որում, հատկանշական է այն փաստը, որ նկարագրված իրավիճակում շահութահարկի վճարման վերջնաժամկետը լրանում է 4 ամիս ավելի ուշ, քան դեկտեմբեր ամսվա եկամտային հարկի վճարման վերջնաժամկետը, մինչդեռ հարկ վճարողն անուղղակիորեն հարկադրվում է նախ եւ առաջ մարել ավելի ուշ եւ կատարման վերջնաժամկետը դեռեւս չլրացած շահութահարկի վճարման պարտականությունը զուտ այն պատճառով, որ ցուցաբերել է հարկային բարձր կարգապահություն եւ շահութահարկի տարեկան հաշվարկը ներկայացրել է ավելի վաղ, քան այն ներկայացվում է սովորաբար:

Այլ խոսքով, ներկայիս կարգավորումները հնարավոր են դարձնում այնպիսի իրավիճակներ, երբ հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրված գումարներից առաջնահերթության կարգով մարվում են ոչ թե կատարման վերջնաժամկետն ավելի վաղ լրացող պարտավորությունները, այլ ընդհակառակը, ինչն ըստ էության հանդիսանում է հարկ վճարողին կատարման վերջնաժամկետը դեռեւս չլրացած հարկային պարտավորության կատարմանն անուղղակիորեն հարկադրելու դրսեւորում: Ավելին, ներկայիս կարգավորումները խոչընդոտ են հանդիսանում Օրենսգրքով սահմանված հաշվարկները հարկ վճարողի կողմից ավելի վաղ ներկայացնելու համար, քան Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն է, քանի որ այդ դեպքում հարկ վճարողը հայտնվում է կատարման վերջնաժամկետը չլրացած պարտավորությունը հարկադրաբար կատարելու վտանգի առջեւ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայացված նախագծի ընդունմամբ նախատեսվում է շտկել վերը նկարագրված խնդրահարույց իրադրությունը եւ սահմանել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք առավել հստակությամբ կամրագրեն հարկային պարտավորություններն ըստ դրանց կատարման համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետների հերթականության եւ ոչ շուտ, քան կատարման վերջնաժամկետը լրանալու օրը մարելու կանոնը, ինչպես նաեւ կնվազեցնեն հարկային վարչարարության հավասարակշռվածության սկզբունքի խախտման հավանականությունը՝ Օրենսգրքի 325-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանեցնելով տվյալ սկզբունքին:
 

                Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ  


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 6 թերթ:

Հարգանքով՝     Արթուր ԴԱՎԹՅԱՆ