Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-243-16.03.2004-ՊԻ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, փոփոխելու, վերականգնելու եւ չեղյալ հայտարարելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) կազմելու եւ պահպանելու կարգի ու ժամկետների եւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ, ինչպես նաեւ սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմինների իրավասությունները։

Հոդված 2. Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենսդրությունը

1. Քաղաքացիական կացության ակտերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Քաղաքացիական կացության ակտերը

1. Քաղաքացիական կացության ակտերը քաղաքացիների այնպիսի գործողությունները կամ դեպքերն են, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ բնութագրում են քաղաքացիների իրավական վիճակը:

2. Սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետեւյալ ակտերը՝

ա) ծնունդը.

բ) ամուսնությունը.

գ) ամուսնալուծությունը.

դ) որդեգրումը (դստերագրումը).

ե) հայրությունը որոշելը.

զ) անունը փոխելը.

է) մահը:

Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, սույն օրենքով սահմանված կարգով, իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինները (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմիններ):

2. Օտարերկրյա պետություններում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական hիմնարկները՝ սույն օրենքով սահմանված կարգով:

3. Երեւան քաղաքում ամուսնության եւ ծննդյան գրանցումը կարող է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող ամուսնության եւ ծննդի հանդիսավոր գրանցման պալատում, իսկ Երեւան քաղաքում մահվան գրանցում կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող համապատասխան տարածքային մարմնում:

4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների հետ կապված գործունեությունը համակարգում եւ վերահսկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։

Հոդված 5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրացման հետ կապված Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների լիազորությունները

Օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները սահմանված կարգով՝

ա) իրականացնում են ծննդի, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման (դստերագրման), հայրության որոշման, անվան փոխման եւ մահվան պետական գրանցումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց դիմումներով եզրակացություններ են կազմում Հայաստանի Հանրապետության տարածքում կազմված քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

գ) ուղղումներ կամ փոփոխություններ են կատարում իրենց մոտ պահվող քաղաքացիական կացության ակտերի գրառումներում.

դ) իրենց կատարած քաղաքացիական կացության ակտերի գրառումների հիման վրա տալիս են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականների կրկնօրինակներ եւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր.

ե) իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված` սույն օրենքով եւ մյուս իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ։

Հոդված 6. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է քաղաքացիների գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքների պաշտպանության նպատակով, ինչպես նաեւ ելնելով պետության շահերից:

2. ՔԿԱԳ մարմնի կողմից քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացվում է քաղաքացիական կացության ակտում համապատասխան գրառում կատարելու եւ այդ գրառման հիման վրա քաղաքացուն վկայական տալու միջոցով:

3. ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնում է ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը, եթե սույն օրենքով այլ ժամկետներ նախատեսված չեն:

ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը՝ պետական գրանցման համար սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաստացի ստացման ժամանակն է, որը նշվում է ստացված դիմումի վրա՝ փաստաթղթերն ընդունած անձի ստորագրությամբ եւ գրառվում է փաստաթղթերի ընդունման մատյանում:

4. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կամ աշխատողը իրավունք չունի իրականացնել իրեն, իր ամուսնուն, ամուսնու եւ իր ազգականներին (ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր եւ քույր) վերաբերող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում: Նման դեպքերում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմնի այլ աշխատողի կողմից կամ ՔԿԱԳ այլ մարմնում:

5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության եւ քաղաքացիական կացության ակտերի գրառումները կազմելու որակի համար պատասխանատու է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը, եւ գրանցում է կատարող աշխատողը։

Հոդված 7. Քաղաքացիական կացության ակտի գրառումը

1. Քաղաքացիական կացության ակտի գրառում կատարելու համար պետք է ներկայացվեն այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման համար եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ։

2. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերը, որոնք տրվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից եւ ներկայացվել են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար, պետք է հյուպատոսական օրինականացման ենթարկվեն, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, եւ թարգմանվեն հայերեն։ Թարգմանության իսկությունը պետք է վավերացվի նոտարական կարգով։

3. ՔԿԱԳ մարմիններում քաղաքացիական կացության ակտերի գրառումը եւ գործավարությունը իրականացվում է հայերեն:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ ընդգրկվող տեղեկությունները սահմանվում են սույն օրենքով:

5. Քաղաքացիական կացության ակտի գրառումը կատարվում է երկու նույնական օրինակով։

6. Քաղաքացիական կացության ակտի յուրաքանչյուր գրառում պետք է ընթերցվի դիմողի կողմից եւ ստորագրվի նրա եւ գրառումը կատարող ՔԿԱԳ մարմնի աշխատողի եւ ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից եւ ամրագրվի ՔԿԱԳ մարմնի կնիքով։

7. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները (քաղաքացիական կացության ակտերի գրառումների յուրաքանչյուր տեսակն առանձին), որոնք կազմվել են մեկ տարվա ընթացքում, ժամանակագրական կարգով հավաքվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանում (ակտային գրքում)։ Նույն կարգով հավաքվում են նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակները։

8. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձեւաթղթերի նմուշները, այդ ձեւաթղթերի լրացման կարգը, ինչպես նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձեւաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 8. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը

1. Քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական: Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը ստորագրվում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից եւ ամրագրվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով:

2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականում ընդգրկվող տեղեկությունները սահմանվում են սույն օրենքով:

3. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտով պատրաստվում են տպագրական եղանակով եւ համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր: Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականներից յուրաքանչյուրն ունի իր սերիան եւ համարը:

4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների նմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձեւաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականները տրամադրվում եմ ՔԿԱԳ տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:

6. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականները ոչնչացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստեղծվում է հանձնաժողով, որի լիազորությունները, ինչպես նաեւ վկայականների ոչնչացման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 9. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը

1. Քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրամադրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ:

2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրվում է՝

ա) այն անձին, ում վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.

բ) մահացածի ազգականին կամ այլ շահագրգիռ անձին այն դեպքում, եթե քաղաքացիական կացության ակտի գրառումը վերաբերում է մահացածին.

գ) ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչին այն դեպքում, եթե անձի, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտի գրառումը, վկայականի կրկնօրինակի տրամադրման օրվա դրությամբ անգործունակ է.

դ) այլ անձի, եթե նա ներկայացնում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից սահմանված կարգով տրված լիազորագիր:

3. Չի տրամադրվում՝

ա) երեխայի ծննդյան վկայականի կրկնօրինակ այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից, կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները.

բ) ամուսնության վկայականի կրկնօրինակ այն անձանց, որոնց ամուսնությունը դադարել է կամ անվավեր է ճանաչվել:

Վերոհիշյալ անձանց դիմումով նրանց տրամադրվում է փաստաթուղթ, որը հաստատում է երեխայի ծննդի կամ ամուսնության պետական գրանցման փաստը:

Քաղաքացիական կացության ակտերի այն գրառումների վերաբերյալ, որոնք անվավեր կամ չեղյալ են հայտարարվել, կամ վերացել (դադարել) է այն իրավաբանական փաստը, որը հիմք է հանդիսացել տվյալ գրանցումը (գրառումը) կատարելու համար, վկայականների կրկնօրինակներ չեն տրամադրվում: Շահագրգիռ անձանց խնդրանքով ՔԿԱԳ մարմինների կողմից տրամադրվում է փաստաթուղթ, որով հաստատվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումները:

4. ՔԿԱԳ մարմնի կողմից քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ է տրամադրվում դիմելու օրվանից առնվազն երկօրյա ժամկետում:

Հոդված 10. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մերժումը

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը մերժվում է, եթե՝

ա) այդ գրանցումը հակասում է օրենքի պահանջներին.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջներին.

գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Անձի (նրա ներկայացուցչի) պահանջով, որին մերժվել է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը, ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է տվյալ անձին (նրա ներկայացուցչին) գրավոր տեղյակ պահել մերժման հիմքերի մասին:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատարան:

Հոդված 11. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կապակցությամբ ՔԿԱԳ մարմնի ղեկավարին եւ աշխատողին հայտնի դարձած տեղեկությունները չհրապարակելը

1. ՔԿԱԳ մարմնի ղեկավարին, աշխատողին քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կապակցությամբ անձի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

2. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրել, Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրի ձեւավորման եւ վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, ինչպես նաեւ դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության մարմինների՝ հարուցված քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ եւ օրենքով նախատեսված այլ իրավասու մարմինների պահանջով:

Հոդված 12. Օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտի վավերացման նպատակով տրամադրված փաստաթղթերի իսկության ճանաչումը Հայաստանի Հանրապետության տարածքում

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ քաղաքացիական կացության ակտի վավերացման նպատակով տրամադրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տարածքում վավեր են ճանաչվում դրանց հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 13. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների համար նախատեսված պետական տուրքը

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների եւ դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով:

ԳԼՈՒԽ 2.

ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 14. Ծննդի պետական գրանցման հիմքերը

1. Ծննդի պետական գրանցման հիմքերն են՝

ա) ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը.

բ) ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որի բժիշկը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ.

գ) ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի (այսուհետ՝ բժիշկ) կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում.

դ) ծննդյան մասին սահմանված ձեւի գրավոր հայտարարությունը՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս եւ առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում:

Եթե տվյալ անձը չի կարող անձամբ ներկայանալ ՔԿԱԳ մարմին՝ հայտարարություն տալու համար, ապա տվյալ հայտարարության տակ դրված նրա ստորագրությունը պետք է վավերացվի նոտարական կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ծննդի պետական գրանցման հիմքերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Հոդված 15. Ծննդի պետական գրանցման վայրը

1. Ծննդի պետական գրանցումն իրականացվում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի, իսկ գտնված (ընկեցիկ) երեխաներինը՝ նաեւ գտնելու վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից:

2. Ծննդի ակտի գրառման մեջ որպես երեխայի ծննդյան վայր նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (վարչատարածքային միավորի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը):

3. Այն դեպքում, երբ երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ընթացքում, ծննդի պետական գրանցումն իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ տրանսպորտային միջոցի ուղերթի տարածքում գտնվող ՔԿԱԳ որեւէ մարմնի կողմից: Այդ դեպքում որպես երեխայի ծննդյան վայր նշվում է երեխայի ծննդի պետական գրանցման վայրը:

Հոդված 16. Ծննդյան մասին հայտարարությունը

1. Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը տրվում է ՔԿԱԳ մարմնին՝ ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո մեկ տարվա ընթացքում:

2. Երեխայի ծննդյան մասին հայտարարության հետ միասին պետք է ներկայացվի երեխայի ծննդի փաստը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաեւ ներկայացվեն ծնողների (ծնողներից մեկի) կամ դիմողի անձը եւ վերջինիս լիազորությունները հաստատող փաստաթղթեր, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթեր:

3. Եթե երեխան ծնվել է ոչ բժշկական կազմակերպությունում եւ ծննդաբերության ժամանակ առանց բժշկական օգնություն ցույց տալու, ծննդի ժամանակ ներկա գտնված անձի հայտարարությունը պետք է ներկայացվի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է այն ծնողների հայտարարությամբ, որոնք օրենքով սահմանված կարգով օգտվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից` արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում եւ սաղմի ներպատվաստում եւ կամ պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով եւ ունեն նոտարական կարգով վավերացված փոխադարձ պայմանագիր, երեխայի ծննդյան փաստը հաստատող փաստաթղթի հետ միաժամանակ պետք է ներկայացվի պայմանագրի պատճեն, որը հաստատում է երեխային ծննդաբերած կնոջ համաձայնությունը՝ նշված ամուսիններին որպես երեխայի ծնողներ գրառելու մասին։

Հոդված 17. Ծննդի ակտի գրառման մեջ ծնողների մասին տեղեկություններ լրացնելը

1. Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի հիման վրա:

2. Այն դեպքում, երբ երեխայի ծնողներն ամուսնալուծված են, ամուսնությունը դատական կարգով ճանաչվել է անվավեր, կամ եթե ամուսինը մահացել է, բայց ամուսնալուծության, ամուսնության անվավեր ճանաչման կամ ամուսնու մահվան օրվանից մինչեւ երեխայի ծննդի օրը անցել է ոչ ավելի, քան երեք հարյուր օր, ապա ծննդի ակտի գրառման մեջ երեխայի մոր մասին տեղեկությունները լրացվում են սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի կամ ամուսնության պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթի, ինչպես նաեւ ամուսնության դադարման փաստն ու ժամանակը հաստատող փաստաթղթի հիման վրա:

3. Այն դեպքում, երբ երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ մոր մասին տեղեկությունները լրացվում են սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով: Այդ դեպքերում երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝

ա) հայրության որոշման ակտի գրառման հիման վրա՝ այն դեպքում, երբ հայրությունը ճանաչվում եւ գրանցվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ.

բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա՝ այն դեպքում, երբ հայրությունը որոշված չէ: Երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը եւ նրա հայրանունը՝ մոր ցուցումով: Երեխայի հոր մասին լրացված տեղեկությունները չեն կարող արգելք հանդիսանալ հայրության որոշման հարցի լուծման համար: Մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:

4. Ամուսնության մեջ գտնվող անձինք, որոնք գրավոր համաձայնություն ունեն որեւէ կնոջից՝ արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդների կիրառմամբ երեխա ունենալու մասին, ծննդի պետական գրանցման գրքում գրառվում են որպես այդ մեթոդների կիրառմամբ ծնված երեխայի ծնողներ։

Հոդված 18. Ծննդի պետական գրանցման ժամանակ երեխայի անվան, հայրանվան եւ ազգանվան գրառումը

1. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ:

2. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ:

3. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի ազգանունը գրառվում է նրա ծնողների ազգանվամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ՝ ծնողների համաձայնությամբ:

4. Երեխայի ծնողների միջեւ համաձայնության բացակայության դեպքում ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը եւ (կամ) նրա ազգանունը (ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում) գրառվում են դատարանի որոշման հիման վրա:

5. Երեխայի հոր հետ ամուսնական կապի մեջ չգտնվող մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունները լրացվում են մոր ցուցումով:

Հոդված 19. Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցումը

1. Երեխային հայտնաբերած անձը պարտավոր է այդ մասին 48 ժամվա ընթացքում հայտարարություն ներկայացնել երեխայի գտնվելու վայրի ոստիկանության կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմին:

2. Ոստիկանության, խնամակալության եւ հոգաբարձության մարմինները կամ դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ, որտեղ երեխան գտնվում է, պարտավոր են հայտարարել գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման մասին՝ ոչ ուշ, քան երեխայի գտնվելուց հետո յոթ օրվա ընթացքում:

3. Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման հայտարարության հետ միասին պետք է ներկայացվեն՝

ա) երեխային հայտնաբերելու մասին փաստաթուղթ՝ տրված ոստիկանության կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից` նշելով երեխային հայտնաբերելու ժամանակը, տեղը եւ հանգամանքները.

բ) բժշկական կազմակերպության կողմից տրված գտնված (ընկեցիկ) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթ:

4. Գտնված (ընկեցիկ) երեխայի անվան, հայրանվան եւ ազգանվան մասին տեղեկությունները նրա ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմնի կամ կազմակերպության ցուցումով: Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում:

Հոդված 20. Մահացած ծնված կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցումը

1. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվում է բժշկական կազմակերպության կողմից կամ բժշկի կողմից տրված պերինատալ մահվան մասին սահմանված ձեւի փաստաթղթի հիման վրա:

2. Մահացած ծնված երեխայի համար ծննդյան վկայական չի տրվում: Ծնողների (ծնողներից մեկի) պահանջով տրվում է փաստաթուղթ, որով հաստատվում է մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը:

3. Մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում:

4. Այն դեպքում, երբ երեխան մահացել է կյանքի չորս շաբաթվա ընթացքում, կատարվում է նրա ծննդի եւ մահվան պետական գրանցում:

5. Կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի եւ մահվան պետական գրանցումը կատարվում է ծննդի, պերինատալ մահվան, եւ մահվան մասին բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված սահմանված ձեւի փաստաթղթերի հիման վրա:

6. Ծննդի եւ մահվան ակտերի գրառումների հիման վրա տրվում է միայն երեխայի մահվան վկայական: Ծնողների (ծնողներից մեկի) պահանջով տրվում է փաստաթուղթ, որով հաստատվում է կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը:

7. Մահացած երեխայի ծննդի կամ երեխայի ծննդի եւ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահվան մասին ՔԿԱԳ մարմնին տեղյակ պահելու պարտականությունը դրվում է՝

ա) այն բժշկական կազմակերպության ղեկավարի վրա, որտեղ ընդունվել է ծնունդը, կամ որտեղ երեխան մահացել է.

բ) այն բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բժշկի վրա, բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում, որի բժիշկը հաստատել է մահացած երեխայի ծննդի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում երեխայի մահվան փաստը:

8. Մահացած ծնված երեխայի ծննդի կամ երեխայի ծննդի եւ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի ոչ ուշ, քան մահացած երեխայի ծննդից կամ երեխայի մահվան օրվանից հետո` յոթ օրվա ընթացքում:

Հոդված 21. Մեկ տարեկան եւ ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը

1. Մեկ տարեկան եւ ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը, բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ այլ շահագրգիռ անձանց գրավոր դիմումի հիման վրա: Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է վերջինիս դիմումի հիման վրա:

2. Ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթղթի բացակայության դեպքում մեկ տարեկան եւ ավելի երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ծննդի փաստը հաստատող դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Հոդված 22. Ծննդի ակտի գրառման բովանդակությունը

1. Ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը.

բ) ծնված երեխաների քանակը (մեկ, երկու կամ ավելի).

գ) նորածնի մոր որերորդ երեխան է.

դ) երեխայի ծննդի փաստը հաստատող փաստաթղթի տվյալները.

ե) ծնողների (ծնողներից մեկի) անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (ազգությունը լրացվում է դիմողի ցանկությամբ եւ նշվում է անձը հաստատող փաստաթղթերում դրանց առկայության դեպքում), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, աշխատանքի վայրը.

զ) հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները.

է) դիմող անձի անունը, հայրանունը, ազգանունը եւ բնակության վայրը կամ երեխայի ծննդի մասին հայտարարող մարմնի կամ կազմակերպության անվանումը եւ գտնվելու վայրը.

ը) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

թ) ծննդի ակտի գրառման ժամանակը, համարը եւ ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ժ) տրված ծննդյան վկայականի սերիան եւ համարը.

ժա) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Միաժամանակ երկու կամ ավելի երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդի պետական գրանցում կատարվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին՝ նշելով նրանց ծննդյան հաջորդականությունը:

3. Մահացած ծնված երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա անվան մասին տեղեկություններ չեն լրացվում:

Հոդված 23. Ծննդյան վկայականը

Ծննդյան վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը.

բ) ծնողների (ծնողներից մեկի) անունը, ազգանունը, հայրանունը եւ ազգությունը.

գ) ծննդի ակտի գրառման ժամանակը եւ համարը.

դ) ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ե) ծննդյան վկայական տալու ժամանակը:

Ծննդյան վկայականի մեջ ծնողների ցանկությամբ ծնողների (ծնողներից մեկի) ազգության մասին կատարվում է գրառում:

ԳԼՈՒԽ 3.

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 24. Ամուսնության պետական գրանցման հիմքը

Ամուսնության պետական գրանցման համար հիմք է հանդիսանում ամուսնացող անձանց համատեղ դիմումը:

Հոդված 25. Ամուսնության պետական գրանցման վայրը

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից:

Հոդված 26. Ամուսնության մասին դիմումը

1. Ամուսնացող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում ամուսնության համատեղ գրավոր դիմում:

2. Համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ ամուսնական տարիքի հասնելը, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:

3. Ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ պետք է նշվեն հետեւյալ տեղեկությունները.

ա) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (ամուսնացողներից յուրաքանչյուրի ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) ամուսնացող անձանց կողմից ընտրվող ազգանունները` ամուսնության պետական գրանցումից հետո.

գ) ընտանեկան դրությունը

դ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները:

4. Ամուսնացող անձինք ստորագրում են ամուսնության մասին համատեղ դիմումը եւ նշում դրա կազմման ժամանակը:

5. Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝

ա) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.

բ) այն դեպքում, երբ անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաեւ նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը:

6. Այն դեպքում, երբ ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված համատեղ դիմում տալու համար, ապա ամուսնացող անձանց կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել առանձին հայտարարություններ տալու միջոցով: ՔԿԱԳ մարմին ներկայանալու հնարավորություն չունեցող անձի կողմից հայտարարության վրա դրվող ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

Հոդված 27. Ամուսնության պետական գրանցման կարգը

1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին համատեղ դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Մինչեւ մեկ ամիսը լրանալը ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցումը կատարվում է, եթե առկա են հարգելի պատճառներ: Այդ դեպքում ՔԿԱԳ մարմնում ամուսնության պետական գրացումը կատարվում է դիմումում նշված օրը, բայց ոչ շուտ, քան դիմում տալուց եռօրյա ժամկետում: Հարգելի պատճառների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից կարող է ամուսնության պետական գրանցման ժամկետը մեկ ամսից ոչ ավելի ժամկետով երկարացվել:

3. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:

4. Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է իրականացվել հանդիսավորությամբ:

5. Այն դեպքում, երբ ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարգելի պատճառներով, ապա ամուսնության պետական գրանցումն ամուսնացող անձանց ներկայությամբ կարող է իրականացվել տանը, բժշկական կամ այլ հաստատությունում:

6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից՝ քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում:

7. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է մերժել ամուսնության պետական գրանցումն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությունը հաստատող ապացույցների դեպքում:

Հոդված 28. Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսինների ազգանունների գրառման կարգը

Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրառման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում):

Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ եւ ամուսնու ազգանունը միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի եւ գրառվում է գծիկով:

Հոդված 29. Ամուսնության ակտի գրառման բովանդակությունը

Ամուսնության ակտի գրառման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

ա) ամուսնացողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչեւ ամուսնությունը եւ ամուսնությունից հետո), անունը, հայրանունը, ազգությունը (ամուսնացողներից յուրաքանչյուրի ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը (այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ).

բ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները եւ ստորագրությունները.

գ) ամուսնության ակտի գրառման ժամանակը, համարը եւ ամուսնության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) տրված ամուսնության վկայականի սերիան եւ համարը.

ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Հոդված 30. Ամուսնության վկայականը

Ամուսնության վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

ա) ամուսնացողներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը (մինչեւ ամուսնությունը եւ ամուսնությունից հետո), ազգությունը՝ ամուսնության ակտի գրառմանը համապատասխան, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը.

բ) ամուսնության ակտի գրառման ժամանակը եւ համարը.

գ) ամուսնության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) ամուսնության վկայական տալու ժամանակը:

ԳԼՈՒԽ 4.

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 31. Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերը

Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝

ա) ամուսինների համատեղ դիմումը՝ ՔԿԱԳ մարմիններում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար.

բ) ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուս ամուսինը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով.

գ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքերում (երբ բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, երբ ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմիններում կատարելուց, կամ երբ ամուսինները ցանկանում են ամուսնությունը լուծել դատական կարգով՝ փոխադարձ համաձայնությամբ):

Հոդված 32. Ամուսնալուծության պետական գրանցման վայրը

Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսինների (ամուսիններից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից:

Հոդված 33. Ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցման կարգը

1. Ամուսնալուծության մասին համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնալուծության մասին ամուսինների փոխադարձ համաձայնությունը, եւ պետք է նշվեն նաեւ հետեւյալ տեղեկությունները.

ա) ամուսիններից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (ամուսիններից յուրաքանչյուրի ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) ամուսնության ակտի գրառման տվյալները.

գ) այն ազգանունները, որոնք ընտրվում են ամուսիններից յուրաքանչյուրի կողմից՝ ամուսնալուծությունից հետո.

դ) ամուսինների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները:

2. Ամուսնալուծվել ցանկացող ամուսինները ստորագրում են ամուսնալուծության մասին դիմումը եւ նշում դրա կազմման ժամանակը:

3. Այն դեպքում, երբ ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալ ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

4. Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո՝ ամուսիններից մեկի պարտադիր ներկայությամբ, եւ մյուսի՝ սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ:

Ամուսինների կողմից ամուսնալուծության վերաբերյալ դիմումները առանձին հայտարարություններով ձեւակերպելու դեպքում սույն մասով նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ՔԿԱԳ մարմնին անուսնալուծության մասին երկրորդ հայտարարությունը տալու օրվանից:

Հոդված 34. Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման կարգը

1. Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ դիմումում պետք է նշվեն հետեւյալ տեղեկությունները.

ա) ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (նրա ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) ամուսնության ակտի գրառման տվյալները.

գ) այն ազգանունը, որը ընտրում է ամուսնալուծվել ցանկացող ամուսինը՝ ամուսնալուծությունից հետո.

դ) ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

ե) ամուսնալուծության հիմքերը.

զ) մյուս ամուսնու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վերջին հայտնի վայրը.

է) անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված ամուսնու գույքի հավատարմագրային կառավարչի բնակության վայրը, կամ այն քրեակատարողական հաստատության գտնվելու վայրը, որտեղ դատապարտված ամուսինը կրում է պատիժը:

Ամուսնալուծության մասին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)՝ մյուս ամուսնուն անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը (քաղվածքը) մյուս ամուսնուն երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին:

2. Ամուսնալուծվել ցանկացող ամուսինը ստորագրում է ամուսնալուծության մասին դիմումը եւ նշում դրա կազմման ժամանակը:

3. Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո՝ ամուսնալուծվել ցանկացող ամուսնու պարտադիր ներկայությամբ:

4. Այն ՔԿԱԳ մարմինը, որն ընդունում է ամուսնալուծության մասին դիմումը մեկշաբաթյա ժամկետում պատիժը կրող ամուսնուն, անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված ամուսնու գույքի հավատարմագրային կառավարչին կամ խնամակալին, իսկ նրանց բացակայության դեպքում խնամակալության եւ հոգաբարձության մարմնին տեղյակ է պահում ամուսնալուծության մասին ստացված դիմումի, ամուսնալուծության պետական գրանցման ժամանակի եւ ամուսնալուծությունից հետո ընտրված ազգանվան մասին:

Հոդված 35. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման կարգը

1. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման համար նախկին ամուսինների դիմումի կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն ամուսնալուծության մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը) եւ նախկին ամուսինների (ամուսիններից մեկ) կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի անձը հաստատող փաստաթղթերը:

2. Նախկին ամուսինները (ամուսիններից մեկը) կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը կարող են այլ անձանց գրավոր լիազորել տալու ամուսնալուծության պետական գրանցման մասին դիմում:

Հոդված 36. Ամուսնալուծությունից հետո ամուսինների կողմից ազգանունների պահպանումը կամ փոփոխումը

Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը:

Հոդված 37. Ամուսնալուծության ակտի գրառման բովանդակությունը

Ամուսնալուծության ակտի գրառման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

ա) ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի ազգանունը (ամուսնալուծությունից առաջ եւ հետո), անունը, հայրանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը եւ աշխատանքի վայրը.

բ) ամուսնալուծության պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները.

գ) ամուսնալուծվող ամուսինների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները եւ ստորագրությունները.

դ) ամուսնության դադարման ժամանակը.

ե) ամուսնալուծության ակտի գրառման ժամանակը, համարը եւ ամուսնալուծության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

զ) տրված ամուսնալուծության վկայականի սերիան եւ համարը.

է) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Հոդված 38. Ամուսնալուծության վկայականը

1. Ամուսնալուծության վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

ա) ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի ազգանունը (ամուսնալուծությունից առաջ եւ հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ամուսնալուծության ակտի գրառմանը համապատասխան.

բ) ամուսնության դադարման ժամանակը.

գ) ամուսնալուծության ակտի գրառման ժամանակը եւ համարը.

դ) ամուսնալուծության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ե) այն անձի անունը, հայրանունը եւ ազգանունը, որին տրամադրվում է ամուսնալուծության վկայականը.

զ) ամուսնալուծության վկայական տալու ժամանակը:

2. Ամուսնալուծության վկայականը ՔԿԱԳ մարմնի կողմից տրամադրվում է ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրին առանձին:

ԳԼՈՒԽ 5.

ՈՐԴԵԳՐՄԱՆ ( ԴՍՏԵՐԱԳՐՄԱՆ ) ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 39. Որդեգրման (դստերագրման) պետական գրանցման հիմքը

Որդեգրման կամ դստերագրման (այսուհետ՝ որդեգրում) պետական գրանցման համար հիմք է հանդիսանում դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Հոդված 40. Որդեգրման պետական գրանցման վայրը

Որդեգրման պետական գրանցումն իրականացվում է որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի կամ որդեգրողների (որդեգրողի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից:

Հոդված 41. Որդեգրման պետական գրանցման կարգը

1. Որդեգրման պետական գրանցումն իրականացվում է որդեգրողների (որդեգրողի) գրավոր դիմումի հիման վրա:

2. Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որդեգրողների (որդեգրողի) անձը հաստատող փաստաթղթերը եւ որդեգրվողի ծննդյան վկայականը:

3. Եթե որդեգրողները (որդեգրողը) կամ նրանց կողմից լիազորված անձինք երեխայի որդեգրումից հետո` մեկամսյա ժամկետում, որդեգրման պետական գրանցման մասին դիմում չեն ներկայացնում, ապա ՔԿԱԳ մարմինը որդեգրման մասին դատարանի առաքած` օրինական ուժի մեջ մտած վճռի քաղվածքի հիման վրա սահմանված կարգով կատարում է որդեգրման պետական գրանցում:

Հոդված 42. Որդեգրման ակտի գրառման բովանդակությունը

1. Որդեգրման ակտի գրառման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը (որդեգրումից առաջ եւ հետո).

բ) ծնողների (ծնողներից մեկի) անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (հայրանունը, ազգությունը նշվում են երեխայի ծննդի պետական գրանցման կամ ծննդյան վկայականի մեջ դրանց առկայության դեպքում) եւ քաղաքացիությունը.

գ) որդեգրողների (որդեգրողի) անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (որդեգրողի ցանկությամբ), քաղաքացիությունը, բնակության վայրը.

դ) երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի տվյալները.

ե) որդեգրվող երեխայի ծննդի ակտի գրառման ժամանակը, համարը եւ ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

զ) որդեգրողների ամուսնության ակտի գրառման ժամանակը, համարը եւ ամուսնության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

է) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

ը) որդեգրման ակտի գրառման ժամանակը, համարը եւ որդեգրման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

թ) տրված որդեգրման վկայականի սերիան եւ համարը.

ժ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Այն դեպքում, երբ երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի հիման վրա երեխայի որդեգրողները (որդեգրողը) գրառվում են որպես նրա ծնողներ (ծնող), ապա նման տեղեկությունները լրացվում են որդեգրման ակտի գրառման մեջ:

Հոդված 43. Որդեգրման վկայականը

Որդեգրման վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը.

բ) որդեգրողների (որդեգրողի) անունը, հայրանունը, ազգանունը, քաղաքացիությունը, ազգությունը՝ որդեգրման ակտի գրառմանը համապատասխան.

գ) որդեգրման ակտի գրառման ժամանակը եւ համարը.

դ) որդեգրման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ե) որդեգրման վկայական տալու ժամանակը:

Հոդված 44. Երեխայի որդեգրման կապակցությամբ ծննդի ակտի գրառման փոփոխումը

1. Որդեգրման ակտի գրառման հիման վրա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոփոխություն կատարվում է սույն օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար սահմանված կարգով:

2. Որդեգրողների (որդեգրողի) ցանկությամբ երեխայի որդեգրման մասին դատարանի վճռով երեխայի ծննդյան վայրի փոփոխության դեպքում կարող է կատարել երեխայի ծննդի ակտի նոր գրառում՝ երեխայի նոր ծննդյան վայրի ՔԿԱԳ մարմինի կողմից: Երեխայի ծննդի ակտի նոր գրառման տվյալները լրացվում են երեխայի ծննդի ակտի նախկին գրառման մեջ։

3. Երեխայի ծննդի ակտի գրառման պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը փոփոխությունների հիման վրա տրամադրում է երեխայի ծննդյան նոր վկայական:

Հոդված 45. Որդեգրված երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների (ծնողներից մեկի) մասին տեղեկությունների պահպանումը

Այն դեպքում, երբ երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի մեջ նշվում է որդեգրված երեխայի հետ իր ծնողների (ծնողներից մեկի) գույքային եւ անձնական ոչ գույքային հարաբերությունների պահպանման մասին, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների (ծնողներից մեկի) մասին տեղեկությունները փոփոխման ենթակա չեն:

Հոդված 46. Որդեգրման վերացման կապակցությամբ ծննդի ակտի գրառման փոփոխումը

1. Որդեգրման վերացման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի (քաղվածքի) հիման վրա որդեգրման ակտի գրառման մեջ կատարվում են որդեգրման վերացման մասին նշումներ եւ ծննդի ակտի գրառման մեջ վերականգնվում են երեխայի անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան վայրի եւ ժամանակի, ինչպես նաեւ երեխայի ծնողների մասին նախկին տեղեկությունները: Նախկինում տրված որդեգրման եւ ծննդյան վկայականներն անվավեր են ճանաչվում եւ, հաշվի առնելով ծննդի ակտի գրառման մեջ կատարված փոփոխությունները, տրվում է ծննդյան նոր վկայական:

2. Որդեգրման վերացման դեպքում որդեգրվածի ցանկությամբ որդեգրման կապակցությամբ կատարված գրառումները կարող են պահպանվել:

Հոդված 47. ՔԿԱԳ մարմինների կողմից որդեգրման գաղտնիության ապահովումը

ՔԿԱԳ մարմինների ղեկավարները եւ աշխատողները, առանց որդեգրողների (որդեգրողի) համաձայնության, բացառության սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, իրավասու չեն հայտնել որդեգրման մասին որեւէ տեղեկություններ կամ տրամադրել փաստաթղթեր:

Որդեգրողի մահվան դեպքում, նրա որդեգրված չափահաս երեխան իրավունք ունի ՔԿԱԳ մարմիններին դիմել եւ դրանցից ստանալ իր որդեգրման մասին տեղեկություններ:

ԳԼՈՒԽ 6.

ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 48. Հայրության որոշման պետական գրանցման հիմքերը

Հայրության որոշման պետական գրանցման հիմքերն են՝

ա) երեխայի ծննդյան պահի դրությամբ ամուսնության մեջ չգտնվող հոր եւ մոր համատեղ դիմումը.

բ) սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում՝ երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի հոր դիմումը.

գ) հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Հոդված 49. Հայրության որոշման պետական գրանցման վայրը

Հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի, իսկ սույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը:

Հոդված 50. Հայրության որոշման պետական գրանցումը երեխայի ծննդյան պահի դրությամբ ամուսնության մեջ չգտնվող հոր եւ մոր համատեղ դիմումի հիման վրա

1. Հայրության որոշման մասին երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր եւ մոր համատեղ գրավոր դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ մարմին:

2. Հայրության որոշման համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո:

3. Այն դեպքում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ երեխայի ծննդի պետական գրանցումից հետո հայրության որոշման համատեղ դիմում տալը կարող է անհնարին կամ դժվար լինել, երեխայի ծննդյան պահի դրությամբ ամուսնության մեջ չգտնվող երեխայի ապագա հայրն ու մայրը կարող են նման դիմում տալ մոր հղիության ընթացքում: Նման դիմումի առկայության դեպքում հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ, եթե մինչեւ երեխայի ծննդի պետական գրանցումը հոր կամ մոր կողմից հետ չի վերցվել նախկինում տրված դիմումը, եւ նոր դիմում տալու անհրաժեշտություն չկա:

4. Հայրության որոշման պետական գրանցման համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից հայրության ճանաչման փաստը եւ հայրության որոշման մասին մոր համաձայնությունը: Այդ դիմումի մեջ պետք է նաեւ նշված լինեն հետեւյալ տեղեկությունները.

ա) իրեն երեխայի հայր ճանաչող անձի անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը, ինչպես նաեւ նրա ծննդի ակտի գրառման տվյալները (հայրությունը երեխայի ծննդի պետական գրանցումից հետո որոշվելու դեպքում).

գ) երեխայի մոր անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

դ) ամուսնության ակտի գրառման տվյալները (երեխայի ծնվելուց հետո նրա մոր եւ հոր ամուսնության դեպքում).

ե) հայրության որոշումից հետո երեխայի անունը, հայրանունը եւ ազգանունը.

զ) երեխայի հոր եւ մոր անձը հաստատող փաստաթղթերի տվյալները:

Դիմողները ստորագրում են հայրության որոշման համատեղ դիմումը եւ նշում դրա կազմման ժամանակը:

Մինչեւ երեխայի ծնունդը տրված նման դիմումի մեջ հաստատվում է ապագա երեխայի ծնողների համաձայնությունը նրան անուն (կախված ծնված երեխայի սեռից) եւ հոր կամ մոր ազգանունը տալու մասին:

5. Երեխայի ծննդից հետո հայրության ճանաչման դեպքում հայրության որոշման համատեղ դիմումի հետ միաժամանակ ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականը, իսկ մինչեւ երեխայի ծնունդը տրված նման դիմումի հետ՝ բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված` մոր հղիությունը հաստատող փաստաթուղթը:

6. Այն դեպքում, երբ երեխայի հայրը կամ մայրը հնարավորություն չունեն անձամբ տալու սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դիմումը, ապա նրանց կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել հայրության որոշման առանձին հայտարարություններով: ՔԿԱԳ մարմին ներկայանալու հնարավորություն չունեցող անձի կողմից հայտարարության վրա դրվող ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

Հոդված 51. Երեխայի ծննդյան պահին երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող հոր դիմումի համաձայն հայրության որոշման պետական գրանցումը

1. Երեխայի ծննդյան պահին երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող հոր դիմումի համաձայն հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության, մորն անհայտ բացակայող կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաեւ հայրության որոշման մասին խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնության առկայության դեպքում:

2. Հայրության որոշման մասին հոր գրավոր դիմումը վերջինիս կողմից ներկայացվում է ՔԿԱԳ մարմին:

Նման դիմումի մեջ պետք է հաստատվի երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից հայրության ճանաչումը եւ սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների առկայության փաստը: Հայրության որոշման մասին դիմումի մեջ պետք է նշված լինեն նաեւ հետեւյալ տեղեկությունները՝

ա) իրեն երեխայի հայր ճանաչող անձի անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը, ինչպես նաեւ նրա ծննդի ակտի գրառման տվյալները.

գ) երեխայի մոր մահվան, նրան անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկելու փաստը հաստատող փաստաթղթի տվյալները.

դ) հայրության որոշումից հետո երեխայի անունը, հայրանունը եւ ազգանունը.

ե) հոր անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

Դիմողը ստորագրում է հայրության որոշման դիմումը եւ նշում դրա կազմման ժամանակը:

Նման դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվի մոր մահվան վկայականը, մորը անգործունակ ճանաչելու, ծնողական իրավունքներից զրկելու կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ համապատասխան մարմնից մոր վերջին հայտնի բնակության վայրի մասին փաստաթուղթ, որը հաստատում է մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը:

Հոդված 52 Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցումը

Այն դեպքում, երբ հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 50-րդ եւ 51-րդ հոդվածներով սահմանված կարգով հայրության որոշման մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ չափահաս անձի նկատմամբ, ապա այդ դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվի չափահաս անձի հայրության որոշման մասին գրավոր համաձայնությունը: Չափահաս անձի համաձայնությունը կարող է արտահայտված լինել առանձին դիմումով կամ հոր եւ մոր համատեղ (հոր) դիմումում ստորագրելով: Նշված համաձայնության բացակայության դեպքում հայրությունը որոշվում է դատական կարգով:

Հոդված 53. Հայրության որոշման պետական գրանցման մերժումը

ՔԿԱԳ մարմինը մերժում է հայրության որոշման պետական գրանցումը՝ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հոր մասին տեղեկությունների առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքի, երբ երեխայի հոր մասին գրառումը կատարվել է մոր դիմումի հիման վրա՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

Հոդված 54. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցումը

1. Հայրության որոշման մասին կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է երեխայի հոր, մոր կամ այն խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, որի խնամակալության կամ հոգաբարձության ներքո է գտնվում երեխան, ինչպես նաեւ չափահաս երեխայի գրավոր դիմումի հիման վրա:

Հայրության որոշման պետական գրանցման մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացվում է հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (քաղվածքը):

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք կարող են սահմանված կարգով լիազորել այլ անձանց՝ դիմելու հայրության որոշման պետական գրանցման համար:

3. Երեխայի հոր մասին տվյալները հայրության որոշման ակտի գրառման մեջ լրացվում են հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Հոդված 55. Հայրության որոշման ակտի գրառման բովանդակությունը

Հայրության որոշման ակտի գրառման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

ա) երեխայի հայր ճանաչված անձի անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) երեխայի անունը, ազգանունը, հայրանունը (մինչեւ հայրության որոշումը), սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը.

գ) երեխայի ծննդի ակտի գրառման ժամանակը, համարը եւ ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) հայրության որոշումից հետո երեխայի անունը, հայրանունը եւ ազգանունը.

ե) երեխայի մոր անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը.

զ) հայրության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները.

է) դիմողի (դիմողների) անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը.

ը) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները եւ ստորագրությունը.

թ) հայրության որոշման ակտի գրառման ժամանակը, համարը եւ հայրության որոշման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ժ) տրված հայրության որոշման վկայականի սերիան եւ համարը.

ժա) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Հոդված 56. Հայրության որոշման վկայականը

1. Հայրության որոշման վկայականը ՔԿԱԳ մարմնի կողմից կազմվում եւ տրվում է ծնողներին (ծնողներից մեկին)՝ վերջիններիս խնդրանքով:

2. Հայրության որոշման վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

ա) երեխայի հայր ճանաչված անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ հայրության որոշման ակտի գրառմանը համապատասխան.

բ) երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը.

գ) երեխայի մոր անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ հայրության որոշման ակտի գրառմանը համապատասխան.

դ) հայրության որոշման ակտի գրառման ժամանակը եւ համարը.

ե) հայրության որոշման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

զ) հայրության որոշման վկայական տալու ժամանակը:

Հոդված 57. Հայրության որոշման կապակցությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոփոխություններ կատարելը

1. Հայրության որոշման ակտի գրառման հիման վրա ՔԿԱԳ մարմինը հոր վերաբերյալ տեղեկությունները լրացնում է երեխայի ծննդի ակտի գրառման մեջ: Հոր մասին տեղեկությունները լրացնելը, ինչպես նաեւ երեխայի անվան, հայրանվան եւ ազգանվան փոփոխումը կատարվում է սույն օրենքով` քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար սահմանված կարգով:

2. ՔԿԱԳ մարմինը պարտավոր է հայրության որոշման կապակցությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոփոխություններ կատարելու մասին հայրության որոշման պետական գրանցումից հետո` եռօրյա ժամկետում, տեղյակ պահել երեխայի մոր բնակության վայրի բնակչության սոցիալական պաշտպանության մարմնին:

ԳԼՈՒԽ 7.

ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 58. Անվան փոխումը

1. Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով մեկ անգամ փոխել իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը:

Տասնվեց տարին լրացած անձն իր անունը կարող է փոխել երկրորդ անգամ միայն այն դեպքում, եթե ցանկանում է կրել իր նախկին անունը, բացառությամբ ամուսնության ակտի պետական գրանցման ժամանակ ազգանվան փոխման դեպքերի:

2. Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության կամ ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:

3. Տասնվեց տարին լրացած անձի կողմից իր անվան փոխումը կատարվում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, բացառությամբ մինչեւ նրա օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:

Տասնվեց տարին չլրացած անձի անվան փոխումը, ինչպես նաեւ ծնողի նրան շնորհած ազգանվան փոխումը կարող է կատարվել ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) խնդրանքով:

4. Անվան փոխումը ենթակա է ՔԿԱԳ մարմնում պետական գրանցման:

5. Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն, եթե նա անունը փոխում է երկրորդ անգամ՝ բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

Հոդված 59. Անվան փոխման մասին դիմումը

1. Անվան փոխման մասին դիմումը գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին:

2. Անվան փոխման մասին դիմումի մեջ պետք է նշված լինեն հետեւյալ տեղեկությունները՝

ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), բնակության վայրը, ընտանեկան դրությունը (ամուսնացած է, այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ).

բ) դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը.

գ) դիմողի եւ անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների տվյալները.

դ) անունը փոխել ցանկացող անձի կողմից ընտրված անունը, հայրանունը եւ ազգանունը.

ե) անունը փոխելու պատճառները.

զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Անունը փոխել ցանկացող անձը ստորագրում է անվան փոխման մասին դիմումը եւ նշում դրա կազմման ժամանակը:

3. Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն նաեւ հետեւյալ փաստաթղթերը՝

ա) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

բ) անունը փոխել ցանկացող անձի ծննդյան վկայականը, եթե դրանում կատարվելու են փոփոխություններ.

գ) դիմողի ամուսնության վկայականը՝ այն դեպքում, երբ դիմողն ամուսնացած է.

դ) ամուսնալուծության վկայականը՝ այն դեպքում, երբ դիմողը ցանկանում է ամուսնալուծության կապակցությամբ վերականգնել իր մինչամուսնական ազգանունը.

ե) դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը.

զ) անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Հոդված 60. Անվան փոխման պետական գրանցման կարգը

1. Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմնի կողմից քննության է առնվում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը կարող է ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից երկարացվել առավելագույնը՝ մեկ ամսով: Այդ ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից առավելագույնը երկու ամիս:

2. Ընդունելով անվան փոխման մասին դիմումը՝ ՔԿԱԳ մարմինը դրանց պահպանման վայրի ՔԿԱԳ մարմիններից ստանում է քաղաքացիական կացության ակտերի այն գրառումների պատճենները, որոնցում անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, ինչպես նաեւ ոստիկանության մարմինների եզրակացությունը: Ոստիկանության մարմինները պարտավոր են եզրակացություն տալ 15-օրյա ժամկետում:

3. ՔԿԱԳ մարմինը ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կազմում է, եզրակացություն անվան փոխման վերաբերյալ ոչ ուշ քան դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, եւ համապատասխան գործի մյուս փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման թույլտվություն ստանալու համար: Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարության կողմից անվան փոփոխման թույլտվություն տալու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Այն դեպքում, երբ քաղաքացիական կացության ակտերի այն գրառումները, որոնցում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, կորել են, անվան փոխման պետական գրանցումն իրականացվում է միայն սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելուց հետո:

Այն դեպքում, երբ անվան փոխման մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացված փաստաթղթերում եւ ստացված քաղաքացիական կացության ակտերի գրառումների պատճեներում առկա են տեղեկությունների անհամապատասխանություն, ապա նման անհամապատասխանությունները պետք է վերացվեն քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված կարգով։

Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման, ուղղման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում մինչեւ քաղաքացիական կացության ակտի գրառման վերականգնում, ուղղում կամ փոխում կատարելը:

5. ՔԿԱԳ մարմինը պարտավոր է դիմողի բնակության վայրի ոստիկանության մարմնին եւ զինվորական կոմիսարիատին անվան փոխման մասին տեղյակ պահել այդ փոփոխության պետական գրանցումից հետո` առնվազն յոթ օրվա ժամկետում:

Հոդված 61. Անվան փոխման ակտի գրառման բովանդակությունը

Անվան փոխման ակտի գրառման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

ա) մինչեւ անվան փոխումը անձի անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) անվան փոխումից հետո անձի անունը, հայրանունը եւ ազգանունը.

գ) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

դ) անվան փոխման ակտի գրառման ժամանակը, համարը եւ անվան փոխման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ե) տրված անվան փոխման վկայականի սերիան եւ համարը.

զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Հոդված 62. Անվան փոխման վկայականը

Անվան փոխման վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

ա) անունը փոխած անձի անունը, հայրանունը եւ ազգանունը (անվան փոխումից առաջ եւ հետո), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ անվան փոխման ակտի գրառմանը համապատասխան.

բ) անվան փոխման ակտի գրառման ժամանակը եւ համարը.

գ) անվան փոխման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) անվան փոխման վկայական տալու ժամանակը:

Հոդված 63. Անվան փոխման կապակցությամբ քաղաքացիական կացության ակտերի գրառումների փոփոխումը

1. Անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ եւ դրանց հիման վրա տրամադրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ:

2. Ծնողների կողմից անվան փոխման դեպքում անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոխվում են ծնողների մասին տեղեկությունները:

3. Չափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկությունները փոխվում են տվյալ անձի դիմումի հիման վրա՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված կարգով:

4. Ծնողների կողմից ազգանվան եւ հոր կողմից անվան փոխման դեպքում տասնվեց տարին չլրացած երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոխվում են երեխայի ազգանունը եւ հայրանունը:

5. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց տասնվեց տարին չլրացած երեխայի ազգանունը կարող է փոխվել ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:

6. Ծնողների ազգանունների եւ հոր անվան փոխման կապակցությամբ չափահաս երեխաների ազգանվան եւ հայրանվան փոխումն իրականացվում է անվան փոխման պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված կարգով:

7. Անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կատարված փոփոխությունների հիման վրա տրամադրվում է ծննդյան նոր վկայական:

ԳԼՈՒԽ 8.

ՄԱՀՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 64. Մահվան պետական գրանցման հիմքերը

Մահվան պետական գրանցման հիմքերն են՝

ա) բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված` մահը հաստատող սահմանված ձեւի փաստաթուղթը.

բ) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Հոդված 65. Մահվան պետական գրանցման վայրը

1. Մահվան պետական գրանցումն իրականացվում է մահացածի վերջին բնակության վայրի, մահը վրա հասնելու վայրի, մահացածի դիակի հայտնաբերման կամ մահվան մասին փաստաթուղթը տրամադրած կազմակերպության գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից:

ՔԿԱԳ մարմինը մահացած անձանց անձնագրերը մեկամսյա պարբերականությամբ տրամադրում է ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման անձնագրային բաժնին, իսկ մահացած զինծառայողների զինվորական գրքույկները՝ տասնհինգօրյա պարբերականությամբ՝ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներին:

2. Այն դեպքում, երբ մահը վրա է հասել տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ժամանակ, ապա մահվան պետական գրանցումը կարող է կատարվել այն տարածքի ՔԿԱԳ մարմնի կողմից, որտեղ մահացածն իջեցվել է տրանսպորտային միջոցից:

Հոդված 66. Մահվան մասին հայտարարությունը

1. Մահվան մասին ՔԿԱԳ մարմին գրավոր պարտավոր են հայտարարել՝

ա) մահացածի ամուսինը, ընտանիքի այլ անդամները, ինչպես նաեւ ցանկացած այլ անձ, որը ներկա է գտնվել մահվան պահին կամ այլ ձեւով տեղեկացված է եղել մահվան վրա հասնելու մասին.

բ) բժշկական կամ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունը՝ այն դեպքում, երբ մահը վրա է հասել մահացած անձի՝ տվյալ կազմակերպությունում գտնվելու ժամանակ.

գ) քրեակատարողական հաստատության ղեկավարը, եթե դատապարտյալի մահը վրա է հասել քրեակատարողական հաստատությունում պատիժը կրելու ժամանակ կամ նախնական կալանքի վայրի ղեկավարը՝ եթե կալանավորված անձը մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ.

դ) նախաքննության կամ հետաքննության մարմինը՝ այն դեպքում, երբ անձի մահվան կապակցությամբ իրականացվում է քննություն կամ մահվան փաստի հիման վրա, եթե մահացածի անձը հաստատված չէ.

ե) զինվորական մասի հրամանատարը, եթե մահը վրա է հասել անձի կողմից զինվորական ծառայություն անցնելու ընթացքում:

2. Մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի ոչ ուշ, քան մահը վրա հասնելուց կամ մահացածի դին հայտնաբերելուց երեք օր հետո:

Հոդված 67. Մահվան ակտի գրառման բովանդակությունը

1. Մահվան ակտի գրառման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները՝

ա) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ազգությունը նշվում է մահացածի անձը հաստատող փաստաթղթերում դրանց առկայության դեպքում), ծննդյան վայրը եւ ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահվան վայրը եւ ժամանակը.

բ) մահվան պատճառը (մահը հաստատող փաստաթղթի հիման վրա).

գ) մահվան փաստը եւ մահացածի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

դ) մահվան մասին հայտարարող անձի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը կամ հայտարարող կազմակերպության անվանումը եւ գտնվելու վայրը.

ե) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները եւ ստորագրությունները.

զ) այն անձի անունը, հայրանունը, ազգանունը եւ բնակության վայրը, որին տրվել է մահվան վկայականը.

է) մահվան ակտի գրառման ժամանակը, համարը եւ մահվան պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ը) տրված մահվան վկայականի սերիան եւ համարը.

թ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Այն դեպքում, երբ մահվան պետական գրանցումը կատարվում է անձին մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, մահվան ակտի գրառման մեջ որպես անձի մահվան օր նշվում է դատարանի վճռով հաստատված մահվան օրը կամ դրա բացակայության դեպքում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը:

Հոդված 68. Մահվան վկայականը

Մահվան վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները՝

ա) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը, եւ ժամանակը, ազգությունը, քաղաքացիությունը, մահվան վայրը, ժամանակը եւ պատճառը՝ մահվան ակտի գրառմանը համապատասխան.

բ) մահվան ակտի գրառման ժամանակը եւ համարը.

գ) մահվան պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) մահվան վկայական տալու ժամանակը:

ԳԼՈՒԽ 9.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 69. Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու հիմքերը

1. Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ՔԿԱԳ մարմնի կողմից ուղղումներ կամ փոփոխություններ կատարվում են սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության եւ շահագրգիռ անձանց միջեւ վեճի բացակայության դեպքում:

Սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար ՔԿԱԳ մարմինը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվությամբ: ՔԿԱԳ մարմինը ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կազմում է, եզրակացություն քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ոչ ուշ քան դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, եւ համապատասխան գործի մյուս փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար:

Շահագրգիռ անձանց միջեւ վեճի առկայության դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու հիմքերն են՝

ա) որդեգրման ակտի գրառումը.

բ) հայրության որոշման ակտի գրառումը.

գ) անվան փոխման ակտի գրառումը.

դ) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը.

ե) երեխայի անվան փոխման մասին խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշումը.

զ) երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա հոր մասին տեղեկություններ լրացնելու, փոփոխելու կամ հանելու մասին հոր հետ ամուսնության մեջ չգտնվող մոր դիմումը.

է) տվյալ անձի ծննդի ակտի գրառման մեջ ծնողների մասին տեղեկությունների փոխման մասին չափահաս անձի դիմումը՝ ծնողների (ծնողներից մեկի) կողմից իրենց անվան փոխման դեպքում.

ը) մահացածի անձը ճանաչելու մասին նախաքննության կամ հետաքննության մարմնի կողմից սահմանված ձեւով տրված փաստաթուղթը, եթե մահը գրանցված է որպես անհայտ անձի մահ.

թ) քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը՝ սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

Հոդված 70. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը
 

Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է ՔԿԱԳ մարմնի կողմից հետեւյալ դեպքերում՝

ա) քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ նշված են ոչ լրիվ կամ սխալ տեղեկություններ.

բ) քաղաքացիական կացության ակտի գրառումը կատարվել է առանց սույն օրենքով սահմանված կարգի պահպանման.

գ) բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթուղթ:

Հոդված 71. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը

1. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին գրավոր դիմումը ներկայացվում է շահագրգիռ կամ սահմանված կարգով լիազորված անձի կողմից իր բնակության վայրի կամ քաղաքացիական կացության ակտի գրառումների պահպանման վայրի ՔԿԱԳ մարմին:

2. Մահացածի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումներ կամ փոփոխություններ կատարվում են մահացածի ազգականի կամ այլ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա:

3. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի մեջ պետք է նշված լինեն հետեւյալ տեղեկությունները՝

ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, բնակության վայրը.

բ) քաղաքացիական կացության ակտի այն գրառման տվյալները, որի մեջ դիմողը խնդրում է ուղղում կամ փոփոխություն կատարել:

4. Դիմողը ստորագրում է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը եւ նշում է դրա կազմման ժամանակը:

5. Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը, որը քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու կապակցությամբ ենթակա է փոխանակման, ինչպես նաեւ քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթեր: Դիմողի կողմից պետք է ներկայացվի անձը հաստատող եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Հոդված 72. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման կարգը

1. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը ՔԿԱԳ մարմնի կողմից պետք է քննարկվի դրա ստացման օրվանից հետո մեկամսյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննության ժամկետը կարող է ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից երկարացվել առավելագույնը՝ մեկ ամսով: Այդ ժամեկտը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից առավելագույնը երկու ամիս:

2. Ստանալով քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը՝ ՔԿԱԳ մարմինը դրա պահպանման վայրի ՔԿԱԳ մարմնից պահանջում է քաղաքացիական կացության ակտի այն գրառման պատճենը, որտեղ անհրաժեշտ է կատարել ուղղում կամ փոփոխություն:

3. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումներ կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի, պահանջված քաղաքացիական կացության ակտի գրառման պատճենի եւ անհրաժեշտ այլ փաստաթղթերի առկայության դեպքում քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ կատարվում է ուղղում կամ փոփոխություն կամ դիմողին մերժվում է նման ուղղման կամ փոփոխության կատարումը:

4. Սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելը կամ ՔԿԱԳ մարմնի կողմից այդ ուղղման կամ փոփոխման մերժումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվության հիման վրա:

Հոդված 73. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու կարգը

1. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարվում է ուղղման կամ փոփոխման ենթակա գրառման պահպանման վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից:

2. Քաղաքացիական կացության ակտի ուղղված կամ փոփոխված գրառման հիման վրա տրամադրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման նոր վկայական:

3. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելուց հետո` յոթ օրվա ժամկետում, ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին տեղյակ պահել քաղաքացիական կացության ակտի համապատասխան գրառման երկրորդ օրինակի պահպանման վայրի համապատասխան մարմին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ դիմողի բնակության վայրի ոստիկանությանը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ մարմինների:

ԳԼՈՒԽ 10.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ

Հոդված 74. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումը

1. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումն իրականացվում է քաղաքացիական կացության ակտի կորած գրառումը կազմած ՔԿԱԳ մարմնի կողմից՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, եթե սահմանված կարգով անհնար է իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումը: Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման բացակայության մասին քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման փաստի վերականգնման նպատակով դատարան դիմելու համար հիմք է հանդիսանում ՔԿԱԳ մարմնի մերժումը:

3. Վերականգնված քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրամադրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական՝ քաղաքացիական կացության ակտի գրառման վերականգնված լինելու մասին նշումով:

Հոդված 75. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների չեղյալ հայտարարելը

Քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման չեղյալ հայտարարելն իրականացվում է չեղյալ հայտարարման ենթակա քաղաքացիական կացության ակտի պահպանման վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:
 

ԳԼՈՒԽ 11.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ (ԱԿՏԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 76. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների (ակտային գրքերի) պահպանման վայրը

1. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակներից հավաքված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) կարված, համարակալված եւ կնքված վիճակում պահվում են տվյալ ակտերի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակներից հավաքված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) կարված, համարակալված եւ կնքված վիճակում, սահմանված կարգով պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվում:

3. Օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կողմից կազմված քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները եւ տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը երեսուն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով փոխանցվում են պահպանման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ, իսկ երկրորդ օրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում:

4. ՔԿԱԳ մարմնում պահպանվում է նաեւ պետական գրանցման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:

Հոդված 77. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների (ակտային գրքերի) պահպանման ժամկետները

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) պահպանվում են ՔԿԱԳ մարմիններում՝ համապատասխան քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելուց հետո 75 տարի:

75 տարին լրանալուց հետո ՔԿԱԳ մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետական արխիվներ են փոխանցում քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակներից կազմված գրքերը, ինչպես նաեւ չափաբերական գրքերը: Քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակներից հավաքված ակտերի գրքերը ենթակա են ոչնչացման:

ԳԼՈՒԽ 12.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 78. ՔԿԱԳ մարմինների կազմավորումը եւ նրանց խնդիրները

1. ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները:

ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

ՔԿԱԳ մարմիններն ունեն իրենց անվանումով եւ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք:

2. ՔԿԱԳ մարմինները կոչված են ապահովելու սույն օրենքի եւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված այլ իրավական ակտերի պահանջների կատարումը:

Հոդված 79. ՔԿԱԳ մարմինների ղեկավարները

ՔԿԱԳ մարմինների ղեկավարներ կարող են նշանակվել իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով, գործնական եւ անձնական հատկանիշներով կարող են կատարել իրենց վերապահված լիազորությունները։

Հոդված 80. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝

ա) իրականացնում է ՔԿԱԳ մարմինների մեթոդական ղեկավարումը եւ վերահսկողությունը.

բ) հաստատում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված սույն օրենքից բխող հրահանգչական ցուցումներ.

գ) կարող է ներկայացնել առաջարկություններ ՔԿԱԳ մարմնի ղեկավարներին եւ աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

դ) ուսումնասիրում է ՔԿԱԳ մարմինների գործունեության դեմ բերված բողոքները.

ե) կատարում է ՔԿԱԳ մարմիններում գրանցման գործառույթների օրինականության պահպանման վերաբերյալ ստուգումներ.

զ) իրականացնում է սույն օրենքով եւ մյուս իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 81. ՔԿԱԳ մարմնի ղեկավարի լիազորությունները

ՔԿԱԳ մարմնի ղեկավարը`

ա) կազմակերպում եւ վերահսկում է ՔԿԱԳ մարմնի աշխատանքները.

բ) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված իրավական ակտերի կատարումը.

գ) կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ցուցումները.

դ) ՔԿԱԳ մարմնի աշխատողների միջեւ բաշխում է նրանց պարտականությունները.

ե) կատարում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները.

զ) իր իրավասության սահմաններում համագործակցում է այլ պաշտոնատար անձանց հետ.

է) ուսումնասիրում է ՔԿԱԳ մարմնի աշխատողների գործունեության դեմ բերված բողոքները.

ը) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնելիս ստանում է անհրաժեշտ տեղեկություններ եւ այլ նյութեր.

թ) ուսումնասիրում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար դիմած անձանց դիմումները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները եւ կարգը.

ժ) պատասխանատվություն է կրում ՔԿԱԳ մարմնի առջեւ դրված խնդիրների լուծման համար.

ժա) իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:

Հոդված 82. ՔԿԱԳ մարմնի աշխատողի լիազորությունները

ՔԿԱԳ մարմնի աշխատողը`

ա) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների՝ ժամանակին, լրիվ եւ ճիշտ կատարումն ապահովող անհրաժեշտ աշխատանքներ.

բ) կատարում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարի ցուցումները եւ հանձնարարականները.

գ) պատասխանատվություն է կրում իր առջեւ դրված խնդիրների լուծման համար.

դ) իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:

Հոդված 83. ՔԿԱԳ մարմինների ղեկավարների եւ աշխատողների գործողությունների բողոքարկումը

ՔԿԱԳ մարմինների ղեկավարների եւ աշխատողների գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության եւ (կամ) դատական կարգով։

ԳԼՈՒԽ 13.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 84. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. ՔԿԱԳ մարմին ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:

2. ՔԿԱԳ մարմինների ղեկավարները եւ աշխատողները պատասխանատվություն են կրում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներն անհիմն մերժելու կամ դրանց կատարումից խուսափելու կամ գրանցումն անհիմն կամ անօրինական կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն օրենքը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
 


ԳԼՈՒԽ 14.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 85. Մինչեւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինների կազմավորումը, եկեղեցական ծիսակատարություններով կատարված քաղաքացիական կացության ակտերը

Մինչեւ 1921 թվականը՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինների կազմավորումը, եկեղեցական ծիսակատարություններով կատարված քաղաքացիական կացության ակտերը հավասարեցվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարված քաղաքացիական կացության ակտերին եւ ենթակա չեն հետագա պետական գրանցման:

Հոդված 86. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: