Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1102-03.10.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 38-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն, զինծառայողներին մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 

Հիմնավորում

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերը մշակվել են ս.թ. հունվարի 12-ին կայացած` մշտապես գործող նախարարական սոցիալական կոմիտեի նիստի թիվ 101589 արձանագրության 4-րդ կետի 2-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման կապակցությամբ: Նախագծերի նպատակը զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները եկամտային հարկի համակարգում ներառելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն, զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները եկամտահարկով (իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկով) հարկման ենթակա չեն:

Խնդիրը կայանում է նրանում, որ զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ փրկարարական ծառայողների` ծառայության հետ կապված եկամուտները եկամտային հարկով չհարկելու մոտեցումը չի բխում հարկման հավասարության ու արդարության սկզբունքներից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ փրկարարական ծառայության ծառայողների` ծառայության հետ կապված եկամուտները 2013 թվականի հունվարի 1-ից ներառել եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտների խմբում:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ փրկարարական ծառայության ծառայողների` ծառայության հետ կապված եկամուտներն են:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրապնդել հարկման հավասարության ու արդարության սկզբունքների կիրառությունը: