Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-543-01.04.2020-ՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«7. Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կայացվում են նիստերի (առկա կամ առցանց), ինչպես նաեւ առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով՝ սույն օրենքով, Պալատի կանոնադրությամբ եւ Պալատի խորհրդի կողմից հաստատված խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով:

Առկա ձեւով խորհրդի նիստն անցկացվում է նույն տարածքում խորհրդի անդամների անմիջական մասնակցությամբ (ներկայությամբ):

Առցանց ձեւով խորհրդի նիստն անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով՝ խորհրդի անդամների անմիջական մասնակցությամբ:

Հարցման ձեւով խորհրդի որոշումը կայացվում է խորհրդի նախագահի կողմից խորհրդի անդամներից սահմանված կարգով ստացված քվեարկության տվյալներն ամփոփելու միջոցով:

Կարգապահական գործով հարցման ձեւով խորհրդի որոշումը կայացվում է գործը գրավոր ընթացակարգով քննելու միջոցով:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«8. Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:

Փաստաբանների պալատի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող, իսկ հարցման ձեւով որոշում կայացնելու դեպքում՝ քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե փաստաբանների պալատի կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում շարադրել նոր՝ 9-րդ մաս՝

«9. Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները ստորագրում է փաստաբանների պալատի խորհրդի նախագահը, բացառությամբ կարգապահական գործով խորհրդի որոշումների:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում շարադրել նոր՝ 10-րդ մաս

«10. Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 2. Օրենքի 39.6-րդ հոդվածի 4-րդ մասում «մասնակցող այլ անձանց:» բառերից հետո լրացնել «,բացառությամբ այն դեպքի երբ խորհուրդը որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով:» բառերը:

Հոդված 3. Օրենքի 39.7-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում «խորհրդակցական սենյակում:» բառերից հետո լրացնել «բացառությամբ հարցմամբ (գրավոր ընթացակարգով) իրականացվող կարգապահական գործի քննության դեպքի:» բառերը:

Հոդված 4. Օրենքի 39.7-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ

«7. Խորհրդի որոշումը կողմերին ուղարկվելուց հետո հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ դռնփակ նիստերով կայացված որոշումների, որոնց դեպքում հրապարակվում է միայն որոշման բնույթը եւ եզրափակիչ մասը:»:

Հոդված 5. Օրենքի 39.7-րդ հոդվածի շարադրել 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«8. Կարգապահական գործը գրավոր ընթացակարգով քննելու ժամանակ Փաստաբանների պալատի խորհրդի կողմից կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննիչ բողոքի քննության գրավոր ընթացակարգը:

Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումն ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում Պալատի խորհրդի որոշումը հանձնել հասցեատիրոջը՝ հասցեն փոխելու կամ այլ պատճառով, ապա խորհրդի որոշման բողոքարկման ժամկետը հաշվարկվում է Պալատի խորհրդի որոշումը փաստաբանների պալատի ինտերնետային կայքում հրապարակվելու պահից: Կարգապահական գործի քննության արդյունքում փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին Պալատի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում միայն սույն հոդվածով նախատեսված բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, իսկ բողոքարկման դեպքում՝ խորհրդի որոշման օրինական ուժի մեջ մտնելը կասեցվում է (արտոնագիրը շարունակում է գործել) մինչեւ դատարանի եզրափակիչ ակտի ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Փաստաբանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) առաջարկվող փոփոխություններն ու լրացումները (այսուհետ՝ Նախագիծ) պայմանավորված են փաստաբանների իրավունքների պաշտպանության եւ ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) գործունեության արդյունավետությունը խթանող նոր կառուցակարգերի ներդրման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով նաեւ արդի տեխնոլոգիական զարգացումները:

Պալատի՝ որպես փաստաբանների շահերը ներկայացնող անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպության գործադիր գործառույթներ իրականացնող հիմնական մարմինը՝ Պալատի խորհուրդը, իր իրավասությունն իրականացնում է հասարակական հիմունքներով: Այն փաստաբանները, ովքեր Պալատի խորհրդի անդամներ են, իրենց աշխատանքի համար չեն վարձատրվում եւ իրենց գործառույթներն իրականացնում են հիմնական աշխատանքին զուգահեռ: Փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատկություններից է այն, որ փաստաբանությունը հաճախ նորմավորված աշխատանք չէ, հետեւաբար, Պալատի խորհրդի անդամ փաստաբանների համար կարող են առաջանալ գործնական դժվարություններ՝ Պալատի խորհրդի նիստերի կանոնավորապես մասնակցելու տեսանկյունից: Մինչդեռ, ներկայիս իրավակարգավորումներով Պալատի խորհրդի գործունեության իրավական ձեւը նիստն է, այսինքն՝ Պալատի խորհրդի անդամների համատեղ հավաքը, որը պահանջում է վերջիններիս ֆիզիկական ներկայությունը:

Օրենքով Պալատի խորհրդին վերապահված են լրջագույն գործառույթներ, որոնք առնչվում են Պալատի եւ փաստաբանության բնականոն գործունեության ամենատարբեր ասպեկտներին: Մասնավորապես, փաստաբանների իրավունքների պաշտպանության առումով Պալատի խորհուրդն իրականացնում է կարեւորագույն գործառույթ. քննում եւ վերջնական որոշում է կայացնում փաստաբանների կարգապահական պատասխանատվության գործերով՝ ներառյալ փաստաբանների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը:

Պալատի խորհրդի ընդարձակ լիազորությունները եւ միաժամանակ Պալատի խորհրդի անդամների աշխատանքի նշված առանձնահատկություններն անհրաժեշտություն են առաջացնում համալրել Պալատի խորհրդի գործունեության իրավական եւ տեխնիկական կառուցակարգերը՝ նպատակ ունենալով բարձրացնել Պալատի խորհրդի գործունեության արդյունավետությունը, դյուրացնել Պալատի խորհրդի անդամների՝ իրենց գործառույթներն իրացնելու կարգը եւ արդյունքում նպաստել Պալատի կողմից փաստաբանների իրավունքների պաշտպանության գործառույթի անխոչընդոտ իրականացմանը:

Նախագծով նախատեսվում է Պալատի խորհրդի նիստերն առցանց անցկացնելու հնարավորությունը, որը թույլ կտա Պալատի խորհրդի անդամներին, առանց համատեղ հավաքի, իրականացնել իրենց գործառույթները՝ կապի ժամանակակից միջոցներով կոմունիկացվելով միմյանց հետ եւ իրենց իրավասության ներքո գտնվող օրակարգային հարցերով կայացնելով որոշումներ: Սույն իրավատեխնիկական լուծումը թույլ կտա ապահովել Պալատի խորհրդի գործունեության անընդհատությունը եւ հնարավորին նվազեցնել քվորումի բացակայության հետեւանքով Պալատի խորհրդի նիստերի հետաձգման դեպքերը: Ավելին, առաջարկվող կառուցակարգի ներդրմամբ՝ փաստաբանների կարգապահական գործերը քննության կառնվեն առավել սեղմ ժամկետներում՝ թույլ տալով փաստաբանին իր վարույթային իրավունքներն իրացնել առավել օպտիմալ ձեւով:

Սույն համատեքստում Նախագծով առաջարկվում է եւս մեկ կառուցակարգի սահմանում, որը թույլ կտա նվազեցնել Պալատի խորհրդի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ միաժամանակ արագացնել փաստաբանների նկատմամբ կարագապահական այն վարույթների հանգուցալուծումը, որոնք համեմատաբար պարզ փաստակազմ ունեն եւ չեն ենթադրում ապացուցման բարդ գործընթաց եւ հետեւաբար կարգապահական գործով կողմերի անմիջական մասնակցությունը: Խոսքը վերաբերում է Պալատի խորհրդի կողմից կարգապահական գործի քննության գրավոր ընթացակարգին: Վերջինս կբարձրացնի Պալատի խորհրդի՝ կարգապահական գործերի քննության արդյունավետությունն ու արագությունը համեմատաբար պարզ գործերով՝ խնայելով Պալատի խոհրդի, վարույթի մասնակիցների եւ Պալատի աշխատակազմի ռեսուրսները:

Նախագծով նախատեսվում է նաեւ Պալատի արդյունավետ գործունեությանն ուղղված եւս մեկ ընթացակարգային նորմ, որը վերաբերում է Պալատի կարգապահական որոշումների բողոքարկման ժամկետի հաշվարկման կարգին, որը կապված է նաեւ որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետի հետ: Գործող կարգը, երբ Պալատի նշված որոշումներն ուժի մեջ են մտնում հասցեատեր փաստաբանին հանձնվելու պահից` փոստով կամ առձեռն եղանակով, գործնականում առաջացնում է դժվարություններ, երբ փաստաբանը չի ծանուցում Պալատին իր հասցեի փոփոխության վերաբերյալ, կամ այլ պատճառներով հնարավոր չի լինում փոստով կամ առձեռն որոշումը հանձնել հասցեատիրոջը: Արդյունքում խնդիր է առաջանում Պալատի որոշումների բողոքարկման եւ նաեւ ուժի մեջ մտնելու ժամկետների հաշվարկման, այդ որոշումների կատարման եւ փաստաբանի՝ որպես կարգապահական վարույթի մասնակցի իրավունքների իրացման առումներով:

Հետեւաբար, Նախագծով առաջարկվում է այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում Պալատի որոշումը հանձնել հասցեատեր փաստաբանին, որոշման բողոքարկման ժամկետը հաշվարկել որոշումը Պալատի պաշտոնական ինտենետային կայքում հրապարակելու պահից: Իր էությամբ՝ նմանատիպ կառուցակարգ գործում է նաեւ դատավարական ընթացակարգերում եւ ապացուցել է իր արդյունավետությունը:

Նախագծով լրացվում է նաեւ օրենսդրական բացը կապված Խորհրդի այլ՝ ոչ կարգապահական գործերով կայացրած որոշումների բողոքարկման իրավունքի իրացման հետ: Մասնավորապես, Օրենքով սահմանված չէ նշված որոշումների բողոքարկման ժամկետը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նման որոշումները շահագրգիռ անձի կողմից կարող են դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում:
Նախագծով նախատեսվել են նաեւ նշված կառուցակարգերի արդյունավետ իրացմանն ուղղված օժանդակ իրավակարգավորումներ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նոր իրավական ակտերի ընդունման, գործող իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ՏԵՂԵԿԱՆՔ

««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության եկամուտների կրճատում եւ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքնի նախագիծը

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 14 թերթ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ