Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-553-09.04.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ  թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, վայրի, որսի, ինչպես նաեւ մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողներ, միջատներ եւ այլն) հետ կապված իրավահարաբերությունների վրա:

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) կենդանիներ`  սահմանված է «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով.

2) տնային կենդանիներ`

ա. կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնց տեղաշարժը սահմանափակված է որոշակի տարածքով եւ որոնց կենսաապահովումն իրականացնում է պահողը,

բ.«Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանված տնային կենդանիները.

3) թափառող կենդանիներ` կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք չունեն պահող.

4) ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիներ` կենդանական աշխարհի  առանձնյակներ, որոնք օգտագործվում են սպորտային եւ ժամանցային միջոցառումներում, մրցույթներում, ցուցահանդեսներում, լուսանկարվելու եւ նկարահանումների համար.

5) ծառայողական նշանակության կենդանիներ` կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք օգտագործվում են նպատակային նշանակության գործողությունների եւ ծառայողական նպատակների համար.

6) կենդանի պահող` տնային,  ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանուն տիրապետող, տնօրինող եւ (կամ) օգտագործող 16 տարին լրացած ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ.

7) կենդանիների կացարան`  կենդանիների պահման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած հատուկ հարմարեցված տարածք եւ (կամ) կառույց` նախատեսված թափառող, կորած կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիների համար.

8) կենդանիների բուծարան` կենդանիների բուծման համար հատուկ հարմարեցված եւ համապատասխան սարքավորումներով կահավորված, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած կառույց` նախատեսված կենդանիների բազմացման համար.

9) նույնականացման անձնագիր`  կենդանու նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող միկրոչիպ կամ դաջվածք, որը պետք է ներառի կենդանի պահողի եւ կենդանու մասին տեղեկատվություն` կենդանուն նույնականացնելու եւ հաշվառելու նպատակով.

10) լիազոր մարմին` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության կողմից լիազորված պետական մարմին:

Հոդված 2. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող օրենսդրությունը

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում հասարակական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակն է սահմանել տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, այդ թվում` պահման, խնամքի, բուծման, հաշվառման, առուվաճառքի հետ կապված իրավահարաբերությունները:

ԳԼՈՒԽ 2.

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Կառավարության իրավասությունը

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը `

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության իրականացումը.

2) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների պաշտպանության եւ վերարտադրության բնագավառների պետական ծրագրերը.

3) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների օգտագործման կարգը եւ հաստատում այս ոլորտում պետական ծրագրերը.

4) իրականացնում է միջազգային համագործակցություն.

5) ընդունում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր.

6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 5. Լիազոր մարմնի իրավասությունը

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում լիազոր մարմինը`

1) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականությունը.

2) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների պաշտպանության եւ վերարտադրության բնագավառների պետական ծրագրերը.

3) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների օգտագործման կարգը եւ այս ոլորտում պետական ծրագրերը.

4) իր իրավասության սահմաններում իրականացնում է միջազգային համագործակցություն.

5) մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր.

6) իրականացնում է սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն.

7) օրենքով սահմանված կարգով ընթացք է տալիս սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի խախտումների վերաբերյալ հաղորդումներին.

8)  իրականացնում է  օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիների լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին»,  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 7. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի պահանջների կատարման հանրային վերահսկողությունը

1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողությունը կարող է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կամավոր սկզբունքով:

2. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունքները կարող են ներկայացվել համապատասխան լիազոր մարմնին, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավապահ մարմիններին եւ սահմանված կարգի համաձայն ենթակա են ընթացք տալու:

3. Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քաղաքացիները իրավասու են իրականացնել հետեւյալ գործառույթները.

1) արձանագրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող` սույն օրենքով արգելված գործողությունները լուսանկարման եւ տեսանկարահանման միջոցով եւ  ներկայացնել համապատասխան լիազոր մարմնին կամ իրավապահ մարմիններին.

2) մասնակցել  բնակչության շրջանում կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչության միջոցառումներին.

3) բնակչության շրջանում նպաստել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

ԳԼՈՒԽ 3.

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված  8. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի հիմնական սկզբունքներն են.

1 Կենդանի պահողի պատասխանատվությունը` կենդանու բարեկեցության եւ կենսաապահովման համար անհրաժեշտ պայմանների ապահովման հարցում:
2. Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի հիմքում` կենդանիների ընկալումը որպես ցավազգաց էակների` բացառելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ կենդանու ֆիզիկական եւ զգայական վիճակի վրա:

3. Հասարակության յուրաքանչյուր անդամ նպաստում է կենդանիների նկատմամբ  գթասիրական եւ  պատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանը եւ դաժան վերաբերմունքի կանխարգելմանը:

Հոդված 9. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները

1. Կենդանի պահողը պարտավոր է`

1) խնամել կենդանուն եւ չլքել, իսկ հրաժարվելու դեպքում նախապես տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին եւ կենդանուն հանձնել նոր տիրապետողի կամ համապատասխան կացարան.

2) յուրաքանչյուր կենդանու համար` կախված տեսակից, տարիքից եւ ցեղատեսակից, ապահովել`

ա. տեղակայման եւ տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք եւ պայմաններ,

բ. կերի եւ ջրի բավարար քանակություն,

գ. սնվելու եւ խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորություն,

դ. սնվելու եւ խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու համար դրանց աղտոտումը եւ նվազեցնելու կենդանիների միջեւ մրցակցությունը,

ե. կենսագործունեության համապատասխան միկրոկլիմա,

զ. կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների պարտադիր կանխարգելում եւ բուժում, հիվանդության կամ վնասվածքի դեպքում` անմիջական բժշկական օգնություն.

3) չխոչնդոտել իրավասու պետական լիազոր մարմիններին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին վերահսկողություն իրականացնելիս եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել տիրապետման տակ գտնվող կենդանուն կամ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը.

4) տնային կենդանի պահելու համար ձեռք բերել համապատասխան թույլտվություն` «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 10. Կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները

1. Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է`

1) կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու եւ նմանատիպ այլ միջոցներով.

2) կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան.

3) սույն օրենքի դրույթները խախտելով` քնեցումը.

4) ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամատումը.

5) ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը.

6) կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը.

7) սահմանված կարգի խախտմամբ կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը.

2. Արգելվում է նաեւ`

1) վիրաբուժական միջամտության կամ մանիպուլացիաների իրականացումն առանց ցավազրկման կամ անզգայացման կիրառման` բացառությամբ անասնաբույժի ցուցման.

2) կենդանուն լքելը կամ կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր տիրապետողի կամ համապատասխան
կացարան հանձնելը.

3) կենդանուն թողնելը իր կենսագործունեության համար վտանգավոր միջավայրում.

4) կենդանիների բուծումը կացարաններում.

5) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.

6) կենդանիների այնպիսի վարժեցումը, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն.

7) առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու` կենդանիներին ենթարկել ֆիզիկական ճնշումների.

8) անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը.

9) ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանիների առողջությանը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական հիմնավորում ունեն կամ թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում.

10) սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութերի կիրառումը.

11) արհեստական սերմնավորումը, որը կենդանիների առողջության համար կարող է վտանգավոր լինել.

12) կենդանիներին կերակրել այնպիսի կերատեսակներով, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար` ելնելով դրանց տեսակից, տարիքից եւ առողջական վիճակից.
 

13) միեւնույն տարածքում անհամատեղելի տեսակների կամ միեւնույն տեսակների բնակեցումը, որոնց միջեւ կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում եւ պայքար.

14) տնային կենդանիներին բուծել եւ պահել մսի եւ մորթու արտադրության նպատակով.

15) նույնականացման նպատակով կենդանիների վրա առկա չիպերի, միկրոչիպերի, դաջվածքների եւ համարակալված տարբերանշանների վնասումն ու հեռացումը, որի հետեւանքով կենդանին կարող է դուրս մնալ հաշվառումից:

16) բազմաբնակարան շենքի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում երկու կամ ավելի պոտենցիալ վտանգավոր կամ չափերով մեծ (40կգ քաշը գերազանցող) շների պահումը առանց տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվության:

Հոդված 11. Տնային կենդանիների պահման պահանջները

1. Տնային կենդանի պահողը պարտավոր է`

1) ձեռնարկել միջոցառումներ` ուղղված մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի համալիրում ներքին եւ արտաքին մակաբույծների նկատմամբ կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացմանը:

2) կանխել հասարակական վայրերի աղտոտումը կենդանիների կողմից, աղտոտման դեպքում ապահովել տեղանքի մաքրումը.

3) ձեռնարկել մարդկանց կամ այլ կենդանիներին չվնասելու միջոցառումներ, այդ թվում` առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման դուրս հանելը.

4) ձեռնարկել կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող միջոցառումներ.

5) վերարտադրության նպատակով օգտագործելու դեպքում հաշվի առնել կենդանիների ֆիզիոլոգիական, անատոմիական եւ վարքագծային առանձնահատկությունները եւ դրանց առողջությանը վնաս չհասցնել.

6) ապահովել պահմանը ներկայացվող անասնաբուժական պահանջների կիրառումը:

2. Քաղաքային բնակավայրում տնային շներ պահողը պարտավոր է նաեւ`

1) 6 շաբաթականից մեծ հասակի դեպքում ձեռք բերել շան նույնականացման անձնագիր.

2) շուն ձեռք բերելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման եւ ձեռք բերել շան նույնականացման անձնագիր.

3) ցուցահանդեսներին, մրցույթներին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ կենդանիների անասնաբուժական փաստաթղթերը.

4) պատվաստումների դեպքում անասնաբուժական ծառայություն կենդանու հետ ներկայացնել նույնականացման անձնագիր.

5) ապահովել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները եւ այլ անհրաժեշտ միջոցառումները.

6) մշտական կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել ապաստարան եւ ազատ տեղաշարժման տարածք.

7) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք.

8) շների ազատ զբոսանքը կազմակերպել հանրային վայրերում` կենդանիների եւ մարդկանց անվտանգության ապահովման պայմանով` կարճ կապի առկայությամբ.

9) քաղաքային տրանսպորտով շների տեղափոխումը կազմակերպել միայն դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների եւ փոքր շների.

10) ճանապարհը կամ երթեւեկելի մասն անցնելիս, ինչպես նաեւ մայրուղիների մոտ` ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել կարճ կապի վրա.

11) պոտենցիալ վտանգավոր, ինչպես նաեւ չափերով մեծ (40կգ քաշը գերազանցող) շների զբոսանքը կազմակերպել դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ ցանկացած հանրային վայրում.

12) բացառել պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների տարածքներում:

3. Շներ պահողները իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում:

4. Պոտենցիալ վտանգավոր շների ցանկը սահմանվում է սույն օրենքի հավելված N 1-ում :

5. Տնային կենդանիների ցանկը սահմանվում է սույն օրենքի հավելված N 2-ում :

6. Նույնականացման անձնագրերի տրամադրման կարգը հաստատվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Հոդված 12. Թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները

1. Թափառող կենդանիների բռնումը կազմակերպվում է տեղական ինքնակառավարման մարմինների եւ (կամ) իրավասու պետական մարմինների կողմից:

2. Թափառող կենդանիների բռնումն իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան մասնագետներ եւ փոխադրամիջոցներ` կենդանիների բռնումն անվտանգ իրականացնելու համար:

3. Թափառող կենդանիների բռնումն իրականացվում է թափառող կենդանիների գլխաքանակի նվազեցման, համաճարակների, վարակիչ հիվանդությունների տարածումը եւ մարդու առողջության համար վտանգը կանխելու նպատակով` զանգվածային ստերջացման միջոցով:

4. Թափառող կենդանիների բռնումը սպանելու նպատակով արգելվում է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

5. Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի այնպիսի մեթոդներով, որոնք չեն վտանգում կենդանու կյանքը կամ չեն հանգեցնում կենդանու խեղմանը:

6. Արգելվում է թափառող շների տեղափոխումը մեկ համայնքից մեկ այլ համայնք` առանց տեղափոխման համար ընտրված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվության:

Հոդված 13. Ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները

1. Կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպումը թույլատրվում է միայն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սահմանված թույլտվության առկայության դեպքում:

2. Ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների կամ նկարահանման համար օգտագործվող կենդանու հանդեպ արգելվում է կիրառել վարժեցման այնպիսի մեթոդներ, որոնք վնասում են կենդանու առողջությանը:

3. Արգելվում է կենդանու մասնակցությունը այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը, որի արդյունքում կենդանին կարող է ենթարկվել խոշտանգումների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում:

4. Կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցադրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի` ապահովելով անվտանգության համապատասխան նորմեր մարդկանց եւ այլ կենդանիների համար:

5. Կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցադրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ:

Հոդված 14. Ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները

1. Ծառայողական կենդանիների բուծումը, վարժեցումը եւ պատրաստությունը նպատակային նշանակության գործողությունների համար կազմակերպվում եւ իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից:

2. Ծառայողական կենդանիների վարժեցումից հետո (պատրաստման վերջում) իրականցվում են ծառայողական կենդանիների թեստեր (հանձնարարական ստուգում), որից հետո այդ կենդանիներին օգտագործելու իրավունքի համար տրվում է սերտիֆիկատ (վկայագիր) տարբեր ծառայությունների նպատակով:

3. Ծառայողական շների պատրաստությունն իրականացվում է կինոլոգիական կենտրոններում հատուկ նպատակային նշանակությամբ ծառայությունների համար մաքսային, ոստիկանական, փրկարարական ծառայության ոլորտներում, սահմանապահ զորքերում եւ այլ ոլորտներում օգտագործելու համար:

4. Պարեկության ժամանակ արգելվում է ծառայողական շների փոխանցումը կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց կամ առանց հսկողության թողնելը:

Հոդված 15. Կենդանիների բուծումը

1. Բուծվող կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորվում է սույն օրենքով կենդանիներ տիրապետողների համար սահմանված պահանջների պահպանմամբ:

2. Կենդանիների բուծումը կարող է իրականացվել միայն միեւնույն տեսակի սեռահասուն կենդանիների միջեւ:

3. Արգելվում է կենդանու նկատմամբ այնպիսի բնական կամ արհեստական սերմնավորման իրականացումը, որի արդյունքում նոր սերնդի մոտ առաջանում են հիվանդություններ եւ անոմալ շեղումներ, այդ թվում`

1) հենաշարժողական հիվանդություններ.

2) խլություն.

3) կուրություն.

4) ատամների եւ գլխի դեֆորմացիա.

5) ագրեսիվություն:

4. Տնային կենդանիների բուծումն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած բուծարանում:

Հոդված 16. Կենդանիների վաճառքը

1. Կենդանիների վաճառք իրականացնող  կազմակերպությունների պատասխանատուները պարտավոր են ապահովել յուրաքանչյուր վաճառքի ենթակա կենդանու համար կերի եւ ջրի բավարար քանակություն, տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք եւ պայմաններ:

2. Կենդանիների վաճառքը կարելի է իրականացնել միայն մասնագիտացված խանութներում եւ կենդանիների շուկաներում` կենդանիների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի պարտադիր առկայությամբ:

3. Ֆիզիկական անձանց կողմից կենդանիների վաճառքը կարող է իրականացվել, եթե այն չի հանդիսանում ձեռնարկատիրական գործունեություն:

Հոդված 17. Կենդանիների պահումը կացարաններում

1. Կենդանիների կացարաններում կարող են պահվել թափառող, գտնված կամ ժամանակավոր պահման հանձնված կամ պահող չունեցող կենդանիներ:

2. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ապահովել պահվող կենդանիների կենսաբանական առանձնահատկություններին համապատասխան պայմաններ, բավարարել նրանց սննդի, ջրի, քնի, շարժման եւ բնականոն վարքի բոլոր պահանջները:

3. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են կացարանում պահվող կենդանիներին ենթարկել անասնաբուժական զննման եւ անհրաժեշտության դեպքում ապահովել համապատասխան բուժում:

4.Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են վարել կացարանում պահվող կենդանիների հաշվառում բոլոր այն տվյալների գրանցմամբ, որոնք թույլ կտան նույնականացնել կենդանուն, կենդանիների հաշվառման կենտրոնական գրանցամատյանը ստեղծում եւ պահում են տեղական ինքնակառավարման մարմինները:

5. Կորած կենդանին կացարանում հայտնվելով ենթարկվում է պարտադիր ստերջացման, եթե 7 աշխատանքային օրվա ընթացում պահողը չի գտնվում:

6. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ գտնված կենդանու պահողին գտնելու համար:

7. Կենդանիների կացարանների պատասխանատուները կենդանուն կարող են հանձնել տիրապետման միայն 16 տարին լրացած անձանց:

8. Կենդանիների կացարանը պետք է ունենա ինտերնետային հարթակ,որտեղ կտեղադրեն գտնված եւ կացարանում պահվող կենդանիների նկարները եւ այլ տեղեկատվություն:

9. Արգելվում է կացարանում գտնվող կենդանուն, առանց տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվության, բաց թողնել:

ԳԼՈՒԽ 4
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔՆԵՑՈՒՄԸ

Հոդված 18. Կենդանիների քնեցմանը ներկայացվող պահանջները

1. Կենդանիների քնեցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից թույլտվություն ստացած անասնաբուժական հիմնարկում,կլինիկայում կամ կացարանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերով:

2. Քնեցումն իրականացվում է այնպիսի նյութերով, որոնք շատ արագ կերպով գիտակցության եւ ցավի զգացողության լրիվ կորստի են հասցնում կենդանուն` ենթարկելով մահվան:

3. Անասնաբույժը քնեցման գրանցամատյանում գրանցում է քնեցման պատճառները եւ կիրառված անասնաբուժական դեղամիջոցի վերաբերյալ տվյալները:

4. Քնեցումը թույլատրվում է`

1) անբուժելի հիվանդ կենդանիներին.

2) վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.

3) կենդանիներին ցավ եւ տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխությունների կամ ծանր վնասվածքների դեպքում.

4) կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց կամ կենդանիների առողջության համար վտանգ է ներկայացնում.

5) կենդանու նոր սերնդի մոտ անոմալ շեղումների կամ կյանքի հետ անհամատեղելի բնածին արատների դեպքում.

6) բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով կենդանիների ճգնաժամային քանակը կարգավորող միջոցառումների շրջանակում` համայնքի ավագանու որոշմամբ:

5. Կենդանու կյանքի ընդհատումը ոչ քնեցման միջոցով թույլատրվում է հետեւյալ դեպքերում`

1) կենդանու ագրեսիվ վարքը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը կամ անվտանգությանը եւ որին հնարավոր չէ բռնել.

2) կենդանու կողմից հարձակման դեպքում անձի անհրաժեշտ պաշտպանության համար:

6. Գյուղատնտեսական կենդանիների սպանդը եւ մորթը, այդ թվում` կրոնական ծիսակատարությունների նպատակով կատարվող, կարգավորվում է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 19. Անկած կենդանիների դիակների հավաքումը, ոչնչացումը եւ թաղումը

1. Անկած կենդանիների դիակների թաղման վայրերը որոշվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

2. Անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման եւ թաղման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

3. Արգելվում է կենդանիների թաղումը կամ դիակիզումը չնախատեսված վայրերում:

ԳԼՈՒԽ 5

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 20. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով արգելված գործողությունների կատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի այլ դրույթների խախտումներն առաջացնում են վարչական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 22. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված համապատասխան կարգի ուժի մեջ մտնելու պահից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,« ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)  ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում եւ կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները եւ կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները:

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանի պահողների պարտականությունները, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ արգելված դաժան գործողությունները, կենդանիների քնեցման կարգը, կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման շուրջ իրավահարաբերությունները:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է  լրացումներ եւ փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում` սահմանելով վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքով սահմանված պահանջների խախտումների համար, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների բացակայության դեպքում: Համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, որով նախատեսվել է քրեական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքով սահմանված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար:

Նախագծերի հարակից փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով սահմանվում են տեղական տուրքեր կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվությունների համար եւ կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվությունների համար, ինչպես նաեւ նախագծով առաջարկվում է փոփոխել քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանվող տնային կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքի տարեկան դրույքաչափը:

Նախագծերի հարակից փաթեթով նաեւ առաջարկվում է լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցում  հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սույն օրենքի շրջանակում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները  ստանձնում են լիազորություններ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ: Տնային կենդանիների հաշվառման եւ նույնականացման  գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների` հատկապես շների լքելու դեպքերը, ինչն իր հերթին կնպաստի թափառող շների գլխաքանակի նվազեցմանը: Նաեւ ավագանու լիազորությունների մեջ սահմանվում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջներից բխող թույլտվությունների տրամադրման եւ այլ կարգերի հաստատումը:

Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է` «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք վերաբերվում են տնային կենդանիների պահման պահանջներին սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում` կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով:

Օրենքի եւ հարակից նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձն ու օրենսդրական դաշտը սույն ոլորտում, մասնավորապես Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էոստոնիայի եւ մի շարք այլ երկրների օրենքները, որոնցով կարգավորվում են կենդանիների բարեկեցության եւ պաշտպանության հիմնական սկզբունքները, կենդանիների շուրջ իրավահարաբերությունները, վերահսկողության եւ պատասխանատվության մեխանիզմները:

Նախագծերի փաթեթի մշակման փուլերում մշտապես տեղի են ունեցել քննարկումներ  ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ձեւավորված Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ վեր հանված խնդիրները հնարավորինս իրավական լուծումներ են ստացել նախագծերում:

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքի նախագծի եւ հարակից նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն կենդանիների շուրջ իրավարահարաբերություններ, կհստակեցվեն ոլորտում  վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները եւ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը:

Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողություններ պարունակող բացասական երեւույթները եւ ունենալ իրավական հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Օրենքի նախագծում նաեւ  հստակ սահմանվում են հանրային վերահսկողության իրականացման մեխանիզմները քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կենդանիների հանդեպ գթասիրական եւ  պատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանն ու դաժան վերաբերմունքի կանխարգելմանը: 



2020թ. ապրիլի 7
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
պարոն Արարատ Միրզոյանին
Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» «Տեղական տուրքերի եւ վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների նախագծերը:

 ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. Օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող` Մերի Գալստյան)

2. Օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը

3. Գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները

Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 50 էջ:
Հարգանքով`
Մերի Գալստյան
Լենա Նազարյան