Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-110-03.10.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246 օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն, զինծառայողներին մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտները.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ս.թ. հունվարի 12-ին կայացած` մշտապես գործող նախարարական սոցիալական կոմիտեի նիստի թիվ 101589 արձանագրության 4-րդ կետի 2-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման կապակցությամբ: Նախագծի նպատակը զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները եկամտային հարկի համակարգում ներառելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով համարվում են նվազեցվող եկամուտներ «եկամտային հարկով չեն հարկվում»:

Խնդիրը կայանում է նրանում, որ զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ փրկարարական ծառայողների` ծառայության հետ կապված եկամուտները եկամտային հարկով չհարկելու մոտեցումը չի բխում հարկման հավասարության ու արդարության սկզբունքներից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ փրկարարական ծառայության ծառայողների` ծառայության հետ կապված եկամուտները ներառել եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտների խմբում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ փրկարարական ծառայության ծառայողների` ծառայության հետ կապված եկամուտներն են:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրապնդել հարկման հավասարության ու արդարության սկզբունքների կիրառությունը: