Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1031-03.10.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՀՕ-55-Ն ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 14 կետում`

1) 14.2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«14.2 յուրաքանչյուր վայրում մինչեւ 100 մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների շահագործող շահումով խաղի կազմակերպման համար` այդ թվում`

14.2.1 Երեւանի քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 250000-ապատիկի չափով

14.2.2 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 150000-ապատիկի չափով

14.2.3 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչեւ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 90000-ապատիկի չափով

14.2.4 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 50000-ապատիկի չափով»:

2) 14.3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«14.3 յուրաքանչյուր վայրում մինչեւ 40 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում`

14.3.1 Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 2000000-ապատիկի չափով

14.3.2 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 1200000-ապատիկի չափով

14.3.3 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչեւ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 700000-ապատիկի չափով

14.3.4 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 400000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի կազմակերպիչների կողմից 100 եւ ավելի շահումով մեքենայացված խաղերի սարքավորումներ շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ կետի 14.2 ենթակետի 14.2.1, 14.2.2, 14.2.3 եւ 14.2.4 կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը: Յուրաքանչյուր վայրում խաղատների կողմից 40 եւ ավելի խաղասեղան շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի՝ համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ կետի 14.3 ենթակետի 14.3.1, 14.3.2, 14.3.3 եւ 14.3.4 կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը:»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.2-րդ ենթակետի 14.2.1 - 14.2.4-րդ ենթակետերով, ինչպես նաեւ 14-րդ կետի 14.3-րդ ենթակետի 14.3.1 - 14.3.4 ենթակետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչեւ տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերությունում.

1) «2013 թվականի» բառերը փոխարինել «2014 թվականի» բառերով,

2) «2012 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով:

Հոդված 5. 2012 թվականի ընթացքում Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն վճարած տուրքերը մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ենթակա են լրավճարման՝ Օրենքի 19-րդ հոդվածի 14 բաժնի 14.2 եւ 14.3 կետերով սահմանված չափի եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը 2012 թվականի ընթացքում վճարած տարեկան պետական տուրքի տարբերության չափով:

Հոդված 6. Այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն չի իրականացվում պետական տուրքի լրավճարում, 2013 թվականի հունվարի 1-ից համարվում են կասեցված եւ նրանց հանդեպ կիրառվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի հունիսի 27-ի ՀՕ-193-Ն) 34-րդ հոդվածի 7-րդ մասի, 36-րդ հոդվածի 7-րդ եւ 10-րդ մասերը:

Հոդված 7. Չեղյալ ճանաչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրը:

Հոդված 9. Սույն օրենքի 1-3-րդ հոդվածների գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:  

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Իրավական ակտերի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

Առաջարկվող իրավական ակտերի ընդունումը ելնում է խաղային բիզնեսի ներկայացուցիչների կողմից 28.08.2012թ. ՀՀ վարչապետին ուղղված նամակի /կցվում է/ եւ ՀՀ վարչապետի մոտ 25.09.2012թ. խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքում ընդունված որոշումից, ըստ որի` ՀՀ-ում գործող խաղատների` Սեւան, Ջերմուկ եւ Ծաղկաձոր քաղաքներ տեղափոխելու ժամկետը առաջարկվեց երկարաձգել մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը` գործող ժամկետի` 2013 թվականի հունվարի 1-ի փոխարեն:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ-ում խաղային բիզնեսի բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում 2010 թվականին ընդունվել էր «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` ՀՀ-ում խաղատների գործունեությունը 2013 թվականի հունվարի 1-ից կազմակերպվելու է միայն Սեւան, Ջերմուկ եւ Ծաղկաձոր քաղաքներում: Սակայն, խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց հաղթահարումը խաղային բիզնեսի կազմակերպիչների կողմից ներկայիս պայմաններում դառնում է անհնար:

Առաջացած կարեւորագույն խնդիրներից են` վերոնշյալ քաղաքներում խաղային բիզնեսի կազմակերպման եւ բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը կամ թերզարգացվածությունը, այդ քաղաքներ զբոսաշրջիկների ներգրավման հետ կապված` գործնականում ծագող բարդությունները, նոր վայրերում գործունեություն կազմակերպելու համար պահանջվող հսկայական ներդրումները, որոնց վերադարձելիությունը կազմակերպիչները համարում են խիստ կասկածելի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւան քաղաքում կամ շրջակայքում գործելու է մեկ խոշոր խաղատուն, ինչը մեծ խոչընդոտ է հանդիսանալու վերոնշյալ երեք քաղաքներ խաղացողների հոսքի համար: Այս խնդիրները վերջին հաշվով կհանգեցնեն ոլորտի մոնոպոլացմանը:

Հաշվի առնելով այն, որ օրենքի պահանջներին համապատասխան գործունեություն ծավալելու անկարողության հետեւանքով բազմաթիվ խաղատներ պարզապես կդադարեցնեն իրենց գործունեությունը, ՀՀ պետական բյուջեն կկրի կորուստներ` տարեկան մոտավորապես 4-5 միլիարդ ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ խաղային բիզնեսում ներգրավված աշխատողների թվաքանակը կկրճատվի մոտ 700-ով:

ՀՀ վարչապետի մոտ խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցության արդյունքում որոշվել է մեկ տարվա ընթացքում մշակել խաղային բիզնեսի զարգացման ծրագիր, որի հիման վրա, ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում, կմշակվի օրենքների նախագծերի նոր փաթեթ եւ կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է երկարաձգել վերոնշյալ օրենքների` ուժի մեջ մտնելու ժամկետը` նոր ժամկետ սահմանելով 2014 թվականի հունվարի 1-ը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Խաղային բիզնեսի բնագավառի զարգացում, այդ ոլորտում վերահսկողության մեխանիզմների կատարելագործում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Խաղային բիզնեսի բնագավառի բնականոն գործունեության ապահովում եւ խաղային բիզնեսի զարգացում, պետական բյուջեի եկամուտների ավելացում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության կողմից:

6.  Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում մեկ տարով կհետաձգվի 2010 թվականին «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումը խաղային բիզնեսի կազմակերպիչների կողմից, ինչը հնարավորություն կտա նրանց համապատասխան նախադրյալներ ստեղծել օրենքի պահանջներին համապատասխանելու եւ իրենց գործունեությունը շարունակելու համար:

Նախագծերի ընդունումը թույլ կտա նաեւ խուսափել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազումից, ինչպես նաեւ խաղային բիզնեսի բնագավառում աշխատատեղերի քանակի էական կրճատումից: